Առցանց դասը և ուսումնական ռադիոն՝ մայրենիի ուսուցման բաղկացուցիչներ

Հեղինակ: 

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր նորարարություն, հատկապես, երբ խոսքը նորագույն տեխնոլոգիաների մասին է, ներմուծվում է կյանք` մարդու աշխատանքը հեշտացնելու համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության պայմաններում բնական էր, որ դասավանդողն ու սովորողը պետք է ունենային ուսուցման այլ մակարդակ և հնարավորություններ: Ի թիվս բազմաթիվ նորարարական ծրագրերի արդեն մեկ ուսումնական կիսամյակ է՝ մենք կիրառում ենք առցանց դասերի մեթոդը: Դասի կառուցվածքը հետևյալն է. դասավանդողը ուսումնական ենթակայքում տեղադրում է որևէ նյութ (նյութի բովանդակությունը կախված է տվյալ առարկայից), որին կից ներկայացվում է նաև հանձնարարություն: Սովորողները կարդում են առաջադրանքը և նյութի «կարծիքներ» բաժնում թողարկում են իրենց պատասխանները: Սովորողները միևնույն ժամանակ հնարավորություն ունեն կարդալու ընկերների պատասխանները և դրանց վերաբերյալ ևս կարծիքներ կամ դիտողություններ հայտնել: Կցված հանձնարարությունը բացառում է վարժողական կամ մեխանիկական աշխատանք և ավելի շատ ստեղծագործական և ինքնուրույն գործունեություն է ենթադրում: Առցանց դասերը ունեն մի շարք առավելություններ.

  1. դրանք անցկացվում են դասերից դուրս` այդ կերպ խնայելով դասաժամը
  2. դասավանդողին հնարավորություն է տրվում համացանցի հսկայական պաշարներից ընտրել և ներկայացնել այնպիսի նյութ, որի տպագիր տարբերակը շատ հավանական է, որ չկա, կամ դժվարամատչելի է
  3. ենթադրում է սովորող-սովորող, սովորող-դասավանդող միաժամանակյա շփում
  4. ի ցույց է դնում սովորողների գրագիտությունը
  5. սովորողները հնարավորություն են ստանում քաղաքակիրթ ձևով բանավեճի մեջ մտնել ընկերների հետ:

Բանավոր խոսքի զարգացման մեջ շատ եմ կարևորում նաև վերջերս իրականացվող «Հիմնական» ռադիոյի նախագիծը: Նախագծին սովորողները հիմնականում մասնակցում են մի երկու հոգանոց խմբերով: Իրենց նախասիրություններին համապատասխան նախապես յուրաքանչյուր խումբ ընտրում է որևէ ուղղություն և շարունակաբար տարբեր թողարկումների միջոցով հանդես գալիս հետաքրքիր տեղեկություններով: Սա զարգացնում է սովորողների կազմակերպվածությունը, ձևավորվում են հաջորդական աշխատանք կատարելու, միմյանց հետ համագործակցելու, իրար օգնելու կարևոր հմտությունները, ձայնագրության մեջ լսելով սեփական ձայնը` սկսում են աշխատել ընթերցանության վրա, գեղեցիկ և գրագետ են կարդում: Ռադիոհաղորդումները ստեղծելու համար սովորողները կատարում են հետազոտական աշխատանք, զարգանում են նաև մեդիահմտությունները:

Աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ. ընթերցասրահում սովորողների մի խումբ աշխատում է նոթբուքերով: Հիմնական դպրոցի ենթակայքում տրվում է առցանց դասի թեման, և սովորողները, տեղում ծանոթանալով դրան, մասնակցում են դասին: Սրան հաջորդում է դասի մյուս բաժինը, որտեղ ստեղծվում է «Հիմնական» ռադիոյի թողարկումներից հերթականը: Այս թողարկումը ևս վերաբերում է առցանց դասի թեմային: Սովորողները բաժանվում են 4 խմբի: Մի խումբը մշակում է հարցեր և ձայնագրիչով շրջում դպրոցում` հարցազրույցներ վերցնելու, երկրորդ խումբը լուսանկարում է դասի ողջ ընթացքը, երրորդ խումբը համացանցից տվյալ թեմայի շուրջը տեղեկություններ է հավաքում, իսկ վերջին խումբը նույն աշխատանքը կատարում է` օգտվելով գրքերից: Վերջում բոլոր աշխատանքները ի մի են բերվում և ներկայացվում կայքում:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский