«Մանր քայլերի արվեստը». ինչպես սկսեցինք ստեղծագործել

«Ուսուցանել կնշանակե սովորեցնել մի բան, իսկ կրթել կնշանակե վարժել մի բանի մեջ կամ աճեցնել, զարգացնել այն զորությունը, ընդունակությունը, որ արդեն կա անհատի մեջ»․․․

Ղ․ Աղայան

Սիրում եմ երեխաների լուսառաք աշխարհը՝ մաքուր, անեղծ, դրական․․․ Եվ այս սերն է, որ օգնել է ընտրել մանկավարժի  մասնագիտությունը:
2015 թ․ մուտք գործելով կրթահամալիր՝ զգացի, որ գտել եմ այն, ինչ սիրում եմ, ինչ իմն է իրավամբ, հասկացա, որ հետաքրքիր, գունեղ, ստեղծագործ ճանապարհ է իմ առջև բացվում (այսպիսի ճանապարհ յուրաքանչյուր մանկավարժի առջև է բացում մեր կրթահամալիրը)։
Ամենից շատ ինձ գրավեց այն հանգամանքը, որ կրթահամալիրում սովորողներն ունեն մտածելու, զգալու, ստեղծագործելու իրենց ուրույն ձևը։ Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթությունը, հետաքրքիր մեթոդները ձևավորվում են տրամաբանելու, համեմատելու, բառերի հետ խաղալու- նոր բառեր կազմելու կարողություն, որն էլ ստեղծում է ինքնատիպ, հետաքրքիր  մտածողություն, և այս մտածողության շնորհիվ էլ հրաշալի է ստացվում ստեղծագործելը․․․
Դեռ առաջին դասարանից պարբերաբար ընթերցել- քննարկել ենք տարբեր հեղինակների ստեղծագործություններ: Սովորողներն ակտիվորեն մասնակցում են քննարկումներին, արտահայտում իրենց կարծիքները, յուրովի վերլուծություններ անում: Ինքս իմ առջև նպատակ էի դրել զարգացնել նրանց ինչպես վերլուծական, այնպես էլ ստեղծագործ միտքը, ստեղծագործական երևակայությունը: Տարբեր մեթոդներ ենք կիրառել, որպեսզի նրանք ավելի անկաշկանդ լինեն, և ստեղծագործական միտքն ավելի զարգանա: Սկզբում սկսեցինք շատ շուտասելուկներ, բառախաղեր, հանելուկներ սովորել-ասել: Առաջին նպատակը սիրուն բառապաշար, ճկուն խոսք ձևավորելն էր: Այս հարցում մեզ օգնել են նաև տարբեր տեսանյութեր-ռադիոնյութեր  ստեղծելը։
Տեսանյութեր – ռադիոնյութեր  ստեղծելն ինքնանպատակ չէ, այն օգնում է խոսքի զարգացմանը, մտքի ճկունությանը, սովորողները սկսում են ավելի անկաշկանդ լինել, ազատ հաղորդակցվել։ Այս առիթով մի դեպք եմ հիշում.«Կրթահամալիր ընդունվելուս առաջին տարին էր. մարտի 13-ին` Չարենցի ծննդյան օրը, սովորողների և դասավանդողների հետ գնացինք բանաստեղծի  հուշարձանի մոտ: Մի խումբը` քայլքով, մի խումբը` հեծանիվներով․  բոլորս Չարենց էինք կարդում: Հանկարծ ուշադրությունս գրավեցին շարքով անշարժ կանգնած` մտամոլոր, լուռ — տխուր դեմքերով մի խումբ աշակերտներ …( երևի իրենց մտքում ասում էին, թե երբ պետք է ավարտվի այս ամենը)…Հետո թեքվեցի մեր սովորողների կողմը, տեսա, թե ինչպես էին ձայնագրիչները, հեռախոսները ձեռքներին, մոտենում տարբեր մարդկանց, ժպտում, հարցազրույց վարում… Տեսա ու  տխրեցի այն մտամոլոր, տխուր դեմքով երեխաների համար…Էնպես էի ուզում վազել նրանց մոտ և բերել, խառնել մեզ, որ իրենք էլ լինեին իրենց ժամանակի կրողը… Մանկավարժությունը անշարժ, մտամոլոր, լուռ կանգնած սովորողների կողքին խամրեց, փոքրացավ, անէացավ…Մինչդեռ այնքան վերևում է այս հրաշալի մասնագիտությունը, այնքան հեռու է մտամոլոր, տխուր, լուռ դեմքերով կանգնած աշակերտներից… Էստեղ ինքս ինձ համար շատ բան պարզեցի ու անցա առաջ, մտքումս` Էքզյուպերիից տողեր`Տե՛ր Աստված, սովորեցրու ինձ մանր քայլերի արվեստը»։
Ստեղծագործական երևակայությունը զարգացնելու համար շատ մեթոդներ ենք կիրառում կրթահամալիրում: Մեր ստեղծագործական առաջին քայլերից էր «Մեկ նախադասություն` ես, մեկ նախադասություն` դու» մեթոդը: Հաճախ ես  ասում էի առաջին նախադասությունն ու լռում , իրենք սկսում էին ոգևորված շարունակել միտքս, արդյունքում սիրուն — սիրուն հորինուկներ  էին ծնվում: Լինում էին  նաև դեպքեր, որ իրենք էին  առաջին նախադասությունն ասում, ես էի շարունակում… Հաճախ` քայլքի ընթացքում էլ  սկսում ենք մեր սիրելի երգերի բառերը փոխած երգել, մեկս մյուսի միտքը շարունակելով հավես երգեր ենք հորինում: Սովորողները շատ են սիրում, երբ միասին երգեր հորինելով- երգելով քայլում ենք,  արդեն մեզ մոտ դարձել է սովորություն, եթե քայլում ենք, ուրեմն պետք է երգենք ու երգեր հորինենք…

Այս առումով չափազանց կարևոր են  իտալացի մանկակագիր Ջանի Ռոդարիի թե՛ ստեղծագործությունները, թե՛  «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը։ Ջ․ Ռոդարիի ստեղծագործությունները նպաստում են, որպեսզի երեխաների մոտ ձևավորվի վառ երևակայություն, ստեղծագործ ճկուն միտք, զարգանան խոսքային հմտություններ,  և այս հատկանիշների շնորհիվ էլ նրանց խաղարկուն մտածողությունը, տող-պատկերները մի կախարդական, գունեղ  աշխարհ են պատկերում՝

-Ո՞վ է համարձակվել գալ իմ տուն և խանգարել իմ հանգիստը։ Ես այստեղ ձյուն եմ պատրաստում, իսկ դուք խանգարում եք իմ լուրջ գործը,-ասաց ձմեռը,- գրում է Ցողիկ Աբրահամյանը:

Կամ այս մեկը՝

-Գիտե՞ս՝ իմ անունն էլ է Ճուկուլու, Ես Սամվել Կոսյանի «Ամենատխուր և ամենաուրախ քառասունոտնուկ» գրքի հերոսն եմ,-  պատասխանեց քառասունոտնուկը:

-Ի՜նչ հավես է, որ մենք իրար անուններից ունենք, պատկերացրու, երբ որ բոլորը մեզ դիմեն, անընդհատ կխառնեն մեր անունները, — ասաց ձնծաղիկը,- գրում է Արև Յուզբաշյանը։

Կամ մեկ ուրիշը՝

-Ես մայրիկիս նմանեցնում եմ ամառ եղանակին, որովհետև ամեն գիշեր ես գնում եմ մայրիկիս մոտ տաքանալու…,- գրում է Արամ Գաբրիելյանը:

Եվ այսպիսի բազմաթիվ տող- խաղեր, հեքիաթներ, մտքեր․․․

Մեր ուսումնական բլոգի « Հորինուկներ» էջը շարունակ համալրվում է սովորողների կողմից ստեղծված այսպիսի բառ- պատկերներով, գուներանգներով, տեքստ-խաղ  հորինուկներով, որոնք նրանց ստեղծական ճկուն մտքի, երևակայության արտացոլումներն  են։
Ինքս ապրում եմ գրականությամբ և սովորողների ստեղծագործելու այս տաղանդն այնքա՜ն ոգևորող է․․․
Կարևոր են նաև մեր  հանդիպումները հայ ժամանակակից գրողների հետ: Նրանց հետ մեր զրույցները, քննարկումները, ընթերցումները ևս շատ են օգնում ստեղծագործելու գործում:

Ինչպես ծնվեց մեր «Հորինուկների անթոլոգիա»-ն։

«Սերն ու աշխատանքը կյանքում միակ արժեքավոր բաներն են: Աշխատանքը սիրո մի տեսակ է»։

Ալբեր Քամյու

Քամյուի այս միտքը միշտ ուղեկցում է ինձ: Ինչո՞ւ եմ իրականացրած բոլոր նախագծերի մեջ առավել առանձնացնում այս մեկը` ինքս ինձ հարցնում եմ հաճախ, և պատասխանս չի ուշանում`

-Այս աշխատանքն արել եմ շատ առանձնահատուկ սիրով: Սա մեկ շաբաթվա  կամ մեկ ամսվա գործ չէ, այլ երկար, սիրուն երեք տարվա արդյունք: Այս աշխատանքն ինձանից մեծ համբերություն, պատասխանատվություն և հավատ է պահանջել:
Երբ նկատեցի, որ սովորողները սկսել են սիրուն մտքեր արտահայտել, պատումներ, հորինուկներ գրել, երազեցի, որ նման անթոլոգիա ունենանք որպես «Ելք» ստուգատեսի արդյունք: Դե իսկ բոլոր լավ բաները սկսվում են երազանքից։
Ինչպես արդեն ասացի` աշխատանքը երկարատև էր և մեծ համբերություն, ուշադրություն էր պահանջում: Հաճախ անցնում էի սովորողների բլոգներով և խնամքով  մի թղթապանակի մեջ էի հավաքում իրենց հորինուկներն ու սիրուն մտքերը: Հավաքում էի ու մտովի թերթում գիրքը… Երբ ամեն բան կազմել վերջացրել էի, զանգեցի ընկերոջս` «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանին, պատմեցի մտադրությանս մասին: Ավանեսյանը շատ հավանեց միտքս, և միասին անցանք գործի: Ամեն օր աշխատանքից հետո գնում էի հրատարակչություն և սկսում էինք աշխատել: Սովորողների մտքերը չենք խմբագրել, երկուսիս սկզբունքներին էլ դեմ էր նրանց մտքերը խմբագրելը, տեխնիկական որոշ հարցեր հարթեցինք, սրբագրման աշխատանքներն ավարտեցինք, այնուհետև շապիկի ձևավորման աշխատանքներին անցանք։ Երկուսս էլ փորձում էին գրքի համար ճիշտ գույներ ընտրել, որպեսզի առաջին հերթին դուր գար սովորողներին։
Գրքի շապիկի մասին զրուցել եմ նաև սիրելի ուսուցիչ Մարիետ Սիմոնյանի հետ: Նրա սիրուն խորհրդով շապիկի նկարը նկարեցինք «Paint» նկարչական ծրագրով, և, իսկապե՜ս, գրքի գունեղ, պայծառ շապիկ ունեցանք:
Վերջապես բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո  զանգեցինք մեր մյուս ընկերոջը՝ «Նովել» հրատարակչության տպագրատան տնօրեն Լևոն Մարգարյանին, խոսեցինք, պայմանավորվեցինք և գիրքն ուղարկեցինք տպարան…Սրտի թրթիռով սպասումների շրջան սկսվեց: Հիշում եմ, երբ հեռախոսով խոսում էի Արմենի հետ, ասում էր, որ իր հրատարակած գրքերից և ոչ մեկին այսպես չի սպասել: Իմ սրտատրոփ սպասումներով իրեն էլ էի վարակել։
Պետք է ասեմ, որ գրքի մասին նախապես խոսել էի ծնողական համայնքի հետ, այնքան գոհ և պատրաստակամ էին ծնողները, դա ինձ ևս շատ  ոգևորեց: Եթե մեր համագործակցությունը չլիներ, չէր ստեղծվի այս հրաշալի գիրքը: Միասին որոշեցինք երեխաների համար անակնկալ անել և ստացվե՜ց…
2022 թվականի հունվարից սկսեցինք գրքի կազմման աշխատանքերը և ավարտեցինք հունիսին, իսկ հունիսին մեր «Ելք» ստուգատեսի ամփոփումն էր: «Ոտքերի թատրոն» էինք կազմակերպել, խառնել էինք Թումանյանի հեքիաթները և խաղում էինք ոտքերով: Թատրոնի վերջում՝ գրքի անակնկալ շնորհանդես- գինեձոնն արեցինք  (գինեձոնը դիտեք  տեսանյութի 29:54 րոպեից):

Ես, ծնողական համայնքը,  սովորողները հուզված  էինք և տպավորված: Սկզբում խոսեցի գրքի  գինեձոնի մասին, հասկացանք խորհուրդը,  գինեձոնն արեցինք  մեր սեբաստացի գինով, որն այնքան համահունչ էր այդ սիրուն օրվան…
Անդրանիկ գիրքն օծեցինք գինով, այն պահեցի ինձ, որպես սիրուն օրվա խորհուրդ, այնուհետև մնացած գրքերը նվիրեցինք սովորողներին…ամենուր ժպտացող աչքեր էին և գոհունակ ժպիտներ… Օրը հրաշալի էր և վստահ եմ, որ անմոռաց կմնա բոլորիս հուշերում։

Գիրքը նաև թվայնացրինք և ուղարկեցինք մեր մեդիագրադարան: Սովորողներն էլ թվային տարբերակը տեղադրեցին իրենց բլոգներում: «Ուսումնական ամառ» նախագծի շրջանակում ուղարկեցինք մեր մյուս ընկերներին՝ որպես ամառային ընթերցանության նյութ։ Գիրքը տեղ գտավ նաև մեր կրթահամալիրի գլխավոր կայքում և Արևմտյան դպրոցի ենթակայքում:

Նախագծի զարգացումը

 Գրքի հրատարակման և’ ընթացքում, և’ հետո էլ անթոլոգիայում զետեղված ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են «Հասկեր» մանկապատանեկան ամսագրում և մասնակցում են «Հասկեր»-ի մրցույթին, որը նախնական տվյալներով պետք է ամփոփվի 2023 թվականի գարնանը: Մրցույթում հաղթող երեխաների ստեղծագործությունները հրատարակվում են «Հասկեր»-ի տպագրած անթոլոգիայում: Խմբագիր, գրող Սուսան Հարությունյանի հետ սիրուն համագործակցություն ունենք: Հաճախ ենք խոսում մեր սովորողների մասին:
Սեբաստացի սովորողները շատ հետաքրքիր մտածողություն ունեն, ռոդարիական հավես մտքեր…

Մի փոքր «Հասկեր»-ի հետ մեր համագործակցությունից.

 «Հասկեր»-ի հետ համագործակցությունս 2015 թվականից է սկսվել: Մրցույթի հայտարարությունը խմբագիրն ուղարկեց ինձ, ես էլ տեղադրեցի իմ բլոգում, ուղարկեցի նաև մեր մյուս դասավանդողներին:

Միշտ բլոգից բլոգ եմ անցնում և առանձնացնում եմ գործեր, ուղարկում «Հասկեր»-ին, սեբաստացի շատ սովորողներ հաղթել են գրական մրցույթներում և տպագրվել են մանկապատանեկան անթոլոգիաներում: Մրցույթը միշտ կազմակերպվում է «Խնկո Ապոր» անվան գրադարանում, և մեր սովորողները ներկայանում են իրենց սիրուն գործերով, պարգևատրվում են գրքերով, ամսագրերով և պատվոգրերով: Հիմա էլ սրտի թրթիռով սպասում ենք մրցույթի հերթական ամփոփմանը:

Դեկտեմբերի 27, 2022 թվական

Մեր կազմած անթոլոգիայից ընտրվել են Ամանորի վերաբերյալ հորինուկներ և հրապարակվել են «Հասկեր» մանկապատանեկան կայքում :

Ընտրված ստեղծագործությունները մասնակցում են «Հասկեր»-ի մրցույթին․

Բարի ընթացք մեր սիրելի սովորողներին:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский