Տատյանա Չերնիգովսկայա․ «Բոլորի նման» գիտելիքներով մարդիկ ավելորդ կդառնան

Ապագան արդեն հասել է, և երեխաներին այդ «ապագայում» պիտի սովորեցնեն նրանք, ում ուղեղները դեռ «պլաստիլինով ծեփած չեն», - համարում է հոգելեզվաբան, նեյրոկենսաբան  Տատյանա Չերնիգովսկայան։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, բնական և հումանիտար գիտությունների զուգադիպության խնդիրների ամբիոնի վարիչ, կոգնիտիվ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, բանասիրական և կենսաբանական գիտությունների դոկտոր Տատյանա Չերնիգովսկայան համարում է, որ այսօրվա երեխաներին արժե սովորեցնել՝ ինչպես մարզեն հիշողությունը, կենտրոնացված պահեն ուշադրությունը, ինչպես դասակարգեն տեղեկությունը և որտեղ փնտրեն այն, ինչին կարելի է հավատալ, ինչպես պահեն իրենց անվերջ ձգվող ստրեսի և ցայտնոտի իրավիճակում։

Ինչ մարտահրավերներ է առաջադրում մարդկությանը արհեստական բանականությունը, և ինչպես պետք է արձագանքի կրթությունը։
Համկարգիչները սովորել են շախմատ խաղալ։ Թվում է, թե պոկերի դեպքում նման կատակը տեղին չէ։ Բլեֆ անելու ընդունակությունը՝ poker face-ը, խիստ մարդկային է։ Բայց ահա խնդրեմ․ ստեղծվել է Libratus ծրագիրը, որը ջարդ ու փշուր է արել չորս արհեստավարժ խաղացողների։ Եվ խնդիրն այստեղ խաղի մեջ չէ։ Արհեստական բանականությունը ոչ միայն ալգորիթմային հատկանիշներ է ձեռք  բերել։ Այսինքն՝ ռոբոտներն իրականում ներխուժում են մեր տարածք։ Մենք արդեն ուրիշ քաղաքակրթության մեջ ենք գտնվում։ 

Պետք չէ ձևացնել, թե արհեստական բանականությունը ինչ-որ ապագայի բան է։ Ապագան արդեն հասել է։ 
Այն, ինչի վրա առաջ ծախսվում էին հազարամյակներ, ավելի ուշ՝ հարյուրամյակներ, դրանից հետո՝ տասնամյակներ, հիմա տևում է ամիսներ, ժամեր ու օրեր։
Մենք թափ ենք առել և սլանում ենք մեծ արագությամբ։  Մեր աշխարհը անկայուն է, անհաստատ, հիբրիդային։ Դա ուրիշ աշխարհ է, ոչ այն, որում ապրում էինք դեռ հինգ տարի առաջ։ Եվ դրանք անշրջելի փոփոխություններ են, որոնք գլոբալ նշանակություն ունեն։ Մենք պարզապես պիտի իմաստավորենք դա։
Աշխարհը դարձել է ոչ մարդաչափ։ Գոյացել են մեծություններ և տարածություն, որոնցում մենք չենք ապրում՝ նանովայրկյաններ, նանոմետրեր։ Բայց այս ամենը ազդում է մեր քաղաքակրթության վրա, և մենք պետք է իմանանք, թե ինչպես պետք է ապրենք այս աշխարհում, ինչ պետք է անենք, ինչպիսի կրթություն պիտի ստանք։
Իրերի համամիավորում, կապերի ինքնակազմակերպում․ թվային իրականությունը սկսում է որոշիչ լինել էվոլուցիայի դաշտում։  Այն դառնում է ընտրության նախադրյալ։  
Եթե ես կարողանում եմ այս բոլորից օգտվել, ոչ թե կոճակ եմ սեղմում, այլ իսկապես գլուխ  եմ հանում, ապա դասվում եմ մարդկանց մի կատեգորիայի մեջ։ Իսկ եթե միայն  բլիթներ եմ կարողանում պատրաստել, մի ուրիշ կատեգորիայի մեջ եմ մտնում։

Ինչպե՞ս ապրել այս նոր աշխարհում։ Մարդկությունը դեռ շատ խնդիրների շուրջ պիտի համաձայնության գա։ 
Երբ լրացված իրականության համակարգը ընդունակ է ներկայության ամբողջական էֆեկտ ստեղծելու, ինչպե՞ս կարելի է չկորցնել բազային պատկերացումներն այն մասին, թե իրականում մենք ինչ աշխարհում ենք գտնվում։ 

Ինչպե՞ս սովորեցնել ռոբոտներին դժվարին որոշումներ կայացնել։ Թվային աշխարհի ներսում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բարոյականությունն ու իրավունքը, բոլորովին ուրիշ փոխդասավորվածություն ունեն։ Օրինակ՝ անօդաչուն հարվածում է հետիոտնին։ Ո՞վ է դրա համար պատասխանատու։ Կամ մենքենան կանգնում է ընտրության առաջ, որը գուցե կա հոգեբանության ցանկացած դասագրքում․ թեքվես աջ՝ կխփես հինգ մարդու, թեքվես ձախ՝ մի մարդու։ Ո՞ւր թեքվել։
Պատասխանը պետք է դրվի մեքենայի մեջ ամենասկզբից։ Այսինքն՝ մենք անմիջապես պիտի ծրագարավորենք բարոյական հասկացությունները։ 
Ինչպե՞ս դա անել։ Ո՞վ պիտի կայացնի նման որոշումներ։ 
Ասենք թե մենք ամբողջ իրավունքը վերապահում ենք մեխանիզմին։ Այդ դեպքում մենք ինքներս ինչո՞վ պիտի զբաղվենք։ 
Հեքիաթները, թե  բարքերի քարացածությունից ազատագրված մարդիկ սկսելու են սոնետներ գրել, իմ մեջ ժպիտ են առաջացնում։ Տոնական քաղաքակթություն։ Արդեն եզրույթ է առաջացել՝«ավելորդ մարդիկ», մարդիկ, որոնք անելիք չունեն։
Մեր քաղաքակրթության համար իսկապես սկսվել է մի ժամանակահատված, որ պետք է կանգ առնել ու մտածել․ մենք ո՞ւր ենք ընկել։ 
Մենք չենք կարողանա մարսել այս քաղաքակրթությունը, եթե ներքին լուրջ կողմնորոշիչներ չունենանք։ 
Մենք պետք է շատ մտածենք բազում բաների մասին։ Եվ դրանից շատ գործնական եզրահանգումներ անենք։
Օրինակ՝ ինչպե՞ս պետք է սովորեցնենք երեխաներին, ինչպիսի՞ն պիտի լինեն համալսարանները։
Առաջին կուրսում մեզ մի տիկին էր դասավանդում։ Նա պարապմունքներին գալիս էր մի դեղին գրքույկով, որ ինքն էր գրել, բացում էր այն ու սկսում բարձրաձայն կարդալ։ Ամեն անգամ ես դիվոտում էի։ Ընդունելության կոնկուրսը մեկ տեղի համար երեսուն հոգի էր։ Եթե ես անցել էի, ուրեմն հավանաբար կարդալ գիտեի։ Ինչո՞ւ էի հասնելու քաղաքի մյուս ծայրը․ որպեսզի լսեի, թե դասավանդողն ինչպե՞ս է կարդում գրքույկը։ Ես կարող էի այն կես ժամում ինքնուրույն կարդալ բազմոցին պառկած։ 
Այն դասախոսը կամ ուսուցիչը, որը գալիս է պարզապես իր գիտելիքը շարադրելու, հարկավոր չէ։  Այդ գիտելիքին այլ կերպ են հասնում։ 
Ես համոզված եմ․ինչով որ մենք զբաղվում ենք, դա վիրուս է, վարակ։ Մենք սովորողին պետք է պարզապես վարակենք։ Նրանց պետք է հետաքրքիր լինի այն, ինչ մենք առաջարկում ենք։ Եթե նրան հետաքրքիր չէ, իմաստ չունի դրա վրա ժամանակ ու փող ծախսել․ զուր ջանք է։ 
Պետք է դասավանդեն այն մարդիկ, որոնք ոչ միայն ինչ-որ տեղեկատվություն են փոխանցում, այլև բացատրում են, կարծիքներ հայտնում, հրահրում, ներքաշում երկխոսության մեջ, բողոք առաջացնում։ Դրանք  այն մարդիկ պիտի լինեն, որոնց ուղեղները պլաստելինով դեռ ծեփած չեն։
Եթե բացենք գանգատուփը, հազիվ թե այնտեղ հնարավոր լինի տեսնել, թե որտեղ է դրված գոյականը, որտեղ՝ ածականը։
Բայց եթե անգամ կան մարդիկ, որոնք գլխուղեղի կաթվածից հետո հիշում են բայերը, բայց չեն հիշում գոյականները, նշանակում է՝ այդպիսի բաժանում գոյություն ունի։
Եթե մենք իմանայինք, թե ինչպես է իրականում ուղեղն աշխատում  տեղեկատվության հետ, դա կհեղաշրջեր մեր ամբողջ կրթությունը։
Այն, որ կրթությունն այլևս չի կարող այնպես առաջ գնալ, ինչպես որ գնում է, ակնհայտ փաստ է։
Միգուցե երեխաներին արժե սովորեցնել այն, թե ինչպես «պահել» հիշողությունը, ուշադրությունը, ինչպես դասակարգել տեղեկատվությունը, ինչպես ավելացնել այն տեղեկատվությունը, որին կարելի է հավատալ, ինչպես իրենց պահեն անվերջ ձգվող ստեսի և ցայտնոտի իրավիճակում։
Ինչպե՞ս չվախենալ՝ ասելու այն, ինչ մտածում ես, եթե անգամ քո կարծիքը չի համընկնում ընդհանուրի կարծիքին։
Մի՞թե հենց դա չէ բացահայտումների ուղին։
Մեզ հարակավոր չեն բոլոր այն մարդիկ, որոնք ավարտում են համալսարաններն ու դպրոցներն այն գիտելիքներով, որ այսպես թե այնպես բոլորն էլ ունեն։ Հարկավոր են բաց գիտակցությամբ մարդիկ, որոնց աչքերն ու ականջները բաց են, քիթը հոտոտում է։ Պետք են ուղեղներ, որոնք պլաստիլինով ծեփած չեն։ Եվ կրթության խնդիրը պիտի լինի խթանելն  այդ ուղեղները, այլ ոչ թե  խեղդամահ անել նրանց։ 

Աղբյուրը

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский