Առանց տնային աշխատանքի

Ուսուցման կազմակերպման կրթահամալիրային փորձը միանգամայն հնարավոր է դարձնում 2014-2015 ուսումնական տարում անցում կատարելու առարկայական նախագծի՝ որակական առումով բոլորովին նոր փուլի: 

Ներկայացնում եմ Միջին դպրոցում փորձարկում անցած ուսուցման կազմակերպման նոր ձևը, այն է՝  ուսուցման կազմակերպումը առանց տնային պարտադիր աշխատանքի:

Սովորողներն առաջադրանքներն ստանում են ոչ թե ամեն օր, այլ միանգամից՝  ասենք մեկ ամսվա կամ մեկ կիսամյակի համար: Առաջադրանքների մատուցման այս ձևը նպատակահարմար է մի շարք առումներով՝

Առաջադրանքների փաթեթը դասավանդողը տեղադրում է բլոգում կամ Google տարածքում՝ հղումը ուղարկելով սովորողներին: Սա հնարավորություն է տալիս ծնողին տեսնելու իր երեխայի անելիքը: Սովորողը առաջարկվող աշխատանքը կատարում է դպրոցում եղած ժամանակ:
Դասավանդողին ևս հարմար է այսպես աշխատելը, որովհետև.

  • ժամանակ է ունենում նախապես կազմելու առաջադրանքները.
  • աշխատանքից հետո ստիպված չի լինում ամեն օր առաջադրանք կազմել-ուղարկել.
  • դասավանդողը իր գործի գերակշիռ մասը կատարում է դպրոցում՝ ինքնակրթության համար ավելի շատ ժամանակ ունենալով։

Իսկ, որպեսզի մեր դասավանդողները պատրաստ լինեն առանց ավելորդ լարվածության սկսել նոր ուսումնական տարին, նախ պետք է ունենան՝

  • առարկայական ծրագրեր
  • առաջադրանքների փաթեթներ
  • առաջարկվող մեդիափաթեթներ

Այս ամենը տարվա ընթացքում լրացնում են սովորողները, ունենալով՝

  • կատարված աշխատանք՝  հարցերի և առաջադրանքների պատասխանների տեսքով
  • կատարված աշխատանքի գնահատում-վերլուծություն
  • գնահատականի հիմնավորում-վերանայում

Աշխատանքային փուլերը (մեթոդական նկարագրություն)

Առաջին փուլ

Սովորողը մեկ ամսվա (ժամկետը մոտավոր է՝ կապված տվյալ թեմայի տևողությունից, նյութի աշխատատարությունից, սովորողների մոտիվացիայից և այլն) համար ստանում է.

  • այս կամ այն թեմայով՝ հիմնականում ստեղծագործական բնույթի հարցեր և առաջադրանքներ.
  • առաջադրանքների կատարման համար նախատեսված կոնկրետ մեդիափաթեթ։ 

Աշխատանքը սկսելուց առաջ դասավանդողը սովորողին անպայման ծանոթացնում է աշխատանքին ներկայացվող պահանջներն ու գնահատման համակարգը:

Երկրորդ փուլ

Աշխատանքը ավարտելուց հետո սովորողը ինքնուրույն կամ դասավանդողի, ծնողի օգնությամբ կատարում է աշխատանքի գնահատում-վերլուծություն, այսինքն՝ որքանով է իր կատարած աշխատանքը համապատասխանում դասավանդողի՝ նախապես ներկայացրած պահանջներին:
Ինչ բացթողումներ, ձախողումներ կամ թերություններ ունի կատարված աշխատանքը, աշխատանքի որ հատվածում են ակնհայտ հաջողությունները, որ մասում է քիչ թե շատ երևում հետազոտական միտքը:
Փորձը և ժամանակը ցույց են տալիս՝ առավել հաջողում են հենց նրանք, ովքեր կատարում են նման վերլուծություններ: Սա հնարավորություն է տալիս հետագայում հնարավորինս զերծ մնալու նկատված թերություններից և հակառակը՝  նկատելու և զարգացնելու հաջողոթյուններն ու ձեռքբերումները:
Ի դեպ, ոչ միայն սովորողն է վերանայում իր աշխատանքը, այլև՝  դասավանդողը: Այդ վերանայման արդյունքում նկատելի են դառնում թերությունները, իսկ ստացված դիտողությունների ու առաջարկությունների հենքի վրա քննարկվում և համապատասխան փոփոխություններ են կատարվում:

Երրորդ փուլ

Սովորողը գնահատում է իր կատարած աշխատանքը՝ հիմնավորելով այն: Գնահատականը դնելիս հաշվի է առնվում ոչ միայն և ոչ այնքան կատարած աշխատանքի ծավալը, որքան՝  որակը: Ընդ որում, շեշտը դրվում է սովորողի կատարած դիտարկելի գործունեության, ինքնագնահատման, սեփական արդյունքների վերանայման վրա՝  ի սկզբանե ենթադրելով արդյունքների հրապարակում-գնահատում: Նման մոտեցման դեպքում դասավանդողի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա նվազագույնի է հասնում, քանի որ գործ ունենք արդեն հրապարակված աշխատանքի հետ: Բացի դա, սա հնարավորություն է տալիս նաև մեկ անգամ ևս վերանայելու բլոգը՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ:

Որպես վերջնական աշխատանքի արդյունք սովորողը դասավանդողի բլոգի համապատասխան նյութի տակ դնում է ընդամենը մեկ հղում՝ միանգամայն տեսանելի դարձնելով իր՝ մեկ ամսվա կամ մեկ կիսամյակի ընթացքում  կատարած աշխատանքը:

Եվ վերջում՝  այս կերպ ուսուցման ամենամեծ առավելությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ

  • ինքնակրթության կազմակերպումն ու խրախուսումը.
  • դիտարկելի գործունեությունն ու ինքնակազմակերպվածությունը.
  • ինքնագնահատումն ու սեփական արդյունքների վերանայումը։

Իմ կարծիքով, հենց այս որակներն են ապահովում այսօրվա սովորողի, վաղվա քաղաքացու, ընդհանրապես՝ մարդու կատարելագործումն ու զարգացումը:

Համար: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский