Քիմիայի դասավանդումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Primary tabs
Քիմիան, լինելով բնական գիտությունների շարքում, օգնում է լուծելու կյանքի առօրյա խնդիրներ, նպաստում մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:
Քիմիայի՝ որպես դասավանդվող առարկայի բովանդակային մեծ ծավալը, առանձին դեպքում նաև ոչ մատչելի տերմինաբանությունն ու անվերջ թվացող բանաձևերը շատ դեպքերում այն դարձնում են ոչ այնքան սիրելի, ուստի առաջանում է ուսումնական գործընթացը հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու խնդիրը, որպեսզի սովորողները ընկալեն դասընթացը և ստանան գիտելիքներ, ձեռք բերեն հմտություններ, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն՝ անկախ սովորողի ընտրած մասնագիտությունից:
Սովորեցնել քիմիան միայն ավանդական մեթոդներով, այսինքն՝ ձևավորելով քիմիական գրագիտություն, սովորեցնելով հաշվարկներ կատարել, տալով առավելագույնս տեսական գիտելիքներ, հնարավոր չէ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վաղուց ազատվել ենք անգիրի դպրոցի բարդույթից, և ինչպես ցանկացած առարկայի, այնպես էլ քիմիայի համար կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով սովորողների կողմից գիտելիքների յուրացումը կատարվում է ակտիվ, ինքնուրույն, ճանաչողական գործունեությամբ: Ժամանակակից կրթական համակարգը, իմ կարծիքով, պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովի սովորողների մտածելու, ինչպես նաև տարբեր տեսանկյունից փաստերը համեմատելու հմտությունը, հենվելով փաստերի, օրենքների, փորձերի, գիտության օրինաչափությունների իմացության, ինչպես նաև սեփական և օտար փորձի վրա՝ եզրակացությունը ձևակերպելու և պնդելու կարողություն։ Եվ, որ ամենակարևորն է, չանջատի քիմիան առօրյայից ու կենցաղից:
Անցնելով այլընտրանքնային դասավանդմանը՝ ունեմ հաջողություններ։ Ինչո՞վ են պայմանավորված իմ դասավանդման հաջողությունները։
- Կրթահամալիրում քիմիայի ժամերը կիսվում են: Քանի որ ուսուցումը հիմնված է փորձի վրա, սովորողները անհատական կամ փոքր խմբերով գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրում են առարկան՝ ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
- Հագեցած սարքերով, նյութերով, թվային միջոցներով՝ էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, մշտական Wi-Fi-ով լաբորատորիայի առկայությունը:
- Առարկայի լավ յուրացման համար իմ բլոգում ստեղծել եմ ուսումնական փաթեթներ 7, 8, 9-րդ դասարանների համար, որտեղ դրված են բոլոր դասերը՝ քննարկվող հարցերով, գործնական աշխատանքներով, տնային առաջադրանքներով, թեստային ինքնուրույն ստուգումներով՝ նշելով օրերը: Հիվանդության պատճառով բացակայող սովորողները շատ ակտիվ օգտվում են փաթեթից, առաջադրանքները կատարում և դնում են իրենց բլոգներում: Ստեղծել եմ նաև ներառական սովորողների համար փաթեթներ («Ուսումնական փաթեթ 7», «Ոսումնական փաթեթ 8», «Ներառական ուսումնական փաթեթ»):
- Ուսումնական փաթեթում տեղադրում եմ նաև օրվա դասին քննարկվող հարցերը, և սովորողները ինքնուրույն գտնում են հարցերի պատասխանները տարբեր աղբյուրներից, ինչը նպաստում է սովորողների ինքնուրույն աշխատելու հմտության, մտածելու ունակության զարգացմանը: Բացատրում եմ միայն անհասկանալի թեմաները:
- Դասընթացի կառուցվածքում գերակշռում են գործնական աշխատանքներն ու լաբորատոր փորձերը:
- Կրթահամալիրում գործում է քիմիայի՝ ընտրությամբ գործունեության խումբ, որտեղ սովորողներն ավելի խորությամբ են ուսումնասիրում քիմիան, իրականացնում տարբեր նախագծեր, հաջողված նախագծերով մասնակցում տարբեր բնագիտական ստուգատեսներին:
- Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում են ուսուցման շատ մեթոդներ, բայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային մեթոդը, որը հաշվի է առնում խնդրի արդիականությունը: Նախագծային մեթոդը անհատական կամ խմբային աշխատանք է, որը սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում, և հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը, ենթադրում հետազոտական, որոնողական, համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:
- Քիմիայի նախագծերի հաջողությունը սերտ կապված է նաև տարբեր ճամփորդությունների կազմակերպման հետ («Կրթական փոխանակման նախագիծ» «Նախագիծ՝ կրթական փոխանակումներ», «Ապակու գործարան»):
Քիմիան չի կարելի դիտել որպես առանձին բնագիտական առարկա: Նախագծերը կազմելիս փորձում եմ հաշվի առնել բնագիտական առարկաների հետ կապը, այդ պատճառով քիմիայի նախագծերն ունեն միջառարկայական կապեր, օրինակ՝ ֆիզիկայի, կենսաբանության, աստղագիտության հետ:
- Բացվել է 2852 անգամ