Առօրյա կեղծիք

Խոշորացույց 5

Խոշորացույցի նախորդ հրապարակումներում անդրադարձել եմ իմ կարծիքով ոչ ճիշտ ներկայացվող թեմաների, որոնք տեղ են գտել արդի պատմագիտության և մանկավարժության մեջ: Ինչպես նշել եմ նախապես, սույն շարքում դրված չէ ժամանակագրական հաջորդականությունը պահելու խնդիր: Թեմաներն ընտրվում են ինքնաբերաբար: Հիմնականում հիմք է ծառայում սովորողների հետաքրքրությունները և նրանց հետ քննարկումները: Անդրադառնում եմ հատկապես այն թեմաներին, որոնք սովորողների մոտ առաջացնում են տարակարծություն և քննարկելիս նրանք բարձրաձայնում են այդ մասին: Վերջին շրջանում 9-րդ դասարանում քննարկում ենք Արցախյան խնդիրը և մերօրյա իրողությունների հետ կապված հանգամանքներ: Հատկապես դասարաններից մեկում բուռն քննարկման առարկա դարձան այս երկու հանգամանքները: Ուստի այս հոդվածում ստիպված եմ անդրադառնալ օրգանապես միմյանց կապակցված թեմաների: Տեքստը չեմ ծանրաբեռնի մոտեցումներով և եզրահանգումներով, որոնք կապված են պատմություն գիտության քաղաքական ասպեկտի հետ:

Արցախյան կոնֆլիկտի և դրա լուծման բանալին Մոսկվայում է: Կարծում եմ, սա տարակարծությունների տեղիք չպետք է տա պատմության հետ շատ թե քիչ ծանոթ որևէ մեկի մոտ: Սակայն, դասագրքի հեղինակները, նույնն է թե արդի պատմագիտական միտք թելադրողները հմտորեն շրջանցում են այս թեման, արհեստականորեն ատելություն արթնացնելով հարևան հասարակության նկատմամբ: Կա խնդիր, որից տեղյակ ենք և որի առանցքում ենք բոլորս: Թվում է, թե պարզ ճշմարտությունը կեղծելն այդքան էլ հեշտ գործընթաց չպետք է լինի, բայց արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ է: Արցախյան կոնֆլիկտի ստեղծման, հրահրման դրա աշխարհաքաղաքական ասպեկտների մասին երիցս խոսել եմ, ուստի գամ չոր փաստերի: Ի սկզբանե պնդեմ, որ հայկական ջարդերը և դրանից բխող գործընթացները տեղի են ունեցել բացառապես խորհրդային իշխանությունների դրդմամբ, և դրանք որևէ կերպ չպետք է գործոն լինեին երկու հասարակությունների` միմյանց նկատմամբ խորն ատելության համար:

Պատմական տեղեկանք. Սումգայիթից Բաքու

1988 թվականի փետրվարից սկսված իրադարձությունները հարկավոր է տեղավորել մեկ տրամաբանական շղթայի մեջ: Դրանք ընդհանուր առմամբ նույն` Արցախյան ինքնորոշումը խեղդելու փորձեր էին, որում հավասարապես ներառված էին ԽՍՀՄ իշխանությունները, Ադրբեջանի ԽՍՀ-ի ղեկավարները և միութենական ՊԱԿ-ը (ԿԳԲ):

1988-1990 թթ կարճ փուլում կոտորածներ և հայերի զանգվածային բռնագաղթ տեղի ունեցան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում (Գյանջայում), Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում, Նախիջեւանի ԻԽՍՀ-ում: 1988 թ. փետրվարի 26-ին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը հատուկ կոչով դիմեց Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին` հորդորելով դադարեցնել ցույցերն ու հանրահավաքները` խոստանալով առաջիկայում լուծել բարձրացված հարցերը: Սա յուրատեսակ հաղորդագրություն էր այն ժամանակի ադրբեջանական իշխանություններին և ազգային ճակատի արմատական թևին: Հայերը, ինչպես միշտ հավատալով խոստումներին, դադարեցրեցին ցույցերը, սակայն Ադրբեջանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում 1988 թ. փետրվարի 26-ից սկսած բորբոքվեցին հակահայկական հանրահավաքներ, որոնք գլխավորում էին քաղաքի կուսշրջկոմների քարտուղարները: Հետագայում Սումգայիթի պաշտոնանկ արված քաղկոմի քարտուղարը հայտարարեց, որ այդ ամենը կազմակերպվել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի և նրա առաջին քարտուղարի ցուցումով: Մ. Գորբաչովն ու նրա շրջապատը չէին կարող տեղյակ չլինել այս մասին. ով ով, բայց ՊԱԿ-ը գիտեր երկրում տեղի ունեցող ամեն ինչ: Փետրվարի 27-ին ադրբեջանական խուժանը «Մա՜հ հայերին» կոչով, տեղական իշխանությունների աչքի առաջ, իրականացրեց հայ ազգաբնակչության կոտորած: Գազազած ամբոխը հայերին սպանում էր բնակարաններում, տանջամահ անում փողոցներում ու հրապարակներում, այրում կենդանի: Պաշտոնական տվյալներով տանջամահ էր արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200 հոգի: Ո՛չ Սումգայիթի հանրահավաքները, ո՛չ կոտորածները պատահական չեն եղել, ինչպես հետագայում փորձում էին ներկայացնել ադրբեջանական իշխանությունները: Նախօրոք կազմել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատել հեռախոսները, պահեստավորել ինքնաշեն զենքեր: Փետրվարի 26-29-ին Սումգայիթի միլիցիան չի գործել: Քաղաքը խուլ շրջափակված էր, ճանապարհներն ու երկաթուղին գտնվում էին զինված բանդաների հսկողության տակ: Հանցագործության նպատակն էր փակել Արցախի հիմնահարցի քննարկման հեռանկարները, նոր ջարդերի կազմակերպման սպառնալիքով ահաբեկել հայերին և նրանց հարկադրել հրաժարվել ազատագրական պայքարից: Երեք օր տևած ջարդերից հետո միայն` փետրվարի 29-ի գիշերը խորհրդային զորքը մտավ Սումգայիթ. նրան մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագությունները և քաղաքից դուրս հանել կենդանի մնացած հայերին: Սա ԽՍՀՄ վերնախավի հերթական փորձն էր` խեղդելու ազգային հարցերից մեկը, իսկ դրանք հարյուրից ավելի էին ԽՍՀՄ տարածքում:

1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սկսվեց ջարդերի նոր փուլ, որն ընդգրկեց գրեթե բոլոր այն վայրերը, որտեղ ապրում էին հայեր: Ամբողջ 1989 թվականի ընթացքում, չդադարեցին հարձակումները Բաքվում ապրող հայերի վրա: 250.000 հայերից, 1990 թվականին Բաքվում մնացել էր ընդամենը 35.000 հայ, որոնք հիմնականում ծերեր և հիվանդներ էին ու նրանց խնամողները, ովքեր չէին կարողացել լքել Բաքուն: Ե´վ Բաքվում, և´ Սումգայիթում ձեռագիրը նույնն էր: 10-50 հոգիանոց ավազակախմբերը հարձակվում էին մի քանի ալիքներով. կային 3 տեսակի խմբեր` առաջին խումբը գոռգոռում էր, աղմուկ հանում ու հեռանում, երկրորդ խումբը կողոպտիչներ էին, իսկ երրորդը սպանում էր մարդկանց (հայերին):

Բաքվի ջարդերի պիկը 1990 թվականի հունվարի 12-19-ն ընկած ժամանակահատվածն էր: 1990թ. հունվարի 12-13-ին Բաքվի հայերի ջարդերը ստացան կազմակերպված եւ զանգվածային բնույթ. հունվարի 13-ին ժամը 17-ից հետո, Լենինի հրապարակում կայացած հանրահավաքի դուրս եկած շուրջ 50-հազարանոց ամբոխը, խմբերի բաժանվելով, սկսեց մեթոդաբար, տուն առ տուն քաղաքը մաքրել հայերից: Հունվարի 15-ին Բաքվում շարունակվում էին ջարդերն ու հարձակումները: Առաջին երեք օրվա ընդհարումների հետեւանքով նախնական տվյալների համաձայն զոհվել է 33 մարդ: Սակայն չի կարելի այս թիվը համարել վերջնական, քանի որ Բաքվում ստուգված չեն այն բոլոր բնակարանները, որտեղ եղել են ջարդարարները (Իզվեստիա, 16 հունվարի 1990թ.): Հունվարի 16-ին Բաքվում ի հայտ են բերվել հայերին պատկանող 64 բնակարանների ավերումներ: Մայրաքաղաքի Լենինյան շրջանում հայտնաբերվել է առայժմ չճանաչված չորս ածխացած դիակ (Իզվեստիա, 18 հունվարի 1990թ.): Հունվարի 17-ին Բաքվում կատարվել են 45 բնակելի տների ավերումներ եւ հրկիզումներ (Իզվեստիա, 18 հունվարի 1990թ.): Բազմաթիվ վկայություններ կան բացառիկ դաժանությամբ կատարված գազանությունների ու սպանությունների մասին: Մինչեւ այսօր էլ անհայտ է մնում սպանվածների ճշգրիտ թիվը: Տարբեր տվյալների համաձայն սպանվել են 150-ից մինչեւ 300 մարդ: Քանի որ այն ժամանակ Բաքվում մնացած հայ բնակչության մեծամասնությունը տարեց մարդիկ էին, փախստականներից շատերը տեղահանությունից քիչ անց մահացան, պատճառը ոչ միայն խոշտանգումներն էին, այլեւ ապրած ցնցումը: Ջարդերը շարունակվել են ընդհուպ մինչև հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքեր մտցվեցին քաղաք: Մեկ շաբաթվա ընթացքում` հունվարի 13-20-ը, քաղաքը լրիվ ազատվեց հայկական տարրից, բացառությամբ խառը ընտանիքների մի քանի հարյուր հայերի, որոնց ավելի ուշ, Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններ սկսելուց հետո, բառացիորեն որսում էին՚ հետագայում ադրբեջանցի ռազմագերիների հետ փոխանակելու համար: Խորհրդային իշխանություններն ինչպես միշտ ուշացան` թույլ տալով ադրբեջանական զինված ամբոխին կատարելու իր սև գործը: Եթե Սումգայիթում այդ ուշացումը երկու օր էր, ապա Բաքվում` մեկ ամբողջ շաբաթ: Չնայած այն հանգամանքին, որ համամիութենական նշանակության շատ թերթեր գրում էին, թե ինչ է կատարվում Բաքվում: Այս ամենի հետևանքով, Ադրբեջանից գաղթեցին 500.000 հայեր, որոնց մեծ մասը ունեզրկվեց բոլոր առումներով:

1990թ. հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով արտգործնախարարների Եվրոպայի խորհրդին կոչ էր անում պաշտպանել հայերին և պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Մ. Գորբաչովին, որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու կոչ էին անում:

Շարունակությունը

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский