Սովորեցրեք ձեր սեփականը

Հեղինակ: 

Սկիզբը 
Նախորդ հատվածը

2. Տարածված առարկություններ՝ տանը սովորելու դեմ

Մարդիկ, հատկապես այն մանկավարժները, ովքեր լսում են, որ խոսում ենք տնային կրթության մասին, այնքան հաճախ են բարձրաձայնում իրենց որոշակի առարկությունները, որ արժե` դրանց պատասխանենք այստեղ:

Քանի որ մեր երկրները շատ մեծ են, և մեր երկրների բնակիչները սերում են տարբեր միջավայրերից (մի կանադացի այնքան հաճախ էր սա ինձ ասում), գուցե ինչ-որ սոցիալական սոսի՞նձ պետք է լինի, որ օգնի՝ համախմբել բոլորին, մեզ միասնության զգացում տա՝ ի հեճուկս բոլոր մեր տարբերությունների, արդյոք հանրակրթական դպրոցները չե՞ն այն լավագույն վայրը, որտեղ ամենադյուրինն է այդ սոսինձը պատրաստելը:

Ինչ վերաբերում է սոսնձին, կանադացին միանգամայն իրավացի է: Մենք իրոք այդպիսի սոսնձի կարիք ունենք, մանավանդ, ԱՄՆ-ի և Կանադայի նման մեծ ու հակասական երկրներում, սակայն դրա կարիքը կա նաև շատ ավելի փոքր և ներդաշնակ երկրներում, որոնցից շատերը, չդիմանալով ժամանակակից կյանքի ճնշումներին, փլուզվում են: Հենց հիմա այստեղ` ԱՄՆ-ում, թվում է, թե մեր ունեցած գլխավոր «սոցիալական սոսինձը» «թշնամի» երկրների հանդեպ ունեցած ատելությունն է: Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ատելությունն իրոք կարճ ժամանակով համախմբում է մարդկանց, մեզնից շատերը մեր համերկրացիներին, նույնիսկ նույն գույնի, նույն կրոնի դեպքում, դիտարկում են իբրև բնական թշնամի ու արդար ավար: Անշուշտ, պնդում ենք, որ մյուսներին այս կերպ նայելն իսկական ուժ է, որ մենք «մրցակցություն» ենք անվանում: Այս աշխարհայացքը կարող էր ի նպաստ աշխատել, երբ մեր երկիրը երիտասարդ էր, համարյա դատարկ ու օգտակար հանածոներով հարուստ, բայց ոչ հիմա: Հանուն մեր առավել լավ կյանքի, էլ չեմ ասում՝ առողջության ու բարօրության, մեզ սրանից ավելի ուժեղ ու լավ «սոցիալական սոսինձ» է հարկավոր: Որոշ տիպի համայնքային հավաքատեղիներ ու գործունեության տեսակներ կարող են օգնել՝ ստեղծելու այս «սոցիալական սոսինձը»: Բայց ոչ երբեք դպրոցները, քանի դեռ նրանք երեխաներին տեսակավորում են հաղթողների ու պարտվողների և պարտվողներին նախապատրաստում ցմահ պարտվելու: Այս երկու աշխատանքը չեն կարող նույն պահին նույն տեղում կատարվել: Մարդիկ ամենալավը կարող են (և հավանաբար, միակ կարողն են) շրջանցել իրենց բաժանող ռասայական, դասակարգային, ավանդական ու հավատամքային բազմաթիվ խոչընդոտներ, եթե կարողանան փոխանցել այն բանի փորձը, ինչից իրենց լավ են զգում: Միայն սա է, որ թույլ է տալիս, որ նրանք ունենան իրենց սեփական և, սրա հետ մեկտեղ, ուրիշների եզակիության, արժանապատվության ու սեփական արժեքի զգացումը: Սակայն, քանի դեռ դպրոցների առջև դրված են վերոհիշյալ սոցիալական խնդիրները, նրանք չեն կարող նմանատիպ փորձառություն ապահովել երեխաների մեծ մասի համար: Իրապես, դպրոցում կատարվածը մեծ մասամբ ստիպում է, որ երեխաները զգան ճիշտ հակառակը՝ տգիտություն, անկարողություն ու ամոթ: Չվստահելով և արհամարհելով իրենք իրենց` նրանք հետո փորձում են փոքր-ինչ լավ զգալ իրենց՝ գտնելով այնպիսիներին, ում կարող են վերևից նայել՝ իրենցից ավելի խեղճ երեխաներին, այլ ռասաների ներկայացուցիչներին, վատ սովորողներին:

Եթե երեխաները նույնիսկ դպրոցում են սովորում արհամարհել, վախենալ և անգամ ատել ուրիշ սոցիալական խմբերի երեխաներին, արդյո՞ք ավելի քիչ կատեին նրանց, եթե չհանդիպեին դպրոցում: Դպրոցում նրանք գոնե այդ խմբերին իրականում տեսնում են: Առանց դպրոցի` նրանց համար այդ երեխաները լոկ վերացարկում, ուրվականներ կլինեին:

Որոշ դեպքերում սա կարող է համապատասխանել ճշմարտությանը, բայց միայն այն երեխաների պարագայում, ում համար դրսի աշխարհը նույնչափ մռայլ, ցավոտ, նվաստացուցիչ ու սպառնագին է, որչափ դպրոցը: Դպրոցից դուրս կրթվող երեխաների կամ միայն իրենց նախընտրած ժամանակ դպրոց հաճախող երեխաների մեծամասնությունը մեծանում է սեփական պատվի ու արժեքի առավել հզոր զգացումով. դրանով իսկ ուրիշներին արհամարհելու կամ ատելու ավելի քիչ կարիք են ունենում:

Ինձ համար «ինչպես անել, որպեսզի մարդիկ իրենցից տարբերվող մարդկանց հանդեպ ազգակցական կամ պարզապես մարդասիարական ուժգին զգացում տածեն» հարցի լավագույն պատասխանը պրոֆեսիոնալ բոքսի ծանր քաշայինների կարգում աշխարհի չեմպիոն Ջոն Լ. Սալիվանի հետ կատարված դեպքն է: Մի օր, կեսօրին, նա, ընկերոջ հետ տեղ է գնում Նյու-Յորքի քաղաքային լիփ-լեցուն մի տրամվայով, ոտքի վրա: Հերթական կանգառում չափազանց մեծ քանակի ալկոհոլ օգտագործած մի ամրակազմ երիտասարդ է բարձրանում: Նա մեծամտաբար գնում է դեպի տրամվայի կենտրոն՝ ճանապարհին հրմշտելով բոլորին. Ջոն Լ-ի կողքով անցնելիս երիտասարդը դիպչում է նրա ուսին: Ջոն Լ-ն բռնվում է ձողից, որպեսզի չընկնի, բայց ոչինչ չի ասում: Երբ երիտասարդն անցնում է տրամվայի ետնամասը, Ջոն Լ-ի ընկերը հարցնում է.
- Դու թույլ կտաս, որ նա այդպես հեռանա՞:
Ջոն Լ-ն թոթվում է ուսերն ու ասում.
- Իսկ ինչո՞ւ ոչ:
Նրա ընկերը վրդովվում է.
- Չէ՞ որ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ես,- զայրացած ասում է նա,- չպետք է այդքան քաղաքավարի լինես:
Ջոն Լ-ն պատասխանում է.
- Ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնը կարո´ղ է նման քաղաքավարություն թույլ տալ իրեն:

Մեր երկրները միմյանց հետ ավելի սերտացնելու համար հարկավոր է, որ շատ լինեն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ քաղաքավարի լինել, ու դեռ ավելին՝ բարի, համբերատար, մեծահոգի, ներողամիտ ու հանդուրժող, կարող ու կամեցող, ովքեր ոչ միայն պարզապես կհանդուրժեն իրենցից տարբերվող մարդկանց, այլև կփորձեն հասկանալ նրանց, աշխարհը տեսնել նրանց աչքերով: Սոցիալական այս արժանիքների մասին պետք չէ խոսել կամ քարոզել, քննարկել, համոզելով ու սպառնալով մարդկանց ուղեղները մտցնել դրանք: Դրանք պարզապես հավելումներ են, որ առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր այնքան սեր ու ակնածանք ունեն իրենք իրենց հանդեպ, որ դրանք ավելանում են՝ բաժին հասնելով նաև այլոց:

Հանրակրթական դպրոցներում երեխաները հնարավորություն ունեն առնչվելու իրենցից շատ տարբեր երեխաների հետ և ճանաչելու նրանց: Հանրակրթական դպրոց չհաճախելու պարագայում ինչպե՞ս պիտի այս գործընթացն ընթանա:

Պատասխանի առաջին մասը կլինի այն, որ հանրակրթական դպրոցներում սա շատ հազվադեպ պատահող երևույթ է: Բացառությամբ շատ քիչ թվով փոքր դպրոցների, որոնք, այնուամենայնիվ, մեկ դասակարգի դպրոցներ են, հանրակրթական դպրոցներում երեխաները, բացի մի քանի ատլետիկ կառուցվածք ունեցող երեխաների, շատ քիչ շփում ունեն իրենցից տարբերվող մյուս երեխաների հետ, և դասարանից դասարան փոխադրվելուն համընթաց այդ շփումն ավելի ու ավելի է պակասում: Մեծ դպրոցներից շատերում երեխաները բաժանվում են տարբեր խմբերի, ինչպես ասենք` քոլեջի խումբ, բիզնես խումբ, տեխնիկական խումբ: Յուրաքանչյուր մեծ խումբ կարող է ունենալ ենթախմբեր: Մեծ դպրոցներում կարող են լինել վեց կամ ավելի խմբեր: Մի խմբի մեջ մտնող երեխաները հաճախում են մի տեսակի դասերի, մյուս խմբի մեջ մտնողները՝ այլ դասերի, շատ հազվադեպ է պատահում, որ տարբեր խմբերի մեջ մտնող երեխաները հայտնաբերեն, որ իրենք հանկարծ հայտնվել են նույն խմբում: Սակայն (և գլխավոր հարցը սա է) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս դպրոցական խմբերն անմիջականորեն կապ ունեն ընտանիքի եկամուտի ու սոցիալական կարգավիճակի հետ. ամենահարուստ կամ հասարակության մեջ ամենահայտնի տեղ զբաղեցնող երեխաները բարձրագույն խմբում են, մյուս հարուստները՝ հաջորդ և, այսպես շարունակ, ամենաաղքատներն ամենաստորին խմբում են: Տեսականորեն երեխաների դասակարգումն այս խմբերում արվում է ըստ դպրոցական ունակությունների: Սակայն գործնականում երեխաներն այս կամ այն խումբ ընկնում են համարյա թե դպրոց ընդունվելուն պես, նախքան ժամանակ կունենան ցուցաբերելու իրենց ունակությունները: Ըստ խմբերի դասակարգվելուց հետո շատ քիչ երեխաներ են կարողանում ազատվել դրանից: Չիկագոյի երկրորդ դասարանի մի ուսուցիչ պատմեց ինձ, որ իր դասարանի ամենաստորին խմբում հայտնված ոչ սպիտակամորթ երեխաներից երկուսը, թե երեքը բացառիկ գերազանցիկներ էին: Քանի որ նրանք բոլոր հանձնարարությունները շատ արագ ու լավ էին կատարում, ուսուցիչը նրանց գերազանց էր գնահատում: Առաջին դասարանի քառորդները փակելուց հետո տնօրենը կանչում է նրան և հարցնում, թե ինչու է որոշ աշակերտների գերազանց գնահատել: Ինքը պատասխանում է, որ այդ աշակերտները շատ ուշիմ են ու կատարում են հանձնարարված ողջ աշխատանքը: Տնօրենը հանձնարարում է նրան իջեցնել նրանց գնահատականները` ասելով, որ եթե այդ երեխաները կարողանային գերազանց գնահատականներ ստանալ, չէին հայտնվի ամենացածր խմբում:

Նույնիսկ այն դպրոցներում, որտեղ երեխաները չեն բաժանվում խմբերի, ուսուցիչները հիմնականում հակված են իրենց ժամերին դա անելու: «Ազատություն և մի բան էլ այն կողմ»[1]-ում ես բերել եմ այս օրինակը:

Այս խտրականության մեկ այլ ավելի սարսափելի օրինակ կարող եք գտնել Ռեյ Ռիսթի «Հարվարդ էդյուքեյշնլ ռիվյու»[2]-ի 1970թ. օգոստոսյան համարում լույս տեսած «Աշակերտի սոցիալական դասը և ուսուցչի ակնկալիքը. ինքնիրացման տեսությունը գետտոյական կրթության մեջ»: Նախակրթարանի դասատիարակը նկարագրում է, թե ինչպես է դասերն սկսվելուց ընդամենն ութ օր անց իր խումբը բաժանել 3 տարբեր մասի՝ առաջնորդվելով նրանց բացառապես արտաքին, հագուկապի, շարժուձևի, կարճ ասած, ըստ խավի պատկանելության՝ երեխաներին երեք տարբեր սեղանների շուրջ նստեցնելով. դիրք, որը ողջ տարվա ընթացքում մնացել է անփոփոխ: Ուսուցիչը, փաստացի, դասավանդում էր երեք սեղաններից միայն մեկի համար, նրանց հատկացնում իր ողջ ուշադրությունն ու աջակցությունը, մյուս երկու սեղանները հիմնականում անտեսված էին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսուցիչը նրանց ինչ-որ բան էր հանձնարարում կամ արածի համար նախատում: Դեռ ավելին, ուսուցչի բարեհաճությունը վայելող սեղանի երեխաներին թույլ էր տրվում ծաղրել մյուս սեղանների շուրջ նստող երեխաներին ու կառավարել նրանց:

Ռիսթը հետևել է այս երեխաներին ուսման երեք տարիների ընթացքում և զեկուցում էր, որ նախ, այս երեխաների առաջին ու երկրորդ դասարանի ուսուցիչները նույնպես դասակարգում էին նրանց ըստ սեղանների՝ անելով դա իրենց դասաժամերի ընթացքում, և երկրորդ, որ նախակրթարանի երկու «ստորին» սեղանների շուրջը նստող երեխաներից միայն մեկին էր հետո թույլ տրվել նստել «սիրեցյալ» սեղանի շուրջ: Եվ շատ հավանական է, որ բոլոր տարրական դպրոցներն ունեն գործող դասարանային կաստային համակարգ: Նույնիսկ փոքր ու ընտրովի մասնավոր դպրոցներում ես պարզեցի, որ իմ կոլեգա ուսուցիչներից շատերը շատ արագ որոշ երեխաների փակցնում էին «լավ»-ի պիտակը, որոշների էլ՝ «վատ»-ի պիտակը՝ հաճախ ելնելով զուտ արտաքին դրսևորումներից, և որ մեկ անգամ «վատ»-ի պիտակը ստացած երեխայի համար գրեթե անհանար էր փոխել վարկանիշը:

Շատ է գրվել դպրոցներում դասակարգային և ռասայական բախումների մասին, ավելի շատ՝ ավագ դպրոցների մասին, այնպես որ ոչինչ չեմ ուզում հավելել այս ամենին: Այն դպրոցներում, որտեղ տարբեր ռասաներ են ներառված, նույնիսկ տարիներ անց` 3-րդ դասարանում, եթե ոչ ավելի վաղ, սկսվում է երեխաների դասակարգումը: 5-րդ դասարանից սկսած` հասարակական կյանքում երեխաները համարյա ամբողջովին բաժանվում են ռասայական խմբերի, որոնք տարիքի հետ ավելի ու ավելի թշնամական են դառնում: Նույնիսկ այն դպրոցներում, ուր բոլորը պատկանում են նույն ռասային՝ սպիտակամորթների կամ այլ, գոյություն ունի դասակարգային տարանջատում, դասակարգային թշնամանք ու հակամարտություն: Այսպիսի սահմանազատումների արդյունքում քիչ մտերմություն կարող է ծագել, և աճող բռնությունը մեր ավագ դպրոցներում մեծապես բխում է այսպիսի խմբերի միջև գոյություն ունեցող հակամարտությունից: Այսպիսով, այն գաղափարը, թե դպրոցներն իրար հետ հաշտ ու համերաշխ ապրող խմբերում են միավորում իրարից մեծապես տարբերվող միջավայրերից եկած երեխաների, ըստ էության ակնհայտ սուտ է: Տակավին անպատասխան է մնում այն հարցը, թե ինչպես պիտի երեխաներն այլ միջավայրերից եկող երեխաներին հադիպեն, եթե դպրոց չեն գնում: Ես չգիտեմ: Քանի դեռ փոքր է այս երեխաների քանակը, դժվար է այս հարցը լուծել: Սակայն այս երեխաների շատանալու հետ մեկտեղ կավելանան այն վայրերը, ուր նրանք կարող են գնալ, և այն ամենը, ինչ նրանք կարող են անել, որ դպրոցի ներսում հնարավոր չէ: Անշուշտ, կարող ենք հուսալ, որ տարբեր միջավայրերից եկած երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունենան իրար հետ միաձուլվելու: Բացի այդ, երեխաներին տանը կրթող մարդիկ իրենց մեծ ընտանիքներ են համարում, և օգտվելով «Մեծանալ առանց դպրոցի» ամսագրի տեղեկատուից միմյանց նամակներ գրում, այցելում իրար, հենց կարողանում են, հանդիպում իրար հետ և այլն: Հուսով եմ՝ այսպես էլ կմնա իրենց երեխաներին դպրոցից հանող աշխատավորական և ոչ սպիտակամորթ (սևամորթ, դեղնամորթ) ընտանիքների աճին համընթաց, և այդպես էլ կլինի. երեխաների հանդեպ այսպիսի կապվածություն ու վստահություն տածող մարդիկ սովորաբար կապվածություն են զգում նույն զգացմունքներն ունեցող այլ մարդկանց հետ:

Ինչպե՞ս ենք պատրաստվում կանխել, որ նեղմիտ ու սնապաշտ ընտանիքներն իրենց գաղափարները չտարածեն երեխաների վրա:

Առաջին հարցը, որին պիտի պատասխանենք, այն է, թե արդյո՞ք դա կանխելու իրավունքն ունենք: Եվ նույնիսկ, եթե կարծում ենք, թե ունենք, արդյո՞ք կարող ենք: Միշտ կարծել եմ, որ ազատ երկրի ու ոստիկանական պետության տարբերությունն այն է, որ ազատ երկրում բավական է միայն հնազադվել օրենքներին, և դու իրավունք ունես դավանելու այն ամենին, ինչ հարմար ես գտնում: Քո հավատամքը պետության գործը չէ: Առավել ևս պետության գործը չէ որակավորելը, թե գաղափարների ո´ր համախումբն է լավ, ո´րը` վատ, կամ ո´ր դպրոցները պիտի սերմանեն լավ գաղափարներն ու արմատախիլ անեն վատերը: Եկել է պահը, երբ մենք դավաճանո՞ւմ ենք այս սկզբունքներին: Իսկ եթե ոչ, գուցե ուզո՞ւմ ենք դավաճանել: Ենթադրենք՝ դպրոցների պարտադիր լինելու միջոցով մենք պետությանն իրավունք ենք տալիս սերմանելու լավ գաղափարներն ու արմատախիլ անելու վատերը: Ո՞ւմ է այդ դեպքում տրվելու որոշելու իրավունքը՝ ո´ր գաղափարներն են լավը, որո´նք՝ վատը: Օրենսդիրների՞ն: Պետական կրթության տեսչությունների՞ն: Տեղական կրթության բաժինների՞ն: Այս հարցի մասին լուրջ խորհող ցանկացած ոք կհամաձայնի, որ պետության մեջ ոչ ոք չպիտի նման իրավունք ունենա: Եվ սրանից բխում է այն, որ մարդիկ ոչ միայն իրավունք ունեն հավատալու այն ամենին, ինչ հարմար են գտնում, այլև իրավունք ունեն այդ հավատամքը փոխանցելու իրենց երեխաներին: Չի կարելի ասել, թե որոշ մարդիկ ունեն այդ իրավունքը, իսկ ոմանք՝ ոչ: Ոմանք կհարցնեն, այդ դեպքում, թե ինչպես վարվել այն մարդկանց հետ, ովքեր նախապաշարմունքներ ունեն, մոլեռանդ են ու սնոտիապաշտ: Միանշանակ չենք պատրաստվում թույլ տալու, որ մարդիկ հավատացնեն իրենց երեխաներին, թե կան բարձրագույն ռասաներ, կամ որ Երկիրը տափակ է: Այս ամենի պարագայում ես հարցնում եմ՝ ո՞րն է այլընտրանքը: Եթե ասենք այն, ինչ շատերը կուզեին, այսինքն՝ այն, որ մարդիկ կարող են իրենց երեխաներին սովորեցնել այն ամենը, ինչ ճշմարիտ է, կվերադառնանք մեր նախորդ հարցին` ով է որոշելու, թե ինչն է ճշմարիտ: Եթե համաձայնենք, որ կառավարությունում կամ այլուր չունենք մարդ, որին կվստահենք այդ որոշումը, ինչպես որ (կարծում եմ և հույս ունեմ) պետք է լինի, ստացվում է, որ չենք կարող դպրոցներին իրավունք տալ՝ սովորեցնելու երեխաներին, թե որոշ գաղափարներ ճիշտ են, իսկ որոշները՝ ոչ: Եթե յուրաքանչյուր դպրոց ըստ իր հավատամքի պիտի սերմանի որոշ գաղափարներ, կստացվի այնպես, որ պետական դպրոցներում քարոզվող գաղափարներն ընդունող մարդիկ ուրախ կլինեն իրենց երեխաներին այդ դպրոցներն ուղարկել, իսկ այն մարդիկ, ում դուր չի գալիս այդ գաղափարախոսությունը պիտի ունենան այլընտրանք՝ ուր ուղարկել երեխային: Սա պարզապես այն է, ինչ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հայտարարել է «Փիրսն ըննդեմ Քույրերի միության» դատական գործում (տե´ս գլուխ 13):

Հանրակրթական դպրոցներին դեմ տրամադրված մարդկանց քանակի աճի պատճառներից մեկն այն է, որ այս դպրոցները, իրոք, գործում են այնպես, ասես ինչ-որ մեկը նրանց իրավունք է տվել բացահայտ ու օրինական գաղափարների մի համախումբը քարոզել, իսկ մյուսը կանխել: Մարդկանց ավելի փոքր խումբ՝ պետական ու ֆեդերալ մակարդակում աշխատող կրթական բյուրոկրատներ, ովքեր մեծապես վերահսկում են դպրոցների խոսքն ու գործը, ավելի ու ավելի լայնորեն են դպրոցն օգտագործում՝ առաջ մղելու համար այն գաղափարները, որոնք իրենց կարծիքով օգտակար են երեխաների կամ երկրի համար: Սակայն մենք երբևէ իրավականորեն որևէ քաղաքական գործընթացի միջոցով չենք որոշել դպրոցներին այսպիսի կարողությամբ օժտել կամ առավել ևս, թե ինչ գաղափարներ կուզեինք, որ դպրոցները քարոզեին: Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան կարծելու, որ մարդկանց մեծամասնությունն ուժեղ հակակրանք ունի այսօր դպրոցների մեծ մասի քարոզած գաղափարների հանդեպ: Նույնիսկ, եթե բոլորս համաձայնեինք, որ դպրոցները փորձում են արմատախիլ անել նեղմիտ ու սնապաշտական գաղափարները, միևնույն է, պիտի հարցնեինք ինքներս մեզ` արդյո՞ք սա արդյունավետ է: Ակնհայտորեն ոչ: Ի վերջո, բացի մի քանի հարուստ երեխաներից, մինչև հիմա երկրի համարյա բոլոր երեխաները սերնդեսերունդ հաճախել են հանրակրթական դպրոց: Եթե դպրոցները նույնքան լավն են, որքան թվում են նախապաշարումներն արմատախիլ անելիս, ուրեմն չպիտի մնար ոչ մի այլ նախապաշարմունք: Եթե հպանցիկ աչքի անցկացնենք ցանկացած օրվա լուրերը, կհամոզվենք, որ դրանք դեռ շատ-շատ են: Անշուշտ, հնարավոր է, որ հիմա դպրոցներն առաջվանից շատ ավելի քիչ են պրոպագանդում հանդուրժողականությունն ու լայնախոհությունը:

Եթե դուք ձեր երեխաներին դպրոց չեք ուղարկում, ինչպե՞ս պետք է նրանք սովորեն հասարակության մեջ հարմարվել: Եթե դուք ձեր երեխաներին դպրոց չեք ուղարկում, ինչպե՞ս պետք է նրանք առնչվեն հասարակության կոմերցիոն արժեքներից տարբերվող այլ արժեքների հետ:

Մանկավարժները հաճախ են ինձ այս երկու հարցը տալիս նույն հանդիպման շրջանակներում, երբեմն իրարից մի քանի րոպե տարբերությամբ: Ակնհայտ է, որ այս երկու հարցը հակասում են իրար: Իհարկե, հնարավոր է, որ դպրոցներն ունակ են երեխաներին պատրաստելու հասարակության մեջ ներառվելուն, որը նշանակում է, որ մյուս բոլոր հարցերից բացի երեխաները պիտի հավատան այն ամենին, ինչին մարդկանց մեծամասնությունն է հավատում, և սիրեն այն, ինչ մարդկանց մեծամասնությունը սիրում է: Կամ նրանք պետք է կարողանան օգնել, որ երեխաները գտնեն արժեքային մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ կարողանան մերժել կամ համակերպվել հասարակության համար գործող արժեքների գոնե մեծ մասի հետ: Սակայն նրանք չեն կարող անել երկուսը միասին: Թվում է, թե մանկավարժների՝ իրենց առջև դրած խնդիրներից մեկն այն է, որ  բարձր արժեքային համակարգը հենց իրենք փոխանցեն պատանիներին: Հանդիպումների ժամանակ նրանք հաճախ ասում են, որ շատ ճիգ ու եռանդ են ծախսում՝ երեխաներին զանգավածային լրատվամիջոցների ու հեռուստատեսության բերած աղավաղված արժեքներից պաշտպանելու համար: Նրանց ասելով, ուրիշ ումի՞ց, եթե ոչ իրենցից երեխաները պիտի լսեն լավ գրքերի, Շեքսպիրի, մշակույթի մասին: Իրենք միակն են, որ մտածում են, թե ինչն է առավել օգտակար երեխաներին. մյուս բոլորը պարզապես փորձում են շահագործել նրանց: Այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ դպրոցների մեծ մասը շատ ավելի շատ մտահոգված են նրանով, որ երեխաներն ընդունեն լայն հասարակության քարոզած արժեքները, քան օգնելով, որ դիմակայեն դրանց: Երբ երեխաներին դպրոցում կրթող մարդիկ լսում են երեխաներին տանը կրթող մարդկանց մասին, նրանք համարյա միշտ հարցնում են.

- Դուք չե՞ք վախենում, որ ձեր երեխաները հասարակությունից տարբեր կմեծանան, «աութսայդրներ» կդառնան, հասարակության հետ հարմարվելու անկարող ձախողակներ:

Նրանք համարում են, որ աշխարհում երջանիկ, օգտակար, ու հաջողակ ապրելու համար պետք է շատ նման լինել մյուս մարդկանց: Ցանկացած պարագայում դպրոցների` երեխաներին բարձր մշակույթ ներարկելու ջանքերը հազվադեպ են օգուտ տալիս, քանի որ երեխաները շատ ցածր են գնահատում հենց իրենք իրենց: Ռոլանդ Բեթի «Ձևացնելով[3]» աշխատության առաջաբանում ես գրել եմ.

