Մարդու իրավունքների մասին՝ ֆիլմերի լեզվով

Ոչ ոք բնությունից իրավունք չի ստացել կարգադրելու ուրիշներին: Դիդրո

Քաղաքացիական հասարակությունը ենթադրում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ոչ միայն հասարակությանը հուզող խնդիրների բարձրացմանը, այլ նաև դրանց լուծման համար հնարավոր գործնական ուղիների որոնմանը։ Իսկ դրա համար մեզ գիտակից քաղաքացիների հասարակություն է պետք։ Ընդունված է ասել, որ կրթությունը (դպրոցը) կոչված է դաստիարակելու գիտակից քաղաքացիներ։ Իսկ քաղաքացիական գիտակցությունը սկսվում է սեփական իրավունքների իմացությունից, դրանք պաշտպանելու և այլոց իրավունքները չոտնահարելու կարողությունից։

Մեր նախագիծը, որ սկսվել էր դեռ անցյալ տարի, նպատակ ունի սովորողներին ծանոթացնելու մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին։
Մարդու իրավունքները դարեր շարունակ եղել են ուշադրության կենտրոնում, ունեցել ամենատարբեր սահմանումներ, որոնք ի վերջո ստացել են մի տեսք, որը մեր օրերում կոչվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր:

Սկզբում ծանոթացանք ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին հայերեն, այնուհետև, օգտվելով  ռուսերեն  ու անգլերեն տեքստերից, կազմեցինք մարդու իրավունքների թեմատիկ եռալեզու բառարան։

Այնուհետև դիտեցինք Youth for human rights կազմակերպության պատրաստած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երեսուն հոդվածների մասին սոցիալական հոլովակները։ Դրանք մեկ-երկու րոպեանոց փոքրիկ ֆիլմեր են մարդու իրավունքներից յուրաքանչյուրի մասին։ Հոլովակները հիմնականում անգլերեն էին։ Կային նաև դրանց՝ ռուսալեզու մակագրերով ուղեկցվող տարբերակները։

Ֆիլմերը դիտելու և քննարկելու ընթացքում ծնվեց դրանք հայերեն դարձնելու գաղափարը։ Քոլեջի գործավարության և զբոսաշրջության բաժինների ուսանողների հետ նախ՝ թարգմանեցինք ռուսերեն մակագրերը, այնուհետև համեմատեցինք դրանք անգլերեն ֆիլմերի հետ և համապատասխան շտկումներ արեցինք։

Հիմա սկսվել է ֆիլմերի հայերենացումը. Movie maker ծրագրի օգնությամբ անգլերեն հնչող խոսքին զուգահեռ հայերեն մակագրեր ենք դնում։

Աշխատանքի ընթացքը և միջանկյալ արդյունքները լուսաբանվել են Քոլեջի ենթակայքում և «Ընթերցասրահ» ամսագրում։

Կարծում ենք, որ այս աշխատանքը շատ օգտակար կլինի ոչ միայն նախագծում աշխատող ուսանողներին՝ ճանաչելու սեփական իրավունքները և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանելու դրանք, այլ նաև խոսել դրանց մասին օտար լեզվով, զարգացնել օտար լեզվով խոսքի ունկնդրման և թարգմանական կարողությունները։ Ուսանողներից մի քանիսը զարգացրել են նաև Movie maker ծրագրով աշխատելու իրենց կարողությունները։

Հայերենացված ֆիլմերի փաթեթը հրաշալի ուսումնական նյութ կարող է լինել միջին և ավագ դպրոցների ուսուցիչների և սովորողների համար՝ մարդու իրավունքների մասին  դասերի, բանավեճերի ու քննարկումների ընթացքում։

Պատրաստ են արդեն 30 ֆիլմերից 20-ը։ Մեր նախագիծը շարունակվում է։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский