Նախկին հրաշամանուկը

Հեղինակ: 

Կնոջս, ում չպարտադրվող խնամակալության ներքո առաջին անգամ գիտակցեցի ազատությունը:

Ներածություն

Ինչպես պարզ կդառնա իմ հետագա պատմությունից, կար շրջան, երբ ես մեկն էի, ում հրաշամանուկ են անվանում, այս բառի ամբողջ իմաստով, քանի որ տասներկու տարեկանում ընդունվել եմ քոլեջ, դեռ տասնհինգ տարեկան չկայի, երբ բակալավրի աստիճան ստացա, և դեռ տասնիննս չէր լրացել, երբ ինձ դոկտորի կոչում շնորհեցին: Ամեն դեպքում, հիսունյոթ տարեկանի հասած ցանկացած մարդ, անկասկած, արդեն հրաշամանուկ չի կարող համարվել, և եթե իր կյանքում որևէ բանի է հասել, ինչպիսի վառ հրաշամանուկ էլ որ եղած լինի, հետագա  կյանքի հաջողությունների կամ անհաջողությունների լույսի ներքո այդ փաստը կորցնում է կարևորությունը:

Ամեն դեպքում այս գիրքը իմ ամբողջ կյանքի՝ ուրախալի կամ տխրալի լինելու գնահատականը տալու փորձ չէ: Ավելի շուտ այն որոշակի փուլի հետազոտություն է, որի ընթացքում անցա կրթության բավականին անսովոր և վաղ շրջան, և որին հաջորդեց ուրիշ փուլ, երբ հնարավոր դարձավ, որ իմ բնավորության մեջ այդպես խիստ արտահայտված անհավասարակշռվածությունը և անսովորությունը միահյուսվեցին այնպես, որ կարողացա ինձ պատրաստ զգալ իրականացնելու գիտնականի կարիերա, ինչպես նաև կայանալու, որպես աշխարհի քաղաքացի:

Հրաշք երեխան կամ հրաշամանուկը այն երեխան է, որը հասել է մեծահասակին բնորոշ մտավոր զարգացման զգալի մակարդակի՝ առանց դուրս գալու միջնակարգ դպրոցում կրթվելուն տրամադրվող հասակից: «Հրաշամանուկ» բառը չի կարելի մեկնաբանել որպես հաջողության համար հպարտանալու կամ անհաջողության համար գանգատվելու պատճառ:

Հարշամանուկների մասին խոսելիս հիշում ենք Ջոն Ստյուարտ Միլին և Բլեզ Պասկալին, որոնք պատանեկության շրջանում են հաղթահարել վաղ զարգացումից մեծահասակի կարիերային անցնելու փուլը, կամ նրանց հակադիրներին, որոնք համարել են, որ իրենք չափազանց ինքնատիպ են, որպեսզի այդպիսի անցում իրականացնեն: Ամեն դեպքում բառը չի պարունակում ինչ-որ բան, որ կարող է մեզ սահմանափակել այս երկու հակադիր դեպքերով: Լրիվ հավանական է, որ վաղ զարգացում ցուցաբերելուց հետո երեխայի հաջողությունը կյանքում ավելի համեստ լինի, քան Օլիպոսի նվաճումը:

Պատճառը, որ հրաշամանուկները սովորաբար դիտարկվում են մեծ անհաջողության կամ մեծ հաջողության դիրքերից, այն է, որ ինչ-որ իմաստով նրանք եզակի դեպքեր են, որոնց մասին մարդիկ միայն լսել են. հենց այդ պատճառով էլ լայն հասարակությանը հայտնի են միայն նրանք, ում «կյանքը կարող է ուսանելի լինել կամ ցանկացած պատմություն զարդարել»: Հատկապես խոստումնալից պատանու անհաջողությունից ծնված ողբերգությունն է նրա կյանքը հետաքրքիր դարձնում ընթերցողի համար. հաջողության մասին պատմող հրաշալի պատմությունները բոլորիս հայտնի են: Եվ հակառակը, շատ խոստումնալից մանկություն ունեցած մարդու համեստ հաջողության մասին պատմությունը զգացմունքների վերելք չի առաջացնում և ընդհանուր ուշադրության չի արժանանում:

Հրաշամանուկ-երեխայի նկատմամբ այսպիսի տրամագծորեն հակադիր վերաբերմունքը համարում եմ սխալ և չարդարացված: Բացի նրանից, որ այն արդարացված չէ, այն նաև անարդար է: Քանի որ նախկին հրաշամանուկի համեստ հաջողությունների մասին պատմությունը ընթերցողի մեջ հիասթափություն է առաջացնում, դա կհանգեցնի նրան, որ ինքը հրաշամանուկը կսկսի կասկածել իրեն, ինչն էլ կարող է ողբեգության հասցնել: Եվ պիտի չափազանց ուժեղ բնավորություն ունենաս, որպեսզի հրաշամանուկի պատվո հարթակից պատվով իջնես սովորական դասավանդողի կամ կարող, բայց ոչնչով աչքի չընկնող գիտական աշխատողի ավելի համեստ հարթակներ: Այսպիսով, հրաշամանուկ-երեխան, որը իրական ինչ-որ հատուկ բարոյական ուժով օժտված չէ, ստիպված է ձգտել լայնամասշտաբ հաջող կարիերա անելու, իր այդ ցանկության պատճառով իրեն ավելի շուտ անհաջողակ է համարում և արդյունքում դառնում այդպիսին:

Երեխայի ապրումների նկատմամբ մեծահասակին բնորոշ գերզգայականությունը ոչ մի ձևով չի բացահայտում երեխայի վերաբերմունքը ինքն իր նկատմամբ: Մեծահասակին ճիշտ և դուրեկան է թվում, որ երեխան շփոթվում և իրեն կորցնում է իրեն շրջապատող մեծահասակների աշխարհում, սակայն նման ապրումները իր՝ երեխայի համար ամենևին էլ ամենահաճելիներից չեն: Խորազուզված լինել մի աշխարհում, որն ինքը չի կարող հասկանալ, կնշանակի տառապել սեփական ոչ լիարժեքությունից, և այդպիսի վիճակը նրա համար զուրկ է որևէ հրապույրից: Հնարավոր է, որ մեծերին զվարճացնում է, երբ նայում են երեխային, որը խարխափում է իրեն ընդամենը մասամբ հասկանալի աշխարհում: Եվ երեխայի համար ավելի տհաճ է գիտակցելը, որ նույն պայմաններում գտնվող մեծերի համեմատ ինքը ի վիճակի չէ տիրապետելու իրեն շրջապատող աշխարհին ամբողջությամբ, քանի որ իր համար այն չափազանց բարդ է:

Մեր դարը վիկտորիական դարաշրջանից բաժանված է բազմաթիվ փոփոխություններով և դեպքերով, և այն, որ այս երկու դարաշրջանների միջև ապրել և գործել է Զիգմունդ Ֆրեյդը, այնքան կարևոր դեր է խաղացել, որ մեր օրերում ոչ ոք չի սկսի գիրք գրել, առանց հաշվի առնելու նրա գաղափարները: Ինքնակենսագրությունս Ֆրեյդի տերմինաբանությունն օգտագործելով գրելու մեծ գայթակղություն կա, հատկապես, եթե գրքի մեծ մասը նվիրված է հենց Ֆրեյդի թեմային՝ հոր և որդու միջև եղած հակամարտությանը: Այդուհանդերձ կաշխատեմ խուսափել նրա տերմինաբանությունից: Չեմ կարծում, թե Ֆրեյդի աշխատանքն այնքան կատարյալ է, որ պետք է մեր գաղափարները սահմանափակենք այն տերմինների շրջանակով, որ բնորոշ են մի բանի, ինչն այլ բան չէ, քան արագ փոփոխվող առարկայի ժամանակակից փուլը: Բայց չեմ կարող ժխտել, որ Ֆրեյդը մարդկանց գիտակցության մեջ հեղաշրջում առաջացրեց և աշխարհին ցույց տվեց դժգույն և զգայական մակարդակով լուսավախությունից տառապող, վախկոտաբար իրենց որջերում թաքնվող էակների հսկայական բազմություն: Ես Ֆրեյդի բոլոր դոգմաները չէ, որ ընդունում եմ որպես անվիճելի ճշմարտություն: Զգայական ստրիպտիզի ժամանակակից նորաձևությունն օգտակար չեմ համարում: Բայց թող ընթերցողը շփոթության մեջ չընկնի. այս գրքի շատ գաղափարների նմանությունը Ֆրեյդի որոշակի հասկացությունների հետ միայն պատահականություն չէ, և, եթե ընթերցողը որոշի, որ ինքը կարող է իմ բոլոր պնդումները թարգմանել Ֆրեյդի լեզվով, պետք է իմանա նաև, որ ես գիտակցում եմ այդպիսի շարադրանքի հնարավորությունը և դիտավորյալ եմ հրաժարվել դա անելուց:

I. Ռուս իռլանդացին Կանզաս Սիթիում

Այս [1] հարյուրամյակի առաջին տասնամյակի գիտական աշխարհի մասին ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այն լարված-գործունյա է եղել, և ես դրա մասին շատ բան իմացել եմ դեռ երեխա ժամանակ՝ հորս աշխատանքային սեղանի տակ նստած և լսելով ընկերների հետ նրա զրույցները այն ժամանակվա փոփոխությունների և բոլոր ժամանակների դեպքերի մասին: Դեռ երեխա ժամանակ ես ներծծել եմ շատ իրերի ճշմարիտ ընկալումը, և իմ մանկական տեսակետը իմաստից զուրկ չի եղել: Մեզանից շատերը, որ գիտությունն իրենց աշխատանքն են դարձրել, հաճախ կարող են իրենց մանկությունից դուրս քաշել կցկտուր և ոչ մի բանի հետ կապ չունեցող հիշողություններ, որ ընդգրկում են այն ժամանակ, երբ այդ տեղեկությունները հասել են մեզ,  չհասկացած շատ բաներ, և շարել դրանք կարզմակերպված և համոզիչ կառույցում:

Այսօր մենք մեծացել և ապրում ենք մի դարում, որը գուցե կորուստների և անկման, բայց միևնույն ժամանակ` նոր ձեռնարկումների դար է: Եվ այդ ձեռնարկումներում մեծ դեր ունի գիտնականը, ավելի ճիշտ՝ մաթեմատիկոսը: Ես դրանց վկան ու մասնակիցն եմ: Այսպիսով, ես կարող եմ դրանց մասին խոսել ոչ միայն մասնավորի ընկալումով, այլև, հուսով եմ, որոշակի չափորոշիչ դատողությունների իրավունք ունեմ, որպես օբյեկտիվ քննադատ:

Իմ աշխատանքի մի մասը, որը հասարակության մեծագույն հետաքրքրությունը և շահերն է շարժել, վերաբերում է նրան, ինչ ես կիբերնետիկա եմ անվանում կամ գիտություն ինֆորմացիայի կառավարման և փոխանցման մասին, որտեղ էլ այն տեղի ունենա՝ մեքենաներում կամ կենդանի օրգանիզմներում: Ինձ այդ առարկայի մասին ինչ-որ բան բացահայտելու հաճելի բախտ է վիճակվել: Դա ինչ-որ պահի ծնված սովորական կռահում չէր: Այդ գաղափարը արմատներն ինչպես իմ սեփական զարգացման պատմության, այնպես էլ գիտության պատմության մեջ են խորանում: Պատմականորեն այն սկիզբ է առնում Լեյբնիցի, Բեբիջի, Մաքսվելի և Գիբսի ուսմունքներից: Ինձ մոտ այդ գաղափարը ծնվեց այն քչից, ինչ ես գիտեի այդ գիտնականների մասին, և մտքի այն գրգիռից, որ այդ գիտելիքներն առաջացրեցին: Այդ պատճառով էլ գուցե նրանց, ում դեռ սպասվում է իմ ճանապարհով անցնելը, հետաքրքիր լինի այդ գաղափարներին իմ հակվածության առաջացման հաշվետվությունը և այն, թե ինչպես ես հանգեցի դրանք կարևորելուն: Որքան ինձ հայտնի է, ես յոթ ութերորդ մասով հրեա եմ, և մեկ ութերոդ մասը, հավանաբար, մայրական գծով այն հեռավոր նախնիս է, որը գերմանացի լյութերական էր: Այն պատճառով, որ ես հրեական ծագում ունեմ, մի անգամ չէ որ հարկ է եղել դիմելու հրեաներին և հրեականությանը: Քանի որ ո´չ ես, ո´չ հայրս, ո´չ, որքան ինձ հայտնի է, նրա հայրը հրեական կրոնի հետևորդներ չենք եղել, պետք է պարզաբանեմ այն իմաստը, որով ես սովորություն ունեմ գործածելու «հրեա» բառը և այդ բառից առաջացող բոլոր բառերը, ինչպես «հուդայականություն» և «ոչ հրեա», որոնք իրենց իմաստը ստացել են արմատական բառի իմաստից:

Հրեաները ինձ պատկերվում են, առաջին հերթին, որպես համայնք և հասարակական խումբ, չնայած նրանց մեծ մասը հավատացյալ է: Այնուամենայնիվ, երբ կրոնն սկսեց պակաս խոչընդոտել շրջակա կյանքի ներթափանցմանը նրանց կյանք, իսկ շրջապատող հասարակությունն ընդառաջ գնաց այդպիսի փոխադարձ ներթափանցմանը, նրանց կյանքում, որ նվիրված են կրոնին, առաջվա նման պահպանվում են գործոններ, որոնք փոքրիշատե սկզբնական կրոնական կարգերի շարունակությունն են: Հրեական ընտանիքի կառուցվածքն ավելի փակ է միջին եվրոպական ընտանիքի համեմատ և ավելի փակ, քան ամերիկական ընտանիքը: Հարկ է լինում հրեաներին բախվելու կրոնական կամ ռասայական նախապաշարումների կամ փոքրամասնության նկատմամբ նախապաշարումների, ամեն դեպքում նրանք ստիպված են լինում գործ ունենալ իրենց նկատմամբ թշնամական նախապաշարումների հետ, և եթե նույնիսկ շատ դեպքերում այդ թշնամությունը վերանում է, հրեաները դա լավ են հիշում, և դա նրանց հոգեբանությունն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխել է: Երբ խոսում եմ հրեաների մասին, և իմ մասին` որպես հրեայի, ուղղակի արձանագրում եմ այն պատմական փաստը, որ ես ծագումով նրանցից եմ, որ պատկանում են մի հասարակության, որն ունի որոշակի ավանդություններ և հարաբերություններ ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ, և որ ես պետք է գիտակցեմ, որ ինչպես ես ինքս, այնպես և ինձ շրջապատողները, պայմանավորված ենք այդ հարաբերությունների ամբողջության գոյությամբ: Ոչինչ չեմ ասում ազգության մասին, քանի որ ակնհայտ է, որ հրեաների ակունքը տարբեր ազգությունների խառնուրդից է, և շատ դեպքերում նորից կլանվում են հերթական խառնուրդում: Ես ոչինչ չեմ ասում սիոնիզմի և հրեական ազգայնամոլության մյուս դրսևորումների մասին, քանի որ հրեական ազգը շատ ավելի հին է, քան նման տեսակի ցանկացած շարժում, և իրենից ավելի շատ բան է ներկայացնում, քան ծիսական համաձայնագրերը, և ամենայն հավանականությամբ կշարունակի իր գոյությունը նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայել պետությունը չի դիմակայի և կնահանջի ազգայնամոլության ուրիշ դրսևորումների առաջ: Ես չեմ հավակնում որոշելու լեզվի կամ կրոնի, ռասայի կամ ազգայնության և էլի ինչ-որ բանի չափորոշիչային արժեքը: Ես նկատի ունեմ միայն այն, որ ես ինքս և ինձ շրջապատող մարդիկ այն աշխարհի ծնունդ ենք, որտեղ մեր հրեական ծագումը գիտակցելը նշանակություն ունի մեր սեփական հասկացության համար, թե ովքեր ենք մենք, ինչպես նաև շրջակա աշխարհում մեր ճիշտ կոմնորշման համար:

Հայրական` Լեո Վիների, գծով քիչ փաստաթուղթ է պահպանվել, և դրանց մեծ մասը հնարավոր չէ վերականգնել: Հիմնականում դա այն պատճառով, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները թալանել են ռուսական Բելոստոկ քաղաքը: Ասում են, որ պապս ընտանեկան ծագումնաբանության վերաբերյալ թղթերը կորցրել է հրդեհի ժամանակ, երբ այրվել է այն տունը, որտեղ նրանք ապրել են, չնայած, իրականում, այն ամենից, ինչ լսել եմ նրա մասին, կարող եմ ասել, որ նա դրանք կարող էր կորցրած լինել նաև ավելի խաղաղ պայմաններում: Ինչպես հետագայում կնշեմ, ավանդաբար ընդունված է համարել, որ մենք սերում ենք Մովսես Մալմոնիդից (Մոշե բեն Մայմոն)՝ հրեական փիլիսոփա Կորդովից, որ նաև եգիպտական արքայի վեզիրի բժիշկն է եղել: Չնայած ես միայն հեռավոր արյունակցական ազգականն եմ յոթ հարյուր տարի առաջ ապրած իմ նախնիների, կուզենայի հավատալ, որ մեր ընտանեկան լեգենդը ճշմարտություն է, քանի որ կգերադասեի որպես նախնի ունենալ Մալմոնիդին՝ փիլիսոփա, թալմուդյան օրենքների համակարգող, բժիշկ, գործարար մարդու, քան նրա ժամանակաիցներից մեկ ուրիշի: Դժվար թե հարմար լինի հայտարարելը, որ միջնադարյան վանականի հետնորդ ես, եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ արևմտյան քրիստոնեական աշխարհում հենց վանականները և միայն նրանք էին դասվում մտածողների տեսակին: Բայց ամեն դեպքում վախենամ, թե (այդքան շատ ժամանակ է անցնել) մեր ենթադրյալ տոհմագրությունը միայն լեգենդ է, որը շատ խարխուլ հիմք ունի, և հավանաբար, այն առաջացել է միայն շատ քիչ քանակությամբ սեֆարդական արյունից, որ դարաշրջաններից մեկում սրսկվել է մեր երակները:

Հաջորդ նշանակալից անձը, որ ավելի քան անկասկած պատկանում է մեր տոհմին, և որը ինձ համար պակաս գրավիչ է, Ակիբա Էգերն է` 1815-ից մինչև 1837թ. Պոզենի մեծ րաբբին: Նա էլ Մալմոնիդի նման ճանաչվել է Թալմուդի մեծագույն մասնագետներից, բայց ի տարբերություն Մալմոնիդի, դիմադրում էր աշխարհիկ կրթությանը, որը ներթափանցում էր հուդայականություն այնպիսի մարդկանց շնորհիվ, ինչպես Մենդելսոնն էր: Մի խոսքով, ես բավականություն եմ ապրում այն բանից, որ ինձ չի վիճակվել ապրել նրա ժամանակներում, և այն բանից, որ նա իմ ժամանակներում չի ապրում:

Հայրս ինձ իրազեկել է, որ մեր տոհմի մի ճյուղը հասնում է երուսաղեմյան թալմուդի հրատարակող ընտանիք, որը 1866թ. ապրել է Կրոտոշինում: Ճշգրիտ չգիտեմ, թե նրանք ազգակցական ինչ կապ ունեին Սողոմոն Վիներ պապիս հետ: Պապիս մի անգամ եմ տեսել՝ Նյու-Յորքում, երբ դեռ երեխա էի, և ինձ վրա ինչ-որ առանձնակի տպավորություն չի թողել: Կարծում եմ, որ նա ինչ-որ գիտական ամսագրի թղթակից էր և սեփական ընտանիքը պահպանել չկարողացող, բոլորովին անպատասխանատու մարդ: Ծնվել էր Կրոտոշինայում, բայց ամուսնանալով՝ տեղափոխվել էր Բելոստոկ, որտեղ էլ 1862թ. հայրս ծնվել էր: Եվ այնուամենայնիվ, մի բան է արել, որը, չնայած ոչ անմիջականորեն, մեծ ազդեցություն է թողել իմ կյանքի վրա. նա փորձել է եբրայերենը, որով խոսում էր իր շրջապատը, փոխարինել գրական գերմաներենով: Հաջողելով այդ հարցում՝ նա ամեն ջանք թափել է, որպեսզի գերմաներենը հորս համար մայրենի լեզու դառնա:

Հորս մայրը սերում էր բելոստոկյան հրեական կաշեգործների ընտանիքից: Ինձ պատմում էին, որ հնում նրանք Ռուսաստանի պատվավոր քաղաքացիներ են եղել: Հրեայի համար դա յուրահատուկ արքայական պատվոգիր էր: Օրինակ, երբ ցարը եկել է Բելոստոկ, որպես ապրելու վայր ընտրել են տատիկիս պատկանող տունը: Այնպես որ, նրանց ընտանեկան ավանդույթները մի քիչ այլ են եղել, քան պապիս կրթության ավանդույթները: Ես ենթադրում եմ, որ հենց հորս գործնական ուժեղ որակները նրան կյանքում իր տեղը գտնելու հնարավորություն տվեցին. և չնայած որ ոգեշնչվող էր և իդեալիստ, նա ամուր կանգնած էր հողին և միշտ մեծ ջանադրությամբ էր վերաբերում ընտանիքի հանդեպ իր պարտականություններին:

Թույլ տվեք այստեղ մի քանի խոսք ասել հրեական ընտանիքի կառուցվածքի մասին, ինչը ուղղակի առնչություն ունի կրթության հրեական ավանդույթների հետ: Բոլոր ժամանակներում կրթված երիտասարդը, հատկապես րաբբին, անկախ այն փաստից` ուներ արդյոք գործնական մտքի փշուր կամ կյանքում լավ կարիերա անելու կարողություն, միշտ լավ փեսացու է եղել հարուստ առևտրականի աղջկա համար: Կենսաբանական տեսակետից սա հանգեցրել է վիճակի, որը խիստ տարբերվում էր վաղ շրջանի քրիստոնեական աշխարհից: Արևմուտքի քրիստոնեական երկրներում եկեղեցին կրթված մարդկանց իր ձեռքն էր հավաքում, և ենթադրվում էր, որ, անկախ այն հանգամանքից՝ նա երեխա ուներ, թե ոչ, դառնալով եկեղեցու սպասավոր, երեխա ունենալու իրավունք չէր ունենում, և իրականում նա պակաս բեղմնավոր էր դառնում, քան իր շրջապատից շատերը: Հրեա ուսյալը, հակառակը, հարկ է որ մեծ ընտանիք ունենար: Այսպիսով, քրիստոնյաների կենսաբանական դրվածքը կրթական ոլորտում բերում էր ազգին բնորոշ որակների այլասերման, մինչդեռ հրեաների կենսաբանական դրվածքը բերում էր այդ որակների բազմապատկմանը: Թե գենետիկական այդ տարբերությունն ինչ չափով է ուժեղացրել հրեաների հակվածությունը կրթության նկատմամբ, դժվար է ասել: Սակայն պատճառ չկա համարելու, որ գենետիկական գործոնը նշանակություն չունի: Այս հարցը քննարկել եմ ընկերոջս՝ պրոֆեսոր Ջ.Բ.Ս. Հոլդեյնի հետ, և նա էլ նույն կարծիքին է: Եվ, իմիջիայլոց, շատ հավանական է, որ այս կարծիքն արտահայտելով` ես ուղղակի պրոֆեսոր Հոլդեյնից փոխառած գաղափար եմ ներկայացնում:

Վերադառնալով տատիկիս, ցանկանում եմ նշել, որ նա ամբողջ կյանքի ընթացքում շատ քիչ օգնություն է ստացել պապիս կողմից, և ընտանիքում երիտասարդ ստիպված էր արագ հասունանալ, որպեսզի կարողնար ապրելու փող աշխատել: Տասներեք տարեկանը հրեական ավանդույթներով բեկումնային տարիք է, քանի որ այդ տարիքից տղաներին թույլատրում մասնակցել կրոնական համայնքին: Ըստ ամենայնի, հրեականությանը բացարձակապես օտար է մեր արևմտյան մշակույթին բնորոշ` պատանեկության երկարացումը այն փուլով, երբ ուսուցում է տարվում դպրոցի ավագ դասարաններում և քոլեջում: Պատանեկան տարիքին հասնելուն պես հրեա տղային տղամարդու արժանապատվություն և պատասխանատվություն է տրվում: Հայրս, որպես մտավոր առումով իր տարիքից վաղ զարգացած երեխա, տասներեք տարեկանից սկսել է ինքն իրեն պահել` մասնավոր պարապմունքներ անցկացնելով իր համադասարանցիների հետ: Այդ ժամանակ արդեն նա խոսում էր մի քանի լեզվով: Գերմաներեն խոսում էր նրա ընտանիքը, իսկ ռուսերենը պաշտոնական պետական լեզուն էր: Գերմաներնի դերը նրա կյանքում մեծացրել էր այն հանգամանքը, որ պապս հատուկ թուլություն ուներ այդ լեզվի նկատմամբ, և հայրս հաճախում էր լյութերանական դպրոց: Ֆրանսերենը սովորել էր այն պատճառով, որ կրթված հասարակության մեջ այդ լեզուն էին օգտագործում. իսկ Արևելյան Եվրոպայում, հատկապես Լեհաստանում, դեռ ապրում էին Վերածննդին նվիրված մարդիկ, և նա իտալերեն սովորել էր, որ կարողանա հարգալից խոսակցություն վարել: Ավելին, շատ շուտով հայրս գնաց Մինսկի գիմնազիայից, որպեսզի Վարշավայում սովորի, որտեղ պարապմունքները ռուսերեն էին, բայց ընկերների հետ խոսում էր լեհերեն:

Հայրս միշտ էլ մոտ հարաբերություն է ունեցել իր լեհ համադասարանցիների հետ: Ինձ պատմել է, որ, որքան նրան է հայտնի եղել, ինքը միակ ոչ լեհն է եղել այն ժամանակ, ում ընդգրկել էին լեհական ընդհատակյա շարժման մեջ, և տեղեկացված էր բոլոր գաղտնիքներից: Վարշավայի գիմնազիայում սովորելիս նա Լ. Զամենհոֆի՝ էսպերանտոյի ստեղծողի ժամանակակիցն էր, և չնայած նրանք տարբեր գիմնազիաներում էին սովորում, հայրս առաջիններից էր, որ սովորեց այդ նոր արհեստական լեզուն:

Հետագայում դա կշիռ հաղորդեց այդ լեզվի, ինչպես նաև մյուս բոլոր արհեստական լեզուների նկրտումների դեմ նրա հայտարարությանը: Նա պնդում էր, և համարում եմ` միանգամայն արդարացիորեն, որ այն ժամանակ, երբ կձևավորվի արհեստական լեզուն օգտագործելու բավարար ավանդույթ, որը հնարավորություն կտա նույնքան ճիշտ հաղորդելու մտքերը և զգացողությունները, ինչքան գոյություն ունեցող բնական լեզուները, անհրաժեշտ կլինի նաև դարձվածային կառուցվածքային շերտը զարգացնել այն չափով, որը բնորոշ է մրցակից բնական լեզուներին: Հորս հիմնարար գաղափարն այն էր, որ զգալի չափով լեզվական դժվարությունն արտահայտում է այն միտքը, որը, հայտնվելով, ավանդույթ է ստեղծել այդ դժվարությունը օգտագործելու, և որ բարդ մտքեր արտահայտելու համար անգլերենն այնպես է զգում իր դարձվածքների պահանջը, ինչպես գրավոր ճապոներենն (որտեղ յուրաքանչյուր բառ կարող է արտահայտվել իր հնչյունական նշաններով) է գրի կարճության համար զգում չինական հիերոգլիֆների պահանջը: Հայրս միշտ Բեյսիկ Ինգլիշը [2] համարում էր ավելի շուտ փչացած, քան պարզեցված: Նրա խոսքերով, բարդ գաղափարները արտահայտելու համար նույնական դարձվածքներ ունեցող ոչ մի լեզու չի կարող հեշտ միջոց ծառայել մրցակցող մշակույթների միջև անաչառություն արտահայտելու համար:

Գիմնազիան ավարտելուց հետո հայրս ընդունվեց Վարշավայի համալսարանին կից բժշկական դպրոցը: Համարձակվում եմ նշել, որ առնվազն, նրա դրդապատճառների մի մասը ընդունված էր հրեական ընտանիքներում, որոնք սովորաբար ձգտում էին, որ տղաներից մեկը մասնագիտական կրթություն ստանա, և, եթե հնարավորր է, բժշկական: Այս շարժառիթը ուժեղ և լրիվ հասկանալի է այն հասարակական խմբի համար, որը երկար ժամանակ չի գնահատվել հասարակության մեջ: Եվ միայն Աստծուն է հայտնի, թե այս շարժառիթը ինչքան քարոզելու իրավունքից զրկված րաբբիներ, չբավարարված փաստաբաններ և աշխատելու հնարավորություն չունեցող բժիշկներ է աշխարհ բերել:

Ամեն դեպքում, հայրս շուտով նկատեց, որ ինքը բժիշկ դառնալու հատուկ հակումներ չունի: Դիահերձման պարապմունքները, ինչպես նաև, այդպես եմ մտածում, համակուրսեցիների կոպտությունը, որը բխում էր սեփական թուլությունը թաքցնելու ցանկությունից, հորս մոտ զզվանք առաջացրեցին: Համենայնդեպս, նա շուտով լքեց Վարշավան, Պոլիտեխնիկական քոլեջ ընդունվելու նպատակով, որն այդ ժամանակ Բեռլինում էր, և որը արդեն մի քանի տարի է` Կառլոտենբուրգում է:

Հայրս ժամանեց Բեռլին` ունենալով երկրորդ փայլուն կրթությունը: Գիմնազիայում, որտեղ նա սովորել էր, ի տարբերություն ռեալական գիմնազիաների և ռեալական ուսումնարանների, հատուկ ուշադրություն էր դարձվում դասական կրթությանը, և լատիներենից ու հունարենից հայրս փայլուն գիտելիքներ ուներ: Սակայն գիմնազիայում նաև մաթեմատիկայի ուսուցմանն էր ուշադրություն դարձվում: Հայրս ամբողջ կյանքում մնաց մաթեմատիկայի սիրահար և ժամանակ առ ժամանակ իր ներդրումն էր ունենում ամերիկյան մաթեմատիկական ոչնչով աչքի չընկնող ամսագրերում, այնպես որ միայն այն ժամանակ, երբ սկսեցի իմ աշխատանքը, որը պատահեց քոլեջում իմ գտնվելու վերջին տարիներին և ավարտելուց առաջ վերջին տարում, ես սկսեցի զգալ, որ շատ բանով առաջ եմ անցել հորիցս:

Ես այդպես էլ չգիտեմ, հայրս խոստումնալից ինժեներ կլիներ, թե խոստումնալից բժիշկ: Իր կյանքի այդ շրջանի մասին ինձ շատ քիչ է պատմել, բացի նրանից, որ այն ժամանակ չափավոր քանակությամբ գարեջուր, սիգար և մսով կարականդակ է օգտագործել, ինչպես և ցանկացած այլ աղքատ հրեա ուսանող: Հաստատ գիտեմ, որ սերբերենի և հունարենի պարապմունքների միջև նա աշխատել է գծագրական արվեստանոցում, և իր լեզվաբանական պաշարը ավելացրել է այդ երկու լեզուներով:

Բեռլինում հայրս հարուստ հարազատներ ուներ: Նրանք բակիրներ էին, որ սերտ համագործակցում էին Մենդելսոնի բանկի հետ` պահպանելով ավանդույթները, որոնք արմատներով հասնում էին տասնութերորդ դարում ապրած Մովսես Մենդելսոնին: Նրանք փորձում էին հորս համոզել, որ միանա իրենց և բանկիր դառնա, բայց նրան դուր չէր գալիս կանոնակարգված կյանքը, դեռ արկածների ծարավն էր տանջում նրան:

անգամ նա ներկա է եղել հումանիտար բնույթի ուսանողական երեկույթում: Զրույցները նրա մեջ արթնացրել են տոլստոյականին, որպիսին հոգու խորքում եղել է անհիշելի ժամանակներից, և նա որոշել է մինչև կյանքի վերջը հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և մսից: Նրա այդ որոշումը հետևանքներ ունեցավ, որոնք կարևոր ազդեցություն թողեցին իմ հետագա ճագատագրի վրա: Ամենից առաջ, եթե նա այդ որոշումը չընդուներ, երբեք չէր մեկնի Միացյալ Նահանգներ, երեբեք չէր հանդիպի մորս, և այս գիրքն էլ երբեք չէր գրվի: Այդուհանդերձ, հանուն արդարության, ենթադրելով, որ ամեն ինչ իր կարգով է գնացել, պետք է նշել, որ ամեն դեպքում ինձանից բուսակեր չեն դաստիարակել, և ստիպված չեմ եղել ապրելու մի տան մեջ, որը լցված լիներ կենդանիների հետ դաժան վարվեցողության մասին գրքերով, որոնցից սարսափը պատում է հոգիդ, և մազերդ բիզ-բիզ են կանգնում, և այս հարցերում ինձ չեն ստիպել գնալ հորս հետքերով:

Սրանք ընդամենը դատողություններ են: Բանն այն է, որ հայրս իր համակուրսեցու հետ իսկապես շատ անսովոր ճանապարհորդություն է նախաձեռնել, որպեսզի Կենտրոնական Ամերիկայում գտնի բուսակերների մարդասիրական սւցիալիստական հասարակություն: Նրա գործընկերը փոշմանել է, և հայրս միայնակ է հայտնվել Հարտլպուլ մեկնող նավի վրա, այն բանից հետո, երբ շփոթված ծառայողին գերմանական զինապարտի անձնական թղթերի փոխարեն, որոնք պետք է ունենար, ներկայացրել է ռուսական դպրոցն ավարտելու մասին իր վկայականը: Անցնելով ամբողջ Անգլիան մինչև Լիվերպուլ` նա նորից նավ է նստել, որը ուղևորվում էր Հավանա և Նոր Օռլեան: Այս ճանապարհորդությունը երկու շաբաթ է տևել, որի ընթացքում հայրս ծանոթացել է իսպաներենի և անգլերենի հիմունքներին: Ինձ ասել են, որ նա անգլերենը հիմնականում Շեքսպիրի ստեղծագործություններով է սովորել: Պետք է որ մարդկանց վրա, ում նա հանդիպել է Նոր Օռլեանի նավահանգստում, նրա բավականին արագ, բայց հնացած բառերով լեցուն խոսքը շատ զարմանալի տպավորություն թողած լինի: Քանի որ Կենտրոնական Ամերիկայում ինչ-որ հասարակություն գտնելու թեթևամիտ ցանկությունը սպառել էր իրեն, հորս ոչինչ չէր մնում անելու, քան ուղևորվել Միացյալ Նահանգներ, որպեսզի իր կենսական կարիերան աներ:

Շարունակությունը


[1] Խոսքը 20-րդ դարի մասին է:
[2] Basic English - պարզեցված անգլերեն (անգլ.):
 

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը` Նորբերտ Վիներ կայքից

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский