Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները

Բլոգ բառն առաջացել է անգլերեն blog, web log (վեբ և գրանցում) բառերից: Բլոգը մեդիատարածք է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ: Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։  (Վիքիպեդիա՝ազատ հանրագիտարան): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական բլոգն արդեն երկար տարիներ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկն է: Բլոգը որպես անհատական ուսումնական գործիք լայն հնարավորություններ է տալիս ոչ միայն սովորողին, այլև ծնողին, ուսուցչին: Փորձեմ իմ դիտարկումներից մի քանիսն առանձնացնել` որպես հիմնավորում.

  •  Ուսումնական բլոգը մեդիապահոց է, որտեղ հավաքվում են ոչ միայն սովորողի ուսումնական, այլև նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտող աշխատանքները, որոնք բլոգի այցելուին հնարավորոթյուն են տալիս սովորողին ավելի լավ ճանաչելու:
  • Տարիքային առանձնահատկությունից կամ խառնվածքով պայմանավորված կան սովորողներ (հատկապես այլ դպրոցից տեղափոխված), ովքեր դժվարանում կամ խուսափում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մտքերը: Իսկ բլոգն այն հարթակն է, որը թույլ է տալիս ազատ, առանց կաշկանդվելու արտահայտել մտքերն ու կարծիքները, ներկայանալ ոչ միայն գրավոր, այլև ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:
  • Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ բոլոր-բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:
  • Այցելուների առկայությունն ու արված աշխատանքի խրախուսումը (դասարանական բլոգում, ենթակայքում կամ կրթահամալիրի կայքում հրապարակելու հնարավորությունը) բլոգավար սովորողի մեջ ավելացնում են պատասխանատվության զգացումը՝ անընդհատ նոր ու հետաքրքիր հրապարակումներ անելու համար:

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ավելի ակնառու դարձան ուսումնական բլոգների առավելությունները: Ակտիվ բլոգերներ էին ո՛չ միայն սովորողները, այլև ընտանիքի անդամները: Ընտանեկան դպրոցում ստեղծված ուսումնական նյութերը ավելի գրավիչ դարձրեցին սովորողների բլոգները: Բլոգը գործածելու հմտություններ յուրացրեցին նաև ծնողները, հարազատները:

Ինչպես գիտենք, կրթահամալիրյան բլոգների մեծ մասը wordpress.com հարթակում են ստեղծված: Վերջին շրջանում հարթակի հաճախակի փոփոխությունները դժվարություններ են առաջացրել բլոգների կիրառման համար: Քանի որ 2020-2021 ուսումնական տարվա 3-րդ դասարանցիների համար նոր բլոգներ պետք է ստեղծեինք, Հերմինե Անտոնյանը, ուսումնասիրելով edublogs կրթական բլոգային հարթակը, խորհուրդ տվեց օգտվել տվյալ հարթակից:

Որպես պատասխանատու՝ փորձեցի ինքս ծանոթանալ բլոգային հարթակի հնարավորություններին, յուրացնել բլոգը գործածելու հմտությունները, որպեսզի սովորողներին փոխանցեմ: Նշեմ, որ հարթակը շատ հետաքրքիր և մատչելի է: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ հաճույքով ստեղծեցի ուսումնական տեսադասերի փաթեթը:

Ուսումնական տեսադասերը նախատեսված են Edublogs.org  բլոգային կրթական հարթակում բլոգի ստեղծման և բլոգային հնարավորությունների յուրացման համար:

  1. Edublogs.org կրթական բլոգային տարածքում նոր բլոգի ստեղծում,
  2. Բլոգի թեմայի ընտրություն, 
  3. Բլոգի արտաքին տեսքի կազմաձևում,
  4. Հղումների ավելացում,
  5. Բաժինների ավելացում,
  6. Բլոգի էջերի խմբագրում,
  7. Բլոգում նյութի հրապարակում,
  8. Նյութի կիսում,
  9. Youtube-ի տեսանյութերի հրապարակում բլոգում, 
  10. Հրապարակված նյութի խմբագրում կամ ջնջում,
  11. Բառի վրա հղումի կցում, 
  12. Բլոգի պատկեր ցուցանակի կցում,
  13. Ձայնանյութեր և տեսանյութեր ցուցանակների հնարավորությունները: 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский