Որակյալ մասնագիտական կրթություն

Սկսենք պարզունակ թվացող մի հարցադրմամբ. ի՞նչ ենք հասկանում մասնա­գի­տական կրթության որակ  ասելով, ինչպե՞ս իմանանք. հասե՞լ է սովորողն այդ որակին, թե՞ ոչ։ Ի՞նչ պիտի կարողանա անել նա.

  • գիտելիքները ցուցադրե՞լ,
  •  ուսումը շարունակել կրթական ավելի բա՞րձր աստիճանում,
  • թե՞ լավ մասնագետ դառնալ և լավ աշխատել իր ոլորտում։

«Կա՛մ.. կա՛մ…», թե՞ «և՛… և՛…»։

Ահա այս հարցի պատասխանն են փորձել տալ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի պետական բարեփոխումները։

Առաջին անգամ փորձ է արվել պետական չափորոշիչների հիմքում դնել ոչ թե ավանդական ԳԿՀ-ն (գիտելիք-կարողություն-հմտություն), այլ դրանց սինթեզը՝ որպես վերջնարդյունք նկատի ունենալով կարողունակությունը՝ կոմպետենցիան։

Մասնագիտական կարողունակություն, այսինքն՝ այն գիտելիքները, որակները, ունակու­թ­յունները, որոնք անհրաժեշտ են մասնագի­տական գործունեության համար, կոնկ­րետ մասնագիտական խնդիրների լուծման ընթացքում կիրառելու համար:

Իսկ սա նշանակում է, որ մենք ուսումնական ծրագրերը կազմելիս պետք է  հաշվի առնենք ոչ միայն մասնագիտա­կան գործունեության յուրահատ­կու­թյունները, այլ նաև այսօրվա աշխատա­շուկայի և գործատուների պահանջները։  Արդյո՞ք սովորողն ավարտե­լուց հետո կարող է իր տեղը գտնել աշխատաշուկայում և բավարար վաստակել։ Ահա այս գլխավոր մտահոգությանը պետք է պատասխան տան  մասնագիտական կրթութ­յան ոլորտի նոր ծրա­գրե­րը, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումները։

Այն այսօր կոչվում է նոր՝ կարողություննե­րի ձևավորմանը միտված  ուսուցում և ուսումնառու­թյուն։  Այսինքն՝ մասնագիտական կրթության ծրագրերում ընդգրկված բոլոր բաղադրիչները, նույնիսկ ընդհանուր կարողություններին ու հմտություններին ուղղված դասընթացները, պետք է միասնաբար ծառայեն մեկ ընդհանուր նպատակին՝ մասնագիտական կարողությունների զարգացմանը։ 

Յուրաքանչյուր մասնագիտական խնդիր լուծելիս լավ մասնագետը համատեղում է տարբեր մասնագիտական առարկաների գիտելիքները:  Մինչդեռ տարբեր առարկաների համար կազմված ծրագրերը հաճախ առանձին-առանձին և մասնատված գիտելիքներ են տալիս։ Այս խնդիրը չեն լուծում նույնիսկ մասնագիտական պրակտիկաները, քանի որ ժամանակային կտրվածություն կա տեսա­կան ուսուցման և պրակտիկաների միջև։

Ելքը ան­ցումն էր առարկայական ծրագրե­րից  գործունեության ծրագրերի, որոնցում որպես վերջնարդյունք ձևակերպված կլինեն ոչ թե գիտելիք­ները, այլ մասնա­գի­տա­կան կարողությունները։

Այս մոտեցումն է այսօր դրված նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների և նոր պետական չափորոշիչների հիմքում։ Այս ուսումնական տարում կրթահամալիրի արհեստագործական ուսումնարանում և քոլեջում բոլոր մասնագիտությունների համար ուսումնական գործունեությունը սկսեցինք կազմակերպել այդ չափորոշիչների վրա հիմնված մոդուլային ուսուցման սկզբունքով։

Ուսումնառության մոդուլը ուսումնառության գործ­ը­նթացի այն ծրագիրն է, որի արդյունքը պա­հանջ­վող կարողության ձեռքբերումն է: Մոդուլային ուսումնական ծրագրերը ի վերջո ձևավորվել են մասնագիտական առարկաների առանձին ծրագրերի համա­տեղ­ման, ինտեգրման արդյունքում, որի նպատակն է նպաստել, որ սովորողը ձեռք բե­րի գործնական հմտություններ, ան­հրա­ժեշտ գիտելիքների ուսու­ցումը շաղկապելով գործնական կարողությունների ձևավորման հետ։

Ուսումնական միջավայրն  այս պարագայում պետք է ունենա առավելագույն չափով աշխատատեղին համա­պա­­տաս­խանեցված պայմաններ։  Իսկ ձեռքբերումները պետք է  գնահատվեն կարողությունների մակարդակի հիման վրա։

Պետականորեն մշակված ուսումնական մոդուլները մենք փորձեցինք համատեղել թեմատիկ ուսումնական պլանների հետ՝ ստանալով մի տեսակ «սինթեզված» կրթական փաստաթուղթ, որը նաև աշխատանքի հետաքրքիր ուղեցույց կարող է լինել։

Այսպիսի մոտեցումով աշխատանքի արդյունքում կարծում ենք, որոշ ձեռքբերումներ ունեցել ենք։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский