Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով
Primary tabs
Հրապարակային, հասանելի, ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր, ուսումնական նյութեր, բնագիտական փորձեր, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, օտարալեզու ուսումնական փաթեթներ... Ահա այն ամենը, ինչ իր մեջ ներառում է երրորդ դասարանցու անհատական ուսումնական բլոգը, մեդիատարածք, որտեղ պարզից էլ պարզ երևում են սովորողի անհատականացված ուսուցումն ու նրա զարգացման փուլերը:
Ուսումնական բլոգի գործածման ժամանակացույց
Կրթահամալիրում սովորողներն իրենց անհատական բլոգները սովորաբար բացում են երրորդ դասարանում, սակայն մենք երկրորդ դասարանում խիզախեցինք, և 2015-2016 ուստարում ութ սովորողներ ունեցան իրենց անհատական, ուսումնական բլոգները՝ կրթահամալիրի օրացույցով հաստատված նախագծային ուսուցմանը համապատասխանեցված բաժիններով, ընտանեկան ու անհատական աշխատանքներով տեսանելի մի տարածք, որտեղ սովորողի գործունեությունն է, երևում է ընտանիքի մասնակցությունը, սովորող-ծնող-դասավանդող կապը: Իրար շարունակաբար հաջորդող մեդիատարածքներ են էլեկտրոնային փոստը, դպրոցի ենթակայքը, անհատական բլոգը և դասարանական բլոգը՝ որպես հավաքանի: Սա է այն հարթակը, որտեղ ծավալվում է սովորողի ուսումնական գործունեությունը ուսումնական ողջ տարվա ընթացքում: Երրորդ դասարանում դասարանական բլոգն արդեն դառնում է ընթերցարան-գիրք, որտեղ ամփոփվում են սովորողների ընթացիկ նախագծերը:
Բլոգը՝ հեռավար ուսուցման հարթակ
Սովորողի անհատական բլոգային աշխատանքն ավելի տեսանելի դարձավ 2015-2016 ուստարվա հունվարին, երբ օդակաթիլային վիրուսի տարածման պատճառով ՀՀ ԿԳ նախարարի հրամանով պետական հանրակրթական դպրոցներում դասերը դադարեցվեցին, իսկ կրթահամալիրում ուսուցման ձևը փոխվեց, և սովորողները սկսեցին աշխատել հեռավար-առցանց: Հեռավար ուսուցումն իրականացվեց երեք շաբաթ: Բերեմ հեռավար ուսուցման փաթեթի օրինակներ սովորողների անհատական բլոգներից:
- Աննա Հովհաննիսյան
Թումանյանական օրեր՝ «Ծիտը»
Օրիգամի «Մուկ» - Անժելա Դադոյան
Թումանյանական օրեր՝ «Մի բաց նամակ ամենքին», «Անբան Հուռին»
Հարցազրույց մայրիկի հետ - Էրիկ Կակոյան
Բնագիտատեխնիկական ստուգատես՝ Բնագիտական փորձ, Զարգացնող խաղեր,
Մարզական ստուգատես՝ Մարզվենք միասին
Ընտանեկան ընթերցումներ՝ «Սուտլիկ որսկանը»
2016-2017 ուսումնական տարվա սեպտեմբերին ևս 14 սովորողներ ունեցան իրենց անհատական բլոգները: Յուրաքանչյուր սովորող իր բլոգում կարողանում է տեղադրել նյութեր՝ տեսանյութեր, նկարներ, տեքստեր, կարողանում է ավելացնել բաժիններ:
«Սովորող-սովորեցնող» սեբաստացի բլոգերները Տաթև Թամազյանի և Մերի Գրիգորյանի երկրորդ դասարանցիներին ներկայացրին իրենց բլոգների շնորհանդեսը: Նրանք իրենց մեդիահմտությունները փոխանցեցին կրտսեր ընկերներին:
Նոր բլոգների շնորհանդես՝ ներկայացնում են բլոգավար-սովորողները:
Սովորողի ուսումնական բլոգի կառուցվածքը
«2016-2017 ուստարի» թղթապանակն իր մեջ ներառում է սովորողի ուսումնական ողջ գործընթացը:
Սովորողների բլոգներից առանձնացված են ուսումնական նախագծերը՝ Ես և ինձ շրջապատող միջավայրը, Կոմիտասյան օրեր, Խնկոյանական օրեր, Սեբաստացու օրեր, Ռոդարիական օրեր, ստուգատեսները՝ Դիջիթեք 2017, Բնագիտատեխնիկական, Մարզական, ուսումնական գործունեության ոլորտները՝ Ուսումնական ճամփորդություններ, ուսումնական արձակուրդ՝ Աշուն, Ձմեռ:
Սովորողների բլոգներից նյութերի ընտրանի՝
- Խնկոյանական շիլաշփոթ
- Ուսումնական Աշուն 1
- Փոքրիկ իշխանը ներկայացման մասին
- Աշնանային հեքիաթներ
- Թվերի զրույցը
- Ձմեռն իմ ականջին շշնջաց
- Ակրոստիկոսներ
- Ամանորը այլ երկրներում
- Երևակայական պատմություններ
Այսպես, երկրորդ դասարանից սովորողներին բլոգավարության հմտություններին ծանոթացնելը համարում եմ արդյունավետ, քանի որ
- Երրորդ, չորրորդ դասարաններում բլոգային աշխատանքն առավել հաճախական է դառնում, սովորողներն արդեն ունենում են այդ հմտությունները և կարողանում են արագ կատարել իրենց աշխատանքը:
- Սովորողներն արդեն գիտակցում են իրենց մասնակցությունը մեդիամիջավայրի զարգացման գործում:
- Աշխատանքը սովորողի հետ դառնում է առավել արդյունավետ թե՛ ժամանակի խնայողության, թե՛ ուսումնական գործընթացն ավելի ճկուն դարձնելու տեսանկյունից:
Որպես ամփոփում հավելեմ՝ այս տարի կրթահամալիրում կազմակերպված Գիտագործնական հավաքի կլոր սեղանին իմ սովորողների հետ ներկայացանք հենց այս թեմայով՝ Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով։
- Բացվել է 2884 անգամ