Ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցաշարեր. արդյո՞ք ճիշտ է ընտրված դրանց ռազմավարությունը

Ուսումնասիրեցի ուսուցիչների կամավոր ատեստավորման համար տարբեր ուսումնական առարկաներից  կազմված թեստերը և եկա այն եզրակացության, որ դրանք բոլորովին չեն կարող ընդունվել որպես ուսուցչի որակավորումը ստուգող հարցաշարեր, որոնց ճիշտ պատասխաններից կարելի է եզրակացնել, թե արդյոք ուսուցիչը համապատասխանում է իր կոչմանը, թե` ոչ: Այո՛, ուսուցչի զբաղեցրածը պաշտոն չէ. այն կոչում է: Եթե Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մի շնորհալի 9-րդ դասարանցի կարողանա անսխալ տալ մաթեմատիկայի հարցաշարերի բոլոր խնդիրների ճիշտ պատասխանները, ուրեմն նա շատ լավ ուսուցի՞չ է: Տարիներ առաջ, երբ Հովհաննես Ալեքյանն իմ աշակերտն էր, եկավ մի պահ, որ ինձնից ավելի արագ էր կռահում համացանցից վերցվածը ընթերցելով հասկանալու, ունկնդրելով հասկանալու առաջադրանքների ճիշտ պատասխանները: Դրանից պետք է եզրակացնեինք, որ նա անգլերենի` ինձնից ավելի լա՞վ ուսուցիչ էր այն ժամանակ: Ֆուտբոլի մեր ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը կարո՞ղ է Կամո Հովհաննիսյանի նման գնդակով արագ վազել: Մարզիչի դերն ուրիշ է: Ուսուցչի դերն էլ է ուրիշ:

Մյուս կողմից էլ՝ այս հարցաշարերը թույլ են տալիս մտածելու, որ մեր Երևանի Պետական Համալսարանի, ինչպես նաև Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տված դիպլոմները կեղծ են: Կասկածի տակ է առնվում դիպլոմավոր մասնագետի գիտելիքների պաշարը: Եթե նախարարությունը կասկածելու հավաստի հիմնավորումներ ունի, ավելի լավ է համալսարաններում կրթական բարեփոխումներ սկսի: Ինչու՞ եք Հայաստանի պետական զինանշանով ու համալսարանի կնիքով դրոշմված կեղծ դիպլոմներ բոլորին բաժանում և հետո էլ կասկածում դրանց իսկությանը, շրջանավարտի ստացած որակավորմանը:

21-րդ դարի ուսուցիչն արդեն դադարել է գիտելիքի միակ հավաստի աղբյուրը լինել, և անհրաժեշտ էլ չէ, որ, օրինակ, պատմության ուսուցիչն իմանա բոլոր «ի՞նչ», «ո՞վ», «ո՞ր», «ե՞րբ», «որտե՞ղ» հարցական դերանուններով սկսվող հարցերի պատասխանները: Պատմության ուսուցչի համար ստեղծված հարցաշարերում ինչու՞ չկան «ինչու՞» և «ինչպե՞ս» հարցական դերանուններով սկսվող հարցեր, oրինակ՝ «ինչու՞ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, և ինչպե՞ս կարելի էր կանխել այն»: Միգուցե հենց նման հարցե՞րն են մեզ սովորեցնում պատմության դասերը, որոնք երբեք էլ մենք չսովորեցինք: Մեր համալսարաններում արդյոք սովորեցնու՞մ են պատմության դասավանդման մեթոդիկա: Մեզ մոտ երևի լավ պատմաբան են համարում նրան, ով հստակ պատասխան է տալիս այն հարցին, թե ինչ գույնի ձի էր վարում և քանի նաժիշտ ուներ այս կամ այն արքան:

Ես ավելի առարկայական ու հանգամանալից փաստարկներով կխոսեի, եթե անգլերենի հարցաշարեր լինեին, բայց քանի որ իմ մասնագիտությանն ամենից մոտը հայոց լեզուն է, և հրապարակված են հայոց լեզվի հարցաշարերը, կանգ առնենք այստեղ:

Կարելի է հստակ ձևակերպել, որ այս հարցաշարերը ստուգում են ուսուցչին որպես լեզվաբան, այլ ոչ թե` որպես ուսուցիչ: Եթե նման հարցաշարերով ատեստացիայի ենթարկեին Ազգային Ակադեմիայի լեզվի ինստիտուտի աշխատակիցներին, որևէ առարկություն չէր լինի: Հանրակրթության նոր Պետական չափորոշիչներում ձևակերպված են կրթական երեք աստիճաններում գործող 8 կարողունակությունները, որոնց բոլորի հիմքում ընկած է լեզվական կարողունակությունը: Հայոց լեզվի ուսուցիչն այնքանով է համապատասխանում իր կոչմանը, որքանով նա կարողանում է ձևավորել իր աշակերտների լեզվական կարողունակությունը այնպես, ինչպես գրված է հանրակրթության նոր Պետական չափորոշչում:

Իմ խորին համոզմամբ` հայոց լեզվի ուսուցչի կամավոր ատեստավորման հարցաշարերը շտեմարանային բազմընտրական չպետք է լինեին: Հարցերը պետք է ազատ շարադրանքներ պահանջեին, որտեղ բացահայտ կերևար և՛ ուսուցչի գրագիտության մակարդակը, և՛ առարկայի դասավանդման մեթոդիկայի ճիշտ հայեցակարգերի իմացությունը, և՛ դրանց դրույթների գործնական կիրառումը ամենօրյա աշխատանքում:

Կցանկանայի, որ հայոց լեզվի ուսուցչին ուղղված հարցերը մոտավորապես այսպիսին լինեին.