Մեր մեծ քաղաքների դպրոցները գերբեռնված են և շարունակելու են բեռնվել ոչ սպիտակամորթ աղքատ երեխաներով՝ թույլ հասարակության թույլ ենթամշակույթի պատանի անդամներով ու զոհերով, որոնց հետապնդում են բռնությունն ու մեդիան՝ գերակայության, շքեղության և ուժի ոգեշունչ պաշտամունքը: Այս մշակույթը, կամ, ավելի ճշգրիտ եթե լինենք, հակամշակույթը շատ ավելի մեծ վնաս է հասցրել իր անդամներին ու զոհերին, շատ ավելի շատ է մասնատել, քայքայել ու այլասերել, քան դարեր ձգված ստրկությունն ու դաժան բռնությունները: Ամեն օր այս հակամշակույթը, ի դեմս երեխաների, ներխուժում է դպրոցները: Եթե միայն դպրոցներն ունենային իրական ու մարդկային սեփական մշակույթ, որն իրենք իսկապես հասկանում են, որին իրենք հավատում են, խնամքով են վերաբերվում և որով իրենք ապրում են, ինչպես տարիներ առաջ Առաջին փողոցի դպրոցն էր անում՝ կարողանալով վճռական պաշտպանություն կազմակերպել, նույնիսկ, հաղթել որոշ երեխաների… Բայց քանի որ դպրոցական մշակույթը լոկ մի ցանկապատ է, դրանից այն կողմ գտնվող փողոցի մշակույթի ավելի նուրբ ու բարեկիրթ տարբերակը ոչինչ չի փոխում: Չկարողանալով երեխաներին հեռու պահել ագահությունից, չարությունից ու բռնությունից` դպրոցները նույնիսկ չեն կարողանում նրանց իրարից պաշտպանել:

Իմ ընկերներից մեկը 30-ն անց մի լրագրող է՝ ընդհանուր առմամբ լիբերալ և պատանիների հանդեպ շատ լավ տրամադրված: Ոչ շատ առաջ նա այցելել էր Լոս Անջելեսի հարուստ արվարձաններում գտնվող մի շարք ավագ դպրոցներ, որտեղ ինքը մեծացել էր, աշակերտների հետ զրուցելու, փորձելու համար հասկանալ, թե ամենաշատն ինչ է նրանց հետաքրքրում և հուզում: Ես ոգևորված հարցրի, թե ինչ պարզվեց: Որոշ լռությունից հետո նա ասաց.
- Կարծես թե ամենաշատը նրանց հետաքրքրում են փողը, սեքսն ու թմրադեղերը:
Նա նույնքան ցավով էր դա ասում, որչափ որ ես էի ցավում դա լսելիս: Երկուսս էլ կուզեինք, որ մեր կողմից շատ սիրված այս պատանիները ցանկանային ինչ-որ բան անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ինչպես շատերն էին 15 տարի առաջ անում: Սակայն մենք չպետք է զարմանայինք, որ պատանիներին հետաքրքրում է այն, ինչ, ըստ էության, հետաքրքրում է մեծերին: Անարդարացի է նաև դպրոցներին մեղադրելը, ինչպես շատ մարդիկ անում են, որ պատանիներին նման բաներն են հետաքրքրում: Բոլոր կողմերից գրոհի ենթարկվելով՝ դպրոցները դառնացած խոստովանում են. «Ախր մենք չենք ներարկել այդ արժեքները»: Միանգամայն ճիշտ է՝ չեն ներարկել: Այն, ինչ կարող ենք և պետք է ասենք, այն է, որ դպրոցները բացարձակ ձախողել են պայքարն այս արժեքների դեմ: Ինչևիցե, անդրադառնալով քննարկվող հարցին, ասեմ, որ հազիվ թե դպրոցները կարողանան պնդել, որ իրենք սովորեցնում են երեխաներին միաժամանակ և´ ընդունել մեր կոմերցիոն մշակույթում գերիշխող արժեքները, և´ դիմակայել դրանց:

Թարգմանություն անգլերենից 
Լուսանկարը` Ջոն Հոլթի պաշտոնական կայքից


[2] Ամերիկյան ամսագիր

[3] Roland Betts's Acting Out  (Boston: Little, Brown, 1978)

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский