«Չիպոլինոյի արկածները» նախագծի ամփոփում

Իտալացի հայտնի մանկագիր Ջաննի Ռոդարու ստեղծագործությունները կարծես կախարդական լինեն: Առաջին հայացքից շատ սովորական թվացող պատմվածքը կամ վիպակը, պարզվում է, այնքան ասելիք ունի և այնպես է նպաստում երեխայի երևակայության, մտքի, ստեղածագործական ունակությունների, վերլուծական մտածողության, խոսքի զարգացմանը, այնքան հարազատ է նրան, որ թվում է` մեր Թումանյանն է, պարզապես իտալերեն է գրում․․․ Ահա թե ինչու, որպես ամանորյա նախագիծ, որոշեցի ընտրել հենց Ջաննի Ռոդարու «Չիպոլինոյի արկածները» վիպակը: Նախագիծն իրականացվել է դեկտեմբեր ամսին՝ իր մեջ ներառելով ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր պարտադիր դասընթացները, ավելի հետաքրքիր դարձնելով դրանք: Նախագծի հիմքում եղել են «Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի հիմնական խնդիրները: Դասարանի բլոգը հանդես է եկել որպես մեդիամիջավայր: Բլոգից ոչ միայն ընթերցել են, այլ նաև «Առաջադրանքներ» բաժնում կարծիքների ձևով շարադրել իրենց մտքերը: Բլոգի «Ընթերցարան» բաժնում տեղադրվել է վիպակը: Ամեն օր հանձնարարվել է վիպակից մի հատված կարդալ, հետո դասարանում պատմվել է, քննարկվել, վելուծվել: Ամեն սովորող իր վերաբերմունքն է արտահայտել այս կամ այն հերոսի, նրա գործունեության վերաբերյալ` փորձելով մեղադրել կամ արդարացնել այս կամ այն հերոսին: Սովորողը պետք է հստակ և համոզիչ կարողանա հիմնավորել իր խոսքը: Նկարագրել ենք հերոսներին, բնութագրել, փոքրիկ պատմություններ հորինել նրանց մասին`օգտագործելով ռոդարիական մի շարք մեթոդներ: Օրինակ` «Ի՞նչ կլիներ, եթե Չիպոլինոն, Բալուկը, քեռի Դդումը ․․․ »... Կամ ընտրված հատվածը հանձնարարվել է շարունակել, նոր ավարտ հորինել: Աշխատանքները կատարվել են ինչպես խմբերով, այնպես էլ անհատական` զարգացնելով սովորողների խմբային և ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ` փոխօգնություն, իրար լսելու կարողություն: Հորինված պատմությունները մուտքագրել են իրենց անհատական նոթբուքերում` word ծրագրի միջոցով: Հետո էլեկտրոնային փոստով ուղարկել են ուսուցչին: Վիպակը նաև ձայնագրվել է:

Հետո փորձեցել ենք paint ծրագրով նկարել. հետաքրքիր էին վիպակի հերոսները նաև մեր պատկերացմամբ: Քանի որ Չիպոլինոյի բոլոր հերոսները բանջարեղենն ու մրգերն էին, հերթով սկսեցինք տեղեկատվություն հավաքել սոխի,լիմոնի, պոմիդորի և մնացածի մասին: Հանրագիտարաններից, համացանցից, google որոնողական համակարգի միջոցով փորձեցինք ինքնուրույն տեղեկատվություն հավաքել, կարդացինք, հետո այն ամենն ինչ հասկացել էինք, word-ում մուտքագրեցինք և էլեկտրոնային փոստով ուղարկեցինք մեր ընկերներին, որ նրանք էլ կարդան: Տեղեկատվություն տեղադրեցինք նաև մեր դասարանի բլոգում, իսկ հետո ուսումնական ռադիոնյութեր պատրաստեցինք, որոնք տեղադրվեցին դասարանական «Հարցասերների ռասդիոյում»: Ահա օրինակներ․

Բնագիտական փորձերի միջոցով ուսումնասիրեցինք այս կամ այն բանջարեղենի հատկությունները: Օրինակ սոխը փորձեցինք տնկել, հետո դրեցինք տարբեր տարաների մեջ` մեկը ջրով լի, մյուսը կիսատ: Սկսեցինք դիտարկել: Լիմոնով շատ համեղ լիմոնադ պատրաստեցինք, իսկ հետո կատարեցինք լիմոնով և յոդով բնագիտական այն փորձը, որը գտել էինք համացանցից: Փորձեցինք հասկանալ, վերլուծել մեր կատարած փորձերը:

Նախագծում ներառված էին նաև տեխնոլոգիական առաջադրանքներ: Չիպոլինոյի հերոսներին փորձեցինք ծեփել, պլաստիկե շշերից ծաղկամաններ պատրաստել:

Հետո պարզեցինք, որ Չիպոլինոյի մասին նաև մուլտֆիլմ, կինոնկար է նկարահանվել, իսկ հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը բալետ է գրել: Մուլտֆիլմը, ֆիլմն ու բալետը դասարանում դիտեցինք: Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ է բալետը: Համացանցից փնտրեցինք, գտանք մեր հարցի պատասխանը և ռադիոնյութ ստեղծեցինք բալետի մասին: Նաև ունկնդրման նյութեր պատրաստեցինք:

Հետո մեր սիրելի տիկին Սոֆյայի հետ պար բեմադրեցինք: Այսպես շարունակ յուրացվել է վիպակը` զարգանելով սովորողների ստեղծագործական ունակությունները, վերլուծական մտածողությունը, գրավոր և բանավոր խոսքը,ճանաչողական գործընթացները: Նախագիծը նպաստել է նաև սովորողների աշխարհընկալման, երաժշտական ճաշակի ձևավորմանը, աշխարհաճանաչողությանը, հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը: Սովորողները վիպակի հատվածներ էին ընթերցում և քննարկում նաև ռուսերեն, որը նպաստում է վերջիններիս օտարալեզու խոսքի զարգացմանը: Նախագծում ներառված են նաև ծնողները: Նրանք ոչ միայն ակտիվորեն տարածել են նախագիծը, այլ օգնել են համապատասխան հագուստներ ստեղծել: Նախագիծը պարբերաբար լուսաբանվել է Դպրոց-պարտեզի ենթակայքում,ակտիվորեն տարածվել է ծնողների, ուսուցիչների, սովորողների ֆեյբուքյան էջերում: Հասարակական լայն արձագանք է գտել՝ ապահովելով բլոգի օրական 150-200 դիտում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский