Էկոնախագծերի փաթեթ

2017-2018 ուսումնական տարում կրթահամալիրի քոլեջի բուսաբուծության ջերմոց-լաբորատորիայում այցելուների քանակը զգալի ավելացել է: Շատ բան է փոխվել տարիների ընթացքում: Լաբորատորիայում բույսերը ոչ միայն խնամվում, բազմացվում են, այլ նաև հետազոտվում և փորձարկումներ են կատարվում: Արդյունքում բացահայտում ենք յուրաքանչյուր բույսին բնորոշ ճիշտ և արդյունավետ բազմացման եղանակներ, խնամքի առանձնահատկություններ: Մի շատ ուշագրավ և հետաքրքիր փաստ եմ ուզում արձանագրել: Ինձ համար բացահայտում էր չարչարածաղիկ (պասիֆլորա) բույսի բազմացումը արմատներից: Ինչ-որ տեղ կարդացել էի, սակայն թերահավատություն կար, բայց ելնելով այն կարգախոսից, որ միշտ կիրառում եմ և խորհուրդ տալիս՝ «Երբեք մի՛ ասա երբեք», որոշեցի փորձել, և արդյունքում ստացվեց. չարչարածաղիկ առողջ բույսն աճեց, լավ զգաց ու դարձավ մեր լաբորատորիայի բնակիչը: Փորձը կատարվեց հետևյալ պայմաններում՝ կտրատված արմատները դրվեցին հողի, մյուս դեպքում՝ պեռլիտի մեջ: Պարզվեց, որ պեռլիտի մեջ դրվածներն ավելի առողջ էին, քան հողի մեջ դրվածները: Բացահայտվեց բազմացման ևս մի եղանակ, որը, սակայն, ոչ բոլոր բույսերի մոտ է ստացվում: Մի շարք նախագծեր են իրականացվել, իրականացվում և դեռ պետք է իրականացվեն ջերմոց-լաբորատորիայում: Ուսումնասիրելով աշխարհի տարբեր երկրներում (Աֆրիկա, Ամերիկա, ֆրանսիա, Գերմանիա) բուսատեսակների աճեցումը, սերմերից հաջողված փորձարկումները ՝ որոշեցինք փորձարկել մեր լաբորատորիայում: Ցանեցինք սերմերը, որոնք արդեն ծլել են, սա համարում եմ մեր ձեռքբերումը, բայց կարևորն առջևում է՝ վերատնկել, պահպանել, մեծացնել:
Թվարկեմ այլ բույսերի տեսակներ, որոնք արդեն ծլել են և բույսեր, որոնք բավականին մեծացել են՝ նշենի, ավոկադո, մուշմուլա,անոնա, չարչարածաղիկ, պամելա, պապայա...Անուններ, որոնք հիշեցնում են արևադարձային երկրները:
Շատ հետաքրքիր է կոճապղպեղի ( իմբիրի) բազմացման փորձարկումը: Ի դեպ, այդ բույսը աճեցնելու ոգևորությունը առաջացավ ոչ այնքան նրա անփոխարինելի բուժիչ և օգտակար հատկությունների մասին իմանալը, այլ հրաշագեղ ծաղիկներ ունենալը:
Փորձն սկսված է, և թաղարի մեջ տեղադրված կոճապղպեղն արդեն 3սմ բարձրությամբ ծիլ է արձակել:

 Որոշել ենք գնել 1-2կգ կոճապղպեղ, որը թաղարի մեջ տնկելով՝ կստանանք մի բույս՝ և՛ էկոլոգիապես մաքուր ու բուժիչ, և՛ որպես գեղատեսիլ ծաղիկ:
Ջերմոց-լաբորատորիայի սկզբունքներից մեկը թաղարային բույսերի տարածումն է: Կրթահամալիրի դպրոցների սովորողներն ու դասավանդողներն իրենց խմբերով այցելում են ջերմոց-լաբորատորիա, աշխատում ենք միասին, նրանք իրենց հետ նվեր են տանում կտրոններ, սերմեր՝ աճեցնելու, բազմացնելու իրենց դպրոցներում, տներում:
 
Չեմ կարող չպատմել ալոե (հալվե, անմահաթուփ) բույսի մասին: Ունենք այս բույսի մի քանի տեսակ, բայց առանձնացնեմ ալոե ծառատիպը և ալոե վերա տեսակները: Այս տեսակները սիրում են առատ լուսավորություն: Այստեղ դժվարություն է ծագում այս բույսն իրարից առանձնացնելու, հատ-հատ աճեցնելու, որի դեպքում այն կլինի մոտ՝ 150 հատ (լաբորատորիայի տարածքում լուսավորությունն առատ չէ):
Կարևոր էկոնախագծերի շարքին է պատկանում նոր տնկարանի ստեղծումը, որը համարվում է պարտեզապուրակային մեկամյա ուսուցման դիպլոմային նախագծերից մեկը: Տնկարանի ստեղծման աշխատանքներին մասնակցում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը՝ նախակրթարանների սաներից մինչև տատիկները: Աշխատանքների մեծ մասն արված է: Այս տնկարանը հիմք կդառնա և կնպաստի կրթահամալիրի մյուս դպրոցներում ավելի փոքր մասշտաբի տնկարանների ստեղծմանը, կմատակարարի ամենատարբեր բույսեր՝ օգտակար, բուժիչ, գեղեցիկ:
Բույսերին զուգահեռ հպանցիկ անդրադառնամ նաև կենդանիներին: Ջերմոցում կենդանիներ պահելը, իհարկե, հոգս է: Սակայն այն այնքան դրական էմոցիաներ է հաղորդում բոլորիս՝ առանց տարիքային սահմանափակման, որ դժվարությունները սիրով հաղթահարվում են:

Այս ուսումնական տարում իրագործվել են մի շարք նախագծեր: Բոլորն էլ էկոնախագծեր են և իրենց դերակատարումն ունեն էկոլոգիական խնդիրների լուծման գործում՝

«Հին իրերին նոր կյանք ու շունչ»
«Կանաչ պատ»
«Սերմնահավաք»
«Սերմնացան»
«Սերմնադարան»
«Այգու բույսերի ապաստարան»
«Կանաչ ցանկապատ»
«Ծաղկաձոն»
«Ցիտրուսային և էկզոտիկ բույսեր»
«Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ»
Հայաստանի դեղաբույսերը

Նախագծեր՝

 «Հին իրերին նոր կյանք ու շունչ՝ բույսերի օգնությամբ» 

Նախագիծը գործում է արդեն մի քանի տարի: Ըստ նախագծի՝ որպես թաղար օգտագործվում են ամենատարբեր իրեր՝ յոգուրդի տարաներ, լուսամփոփներ, պայուսակներ, անձրևանոցներ, մանկական  խաղալիքներ, խոհանոցային սպասք, օղու շշեր, այսինքն՝ ձեռքի տակ եղած ամեն մի իր, որի մեջ կարելի է հող, ավազ կամ ջուր լցնել:
Նախագծի նպատակներից են՝

  • Մեր նկուղներում, տան անկյուններում եղած հին, աղբ համարվող իրերը օգտագործել, աղբակույտի վերածելու փոխարեն դրանք դարձնել կիրառելի, մի խոսքով՝ այդ իրերին տալ երկրորդ կյանք:
  • Սեբաստացիներին, նրանց ծնողներին, վերապատրաստվողներին, այլոց հաղորդել հնից նորը ստեղծելու տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ:
  • Ստեղծագործական մտքի զարգացում:
  •  Խմբերով աշխատանք, քննարկում և արդյունքում՝ հետաքրքիր, նոր գաղափարներ:

 Այս նախագծի ամենավառ օրինակը նախակրթարանի սաների հետ լուսամփոփի մեջ զատկական, ծիսական ածիկի աճեցումն է: Նրանք ոչ միայն ցանեցին, այլ խմբում խնամեցին և ամենօրյա դիտարկումներով հետևեցին սերմից բույսի աճեցման ընթացքը: Այս ամենի մասին տեսանյութեր է ներկայացնում դաստիարակ Ինգա Անտոնյանը՝
1. Սերմնացան. «Հին իրերին նոր կյանք»
2. «Ուսումնասիրություն»
3. «Խնամում ենք մեր ածիկը»

«Կանաչ պատ» 

Նախագծի նպատակն է բույսերի միջոցով շրջակա միջավայրի անշուք (ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում), տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող, գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող):
Շատ կարևոր է նախագծում նշված հետևյալ կետը՝
Ձեռք բերված փորձի տարածում կրթահամալիրից դուրս՝ շենքերի բակեր, մոտակա տարածքներ, սեփական տարածքներ:
Ներկայացնեմ մի քանի նյութ, որտեղ նախագծի նախնական արդյունքներն են՝

Հարավային դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Արևելյան դպրոց-պարտեզ 

 «Սերմնահավաք»

Այս նախագիծը գործում է տարիներ շարունակ: Սովորողների օգնությամբ բույսերի և ծաղիկների սերմեր են հավաքվել ոչ միայն կրթահամալիրի դպրոցների տարածքներից, այլ քաղաքի տարբեր այգիներից: Այժմ մեր սերմնադարանում կան բազմաթիվ բույսերի սերմեր շնորհիվ սովորողների հավաքած սերմերի:

«Սերմնահավաք» նախագիծը երկարաժամկետ է և ամեն տարի իրականացվում է նոր թափով: 2018թ.-ին նախատեսվում է կազմակերպել ավելի շատ սերմերի հավաք, քանի որ շնորհիվ մեր նոր տնկարանի, որտեղ տնկված են էկզոտիկ, յուրահատուկ և Հայաստանում քիչ տարածված բույսեր: Հավաքված սերմերը նախատեսված են սերմնադարանի հավաքածուն հարստացնելու, կրթահամալիրի դպրոցներում ցանելու, հյուրերին նվիրելու և այլ նպատակների համար: Վառ օրինակ կարող է ծառայել կրթահամալիրի բոլոր դպրոցներում մեր հավաքած իպոմեայի սերմերով Կանաչ պատ ստեղծելու հաջող փորձերը՝ պատերի տակ ցանված սերմերը ծլել են, որոնք ցանել են և՛ նախակրթարանի սաները, և՛ երկարացված օրվա ճամբարականները, և՛ ընտրությամբ գործունեության խմբերը: 

  «Սերմնացան»

Նախագծի իրականացման գործընթացին մասնակցել են բոլոր այն խմբերը, որոնք այցելել են ջերմոց-լաբորատորիա՝ սկսած նախակրթարանի սաներից մինչև դասավանդողների խմբեր, վերապատրաստվողներ: Այս նախագծի նպատակն է նախակրթարանային տարիքից ուսումնասիրել սերմերը, ցանել, հետևել ընթացքը՝ ձեռք բերելով որոշակի տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ:

  «Սերմնադարան»

Նախագծի մեկնարկը տրվել է 2015թ.-ի դեկտեմբերի 22-ին: Երբ մեր հավաքած և գնված սերմերի քանակը ավելացավ, և հարկավոր էր ինչ-որ տեսանելի տեղ դրանք հավաքել, և մենք ստեղծեցինք անկյուն և պայմաններ, որտեղ կարելի էր ապահով պահել սերմերը: Այդ օրվանից սկսած սերմերի քանակը սկսել է ավելանալ, և հիմա ունենք բավականին շատ սերմեր, որոնք պատշաճ ցուցադրված են սերմնադարանում, իսկ բոլորովին վերջերս նոր ձևավորում և դիզայն տրվեց այդ տարածքին, որն էլ կարող է նպաստել ավելի տեսանելի դարձնել ձեռքի տակ եղած սերմերը և հարմար դրանք արագ գտնելու և օգտագործելու համար:
Սերմնադարանը ստեղծելուց հետո պարզ դարձավ, որ խանութից գնված սերմերի համեմատությամբ մեր հավաքած սերմերը ավելի ծլողունակ են, քանի որ խանութների դարակներում տարիներ շարունակ չեն սպասել իրենց գնորդին, թարմ են և առողջ:

«Այգու բույսերին ապաստարան»

 Նախագծի նպատակն է աշնանը այգուց ջերմոց կամ սենյակ տեղափոխել այն կարևոր բույսերը, որոնք հաջորդ տարի  նորից կտեղափոխվեն այգի: Աշխատանքները կատարելիս սովորողը ձեռք է բերում բույսի տեղափոխման և վերատնկման մասին հմտություններ և կարողություններ: Նմանատիպ աշխատանքները հետազոտական են, քանի որ փորձում ենք մեկամյա բույսը դարձնել երկամյա, եռամյա.... Ասեմ, որ դա հաջողվում է գարնանը. մեծ և փարթամ բույսերը դուրս են բերվում այգի:

 «Կանաչ ցանկապատ» 

Նախագիծը իրագործման փուլում է: Ճիշտ է՝ աշխատանքներն սկսվել են դեռ երեք տարի առաջ, բայց արդյունքները տեսանելի են դառնում տնկարանում տեղադրելուց հետո, երբ առանձին տարածքներն ընդգծվում են սամշիտի փոքր տնկիների պատով: Տնկարանում ստեղծվել է սիրիական վարդերի անկյուն: Այս տնկիները ևս կարող են ծառայել կանաչ ցանկապատեր կառուցելուն: Այս նախագիծը իրականացնելու համար դեռ շատ անելիքներ կան, քանի որ տնկիները դանդաղ են մեծանում, և տեսանելի արդյունք ավելի ուշ կարձանագրվի:

«Ծաղկաձոն»

Նախագիծն ամենամյա է, որն սկսել է գործել 2016թ.-ի մարտից: Այս նախագծի նպատակը և արդյունքները՝

  • Բույսերի օգտակարության կարևորում
  •  Բույսերի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում
  • Սովորողի անմիջական մասնակցություն
  •  Թաղարով ծաղիկ նվիրելու կուլտուրայի տարածում
  • Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում:

Մասնակիցները տարատարիք են:
Օր, որ վերածվեց տոնի 07.04.2017թ.
Գարնանային ծաղկաձոնը շարունակվում է...
Ծաղկաձոն է….
Ծաղկաձոնի տրամաբանական ավարտը
Ծաղկային անակնկալ

«Ցիտրուսային և էկզոտիկ բույսեր»

Նախագծի նպատակն է ձեռք բերել և աճեցնել էկզոտիկ և ցիտրուսային բույսեր, ունենալ ծաղկող և մագլցող բույսերի մեծ հավաքածու: Խնդիր է դրված ուսումնասիրելով յուրաքանչյուր բույսի խնամքի և բազմացման առանձնահատկությունները և կիրառելով ձեռք բերված տեխնոլոգիական հմտությունները և կարողությունները՝ աճեցնել դրանք Հայաստանի բնակլիմայական պայմաններում: Տարիների ընթացքում հավաքածուն մեծացել է, իսկ այս տարի համալրվել է նոր, անծանոթ բույսերով, որոնք ընթացքում կուսումնասիրվեն, կբացահայտվեն ավելի ուշ, երբ մի քիչ կմեծանան:

«Հայաստանի դեղաբույսերը»

Բոլոր ջանքերին հակառակ՝ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Սակայն հաջողվել է պահպանել մի քանի տեսակ, որոնցից մեկը օշինդրն է (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան): Ունենք պահպանված մի քանի թուփ: Մոտ ժամանակներս այն կավելանա: Մի քանի տարի է՝ ինչ փորձում ենք Հայաստանի սարերից և դաշտերից բերել և աճեցնել: Հետաքրքրությունն այս բույսի նկատմամբ ավելացավ, երբ ծանոթացա գերմանացիների կողմից բացահայտված հրաշագործ օգտակարությանը: Մեջբերեմ՝ Արտեմիզինին՝ «Artemisia Annua» կամ պարզապես օշինդր: Վերջերս պարզվել է, որ այն օգնում է ոչնչացնել թոքերի քաղցկեղի 98% բջիջներն, ու այդ ամենն այն կատարում է ընդամենը 16 ժամում:
Բացի օշինդրը, հաջողվել է պահպանել, աճեցնել, բազմացնել խնկածաղիկ բույսը և բացահայտել արագ բազմացման եղանակը: Խնկածաղկի մասին սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ:
Ունենք նաև նանայի (անանուխ, քարանուխ, քարընշուշ) և մելիսայի (մեղվախոտ, թուրինջախոտ, պատրինջ) փոքրիկ տարածքներ, որոնք ևս տարիների ընթացքում կավելանան:

«Մաքուր միջավայր, առողջ մանուկներ»

Այս նախագիծն ամենաերիտասարդն է: Նպատակները՝

  •  Նախակրթարանի սենյակներում, հետո նաև դասասենյակներում էկոլոգիապես ավելի մաքուր բույսերի օգնությամբ գեղեցիկ և օգտակար միջավայրի ստեղծում:
  • Խմբասենյակներում եղած օգտակար և վնասակար բույսերի ուսումնասիրում:
  • Օգտակար բույսերի տնկարանների ստեղծում:
  • Խմբասենյակներում և դասասենյակներում վնասակար բույսերի փոխարինում օգտակար բույսերով:
  • Վարպետության դասեր սովորողների, դաստիարակների, ծնողների և դասավանդողների համար, թեման՝ օգտակար և վնասակար բույսերը:
  • Նախագծի իրականացում կրթահամալիրի հետ համագործակցող դպրոցների և նախակրթարանների հետ:

Նախագիծը գտնվում է նախնական փուլում, որոշ աշխատանքներ արված են: Բաժանվել և տարածվել են որոշ բույսեր՝ տրադեսկանցիա, քլորոֆիտում: Ստեղծվել են փոքրիկ տնկարաններ (հիպոեստես, կալերիա, քլորոֆիտում, տրադեսկանցիա):

 

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский