Կաթիլից ծով
Primary tabs
Կրթահամալիրի ուսումնական տոնացույցում ուրույն տեղ ունի մեդիապարապմունք-համերգը։ Այս ընթացքում այն դարձավ ծես. ամեն ուրբաթ` ժամը 15։15, Մայր դպրոցի Մարմարյա սրահը, որպես մեծ ավազան համախմբում է կրթահամալիրի սովորողներին, դասավանդողներին, ծնողներին, հյուրերին՝ մեկ ժամ միասին ապրելու ու իրար վայելելու։
Ժամանակ առ ժամանակ մեդիապարապմունքի ձևաչափը ենթարկվել է փոփոխությունների․ կազմակերպման նոր ձևը, նորամուծությունները, նոր մոտեցումներն օգնում են մեզ այն ոճային դարձնել. յուրաքանչյուր դպրոց բերում է իր ոճը: Պատահական չէ, որ կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ունի իր ոճային «այցեքարտը»։
Միասնական երգեցողություն, պար, ընթերցում, թատերական բեմականացում, տեսանյութերի դիտում․ այսպիսին է մեդիապարապմունքի բովանդակությունը։ Այստեղ կարևոր է ներկայացման ձևը, ամեն անգամ նոր մոտեցմամբ հանդես գալը։
Աշխատելով Նոր դպրոցում՝ բազմիցս հանդես եմ եկել որպես մեդիապարապմունքի երաժշտական մասի կազմակերպիչ-խորհրդատու, երգուսույց, պարուսույց, կատարող: Երբ կան նյութերը՝ ծրագրային երգերը, ընթերցումներ… սկսվում է ստեղծագործական հետաքրքիր աշխատանք սովորողների հետ՝ ինչպե՞ս դրան դարձնել 45 րոպեանոց պարապմունք Մարմարյա սրահում… Սովորում ենք ծիսական երգերը, մշակում-բեմադրում երգին համապատասխան պարային շարժումները, առանձին դեպքերում բեմականացնում ենք երգը, փորձում առանձին խմբերի հետ, հետո՝ միասին։
Որպես օրինակ` պատմեմ մեր հոկտեմբերյան «Կաթիլից՝ ծով» նախագծի մասին։ Իր ձևաչափով այն տարբերվում էր մյուս պարապմունքներից։ Վերնագրի ընտրությունը պատահական չէր․երաժշտությունը կաթիլ-կաթիլ լցվելով՝ վերածվեց մի մեծ ծովի: Նախագծի ընթացքում էլ էր այդպիսին. անհատ կատարողներ, փոքր խմբերը, դասարանները վերջում դարձան երգչախումբ` իսկական երգող դպրոց՝ սովորողով, ծնողով, ուսուցչով, «Կոմիտաս» նախագծով Կոմիտասի գրառած, բայց չկատարված երգերը դարձան իրար շարունակող ու լրացնող երգաշար։
Նախագծի նպատակներից մեկը մեր կողմից բազմիցս կատարված, ինչպես նաև նոր սովորած երգերի նորովի մեկնաբանումն էր։ Տարբեր ծեսերում, ներկայացումներում, ընդհանուր պարապմունքներին հնչած երգերը Նոր դպրոցի սովորողներն այս անգամ ներկայացրին երգչախմբային տարբերակով։ Երգն ուղեկցում էին երգերի բովանդակությունից և բնույթից բխող պարզ, մինիմալիստական շարժումները, որոնք գրավչություն հաղորդեցին երգչախմբին՝ արժանանալով և՛ սովորողների և՛ ունկնդիրների հավանությանը։ Կրտսեր դպրոցում սովորողների համար այս լուծումը բավականին հետաքրքիր է։ Արդյունքում ունեցանք երգչախմբի նոր մոդել՝ «Երգչախումբ շարժման մեջ»։ Շուրջ երկու շաբաթ կենտրոնացած աշխատել ենք երգերի ճիշտ, ինտոնացիոն մաքուր կատարման և մեկնաբանման, բեմականացման վրա։ Փորձերը նախապես իրականացրել ենք նաև Մարմարյա սրահում։
Բացի սովորողներից «Կաթիլից՝ ծով» նախագծին մասնակցում էին նաև Նոր դպրոցի նախակրթարանի Նելի Արղությանի և Աննա Հայրոյանի 2-4 տարեկանների խմբերը, նրանց ծնողները։ Դրա համար շաբաթօրյա «Ծնողական ակումբները» վերածվեցին ուսումնական փորձերի ծնողների հետ: Պարապմունք-փորձերը իսկական ստեղծագործական աշխատանք էր, որից բոլորս դժվարությամբ էինք բաժանվում: Այդ պարապմունքների արդյունքում ծնվեց պար-ներկայացումը, որի ժամանակ մայրիկները վալս են պարում 2-4 տարեկան զավակների հետ: Այս ամեն ինչի մեջ ոգեղենությունն էր հուզիչ, երբ ծրագիրը ծնողի, երեխայի հետ տուն մտավ ու տնից եկավ դպրոց-պարտեզ:
Որպես իրագործող, հաճախ չես կարողանում կատարած աշխատանքին օտար աչքով նայել։ Այստեղ օգնության են գալիս համերգի տեսագրությունները, լուսանկարները, որոնք կատարել են իմ դասավանդող ընկերները, ծնողները՝ տարբեր հայացքներով, տարբեր կողմերից: Ահա օրինակներ`
Սրան են ասում ցուցանիշ, երբ ունես դահլիճ, որը քեզ ծափահարում է, տեսագրում, լուսանկարում, հայտնվում ես սոցցանցերում ու ստանում շնորհավորանքներ։
Որպես նախագծի շարունակություն` մարտի 11-ին Նոր դպրոցը կրկին կլցնի Մարմարյա սրահի ավազանը՝ այս անգամ գարնանային շնչով, Թումանյանի «Ծաղիկների երգը» համերգ-ներկայացմամբ։ Կհանդիպենք 2016թ. մարտի 11-ին, ժամը 15:15, «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի մարմարյա սրահում:
Դու հրավիրված մասնակից ես, ընթերցող…
- Բացվել է 1225 անգամ