  • Ինչպե՞ս եք կարողանում խթանել հանրակրթության տարրական աստիճանում սովորողի ինքնաարտահայտվելու, գրագետ խոսելու, գրելու, պատմելու ցանկությունը:
  • Ի՞նչ մանկավարժական, մեթոդական հնարքներ եք կիրառում, որպեսզի հիմնական աստիճանում սովորողը իրեն հետաքրքրող թեմաների շուրջ հայերեն ազատ խոսի, կազմի տեղին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ  բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք:
  • Ի՞նչ ուսումնական գործունեության ձևեր եք կիրառում հանրակրթության միջնակարգ աստիճանում, որպեսզի զարգացնեք սովորողների բանավոր հաղորդակցական գրագետ խոսքը՝ կարծիքներ արտահայտելու, հայեցակարգեր ու փաստեր մեկնաբանելու համար:
  • Ի՞նչ ուսումնական գործունեության ձևեր եք կիրառում հանրակրթության միջնակարգ աստիճանում, որպեսզի զարգացնեք սովորողների գրավոր հաղորդակցական գրագետ խոսքը՝ կարծիքներ արտահայտելու, հայեցակարգեր ու փաստեր մեկնաբանելու համար :

 Շաբաթներ առաջ Լեզվի պետական կոմիտեի կայքում մի գրառում հրապարակվեց, որտեղ խոսվում էր հայերենի հոգնակին կազմելու դժվարությունների 12 դեպքի մասին:

Պետք է նշեմ, որ մեր Լեզվի պետական կոմիտեն, մեր լեզվաբանները դեռ շատ պարտք ունեն տալու մեր հայոց լեզվի ուսուցիչներին: Օրինակ՝ վաղուց ժամանակն է, որ հայերենն ունենար իր գոյականների պատկերազարդ բառարանը, ինչպիսին «Oxford-Duden Pictorial Dictionary»-ն է: Սա առարկայական գոյականների պատկերազարդ բառարան է, որտեղ հազարավոր իրերի նկարներն են ու դրանց անգլերեն անվանումները: Ի˜նչ լավ նվեր կլիներ այդ բառարանի հայերեն տարբերակը ստեղծել մեր հայոց լեզվի ուսուցիչների ու բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իմանալ տարբեր առարկաների հայերեն ճիշտ անվանումները: Վաղուց ժամանակն է, որ մի գրքում հավաքվեին հայերենի բառագիտական, քերականական (ձևաբանական և շարահյուսական) կիրառման դժվարություններ ունեցող դեպքերը, ինչպես Մայքլ Սվոնի «Practical English Usage»-ն է՝ իր 639 դժվար դեպքերով: Ես անգլերենի ուսուցիչ եմ, և դա իմ սեղանի գիրքն է: Ինչու՞ մեր մայրենիի ուսուցիչները չեն կարող ունենալ իրենց սեղանի գիրքը: Դրան հակառակ՝ ուզում են ատեստավորել ու բռնել նրանց սխալները՝ անհեթեթ բազմընտրական հարցաշարերով: Մխիթար Սեբաստացին 1723 թվականին սկսեց իր «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը՝ չունենալով հայերենի բառարանաստեղծման ոչ մի նախադեպ ու օգտագործելով միայն թուղթ ու գրիչ, 25 տարվա տքնաջան աշխատանքով ստեղծեց 18-րդ դարում գոյություն ունեցող ամենահարուստ բառարաններից մեկը աշխարհում: Մխիթար Սեբաստացին ավելի շա՞տ ֆինանսական օժանդակություն ուներ, քան մեր Լեզվի կոմիտեն, Գիտությունների ակադեմիան ու ԿԳՄՍ նախարարությունը միասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս 21-րդ դարում շատ ավելի քիչ ջանքեր կարող են պահանջվել` ստեղծելու համար այն, ինչն իրոք անհրաժեշտ է մեր մայրենի դասավանդողների ու մեր բոլորի համար: Հայոց լեզվի ուսուցիչներին պետք է, նախ և առաջ, նոր պետական չափորոշիչներին համապատասխան ուսումնական նյութեր ու դասագրքեր և պետք է ստուգել նրանց գիտելիքներն ու կարողությունները որպես սովորել սովորեցնող ուսուցիչ:       

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский