Էլիֆ Շաֆաք կամ պատառիկ հարևան երկրի՝ ինձ հետաքրքրող գրականությունից…

«Ստամբուլի բիճը» և «Սիրելու 40 կանոնը» Շաֆաքից ընթերցածս երկու ստեղծագործություններն են. ի դեպ, «Ստամբուլի բիճը» թարգմանված է նաև հայերեն (թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի, Երևան, «Անտարես», 2012, 408 էջ, «Արգելված գրքեր» մատենաշար):

Երիտասարդ թուրք արձակագիր է (1971 թ.), ծնվել է Ֆրանսիայում, ծնողների ամուսնալուծությունից հետո ապրել Իսպանիայում, այնուհետև՝ տեղափոխվել Թուրքիա: Սովորել՝ նաև ԱՄՆ-ում: Գրում է անգլերեն և թուրքերեն, հրապարակվում եվրոպական մամուլում:

Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը դարձավ աղմկահարույց ու քննարկելի վեպ. թուրքական սահմանադրության 301 հոդվածի համաձայն համարվեց թուրք ժողովրդի և թրքության հանդեպ վիրավորանք: Գիրքը դատապարտվեց, արգելվեց դրա հրապարակումը, գրողը ենթարկվեց բազում քննադատությունների, կանգնեց դատարանի առջև, սակայն այս ամենը միայն նպասեց գրքի հանրաճանչությանը: Այն տպագրվեց բազմաթիվ լեզուներով, հասանելի ու հետաքրքիր դարձավ հասարակության լայն շերտերին:
Վեպը գրվել է անգլերեն, այնուհետև հեղինակն այն թարգմանել է թուրքերեն:

Ինչո՞ւ ինձ հետաքրքրեց այս հեղինակը…
Անդրադառնամ գրողի անկեղծությանը. իրական գրականությունը ջնջում է քաղաքական ու պատմական սահմանները: Իրական գրականության կենտրոնում հենց իրական մարդն է: Գրականությունը արժեք ունի, եթե անկեղծ է. անկեղծ իր հերոսների առջև ու հերոսների կերպավորմամբ: Շաֆաքի վեպը շատ է քաղաքականացվել, քննադատվել 1915-ի ցեղասպանությունը ընդունելու, թուրքերի բարբարոսությունը ընդգծելու համար: Իրականում այս մասով վեպն ինձ ոչինչ չտվեց. ցեղասպանության թեման շատ պատմական, գրական ստեղծագործություններում է արծարծված ու շատ ավելի խորքային և փաստարկված, քան այս վեպում: Ինձ հետաքրքրեց, հուզեց անկեղծությունը, որն էլ ստիպեց կարդալ ու անդրադառնալ այս գրողին: Դժվար է խոսել քո՝ այս դեպքում քո ժողովրդի պատմական անցյալի մասին ու չվախենալ ցավոտ ու դատապարտելի հարցերին անդրադառնալուց. մանավանդ, որ ի սկզբանե պարզ է (ու այդ մասին գրողը չէր կարող չիմանալ ), որ նման մոտեցումը ու փաստերի նմանատիպ ներկայացումը կդատապարտվի, որովհետև խիստ ցավոտ ու քաղաքական լուծումներ ենթադրող խնդիր է:

Ուզում եմ խոսել մի քանի, իմ կարծիքով, կարևոր փաստերի մասին: Հարևան երկիրն իրականում փակ է մեզ համար. լրատվությամբ ներկայացվող քաղաքական Թուրքիան ինձ համար քիչ հետաքրքիր է և հեռու իրական թուրքի, նրա կենցաղի, մտածելակերպի մասին պատկերացումներից: Հարևանը միշտ էլ հետաքրքիր է. հատկապես այն հարևանը, որի մասին այդքան խոսվում է պատմական աշխատություններում, քաղաքական դիսկուրսներում: Հարևան, որի խոհանոցն այնքան է նման քոնին, ու չես էլ հասկանում, թե որ ուտեստն արմատներով ուր է տանում:

Շաֆաքի ստեղծագործություններում տեսնում ես թուրքական ներկայիս՝ իրական, հասարակության, մարդու խնդիրները: Հենց այդ խնդիրներն էլ հետաքրքրեցին ինձ. ի դեպ, այստեղ էլ զուգահեռները շատ են: Հերոսուհիներ են, որ պայքարում են տղամարդու և կնոջ իրավահավասարության համար, խորհում են ավանդականի ու ժամանակակցի հակասությունների, ընտանիքում տղամարդու ու նրա դերի մասին: Վեպը հնարավորություն է տալիս տեսնելու իրական Ստամբուլը՝ իր խնդիրներով, կենցաղով, մարդկանցով: Տեսնում ես Ստամբուլի շուկան, քաղաքային առևտուրը՝ փոքր, յուրահատուկ խանութներով. սուպերմարկետային մշակույթը չի կերել քաղաքը. քաղաք մտնող հյուրերին ներկայացվում են փոքր խանութները՝ մեր քաղաքի «սիթիների» մրցարշավը դեռ Ստամբուլ չի հասել: Ֆեմինիզմով տառապող կանանց կտրուկ ազատամտություն և իրենցն ապացուցելու անհաղթահարելի ցանկություն. մի կողմում` թուրք կանայք, որոնք դեմ են իրենց երկրի նահապետական բարքերին, ընտանեկան կարծրացած ավանդույթներին, մյուս կողմում՝ կանայք, որոնք այդ ավանդույթների կրողն ու պահպանողն են: Կանանց պայքարն իրականում անողորմ է:

Տղամարդիկ, որոնք այդ պայքարի բովում փորձում են հարմարվել կամ ընդդիմանալ կանանց պարտադրած հին-նոր կենսակերպերին: Տղամարդիկ, որոնք ընդունում են հինը, որտեղ իրենք միահեծան արքա էին, բայց գայթակղվում, նայում նորին: Տղամարդիկ, որոնք փախչում են իրենց ճնշող կապանքներից, եվրոպականացվում, հաճախ՝ հեռանում երկրից: Բարոյականության-անբարոյականության չգրված կանոններ, չգրված օրենքներ, որոնք պարտադիր են տվյալ երկրում ապրող մարդկանց համար, որոնց անտեսումը դառնում է դատապարտելի: Դարավոր հարևաններն ունեն նման խնդիրներ:

Խոհանոցային նմանություն-նույնությունն առավել աչքի զարնող է. ժամանակակից հայի և թուրքի համար ավանդական համարվող կերակրացանկը բավականին նման է:

Ժամանակակից հայի և ժամանակակից թուրքի՝ վեպի երկու հերոսուհիների մտերմությունն ու միմյանց բացահայտումը հուսադրող է: Մարդիկ պատրաստ են միմյանց ձեռք մեկնելու. ընդունում են այն, ինչ փաստարկված է, բայց դա չի խանգարում ապրելուն ու միմյանցով հետաքրքրվելուն:

Շաֆաքի վեպը քաղաքական չէ, ոչ էլ բարոյախրատական քարոզ, այն գեղարվեստական արժեք ներկայացնող ստեղծագործություն է՝ համոզիչ ու զարգացող կերպարներով, հետաքրքիր կառուցվածքով, տեղ-տեղ ձանձրալի ու երկարաձգված, բայց մեծ մասով հետաքրքիր խոսքով, ընդգծված անկեղծությամբ: Հերոսները փորձում են գտնլ իրենք իրենց ու այդ ընթացքում հնարավորինս անկեղծ են հեղինակի և ընթերցողի հետ: Հետաքրքիր սիմվոլիստական ու մշակութորեն փոխկապակցված վերնագրերով, որոնք այնքան բնորոշիչ են վեպի կին հերոսուհիների կենցաղի՝ անցյալի կամ ներկայի հետ, որոնց բույրերը տանում են դեպի պատմություն ու նոր քաղաքային մշակույթ. բույրեր, որոնք արմատներում են:
Շաֆաքն ինձ ծանոթացրեց թուրքական սոցիալ-մշակութային կյանքին, քաղաքային հակասություններին ու մարդկային տեսակներին. գեղարվեստական այս ստեղծագործությունն ինձ համար շատ ավելի հավաստի տեղեկատվական դաշտ է, որովհետև նպատակը տեղեկատվությունը չէ, ուստի խեղաթյուրման գործոնը նվազում, զրոյանում է: Թուրք մտածողի տեսլականը հայի, թուրքի և պատմության հանդեպ վերաբերմունքի, դրա պատճառով առաջացած ու առաջացող բարդույթների, հաղթահարելի ու անհաղթահարելի խոչընդոտների գեղարվեստական արտացոլումը մտածելու առիթ է տալիս:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский