Մակտուբ

Հեղինակ: 

Սկիզբը

Չար մարդը մահից հետո դժոխքի դռների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է նրան.

- Քո կյանքոի մի լավ արարքը բավական կլիներ, և դա քեզ կօգնի. լա´վ մտածիր:

Մարդը հիշում է, որ մի անգամ, երբ ինքն անցնում էր անտառով, իր ճանապարհին մի սարդ է տեսել և շրջանցել նրան այնպես, որ չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկնքից իջնում է մի սարդոստայն՝ մարդուն դրախտ բարձրացնելու: Դատապարտվածների մեջ սարդոստայնին մոտ կանգնածները սկսում են բարձրանալ նրա վրա: Բայց սա տեսնելով՝ մարդն սկսում է ցած քաշել նրանց՝ վախենալով, որ սարդոստայնը կկտրվի: Եվ այդ պահին ոստայնն իսկապես կտրվում է, ու մարդը կրկին հայտնվում է դժոխքում:

- Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։

Ուսուցիչն ասաց.

- Խաչմերուկը սուրբ տեղ է: Այդտե´ղ ուխտավորը պետք է որոշում կայացնի: Ահա թե ինչու են աստվածներն այդտեղ գիշեր ու զօր: Այնտեղ, որտեղ հատվում են ճանապարհները, կենտրոնացվում է երկու հզոր ուժ՝ ճանապարհը, որ պիտի ընտրվի և ճանապարհը, որ պետք է անտեսվի: Երկուսն էլ վերածվում են մի ճանապարհի, բայց մի կարճ պահի միայն: Ուխտավորը կարող է հանգստանալ, մի քիչ քնել, անգամ խորհրդակցել աստվածների հետ, ովքեր բնակվում են խաչմերուկում: Բայց ոչ ոք չի կարող այնտեղ մշտապես մնալ. հենց որ ընտրությունը կատարվում է, նա պետք է գնա՝ չմտածելով այն ուղու մասին, որն ինքը մեժել է: Հակառակ դեպքում խաչմերուկը կդառնա անեծք:

Մարդկությունը հանուն ճշմարտության մի քանի սարսափելի ոճրագործություններ է իրագործել: Տղամարդկանց ու կանանց այրել են անարգանքի սյուներին: Մի քանի քաղաքակրթությունների մշակույթն ամբողջությամբ ոչնչացվել է: Նրանք, ովքեր միս ուտելու մեղք էին գործում, օտարված էին: Նա, ով այլ ուղի էր փնտրում, վտարվում էր: Մի' մարդ, հանուն ճշմարտության, խաչվեց: Բայց մինչ Նա կմեռներ, թողեց մեզ Ճշմարտության ամենամեծ սահմանումը: Դա այն չէ, որ մեզ հաստատակամություն է տալիս: Դա նաև այն չէ, որ ուրիշներից մեզ ավելի լավն է դարձնում: Դա այն չէ, որ մեր կողմնակալ մտքերն ենք բանտում: Ճշմարտությունն այն է, որ մեզ ազատ է դարձնում: «Ճանաչիր ճշմարտությունը, և այն քեզ ազատ կդարձնի»:

Սցետի մենաստանի հոգևորականներից մեկը մի լուրջ սխալ էր գործել, և հոգևոր եղբայրները նրան դատաստանի ենթարկելու համար կանչեցին ամենաիմաստուն ճգնավորին: Իմաստուն ճգնավորը չէր ուզում գալ, բայց եղբայրներն այնքան համառեցին, որ նա համաձայնեց: Բայց մինչ ճանապարհվելը նա մի դույլ վերցրեց և ներքևի մասում մի քանի ծակ բացեց: Ապա դույլը լցրեց ավազով ու գնաց մենաստան: Հայր քահանան, դույլը տեսնելով, հարցրեց, թե ինչի համար է դա արվել:

- Ես եկել եմ մեկ ուրիշին դատելու,- ասաց ճգնավորը,- իմ մեղքերը վազում են իմ հետևից այնպես, ինչպես այս ավազը դույլի միջից: Բայց քանի որ ես ետ չեմ նայում ու չեմ կարող տեսնել իմ սեփական մեղքերը, ապա ընդունակ եմ դատելու ուրիշներին:

Հոգևորականներն անհապաղ դատը չեղյալ համարելու որոշում կայացրին:

Պիրենեյներում մի ոչ մեծ եկեղեցու պատին գրված է. «Աստվա´ծ իմ, վառի´ր իմ մոմը: Վառի´ր այն ու լուսավորի´ր ինձ, երբ ես խնդիրներ եմ ունենում, և պետք է այն լուծել: Թո´ւյլ տուր կրակին վառվելու, որ նա էլ վառի իմ եսասիրությունը, գոռոզամտությունը, անմաքուր լինելը: Վերափոխի´ր այս կրակը բոցի, որպեսզի այն կարողանա տաքացնել իմ սիրտը և ինձ սովորեցնի սիրել: Ես չեմ կարող երկար մնալ Քո տաճարում: Բայց այս մոմի հետ իմ մի փոքրիկ մասնիկն էլ է մնում այստեղ: Օգնի'ր ինձ՝ տարածելու իմ աղոթքը իմ գործերի վրա ողջ օրվա ընթացքում: Ամեն»:

Ճանապարհորդի ընկերը որոշեց մի քանի շաբաթ անցկացնել Նեպալի մենաստաններից մեկում: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ մենաստանի բազում եկեղեցիներից մեկը և տեսավ խորանին նստած մի ժպտացող հոգևորականի:

- Ի՞նչու ես ժպտում,- հարցրեց նա:

- Որովհետև ես հասկացել եմ բանանների իմաստը,- պարկը բացելով և նեխած բանանները հանելով՝ պատասխանեց հոգևորականը:- Սա հենց կյանքն է, որ անցել է իր ուղին և չի օգտագործվել, ու հիմա արդեն շատ ուշ է:

Ապա նա իր պարկից մի ուրիշ բանան հանեց, որ դեռ կանաչ էր: Նա այն ցույց տվեց մարդուն և ապա դրեց պարկի մեջ:

- Սա այն կյանքն է, որ դեռ չի սկսել անցնել իր ուղին և սպասում է հարմար պահի:

Վերջապես նա հանեց իր պարկից մի հասուն բանան, մաքրեց ա յն և կիսելով տղամարդու հետ՝ ասաց.

- Սա ներկա պահն է: Սովորի՛ր ապրել այն առանց վախի:

Կինը դուրս եկավ տանից որոշակի կոնկրետ գումարով, որպեսզի որդուն կինո տանի: Տղան ոգևորված էր և ամեն րոպե հարցնում էր մորը, թե ինչքան ժամանակ է մնացել, որ հասնեն կինոթատրոն: Երբ մեքենան կանգնեց լուսանցույցի տակ, մայրը տեսավ մայթին նստած մի մուրացկանի: «Մոտդ եղած ամբողջ գումարը նրա´ն տուր»,- լսեց նա ինչ-որ մեկի ձայնը: Կինը սկսեց վիճել ձայնի հետ: Նա որդուն խոստացել էր կինո տանել: «Տո´ւր ամբողջ գումարը»,- պնդում էր ձայնը: «Ես կարող եմ կեսը տալ, և որդիս մենակ կգնա կինո դիտելու, իսկ ես կսպասեմ դրսում»,- հակառակվում էր կինը: Բայց ձայնը քննարկել անգամ չէր ուզում. «Տո´ւր նրան ամբողջը»: Կինը ժամանակ չուներ, որ բացատրեր որդուն: Նա կանգնեցրեց մեքենան և ունեցած ամբողջ գումարը տվեց մուրացկանին:

- Աստված կա, և Դուք դա ապացուցեցիք ինձ,- ասաց մուրացկանը:- Այսօր իմ ծննդյան օրն է: Ես տխուր էի ու ամաչում էի մուրացկանություն անելուց: Այնպես որ, որորոշել էի չմուրալ. եթե Աստված կա, Նա ինձ նվեր կանի:

Մի մարդ ուժեղ ջրհեղեղի ժամանակ անցնում է մի գյուղով ու մի այրվող տուն է տեսնում: Երբ մոտենում է տանը, տեսնում է մի մարդու, որ նստել էր ծխապատ հյուրասենյակում:

- Հե՜յ, Ձեր տունն այրվում է,- բղավում է ճանապարհորդը:

- Գիտեմ,- պատասխանում է մարդը:

- Իսկ ինչո՞ւ դուրս չես գալիս:

- Որովհետև անձրև է գալիս,- հայտարարեց մարդը:- Մայրս ինձ միշտ ասել է, որ ես թոքաբորբ կստանամ, եթե անձրևի ժամանակ դուրս գամ տանից:

Զաո Չիի կարծիքը առակի վերաբերյալ. «Իմաստուն կարող է համարվել այն մարդը, ով ընդունակ է թողնելու իրավիճակը, եթե տեսնում է, որ հարկադրված է այդպես վարվելու»:

Մոգության որոշ ավանդույթների համաձայն աշակերտները տարվա մի օրը կամ հանգստյան օրերը, եթե դրա անհրաժեշտությունը կա, տրամադրում են իրենց տան իրերի հետ կապի մեջ մտնելուն: Նրանք դիպչում են ցանկացած առարկայի և բարձրաձայն հարցնում. «Սա ինձ իսկապե՞ս պետք է »: Նրանք վերցնում են գիրքը դարակից և ասում. «Ես այն երբևէ կկարդա՞մ»: Նրանք ստուգում են ամեն մի հուշանվերը, որ պահպանել են. «Արդյո՞ք ես դեռ մտածում եմ, թե այն պահը, որը հիշեցնում է ինձ այս իրը, կարևոր է ինձ համար»: Նրանք բացում են բոլոր պահարանները և ասում. «Ինչքա՞ն ժամանակ է՝ չեմ հագել այն, այն ինձ իսկապե՞ս հարկավոր է»: Ուսուցիչն ասում է.

- Իրերն ունեն իրենց սեփական էներգիան: Երբ նրանք չեն օգտագործվում, տան մեջ վերածվում են կանգնած ջրի, ասել է թե, նեխածության և մոծակների համար լավագույն տեղի: Դուք շատ ուշադիր պետք է լինեք և թույլ տաք, որ էներգիան ազատ հոսի: Եթե դուք պահպանում եք ամեն հին բան, ապա էներգիան տեղ չի ունենա իրեն բացահայտելու:

Հին պերուական մի լեգենդ կա, որում պատմվում է մի քաղաքի մասին, որտեղ բոլորը երջանիկ էին: Այս քաղաքի բնակիչները անում էին այն ամենը, ինչը իրենց հաճույք էր պատճառում, և բոլորը ապրում էին համերաշխ: Բոլորը, բացի քաղաքապետից, որ տխուր էր, որովհետև կառավարելու բան չուներ: Բանտը դատարկ էր, դատարանից երբեք օգտվողներ չէին լինում, իսկ նոտարը ոչինչ չէր անում, քանի որ մարդու խոսքն այստեղ ավելի մեծ արժեք ուներ, քան թուղթը, որի վրա գրվում է այդ խոսքը: Մի անգամ քաղաքապետը հեռվից մի քանի աշխատող ընդունեց, որպեսզի նրանք ինչ- որ բան կառուցեն գյուղի գլխավոր հրապարակի կենտրոնում: Մի ամբողջ շաբաթ կարելի էր լսել մուրճերի և սղոցների ձայները: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլորին հրավիրեց գյուղ՝ հանդիսավոր բացման: Մեծ հանդիսավորությամբ արտաքին տախտակները հանվեցին և մարդիկ տեսան… մի կախաղան: Մարդիկ սկսեցին իրար հարցնել, թե ինչ է անում այդտեղ կախաղանը: Վախից նրանք սկսեցին օգտվել դատարանից, որպեսզի ինչ-որ բան որոշեն, որը մինչ այդ որոշվում էր պարզապես համատեղ համաձայնությամբ: Նրանք գնացին նոտարական գրասենյակ, որպեսզի գրանցեն փաստաթղթերը, որոնք առաջ պարզապես մարդկային խոսքերով էին արվում: Եվ նրանք այսուհետ սկսեցին օրենքի հանդեպ ունեցած վախից ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը: Լեգենդում ասվում է, որ կախաղանը երբեք էլ չօգտագործվեց, բայց նրա նեկայությունն ամեն ինչ փոխեց:

Թարգմանություն ռուսերենից

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский