«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Սարգիս Գալոյան

Շվեդիայի հանրակրթական համակարգը (1)

Սկիզբը

Մունիցիպալ դպրոցներ

Ուսումնական տարին տևում է 40 շաբաթ, ուսումնական շաբաթը հնգօրյա է: Պարապմունքներն ըստ օրերի բաշխվում են հնարավորինս հավասարաչափ: Ուսումնական օրվա տևողությունը յուրաքանչյուր դպրոց որոշում է ինքնուրույն, կա միայն օրվա տևողության վերին սահման, որը զանցառելն արգելվում է օրենքով: 1-2-րդ դասարանցիների համար դա 6 ժամն է, ավագ դպրոցականների համար` 8 ժամը: Մինչև 5-րդ դասարան սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 20-24 ժամ, 6-րդ դասարանից սկսած` 34-35 ժամ: Ուսումնական պարապմունքների ընթացքում նախատեսված է ճաշի ընդմիջում. մինչև ճաշ աշակերտները սովորում են պարտադիր ծրագրով, ճաշից հետո անցնում են իրենց ընտրած անհատական ծրագրերին:

1-6 դասարաններում բոլոր ուսումնական առարկաները դասավանդում է մեկ ուսուցիչ, բացառություն են կազմում տնարարությունը, ֆիզկուլտուրան, նըկարչությունն ու երաժշտությունը: Հիմնական առարկաներն են շվեդերենը, անգլերենը, մաթեմատիկան, բնագիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, հասարակագիտությունը, երաժշտությունը, նկարչությունը, ֆիզկուլտուրան, ձեռքի աշխատանքը և կրոնագիտությունը:

4-րդ դասարան տեղափոխվելուց հետո սովորաբար ուսուցիչը փոխվում է: 7-9-րդ դասարաններում դասավանդում են մի քանի ուսուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը, որպես կանոն, մասնագիտանում է երկու-երեք հարակից առարկաներում: Այս մոտեցումը հարկ է, որ լուրջ ուշադրության արժանանա մեր կրթական հանրության կողմից: Սովորողների բազմաբնույթ պահանջմունքների լիարժեք բավարարումը պահանջում է բազմակողմանի զարգացած, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ուսուցիչ: Ուսուցչի նեղ մասնագիտացումը չի նպաստում նման որակներով մանկավարժական կադրերի ձևավորմանը: Լայն սպեկտրի մասնագետների պատրաստումը մեր մանկավարժական համալսարանի խնդիրն է: Սա նկատելիորեն թեթևացնելու է նաև ուսուցիչների առարկայական վերապատրաստումների ծանր ու ծախսատար խնդիրը, քանզի հարակից առարկաների բավարար մակարդակով իմացությունը յուրաքանչյուր նեղ առարկայի ավելի խոր իմացության պայման է:

7-9-րդ դասարաններում դպրոցը բավարար հնարավորություններ է ստեղծում աշակերտների նախնական մասնագիտական կողմնորոշման համար: Կան ընտրովի առարկաների համար ուսպլանով նախատեսված ժամեր, կազմակերպվում են մաթեմատիկայի և օտար լեզուների այլընտրանքային դասընթացներ: Ընտրովի դասընթացների կազմակերպումն ապահովվում է, եթե տվյալ առարկան ցանկանում են ուսումնասիրել ոչ պակաս, քան 5 աշակերտ:

Շվեդական դպրոցի հումանիստական ուղղվածության վառ ապացույց է նաև երկտարեցիության բացակայությունը: Սովորողներն, անկախ իրենց անհատական ձեռքբերումների մակարդակից, ինքնաբերաբար փոխադրվում են հաջորդ դասարան: Աշակերտը կարող է մնալ նույն դասարանում միայն իր և իր ծնողների կամքով: Լավ սովորող աշակերտը կարող է ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվել հաջոդ դասարան, եթե դպրոցի տնօրենը դա կամենում է, և սովորողն ու իր ծնողները դեմ չեն:

Թվանշանային գնահատման խնդիրներով շվեդ մանկավարժները առանձնապես չեն անհանգստանում: Մինչև 8-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջը սովորողներին գնահատականներ չեն դրվում: Առկա գրականության մեջ չհաջողվեց գտնել այսօրինակ մոտեցման գաղափարական հիմքն ու դրդապատճառները: Բայց փաստն ինքնին խոսուն է և մտորումների տեղիք է տալիս. ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում, ի՞նչ գործառույթ ունի, ի՞նչ կրթական արդյունք է երաշխավորում թվանշանային գնահատումը: Նպաստո՞ւմ է արդյոք կրթական միջավայրում առողջ հոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, դառնո՞ւմ է ուսումնառության լրացուցիչ խթան: Այս հարցերը միանշանակ պատասխան չունեն: Սակայն կարելի է բերել մի շարք փաստարկներ ընդդեմ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև մեր երկրում տարվող թվանշանային քաղաքականության: Մեր երկրի կրթական փորձը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ ամենօրյա թվանշանային գնահատումը հիմնականում բացասաբար է անդրադառնում երեխայի անձի զարգացման, նրա հոգևոր և բարոյական հասունացման բնական ընթացքի վրա: Ցածր գնահատականը, եթե այն քիչ թե շատ շարունակական բնույթ է կրում, նվաստացնում է աշակերտին. երեխան կորցնում է ինքնավստահությունը, պակասում է իր անձի հանդեպ հարգանքը և տարիների հետ ձևավորվում է թերարժեքության կայուն բարդույթ: Բարձր գնահատականը, իր շարունակականության մեջ, ընդհակառակը, ձևավորում է գերարժեքության բարդույթ, ծնում մրցակցային անառողջ ոգի և համապատասխան հոգեբանություն. սովորել համադասարանցիների, ուսուցիչների աչքում պահպանելու համար խելոքի իր կարգավիճակը: Աշակերտի յուրաքանչյուր առաջընթացի կամ հետընթացի թվանշանային արժևորումը, այդ իրադրական, սովորաբար աշակերտի ընդհանուր զարգացման ու հասունացման ընթացքը հաշվի չառնող (Սևակն ասում է. «Անկումներով եմ վերև բարձրանում») գնահատումը ի վերջո ուսումնական մոտիվացիան զրկում է իր առողջ հիմքից: Հետին պլան է մղվում իմացության բնատուր ցանկությունը, ինքնակատարելագործման պահանջմունքը` փոխարինելով դրանք անբովանդակ, մակերեսային կրքերով: Թվանշանը մեր դպրոցներում լիարժեքորեն իրականացնում է հատկապես իր ստորացնող գործառույթը. ուսուցչի համար այն աշակերտին իր անհետաքրքիր դասին զսպված պահելու, իր նյարդերը ամեն օր քայքայող աշակերտից վրեժ լուծելու միջոց է: 10 միավորանոց համակարգն այս պրոցեսը դարձնում է ավելի նուրբ. սովորողի ինքնասիրությունը խոցում են արդեն, նախկինի համեմատությամբ, 0,5 միավորի ճշտությամբ: Աշակերտի աչքում թվանշանը դառնում է կուռք, ինքնաարժևորման միակ միջոցն ու չափանիշը: Այսօրինակ հարցերը, ցավոք մեր կրթական հանրության ուշադրությանը չեն արժանանում, թեև կան որոշ այլընտրանքային դպրոցներ (Օրինակ` «Բյուրակն» կրթահամալիրը), որտեղ հրաժարվում են ամենօրյա գնահատման պրակտիկայից: Սակայն նրանց փորձը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, հատկապես աշակերտի վրա թվանշանի հոգեբանական ազդեցության տեսանկյունից:

Իսկ ինչպե՞ս են Շվեդիայում գնահատում սովորողների գիտելիքները: Նախ աշակերտն ինքն է վերլուծում ու գնահատում իր ամենօրյա ուսումնական գործունեությունը: Այս նպատակին է ծառայում «Աշակերտի դպրոցական գրքույկը»: Այստեղ սովորողը ամեն օր գրառումներ է կատարում անցած դասերի բովանդակության, տնային ու դասարանական աշխատանքների կատարման ընթացքի, կիրառվող մեթոդների մասին: Նշում է` ինչ դժվարությունների է հանդիպում, ինչպես է փորձում հաղթահարել, ուսումնառության ինչ օժանդակ միջոցներ է օգտագործում, ինչպես է համագործակցում համադասարանցիների հետ, ինչպես է գնահատում իր առաջընթացը, բացատրում անհաջողությունների պատճառները: Այսօրինակ աշխատանքի բարերար ազդեցությունը երեխայի վրա թերևս դժվար է գերագնահատել. ժամանակի հետ սովորողը ձեռք է բերում ինքնավերլուծության և այն գրավոր խոսքով ներկայացնելու կուլտուրա, զորանում է ինքնաճանաչման պահանջը՝ ի վերջո, ձևավորելով ռեալ ինքնագնահատման կարողություն: Ուսուցչին այն հնարավորություն է տալիս մշտապես հետևելու սովորողի անհատական զարգացման ընթացքին և անհրաժեշտության դեպքում ուղղորդելու այդ ընթացքը:

Համանման մատյան ունի նաև ուսուցիչը, որ կոչվում է «Ուսուցման անհատական պլան»: Սա աշակերտների առաջադիմության մատյան է, որտեղ ուսուցիչը կանոնավոր կերպով գրանցում է յուրաքանչյուր սովորողի վարքի, համադասարանցիների հետ նրա շփումների, հոգեբանական համատեղելիության, մտավոր ընդունակությունների, խոսքային կարողությունների, տնային առաջադրանքների կատարման և այլ բաների մասին իր դիտումների արդյունքները: Նա պարբերաբար քննարկումներ է անցկացմում աշակերտների և նրանց ծնողների հետ, իրականացնում համատեղ որոշումներ:

Սովորողների ուսումնական գործունեությունը վերահսկվում ու ուղղորդվում է նաև լավ մտածված դասղեկական աշխատանքի շնորհիվ: Ավագ դպրոցներում յուրաքանչյուր 10-12 սովորող ունենում է մեկ դասղեկ (mentor): Յուրաքանչյուր կիսամյակում առնվազը մեկ-երկու անգամ դասղեկը հանդիպում է ունենում սովորողների և նրանց ծնողների հետ, քննարկում ուսումնական գործունեությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր: Ցածր դասարաններում այդ գործը կատարում է ուսուցիչը:

Շվեդիայում գնահատումն իրականացվում է երեք միավորանոց համակարգով. բավարար (Pass), լավ (Pass with distinction) և գերազանց: Դպրոցներում ավարտական քննություններ գոյություն չունեն: 9-րդ դասարանի ավարտին աշակերտները հանձնում են ամբողջ երկրի համար պարտադիր միասնական քննական ստուգողական աշխատանքներ: Աշխատանքներն անցկացվում են թեստերի ձևով` շվեդերեն, անգլերեն և մաթեմատիկա առարկաներից: Կան նաև համազգային ստուգողական աշխատանքներ 5-րդ դասարանն ավարտողների համար, սակայն դրանք պարտադիր բնույթ չեն կրում: Եթե շրջանավարտը չի կարողանում քննության արդյունքում բավարար գնահատական ստանալ` նրա ատեստատում գնահատական չի դրվում: Փոխարենը տրվում է մի գրավոր եզրակացություն, որտեղ մասնավորապես անդրադարձ է կատարվում տվյալ առարկան սովորելու նրա կարողությունների մասին: Բայց սովորողն իրավունք ունի լրացուցիչ քննության ներկայանալու, եթե նույնիսկ մի քանի առարկայից բավարար գնահատական չի ստացել:
Պարտադիր դպրոցի ուսումնական ծրագիրը չհաղթահարող աշակերտների համար նախատեսված է ծրագրի հեշտացված տարբերակ (adjusted study programme): Դասերն այս դեպքում անցկացվում են կրճատված դասացուցակով, որոշ տեսական առարկաներ փոխարինվում են մասնագիտական կողմնորոշման պարապմունքներով: Այս դեպքերում շրջանավարտներին, որպես կանոն, տրվում է դպրոցն ավարտելու մասին ոչ լրիվ ատեստատ: Այդուհանդերձ նրանք իրավունք ունեն, ցանկության դեպքում, ուսումը շարունակելու գիմնազիայում:

Այլընտրանքային դպրոցներ

Այլընտրանքային դպրոցները Շվեդիայում լայն տարածում չունեն: Դրանք պարտադիր դառնալու համար պետք է որոշակի պահանջների բավարարեն. կրթական ծառայությունների մակարդակը պետք է համապատասխան լինի մունիցիպալ դպրոցի մակարդակին, նույնական լինեն ուսուցման ընդհանուր նպատակներն ու արժեքային պատկերացումները: Այլընտրանքային դպրոցները սովորաբար ստեղծվում են ուսուցիչների ու ծնողների համատեղ ջանքերով, որպես կանոն Մոնթեսորիի կամ Վոլդորֆյան մանկավարժության գաղափարական հենքի վրա: Կան նաև այլընտրանքային դպրոցներ` կրոնի խորացված ուսուցմամբ:

Հատուկ դպրոցներ մտավոր և ֆիզիկական զարգացման մեջ շեղումներ ունեցող երեխաների համար

Շվեդիայում արատավոր երեխաների համար ստեղծված է հատուկ դպրոցների լայն ցանց՝ բժիշկների, սոցիալական աշխատողների, հոգեբանների լիարժեք համակազմով: Վերջին ժամանակներս, սակայն, մանկավարժական հանրության համար քննարկման նյութ են դարձել ներառական ուսուցման գաղափարները: Տարբեր արատներով երեխաներին փորձում են ներառել սովորական ուսումնական հաստատություններում: Այս հարցի առնչությամբ լայնամասշտաբ քննարկումներ չեն ծավալվում, և ներառական լիարժեք ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություններ դեռևս չկան:

Հարգանքի է արժանի այն զգուշավորությունը, որով շվեդները մոտենում են այս հարցին, մի բան, որ պակասում է մեզ: Հազիվ ծանոթացած ընդհանուր գաղափարախոսությանը, չունենալով ներառական ուսուցում իրականացնելու ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպական ու տեխնիկական, ո՛չ կադրային հնարավորություններ` մենք արդեն հետևում ենք թողել բոլոր եվրոպական պետություններին: Ներառական ուսուցման գաղափարախոսական հենքն, անշուշտ, հումանիստական է: Սակայն կա առնվազն երեք հիմնախնդիր, որոնց պատշաճ լուծումից է կախված ներառական դպրոցների ստեղծումը մեր հանրապետությունում: Առաջինը ներառական կրթության փիլիսոփայության քննադատական յուրացումն է և վերջինս լայն կրթական հանրության սեփականությունը դարձնելը: Դրական կարծիքի ձևավորման դեպքում (բացառված չէ նաև, որ այլ կարծիք ձևավորվի) կրթական հանրության խնդիրը կլինի լայն հասարակության մեջ տարփողել այդ գաղափարախոսությունը` նպատակ ունենալով ընդունելի դարձնել այն հասարակական լայն խավերի համար: Երկրորդ խնդիրը արատավոր երեխաների այն կատեգորիայի հարցն է, որը պիտի թույլատրելի համարվի ներառել հանրակրթական սովորական դպրոց: Երրորդը ներառական դպրոցի օրինակելի մոդելի մշակումն է և դրա հետ կապված դպրոցների շինարարական վերակառուցումն ու համապատասխան կադրերի պատրաստումը: Վերջին խնդիրը հատկապես, ֆինանսական լուրջ ներդրումներ է ենթադրում: Կարծում եմ, որ Հայաստանի համար ներառական կրթության ժամանակը դեռ չի եկել և շտապողականությունն այստեղ բնավ արդարացված չէ: Ճիշտ կլիներ ունեցած սուղ միջոցներն առայժմ օգտագործել հատուկ դպրոցների բարենորոգման համար:

Գիմնազիա

1975թ.-ից Շվեդիայում բոլոր տեսակի ոչ պարտադիր դպրոցները` պրոֆիլային քոլեջներ, միջին տեխնիկական ուսումնական հաստատություններ, միավորվեցին մեկ միասնական «Գիմնազիա» հասկացության մեջ: Գիմնազիական կրթության բարելավումը հետապնդում էր երկու նպատակ. հասնել աշխատանքային շուկայի և բարձրագույն կրթության պահանջների հետ համապատասխանության` մի կողմից, և հնարավորինս հաշվի առնել գիմնազիայում սովորողների ցանկություններն ու խնդիրները` մյուս կողմից: Այդ բարեփոխումները տևեցին 20 տարի, և 1995թ.-ին վերջնականապես ձևավորվեց այն գիմնազիան, որն այսօր գործում է Շվեդիայում:

Գիմնազիան պարտադիր դպրոց չէ, այլ լրացուցիչ կրթության համակարգ: Այն համապատասխանում է մեր ավագ դպրոցին և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Գիմնազիայում կարող են սովորել 17-20 տարեկան բոլոր այն երիտասարդները, որոնք ավարտել են 9-ամյա պարտադիր դպրոցը: Ուսուցումն անվճար է:
Սովորողների թիվը գիմնազիայում կազմում է 450-500 մարդ, դասարաններում սովորողների թիվը չի գերազանցում 30-ը, եթե ուսուցանվում է տեսական ծրագիր, եթե մասնագիտական է ծրագիրը` սովորողների թիվը չի անցնում 16-ից:

Գիմնազիայում ուսուցումը կազմակերպվում է պետական մակարդակով հաստատված 17 «Ազգային ծրագրերով», որոնցից 15-ը մասնագիտական ուղղվածություն ունեն, 2-ը` տեսական: Կա ութ հիմնական առարկա, որոնք պարտադրաբար առկա են բոլոր ծրագրերում: Դրանք են շվեդերենը, անգլերենը, մաթեմատիկան, բնագիտությունը, հասարակագիտությունը, գեղագիտությունը, կրոնագիտությունը և ֆիզկուլտուրան: Յուրաքանչյուր ուսումնական ծրագիր կազմվում է երեք տարվա համար: Ընդհանուր ուսումնական ժամանակի 33%-ը վերոնշյալ պարտադիր առարկաներին է հատկացվում: Մասնագիտական կողմնորոշման առարկաներին հատկացվում է ընդհանուր ժամաքանակի 55%-ը, այս վերջինիս 15%-ն էլ իր հերթին հատկացվում է արտադրական պրակտիկային: Ընդհանուր ուսումնական ժամանակի մնացած 12%-ը սովորողներն օգտագործում են ինքնուրույն, ընտրելով մեկ կամ մի քանի լրացուցիչ առարկաներ` համապատասխան իրենց հետաքրքրություններին:

Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը բավական լայն սպեկտր ունեն. «Գեղարվեստական-գեղագիտական», «Առևտրական-վարչական», «Երեխաների հանգստի կազմակերպում», «Շինարարական», «Էլեկտրասարքեր», «Էներգետիկա», «Արհեստ», «Հիվանդների խնամք», «Հասարակական սննդի ոլորտ», «Զանգվածային տեղեկատվական միջոցներ», «Բնական ռեսուրսների օգտագործում», «Տրանսպորտային միջոցներ», «Տեխնիկա» և այլն:

Տեսական ծրագրերը բաժանվում են երկու խոշոր բաժինների:

1. Բնական գիտություններ. այս ծրագրով ուսումնասիրում են մաթեմատիկա և այլ ճշգրիտ գիտություններ, համակարգչային տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի պահպանություն և այլն:

2. Հասարակական գիտություններ. սա նախատեսում է հասարակական գիտությունների, լեզուների, ինչպես նաև տնտեսագիտության ուսումնասիրություն:

Մունիցիպալ դպրոցի նման, գիմնազիան ևս ունի իր գործունեության կազմակերպման բավարար ազատություններ: Ուսուցման ո՞ր փուլում պետք է սկսել այս կամ այն առարկայի ուսումնասիրությունը, ի՞նչ տևականություն պիտի ունենան դասերը` այս և համանման այլ հարցեր գիմնազիան ինքն է որոշում` համաձայնեցնելով կրթության տեղական օրգանների հետ:

Ինչպես մունիցիպալ դպրոցներում, գիմնազիայում ևս, հատուկ վերաբերմունք կա չհասցնող երեխաների հանդեպ: Սովորողների այս կազմը, որպես կանոն, չի հաճախում «պրոբլեմային» առարկայի սովորական պարապմունքներին, այլ աշխատում է հատուկ կազմած ծրագրով: Միայն հանձնելով լրացուցիչ քննություն` հաջողության դեպքում, նա վերադառնում է սովորական պարապմունքներին:

Այլընտրանքային գիմնազիաներ

Այլընտրանքային դպրոցների նմանությամբ Շվեդիայում գործում են նաև այլընտրանքային գիմնազիաներ, սակայն դրանց թիվը չնչին է: 9-ամյա դպրոցն ավարտողների 95%-ից ավելին ուսումը շարունակում է մունիցիպալ (ոչ այլընտրանքային) գիմնազիայում: Այլընտրանքային գիմնազիաները այլընտրանքային դպրոցների նման պետք է մի շարք, օրենքով նախատեսված, պայմանների բավարարեն, որպեսզի պետությունը նրանց տա մունիցիպալ գիմնազիաներին հավասար կարգավիճակ:

9-ամյա դպրոցի շրջանավարտները սովորաբար ընդունվում են իրենց մունիցիպալ մարզի գիմնազիան: Սակայն օրենքը չի արգելում սովորել նաև այլ մունիցիպալ մարզերում գտնվող սովորական կամ այլընտրանքային գիմնազիայում, եթե, օրինակ, սովորողի ընտրած ուսումնական ծրագիրը չկա տեղական գիմնազիայում: Բոլոր դեպքերում մունիցիպալ մարզը պարտավոր է վճարել սովորողի օրենքով նախատեսված ուսումնական ծախսերը:

Մեծահասակների ուսուցումը

Մարդուն ամբողջ կյանքում սովորելու անհրաժեշտությունը Շվեդիայում շատ լավ են գիտակցում և հասարակության բոլոր խավերի կրթական կարիքները բավարարելու համար միջոցներ չեն խնայում: Երկրի ամբողջ տարածքում ստեղծված է կրթական հաստատությունների լայն ցանց (տես գծապատկերը), որոնք ընդհանուր հաշվով նախատեսում են հարյուր հազար ուսումնական տեղ: Այս ոլորտի պահպանման ու զարգացման համար տրամադրվող պետական հատկացումների ծավալը հասնում է տարեկան 3 միլիարդ շվեդական կրոնի (մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար):

20 տարեկանն անց մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ավարտել միջնակարգ դպրոցը կամ գիմնազիան` հնարավորություն ունեն սովորելու մեծահասակների համար նախատեսված տարաբնույթ կրթօջախներում: Դրանցից ամենակարևորը մեծահասակների մունիցիպալ դպրոցն է կամ Կոմվուկսը: Ուսուցման պրոցեսը կազմակերպվում է այնպես, որ հնարավոր լինի համատեղել ուսուցումն աշխատանքի հետ: Կոմվուկսում ուսանողներն իրենք են ընտրում ուսումնական առարկան և որոշում այն ծավալը, որը պիտի յուրացնեն: 9-ամյա դպրոցի ծրագրով սովորաբար ուսանում են ներգաղթողները և այս կամ այն պատճառով դպրոցից հեռացվածները:

Ուսման ժամանակը 9-ամյա դպրոցում 1-2 տարի է, գիմնազիայում` 1 տարի: Ուսուցումը համարվում է ավարտված, եթե սովորողը հիմնական չորս` շվեդերեն, անգլերեն, մաթեմատիկա և հասարակագիտություն առարկաներից ստանում է առնվազն բավարար գնահատական: Դասընթացի վերջում շրջանավարտն ստանում է ատեստատ: Կոմվուկսում ուսուցումն անվճար է, բայց դասագրքերն ուսանողներն իրենք են ձեռք բերում:

Կոմվուկսներից զատ գործում են նաև սովորողների մասնագիտության ձեռքբերմանը, կամ նրանց մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված լրացուցիչ կրթության դպրոցներ: Այստեղ սովորելու ժամկետը մի քանի շաբաթից մինչև մեկ տարի է:

Կան նաև հատուկ դպրոցներ զարգացման հապաղում ունեցող մեծահասակների համար:

Գործում են շվեդերեն լեզվի դասընթացներ կազմակերպող ուսումնական հաստատություններ` նախատեսված ներգաղթողների ու փախստականների համար:

Կան հեռակա ուսուցման երկու պետական դպրոց, մի քանի կամավոր հիմունքներով աշխատող ուսումնական ասոցիացիաներ:
 
Շվեդական օրենքը թույլատրում է նաև կիրառել էքստեռն կարգով քննություններ հանձնելու պրակտիկան. պետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի էքստեռն քննություններ հանձնել պարտադիր միջնակարգ դպրոցի, գիմնազիայի, մեծահասակների համար նախատեսված մունիցիպալ կամ պետական դպրոցի առանձին առարկաներից, նույնիսկ` ամբողջ դասընթացից` առանց սովորելու այդ հաստատություններում: Նույն իրավունքները, մասնակի սահմանափակումներով, տարածվում են նաև ներգաղթողների ու փախստականների վրա:
 
Գ ր ա կ ա ն ու թ յ ու ն

  1. Соколов Е. Шведская школа: система и управление, Директор школы. 1994, ¹ 6
  2. Иванов К., Смирнов А. Все, что Вы хотели знать о Швеции. Стокг. 2000.
  3. Баранова Т. Проффесиональное обучение взрослых в Швеции. Профессионал. 1998. НО. 10.
  4. Исмаилов Э. Э. Организация учебно-воспитательного процесса в школах Швеции. Педагогика. ¹ 1, 2004.
  5. С. С. Гриншпун. Подготовка учащихся к жизни и труду в школах Швеции. Педагогика. ¹ 3. 2007.
  6. Э. А. Аксенова. Инновационные программы профессиональной подготовки школьной молодежи Швеции. Педагогика ¹ 6, 2007.
  7. Э. Э. Исмаилов. Довузовская профессиональная подготовка в Швеции. Педагогика, ¹ 4, 2003.
  8. С. С. Гриншпун. Современные тенденции развития школьного образования в Скандинавии. Педагогика, ¹ 8, 2006.
  9. Интернет-ресурс: http: //www.scolverket.se/

1) Մանկավարժություն, 1-2, 2009թ, Երևան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.