Սովորողի ուսումնական աշխատանքը դպրոցում, դասարանում և տանը

Հայաստանում հանրակրթական դպրոցի սովորողի ուսումնական աշխատանքը որոշող նորմատիվ փաստաթուղթը` Հանրակրթության պետական չափորոշիչը, ըստ կրթական ծրագրերի (աստիճանների) և դասարանների սահմանում է նրա ուսումնական ծանրաբեռնվածությունը, բաժանում տարեկան-շաբաթական հնարավոր նվազագույն և առավելագույն ժամաքանակը ուսումնական բնագավառների միջև: Ո´չ հանրակրթության պետական չափորոշիչը, ո´չ այլ նորմատիվ փաստաթուղթ` ՀՀ օրենք, կառավարության որոշում, ԿԳՆ հրաման, չեն սահմանում սովորողի տնային ուսումնական աշխատանքը` ծավալը, բովանդակությունը: Իսկ տնային աշխատանք կոչվածն ավանդույթի ուժով այնպես է ինքնահաստատվել դպրոցական կյանքում, որ առարկայական ծրագրերը դա ներառում են առանց իրավական հիմնավորման, սովորողների ծնողներն ու դասավանդողները` որպես սովորողի իրավունքների և շահերի առաջին պաշտպաններ, դրա պարտադիր լինելը չեն էլ քննարկում:

Տնային հանձնարարությունների, դրանց ծավալի դեմ բողոքը հերթական անգամ բարձրացավ 2012-2013 ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում: Հարցը, ինչպես միշտ, բարձրացրին կարգապահ, ընդունակ, պարտաճանաչ սովորողները, և դա բնական էր. ի վերջո, տնային աշխատանքի ծավալն իրենց ուսերին հերոսաբար տանում են պարտաճանաչ սովորողները: Եվ սովորողների հենց այդ ընդունակ խումբն էլ հիմնականում դպրոցից դուրս ունի այլ հետաքրքրություններ` երաժշտություն, սպորտ, նկարչություն, համակարգչային ծրագրերի ուսուցում, մի խոսքով` լրացուցիչ կրթության լուրջ ծավալ: Միջին դպրոցի ենթակայքում ծավալված քննարկման ժամանակ սովորողներն արտահայտվեցին: Հարցադրումները լուրջ են` դասեր, դասեր, դասեր, հետո քնել, քնել, քնել, «բա ընտանիքիս հետ չպիտի՞ ժամանակ անցկացնեմ», «ո՞ւր մնացին մարդկային հարաբերությունները», «ես բացի դասերից չեմ հասցնում ոչ մի բան անել», «միայն կիրակի օրը հասցնում եմ մի քիչ բակ իջնել»:

Քննարկումը շարունակվեց նաև 2013-2014 ուսումնական տարում, տարբեր ձևերով արտացոլվեց սովորողների բլոգներում: Ահա 7-րդ դասարանցի Մարիամ Մանսուրյանի ինքնահարցազրույցը: Տնային առաջադրանքների վերաբերյալ դասավանդողների շրջանում հարցում անցկացվեց` պարզելու նաև նրանց վերաբերմունքը և գործողությունները այդ հարցի հետ կապված: Սովորողները խոսում են իրենց ծանրաբեռնվածությունից նույնիսկ այն դեպքում, երբ դասավանդողների 41% -ը համարում է, որ քիչ տնային առաջադրանքներ է տալիս, 18%-ը, որ ընդհանրապես չի տալիս: Եվ սա բնական է: Միջին դպրոցում սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը կրթական ծրագրի ուսումնական պլանով շաբաթական 34-35 ժամ է. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում` օրական 6-7 ժամ, այսինքն` 9.00-15.00: Դրանից հետո սովորողների մեծ մասը (Միջին դպրոցի սովորողների մոտ 70%-ը) ամենատարբեր լրացուցիչ կրթություն է ստանում, այսինքն` շարունակում է ուսումնական աշխատանքը տարբեր հաստատություններում, մասնավոր անձանց մոտ, ընտանիքում, ինքնակրթությամբ: Ծնողների և սովորողների մոտեցումները տարբեր էին քննարկման ժամանակ՝ «լավ է, դեռ քիչ է»-ից, մինչև «դե բավական է, էլի»-ն: Այդ տարբերությունն ակնհայտ է նաև այսօր, երբ սովորողն իր ծնողի հետ կազմում է իր անհատական ուսումնական պլանը՝ նշելով նաև տնային հանձնարարությունների ուղղությունները: Սակայն անհատականացված ուսուցում կազմակերպելու դեպքում չենք կարող ուսուցումը մինչև վերջ չանհատականացնել` իհարկե, հստակ ձևակերպելով մեր մոտեցումը:

Ի՞նչ խնդիրներ են դրված հիմնական դպրոցի առջև, որ ուսումնական այսքա˜ն մանրամասն մշակված միջավայրում սովորողը օրական 6-7 ժամում մասնագետ դասավանդողների կազմակերպմամբ, չի կարողանում իրականացնել: Ուսումնական պարապմունքնե՞րը արդյունավետ չեն կազմակերպվում: Թող արդյունավետ կազմակերպվեն: Մեծ խնդիրնե՞ր են դրված հանրակրթության առաջ: Դրանք հանրակրթության պետական չափորոշչով կարգավորված են և բավականին համեստ են` ուղղված հենց հմտությունների զարգացմանը: Ինչո՞ւ պետք է սովորողը առաջադրանքների այնպիսի ծավալ ստանա, որ սովորող ու ծնող արդարացիորեն բողոքեն։ Ո՞րն է այդ տարիքի մարդուն այդպես ծանրաբեռնելու իրավական հիմքը: Արդյո՞ք սա երեխայի իրավունքների ոտնահարում չէ: Ահա պատմության, հասարակագիտության ուսուցիչ Աշոտ Տիգրանյանի և նրա սովորողների «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը: Սա էլ սովորողների ձևակերպած առաջարկությունն է. «Համոզված, որ սովորելն ամենաբարդ ու ժամանակատար աշխատանքներից մեկն է, և տնային աշխատանքի ընտրության իրավունքի կենսագործումը կնպաստի կրթության արդյունավետության բարձրացմանը, սովորողի անհատականության բազմակողմանի զարգացումը խթանող գործոնների հավելմանը, առաջարկում ենք կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում կատարել հետևյալ լրացումը` «Սովորողն ունի տնային աշխատանք ընտրելու կամ ընդհանրապես տնային աշխատանք չունենալու իրավունք, կամ սովորողի տնային ուսումնական գործունեության բովանդակության ու ձևի ընտրությունն իր անօտարելի ու անբաժանելի իրավունքն է»: Այսինքն` տնային ուսումնական աշխատանքը սովորողի իրավունքն է` որպես լրացուցիչ կրթության մի ձև: Հանրակրթական դպրոցը կարող է ստանձնել այդ իրավունքի ապահովումը:

Միջին դպրոցի դասավանդողների քննարկումները ցույց տվեցին, որ այս ընդունակ աշխատախումբն այսօր պատրաստ է առանց պարտադիր տնային հանձնարարությունների կազմակերպելու ուսումնական պարապմունքները` որպես հանրակրթական ծրագրերի իրականացում:

2014-2015 ուսումնական տարում Միջին դպրոցում կփորձարկվի հետևյալը:

Հանրակրթական ընդհանուր ուսումնական դասընթաց վարողը` դասավանդողը, իրականացվող ծրագիրը, ուսումնական նախագծերը հրապարակում է մինչև ուսումնական տարվա սկիզբը, մինչև առաջին ուսումնական պարապմունքը, ուսումնական նյութերը, ուսումնական պարապմունքի ծրագիրը, առաջադրանքները` պարապմունքից առաջ: Նա ուսումնական պարապմունքները ծրագրում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, որ որոշված են դասընթացի ծրագրով, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը:

Կարո՞ղ է լինել սովորող, որ ուսումնական պարապմունքի ծրագրով որոշված աշխատանքը կավարտի մյուսներից շուտ` իհարկե: Նա կարող է տնօրինել իր ազատ ժամանակը` օգտագործելով այն ուսումնական այլ, այդ թվում նաև` լրացուցիչ կրթության աշխատանքի վրա: Իսկ դասավանդողն իր տրամադրության տակ ունի առաջարկելու համապատասխան` օժտվածություն զարգացնող նյութեր: Դա կարող է հանգեցնել նաև տնային ուսումնական աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն ընտրելուն:

Ուսումնական պարապմունքի ժամանակ կիսատ թողած աշխատանքը սովորողը կարող է շարունակել հաջորդ պարապմունքին. դասավանդողը դա նախատեսում է պարապմունքը ծրագրելիս: Կարող է լինել սովորող, որ ուսումնական պարապմունքի աշխատանքը երբեմն կամավոր կշարունակի տանը, իր նախաձեռնությամբ կլրացնի նոր նյութով. դասավանդողը պատրաստ է խրախուսելու նման նախաձեռնությունը, աջակցելու խորհրդով: Դա նույնպես կարող է հանգեցնել տնային ուսումնական աշխատանք` լրացուցիչ կրթություն ընտրելուն:

Ուսումնական պարապմունքից բացակայող սովորողը պարապմունքին մասնակցում է հեռավար կամ առցանց: Սա տնային աշխատանք չի համարվում, որովհետև դրա վրա ծախսվում է ուսումնական պարապմունքի համար նախատեսվող ժամանակը:

Առանց տնային աշխատանքի ուսումնական պարապմունքը և´ դասավանդողին, և´ սովորողին կօգնի չշեղվել պարապմունքի ծրագրից, դրան հատկացվող ժամանակը նպատակային օգտագործել` հույսը սովորողի տնային աշխատանքի վրա չդնելով:

Ուսումնական պարապմունքների ժամանակ սովորողի ուսումնական աշխատանքը և դրա արդյունքները սահմանված կարգով գրանցվում և գնահատվում են էլեկտրոնային մատյանում` անկախ սովորողի տնային աշխատանք ընտրելուց, կատարելուց:

Տնային աշխատանքի` լրացուցիչ կրթության ծրագիրն ստեղծվում է առանձին: Տնային աշխատանքի ծրագիրը կարող է նախատեսված լինել կա´մ տվյալ բնագավառում օժտվածության զարգացման  կա´մ շտկողական աշխատանքի համար: Դա կարող է լինել ուսումնական որևէ բնագավառի-դասընթացի և տարբեր բնագավառներ-դասընթացներ ինտեգրող ուսումնական նախագիծ, նախագծերի շարք:

Դասավանդողը տնային աշխատանքի ծրագիր վարում է նույն պայմանով, ինչ հանրակրթական դասընթացը` նախօրոք հրապարակելով ծրագիրը, ուսումանական նյութերի (ուսումնական գրականություն, այլ նյութեր, ուսումնական նախագծեր, ոչ ստանդարտ խնդիրներ ու առաջադրանքներ) փաթեթը:

Սովորողի տնային աշխատանք լրացուցիչ կրթությունը գրանցվում է սովորողի անհատական ուսումնական պլանում, ուսումնառության պայմանագրում, փոփոխություններն արձանագրվում են ուսումնառության պայմանագրի հավելվածով: Ծրագիրն ընտրող սովորողները հիմնականում աշխատում են տանը (կարող են կատարել նաև դպրոցում՝ուսումնական պարապմունքի ժամերին, եթե ավարտել են դասարանում նախատեսված աշխատանքը), հեռավար խորհրդակցում ծրագրի կազմակերպիչ ուսուցչի հետ, անհատապես ու խմբով ստանում պարզաբանումներ, լրացուցիչ գրականություն, առաջադրանք և այլ նյութեր: Պարբերաբար կազմակերպվում է նաև աշխատանքային խմբի` ուսուցչի և ծրագիրն ընտրած սովորողների հանդիպում ֆիզիկական միջավայրում: Խորհրդատվության օր ու ժամերը հայտնի են, դասացուցակային գրանցում ունեն: Սովորողի ուսումնական աշխատանքը և դրա արդյունքը հաշվառվում-գնահատվում են` անկախ դասընթացի ծրագրով սովորողի դասարանական աշխատանքից:

Կրթահամալիրում իրականացվող ամենամյա բաց ստուգատեսները, ուսումնական բաց նախագծերը նույնպես լրացուցիչ կրթություն են: Դրանց մասնակցությունն ու մասնակցության արդյունքները սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:

Ուսումնական տարվա վերջում սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքներն ամփոփելիս ըստ բնագավառների գրանցվում են սովորողների ուսումնական ձեռքբերումը` նկատի ունենալով և´ հանրակրթական ընդհանուր, և´ սովորողի ընտրությամբ, և´ լրացուցիչ կրթության արդյունքները:

Նկարագրված ուսումնական աշխատանքի տարածքը Միջին դպրոցի մեդիագրադարանն է՝ ուսումնական նոր, բլոգային տարածք, որտեղ հրապարակվում են բոլոր դասընթացների ուսումնական փաթեթները` ընդհանուր, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ կրթության: Հայտնի-հրապարակված է նաև սովորողի ուսումնական աշխատանքի տարածքը:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский