Ջուրը չտեսած...

Խոսքս 2018-2019 ուսումնական տարվա 9-րդ դասարաններում կենտրոնացված ավարտական քննության մասին է։

Տեքստում օգտագործված իրավական ակտեր.

Հրամաններին հղումները կլինեն ակտի պայմանական անունով և համապատասխան կետի համարով, իսկ Ուղեցույցից բերված մեջբերումները կլինեն շեղատառ:

Նախ՝ Ուղեցույցում քննության անվանումն է «Հայոց լեզու», մինչդեռ Կարգում և Աշխատակարգում քննության անվանումն է «Հայոց լեզու և հայ գրականություն»:

Ուսումնական պլաններում բերված աղյուսակի համաձայն հիմնական դպրոցում «Հայ գրականություն» առարկա չկա, ինչը համապատասխանում է հանրակրթության պետական չափորոշչի երրորդ՝ «Հանրակրթական ծրագրերի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» բաժնի 12-րդ կետի 1 ենթակետին. ««Հայոց լեզու, գրականություն» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է «Մայրենի» առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներով»:
Սովորողը չի կարող 9-րդ դասարանում քննություն հանձնել մի առարկայից, որը դեռ չի անցել:

Սա քննություն է հայոց լեզվից, և գրականությունը կապ չունի այս քննության հետ: Հայոց լեզուն իմացողը պետք է կարողանա հայերեն տեքստից ինֆորմացիա քաղել և հայերեն փոխանցել ինֆորմացիա: ՀՀ ԿԳ նախարարն իր հրամաններում պետք է փոփոխություններ կատարի և ճշտի քննության անվանումը:

Հիմնականում կխոսեմ Ուղեցույցի և Աշխատակարգի մասին: Թեստի բովանդակությանն անդրադարձել է կրթահամալիրի մայրենիի լաբորատորիայի ղեկավար Մարիետ Սիմոնյանը։ Ավելացնեմ, որ թեստն ինձ համար անընդունելի է՝ որպես մանկավարժության մեջ օգտագործվող գործիք: Չեն լինում լավ ու վատ թեստեր. բոլորն էլ վատն են:

Ուղեցույցում նշված է. «Տեքստը կարող է լինել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի»: Հետաքրքիր է, թե ինչո՛ւ տեքստը չեն ընտրում բնական կամ հասարակական գիտությունների բնագավառների դասագրքերից (գրականությունից կա բանավոր քննություն, և սովորողները գեղարվեստական տեքստերի հետ թող այդ ժամանակ աշխատեն): Մանավանդ, որ  Աշխատակարգի 17-րդ կետի համաձայն. «9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են Նախարարության կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից»: Վախենում են, թե հայերենի մասնագետները չե՞ն կարողանա ճիշտ ստուգել այլ բովանդակության տեքստերից բխող եզրակացությունները և հիմնավորումները։

Թեստում կա մեկ առաջադրանք՝ շարադրանք կամ ընդարձակ պատասխան պահանջող:
Շարադրանքի՝ «կերպարի բնութագրում» առաջադրանքն ի՞նչ կապ ունի հայոց լեզվի քննության հետ: Այդ առաջադրանքը կսազի գրականության քննությանը:

Շարադրանքը պետք է պարունակի շուրջ 50-70 բառ: Շարադրանքը գնահատվում է առավելագույն, եթե պատասխանը լիարժեք է։

Ո՞վ է որոշում լիարժեքությունը: Ստուգողներին տալու են պատրաստի լիարժեք պատասխաննե՞ր, թե՞ ստուգողից ստուգող կարող է տարբերվել գնահատումը:

Եթե շարադրանքը պարունակում է 30 բառից պակաս, գնահատվում է 0 միավոր:

Իսկ եթե պարունակում է 90 բառից ավելի՞: Շատախոսելն էլ լեզվին լավ չտիրապետելու նշան է:

Սահմանված ծավալից պետք է բացառել տեքստի նախադասությունների նույնությամբ մեջբերումը (որպես շարադրանքի բառաքանակ չի հաշվառվում տեքստից բառացիորեն մեջբերված նախադասությունների բառաքանակը):

Իսկ եթե մի՞ բառ է փոխված, ավելացված կամ պակասեցված: Հիշեցի ուսանողական տարիներս (1976-1977 թվականներ): Մոսկվայի հանրապետական գիտատեխնիկական գրադարանում հայտարարություն կար, որ ամբողջ գիրքը պատճենել չի կարելի: Ես էլ պատվիրում էի պատճենել ամբողջը, բացի տիտղոսաթերթից: Ստացվում էր, որ և՛ կարգը չէի խախտում, և՛ ամբողջ գրքի բովանդակությունն ունենում էի։ (Ժամանակներ էին, է՜, մի էջը պատճենելը 3 կոպեկ արժեր: Ինչքա՜ն գրքեր եմ այդպես ձեռք բերել):

Շարադրանքի բովանդակության գնահատումը չի ենթադրում աշակերտի շարադրած բովանդակության և ստուգողի աշխարհայացքի համընկնում:

Հիմքեր ունեմ կասկածելու, թե ստուգողները կպահպանեն այս կետը:

Աշխատակարգի 30-րդ կետում ասվում է, որ առարկայական հանձնաժողովների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը: Ի՞նչ չափանիշներով են նրանք ընտրվում, ո՞ւմ կողմից, ցուցակը հրապարվո՞ւմ է. այս հարցերի պատասխանները Աշխատակարգում չկան:

Հիմա նայենք բողոքարկման մեխանիզմին: Կենտրոնացված քննության արդյունքները հրապարակվում են քննությունից հետո՝ 7-րդ օրը (Աշխատակարգ, 60): Որտե՞ղ, ինչպե՞ս են դրանք հասնում սովորողին: Քննության արդյունքի հետ համաձայն չլինելու դեպքում սովորողը՝ քննության արդյունքները հրապարակելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, բողոքը ներկայացնում է Հաստատության տնօրենին։ Ի՞նչպես է ներկայացնում՝ էլեկտրոնայի՞ն, բանավո՞ր, գրավո՞ր: Հաստատության տնօրենը բողոքն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկում է ԳԹԿ-ին (Աշխատակարգ 73): Կարճ և ընդարձակ պատասխան պահանջող մասերի վերաբերյալ բողոքարկումը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում ԳԹԿ-ում տնօրենի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: Դիմում-բողոքների քննարկումից հետո կարող է որոշում ընդունվել քննության գնահատականի պահպանման կամ բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին, որը հրապարակվում է (Աշխատակարգ 74):  Կենտրոնացված ավարտական քննության բողոքարկման արդյունքները ԳԹԿ-ն հրապարակում է դիմում-բողոքները ստանալուց հետո՝ 5-րդ օրը (Աշխատակարգ 75): Ստացվում է, որ սվորողը չի մասնակցում իր աշխատանքի բողոքարկմանը, միայն իմանում է հանձնաժողովի կարծիքը՝ գնահատականի տեսքով՝ այդպես էլ չիմանալով իր արածի թերությունը: Մինչդեռ. «Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները, ոչ ուշ քան դիմումը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին» (Աշխատակարգ 73):

Առավելագույն միավոր ստանալու համար աշակերտը պետք է ոչ միայն կարծիք հայտնի, այլև հիմնավորի այն:

Կարծիքը հիմնավորելու համար աշակերտը պետք է հենվի կա՛մ հանրահայտ, ընդունված ճշմարտությունների վրա, կա՛մ մեջբերում անի տեքստից: Վերջինը աշխատանքի գնահատման չափանիշներով, կարծես, չի խրախուսվում:

Այս ամենից հետևում է, որ վերանայման կարիք ունեն և՛ քննության անվանումը, և՛ կազմակերպման ձևը, և՛ աշխատակարգը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский