«Ձայնադարանը»՝ երաժշտական մեդիադաշտը հարստացնող գործիք
Primary tabs
Մեր օրերում համացանցում զետեղված ինֆորմացիան այնքան շատ է, որ որևէ տեղեկատվության հանդիպելիս կանգնում ես հարցի առաջ, թե որքանո՞վ է այս ինֆորմացիան հավաստի և օգտակար: Չափահաս մարդը կարող է այս հարցերին պատասխանել, որովհետև արդեն ունի ձևավորված աշխարհայացք: Նույն բանը չենք կարող ասել երեխաների մասին: Նրանք հայտնվում են մի դաշտում, որտեղ չգիտեն` ինչի՞ց սկսեն և ո՞ւր հասնեն:
Բազմիցս ուսումնասիրել եմ երաժշտական մեդիադաշտը: Լինելով պրոֆեսիոնալ երաժիշտ՝ ես էլ եմ հայտնվել դժվարությունների առաջ (որտեղի՞ց օգտվել, հավաստի՞ է, թե՞ ոչ, ինչու՞ է այսպես գրված, ո՞վ է հեղինակը և այլն):
Դրա համար էլ շատ կարևոր է պրոֆեսիոնալ ուսումնական կայքերի ստեղծումը, նրանց անընդհատ ակտիվությունը և գործուն լինելը: Նմանատիպ ֆունկցիա են իրենց վրա վերցրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված բազմաթիվ ուսումնական կայքերը, բլոգները, էլեկտրոնային ամսագրերը: Այդ շարքին կարելի է դասել նաև «Ձայնադարանը»:
Այն առաջին հերթին երաժշտական ուսումնական կայք է, որից օգտվում են հարյուրավոր սովորողներ, ծնողներ և դասավանդողներ: Առաջնային խնդիր է, որ ուսումնական նյութերը համակարգվեն ճիշտ ժամանակին: Երաժշտական նյութերը հայտնվում են կայքում տեղի երաժիշտների ընդհանուր քննարկման և խորհրդատվության արդյունքում (կարող են հենց իրենք էլ տեղադրել): Նյութերը պետք է լինեն ծրագրային, մեթոդական, ունենան համապատասխան որակ և լինեն արժեքավոր: Շատ անգամ այնտեղ տեղ գտնող նյութերը ենթարկվում են լրացումների և հավելյալ մշակման: «Ձայնադարանում» տեղ գտած ցանկացած նյութի վերջում անպայման նշվում է սկզբնաղբյուրը հեղինակային իրավունքների պաշտպանության և լրացուցիչ տեղեկատվության համար։
«Ձայնադարանը» երաժշտական տեղեկատվական կայք է: Այն պարբերաբար անդրադառնում է հայտնի երաժիշտների կյանքին, գործունեությանը, երաժշտական, մշակութային անցուդարձին: Տեղեկատվական նյութերը ստեղծվում են շատ անգամ կրթահամալիրի պատվերով, կարող են լինել առանձին դասավանդողի, սովորողի, խմբերի նախաձեռնությունների արդյունք: Առանցքային կենտրոնը սովորողն է, նրա ընտանիքի անդամը, նրանց երաժշտական ընդունակությունների ու դրսևորումների բացահայտումը և ցուցադրումը:
«Ձայնադարանում» պարբերաբար ստեղծվում և հրապարակվում են երաժշտական ունկնդրման փաթեթներ, որոնք օգնում են երաժշտական և գեղագիտական ճաշակի բարձրացմանը: Փաթեթները բազմաոճ են, բազմաժանր, նոր են ու թարմ:
Արդյունքում կայքից օգտվում են ոչ միայն կրթահամալիրի ներսում, այլ նաև նրա սահմաններից դուրս, որն էլ փաստում է այն հանգամանքը, որ տարբեր էլեկտրոնային որոնողական համակարգերում «ձայնադարան» բառը փնտրելիս այն հայտնվում է առաջին տեղում:
Նման գործելաոճի շնորհիվ Ձայնադարանը լրացնում է այն երաժշտաբազայի պակասը, որն առկա է մեդիադաշտում:
- Բացվել է 1662 անգամ