Ուսումնական նախագիծ. մոդայիկ բառ, թե՞ կրթական անհրաժեշտություն

Հեղինակ: 

Ուսումնական նախագծերի շուրջ քննարկումներն ու բանավեճերը, կարծես, դեռ չեն դադարել, սակայն նման կրթությունը արդեն իսկ իրականություն է: Նախագծեր են իրականացվում գրեթե բոլոր առարկաներից, բոլոր դասավանդողների ու, ցանկալի է կարծել, բոլոր սովորողների կողմից: Յուրաքանչյուր սովորող կարող է իր հնարավորության սահմաններում մասնակցել այս կամ այն նախագծին և, իհարկե, եթե ների ժամանակը, ապա այդ դասարանում իրականացվող բոլոր նախագծերն: Նախագծային ուսուցումը ոչ նորարարություն է, ոչ էլ պանացեա (համադարման)՝ բոլորին կրթության մեջ ներգրավվելու համար: Այն ընդամենը կրթություն իրականացնելու ձևերից մեկն է, որը կարող է հետաքրքիր դարձնել այդ գործընթացը, նպաստել սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը: Նախագծային ուսուցումը կրթահամալիրում ՏՀՏ-ների խորացված ուսուցմամբ ծրագրի բնական արդյունքն է. այլևս հնարավոր չէր կառչած մնալ միայն թուղթ ու գրչից կամ թղթային դասագրքից: Այն կրթական հաստատությունը, որն իրականացնում է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը, և որտեղ անլար համացանցն ու ինտերակտիվ գրատախտակը նույնքան բնական են, ինչքան որ գիրքն ու տետրը, պարտավոր է ուսումնական պրոցեսը բարձրացնել մեկ այլ սանդղակի վրա: Արտահայտվելով ժամանակակից լեզվով՝ կարելի է ասել, որ նախագծային ուսուցումը ուսուցման եռաչափ (3D) տարբերակն է. այստեղ բացակայում է նախկին՝ դասարանական և տնային աշխատանքի բաժանումը, և սովորողն ու դասավանդողը հայտնվում են մի այնպիսի իրավիճակում, երբ աշխատում են անընդհատ և ամենուր: Առարկայական բաղկացուցիչ կարող են դառնալ գործունեության այնպիսի ձևեր, որոնք նախկինում չէին համադրվում. օրինակ՝ ուսումնական ճամփորդությունները, ուսումնա-հասարակական նախագծերը, ընտանեկան և դպրոցական տոները, ավանդական դարձած բաց ստուգատեսները:

Նմանօրինակ ստուգատես է ամենամյա Հանրակրթական Դիջիթեքը, որը  ամեն տարի իրականացվող, սակայն յուրաքանչյուր տարի մի նոր առանձնահատկություն ստացող նախագիծ է: Այն աժմ էլ իր արտացոլումն է գտնում տարվա ընթացքում իրականացվող տարբեր միջոցառումներում, ցուցադրություններում, հավաքներում: Պատասխանատու դպրոցն ու սովորողների խումբը դեռ ամառվանից աշխատում էին այդ ուղղությամբ՝ Facebook-ում տարածում հայտարարություններ, Դիջիթեքի ենթակայքում հրապարակում նախագծեր, ամառային ճամբարի ընթացքում շրջում կրթահամալիրի դպրոցներով և կրտսեր ընկերներին սովորեցնում համակարգչային նոր ծրագրեր: Այժմ էլ օգտագործվում են բոլոր հնարավորությունները՝ Հանրակրթական Դիջիթեքը գովազդելու, լուսաբանելու, ներկայացնելու: Այսպիսով, հոկտեմբերի 4-ից 6-ը կայացած  Digitec Expo2013 9-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին տրվեց Հանրակրթական Դիջիթեք 2014-ի մեկնարկը, իսկ աշխատանքները կամփոփվեն 2014 թվականի մարտ ամսին՝ Գանձասարի ճամբարում: Եվ այդ ամփոփումը, ինչպես և անցած տարի էր, կդառնա հաջորդ տարվա Դիջիթեքի սկիզբը:

Այստեղ անհրաժեշտ է նշել նաև, որ այս բոլոր նախագծերը դառնում են հանրակրթության մասին ՀՀ օրենքի և պետական չափորոշիչների վրա հիմնված հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրերի բովանդակային բաղկացուցիչ մասը։ Նախագիծը կարող է բխել թե՛ հանրակրթական առարկայական ծրագրի պահանջներից և թեմաներից, թե՛ կրթահամալիրի տոնացույցով որոշված ժամանակացույցից:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский