«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Սարգիս Գալոյան

Շվեդիայի հանրակրթական համակարգը (1)

Նախաբան

Գիտության և տեխնիկայի աննախադեպ զարգացումը 20-րդ դարի կեսերին սկզբնավորեց, այսպես կոչված, հետարդյունաբերական հասարակության ձևավորումը, որն իր էությամբ տեղեկատվական հասարակություն է: Այդ ֆորմացիայի ամենահատկանշական առանձնահատկությունն այն է, որ ձևավորվել ու շարունակում է զորանալ արտադրության մի նոր, կարելի է ասել, ապամարդկային ոլորտ, որը չի ստեղծում ո՛չ նյութական բարիքներ, ո՛չ մշակութային արժեքներ: Դա տեղեկատվական ծառայությունների սեկտորն է, որտեղ արտադրվում, մշակվում և հաղորդվում է սոսկ ինֆորմացիա:

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները դարձել են զարգացած երկրների հասարակական կյանքի ամենակարևոր տարրերը, իսկ գիտելիքն ու ինֆորմացիան` առաջընթացի որոշիչ գործոններ: Բնական ռեսուրսները, արդյունաբերական ու ռազմական հզորությունը, ինչպես նշում են այդ հասարակարգի նշանավոր հետազոտողները, այլևս կայուն զարգացման ու բարգավաճման երաշխիքներ չեն տալիս: Ամենահզոր կապիտալ է դառնում մարդը, նրա ինտելեկտուալ ու ստեղծագործական ընդունակությունները, ինչը պետության մրցակցային ներուժը դարձնում է կախյալ նրա քաղաքացիների գիտական ու կրթական մակարդակից: Այս պարագան էլ հենց ամբողջ աշխարհում կրթական բարեփոխումների` կրթության բովանդակության վերակառուցման, ուսուցման կազմակերպման նոր` ժամանակին հարիր ձևերի որոնման հզոր ալիք է առաջացրել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնացումը գերհզոր պետությունների ձեռքում մրցակցային պայքարը դարձնում է ավելի նուրբ և, դրանով իսկ, ավելի վտանգավոր: Երրորդ և մասամբ` երկրորդ աշխարհի երկրներում իրականացվող տեղեկատվական ու մշակութային ճնշումը, քաղաքական ու գաղափարական մանիպուլյացիաները լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ երկրների համընթաց զարգացման և մշակութային ինքնության պահպանման համար: Այլևս գաղտնիք չէ, որ հզոր, բարգավաճ երկրները գերադասում են երրորդ և երկրորդ աշխարհի երկրները տեսնել մշտապես նույն կարգավիճակում. աշխարհը նեղ է, և բոլորի համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն մեր փոքրիկ մոլորակը չունի: Եվ աղքատ երկրներին տրամադրվող ֆինանսական ու գաղափարական «օգնությունը» մասամբ նաև նրանց ազգային արմատներից, ավանդույթներից զրկելու, մշակութային յուրակերպությունը ոչնչացնելու և դրանով իսկ պետությունների մի մասը սպառման շուկայի վերածելու թաքուն առաքելություն ունի:
Այս առաքելությանն է անուղղակիորեն ծառայում նաև եվրոպական շատ երկրներում բուհական անվճար ուսուցման համակարգը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում աշխարհի բոլոր ծայրերից դեպի իրենց երկիր ինտելեկտուալ ռեսուրսների ներհոս ապահովելու համար:

Այս դաժան ճշմարտությունը չգիտակցող ազգերը դատապարտված են: Իմանալ և դրսևորել կամք ընդունելու, որ դրսից մատուցվող տեխնոլոգիաներն ու գաղափարները, լինեն դրանք արտադրական թե տեղեկատվական, գիտական թե կրթական, սոսկ բարի նպատակներ չեն հետապնդում: Եվ նրանցից իսկապես օգուտ քաղելու համար մեզ կրկին ու կրկին անհրաժեշտ է ինտելեկտուալ ջանքեր գործադրել ճիշտ գնահատելու համար նոր աշխարհակարգն ու նրանում դարանված վտանգները: Միավորվելով համաշխարհային կրթական հանրությանը մենք պետք է զգոնություն դրսևորենք` չդառնալու համար արտահանվող կրթական խոտանի երկիր: Եվ ճանապարհներից մեկն այստեղ զարգացած երկրների մանկավարժական ու կրթական փորձի ուսումնասիրումն է:
Եվրոպական երկրները իրենց ազգային կրթական համակարգերի լայնամասշտաբ բարեփոխումների անցան հատկապես Բոլոնյան հռչակագրի ընդունումից հետո (1999թ): Այս ակտով նրանց ազգային կրթական համակարգերի արդիականացումը ստացավ քիչ թե շատ համաձայնեցված բնույթ:

Կրթության արդիականացման գործընթացը Հայաստանում մեկ տասնամյակի պատմություն ունի: Այս ընթացքում լուրջ փոփոխություններ են կատարվել հանրակրթական համակարգի կառուցվածքում, մշակվել է կրթության մասին օրենքը, ստեղծվել ու շարունակվում են ստեղծվել նոր կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր: Ձևավորվում է գիտելիքների ու կարողությունների գնահատման նոր համակարգ: Իրականացվում են ուսուցիչների մասնագիտական և մեթոդական վերապատրաստման դասընթացներ: Մեր պատկերացումների համակարգ են ներխուժում «հանդուրժողականություն», «թիմային աշխատանք», «շարժունակություն», «մտահասություն», «էկոլոգիական գիտակցություն», «ինքնուրույնություն», «կրթության սուբյեկտ», «համագործակցային ուսուցում» և բազում այլ հասկացություններ: Ընթանում է վերակառուցման մի գործընթաց, որը ոչ միայն մեր կրթական կառույցներին է վերաբերում, այլ նաև մեր մտածողությանը: Փաստն այս չի կարող անտարբեր թողնել կրթության ապագայով մտահոգ ոչ մի մարդու. ու՞ր է տանում մեզ կրթական գլոբալ զարգացումների ալիքը, ի՞նչ տեղ ու դեր է նախատեսված մեզ` ձևավորվող նոր կրթական տարածության մեջ, ի՞նչ կշահենք միավորումից, չե՞նք կորցնի մեր ազգային դիմագիծը: Մեր կրթության բարեփոխումներն, անկասկած, մտել են մի փուլ, երբ օդի պես անհրաժեշտ է հետադարձ հայացք գցել անցյալին, արժևորել ձեռքբերումները, մատնանշել կորուստները` գտնելու համար գործունեության այն դաշտը, որտեղ կարող է լավագույնս դրսևորվել մեր ազգային ինքնությունը, մեր առանձնահատուկ մտածելակերպն ու հանճարը, այն ճանապարհը, որով անցնելով միայն` կարող ենք պահպանել մեր ազգային դիմագիծը և հասնել ինքնահաստատման:

Հարկ է ընդունել, որ մի քանի սկզբունքային, կարևոր ձեռնարկումներ բարեփոխումների այս տասնամյակում մեզ չհաջողվեց իրականություն դարձնել: Օրինակ, չնայած ուսուցման մեջ տեղեկատվական-գիտելիքային մոտեցումից հրաժարման անհրաժեշտության ընդհանուր գիտակցության առկայությանը, ուսուցումը հնարավորինս անհատականացնելու և ուսուցման ժողովրդավարական ոճի անցնելու մեր պատրաստակամությանը, ուսումնական ծրագրերն ու դասագրքերը ավելորդ տեղեկություններից բեռնաթափելու խնդիրը մնաց չլուծված: Համագործակցային ուսուցման մեթոդները, որոնց ներդրման վրա հսկայական ջանքեր ու ֆինանսներ ծախսվեցին, այդպես էլ դպրոց չմտան: Սովորողների ընդհանուր կրթական մակարդակի բարելավման խնդիրը ևս կարելի է չլուծված համարել. դպրոցն այսօր նույն ճահիճն է, ինչպես որ մեկ տասնամյակ կամ ավելի առաջ: Այս տխուր իրողության պատճառները պարզելը թեև դժվար, բայց հույժ կարևոր գործ է:

Այս առումով տարբեր երկրների կրթական համակարգերի կառուցվածքի ու գործառության մեխանիզմների ուսումնասիրությունն առանձակի կարևորություն է ստանում: Որովհետև հաճախ այն, ինչ մեզ մատուցվում է որպես մանկավարժական նվաճումների վերջին խոսք, բնավ լայն կիրառություն չգտած ինչ-որ մի մասնավոր մոտեցում է, որի ջատագովները ավելի շատ իրենց տեսությունն են փորձարկում, քան թե առաջ տանում մեզ: Ահավասիկ համագործակցային ուսուցումը. այսօր արդեն պարզ է դառնում, որ կրթական այս տեխնոլոգիան երկնքից իջած մանանա չէ: Այն չի կարելի նույնիսկ տեխնոլոգիա անվանել, եթե «տեխնոլոգիա» ասելով հասկանանք ուսուցման մեթոդների ու հնարների այն կուռ համակարգը, որը հետևողական կիրառման դեպքում պիտի ապահովի ընդհանուր կրթական երաշխավորված մակարդակ: Չկա գիտականորեն հիմնավորված ուսուցման ընդհանուր ռազմավարական կոնցեպցիա: Եղածն էլ ակներևաբար չի ընդգրկում այն նպատակներն ու խնդիրները, որոնցով այսօր զբաղված է համաշխարհային մանկավարժական միտքը: Համագործակցային ուսուցումը ներկայացնում է առօրեական գիտակցության մակարդակով հիմնավորված ուսուցման կազմակերպման ու մեթոդների առանձին տարրեր, որոնք լավագույն դեպքում, սովորողներին թիմային աշխատանքի փորձառություն կտան, կձևավորեն համագործակցային ինչ-ինչ որակներ: Համագործակցային ուսուցման տեսադաշտից դուրս են անձի հուզական, ինտելեկտուալ և հոգևոր ոլորտների զարգացման խնդիրները` ինչքան էլ առերևույթ հակառակը պնդեն նրա կողմնակիցները: Նրա` մակերեսորեն մշակված հայեցակարգում զարգացումը տեղ չունի` որպես կրթական նպատակ, այն անհատի ինքնուրույնության ձևավորմանն ու անհատական կրթական առաջընթացին, նրա` որպես անհատականության, կայացման հույժ արդիական խնդրին կարևորություն չի տալիս: Եթե ճիշտ է, որ «սովորեցնելով այլոց սովորում ենք ինքներս», ապա նույնքան ճիշտ է նաև այն, որ կարգին չսովորած իրավունք չունենք այլոց սովորեցնելու: Համագործակցային ուսուցման մեթոդներում առկա «սովորելով սովորեցնել» անմշակ գաղափարախոսությունն առանց վերապահության կիրառելու դեպքում ուսուցումը կվերածվի խաղի ու խեղկատակության: Ի դեպ, զարգացման գաղափարը` որպես կրթության բաղադրիչ, չի ներկայացված նաև մեր կրթության հայեցակարգում` Կրթակարգում:

Կրթության կազմակերպման սկզբունքները

Շվեդիան այն երկիրն է, որը միշտ էլ աչքի է ընկել իր բարձր կրթական նվաճումներով, իր կրթությունը մշտապես արդիականացնելու պատրաստակամությամբ և այսօր համարվում է աշխարհի թերևս ամենալավ կրթական համակարգ ունեցող երկիրը: Ունի 9 միլիոն բնակչություն, որի 91%-ը շվեդներ են, 3%-ը` ֆիններ, մնացած 6%-ը բաժին է ընկնում նորվեգացիներին, իրանցիներին, դանիացիներին ու թուրքերին:

Շվեդիան կրթության վրա ծախսում է իր տարեկան համախառն ներքին արդյունքի 6,7%-ը, որը ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում. երկրորդ տեղում Ամերիկան է` 6,6%, հետո Ֆրանսիան` 6,2%, Գերմանիան` 5,8%, Անգլիան` 5,3%, Ռուսաստանը` 3,6%: Հայաստանն իր կրթության զարգացման վրա ծախսում է տարեկան համախառն արդյունքի 2%-ը:

Մինչև 1962 թվականը Շվեդիայում գործում էին աղջիկների ու տղաների համար առանձին դպրոցներ: Ընդսմին, աղջիկների լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունները խիստ սահմանափակ էին: 1975թ.-ից Շվեդիան անցավ 9-ամյա պարտադիր հանրակրթական դպրոցի ստեղծմանը, և մոտ երկու տասնամյակ տևող բարեփոխումների արդյունքում կրթության կառավարման, ֆինանսավորման, դպրոցի կառուցվածքի և ուսուցման կազմակերպման ձևերը իրենց այժմյան տեսքն ստացան:

Նախքան հանրակրթական համակարգի կառուցվածքային տարրերն ու նրանց գործառությունը առավել մանրամասն ներկայացնելը, նպատակահարմար է ընթերցողին ծանոթացնել այն ղեկավար սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է Շվեդիայի կրթության համակարգը իր գործունեությունը կազմակերպելիս: Այն կօգնի մեզ հասկանալու նաև կրթական զարգացումների ընդհանուր ուղղվածությունն այդ երկրում:

Առաջին սկզբունքը հանրակրթության պարտադրականությունն է. բոլոր երեխաներն ու դեռահասները պետք է պարտադիր կրթություն ստանան պարտադիր դպրոցներում:  Գիմնազիական համակարգն այս ցուցակում չէ. այն նախատեսված է լրացուցիչ կրթություն ձեռք բերելու համար:

Երկրորդը կրթության մատչելիության սկզբունքն է: Կրթության բոլոր աստիճաններում ուսուցումն անվճար է: Բոլոր կատեգորիաների մարդկանց համար, որորնք Շվեդիայի քաղաքացիներ են, ուսուցումը մատչելի դարձնելու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները: Մունիցիպալ դպրոցներում սովորողներն ստանում են անվճար սնունդ, օգտվում են ուսուցման տարբեր միջոցներից, տրանսպորտից: Նույնը վերաբերում է մունիցիպալ գիմնազիաների մեծ մասին:

Երրորդ սկզբունքը ուսման` դեպի աշխատանքային գործունեություն ուղղվածությունն է: Հիմնական դպրոցում աշակերտները 6-10 շաբաթ անցնում են աշխատանքային պրակտիկա: Գործում են հատուկ մասնագիտական դասընթացներ, օրինակ` տեխնիկական սպասարկում, ձեռքի աշխատանք, մեքենաշինություն, առևտրական ծառայություններ և այլն, որոնք օգնում են դպրոցն ավարտողին հեշտությամբ աշխատանք գտնել:

Չորրորդ սկզբունքը ուսումնական հաստատությունների պետական և հասարակական բնույթին է վերաբերվում. բոլոր ուսումնական հաստատությունները կառավարվում են Պետական ազգային կոմիտեի կողմից. այն հետևում է տարբեր վարչական օրգանների գործունեությանը` նպատակ ունենալով խթանել կրթության զարգացումը:

Հինգերորդը կրթության հումանիստական բնույթն է: Բոլոր աշակերտները, անկախ իրենց դրսևորած ընդունակություններից, պատշաճ ուշադրության են արժանանում: Դպրոցներում չհասցնող երեխաների համար նախատեսվում են հատուկ դասընթացներ: Մունիցիպալ դպրոցներում սովորողներն ակտիվորեն մասնակցում են ուսուցման կազմակերպման խնդիրներին. կազմում են ուսումնական ծրագրեր, ինքնուրույն որոշում իրենց ուսումնական բեռնվածությունն ու աշխատանքային ռեժիմը: Կրթական զարգացումների վեկտորն ուղղված է դեպի սովորողի անձը, դեպի նրա ազատ զարգացումը:

Շվեդիայում դպրոցական կրթության կազմակերպման պատասխանատվությունն ընկած է կառավարության վրա. դպրոցների ընդհանուր նպատակներն ու աշխատանքի ուղղվածությունը որոշվում են պետական մակարդակով, իսկ մունիցիպալ իշխանությունները պատասխանատու են աշխատանքների պրակտիկ իրականացման համար: Կրթական համակարգի զարգացումն ընթանում է հնարավորինս ապակենտրոնացման ուղղությամբ և վճիռներ կայացնելու իրավունքները աստիճանաբար փոխանցվում են ավելի ու ավելի ցածր մակարդակներին: Կրթության համակարգի կառավարումն իրականացնում են Կրթության նախարարությունն ու նրա ստեղծած հանձնաժողովները: Վերջիններս մշակում են առանձին կրթական ծրագրեր և նախապատրաստում բարեփոխումներ կրթության այս կամ այն աստիճանի համար: Գոյություն ունեն նաև «Կենտրոնական կառավարչություններ», որոնք, անկախ նախարարություններից, աշխատում են կառավարության հրահանգներին համապատասխան: Սրանք զբաղվում են դպրոցի աշխատանքի գնահատմամբ, իրականացնում են ուսումնական պրոցեսի վերահսկողություն, մշակում են դպրոցների զարգացման առաջարկներ: Իրականացնում են նաև տնօրենների վերապատրաստում, լուծում ուսուցիչների որակավորման բարձրացման խնդիրներ, ապահովում այդ ամենի համար անհրաժեշտ ֆինանսավորում:

Կրթության ֆինանսավորման համակարգը ևս աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ: Պետությունը ֆինանսավորում է մունիցիպալ մարզերին` ապահովելու համար հասարակական ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ նվազագույնը: Մունիցիպալ մարզերի եկամուտները լրացվում են պետական դրամաշնորհներով, որոնք նպատակ ունեն մեղմել տարբեր մունիցիպալ մարզերի միջև առկա տարբերությունները: Մունիցիպալիտետներն իրենք են տնօրինում պետական միջոցները, բայց պետությունն իրեն որոշ իրավունքներ է վերապահել միջամտելու այս գործին` հիմք ունենալով դպրոցի մասին պետական օրենքներն ու մյուս նորմատիվ փաստաթղթերը: Այս երկուսից զատ պետությունը տալիս է նաև նպատակային դրամաշնորհներ` գիտական հետազոտությունների, տարաբնույթ կրթական մշակումների, ուսուցիչների որակավորման բարձրացման, մտավոր հետամնաց երեխաներին հատուկ օգնություն ցուցաբերելու և այլնի համար: Այս նպաստներից բաժին է հասնում նաև պետական այլընտրանքային այն դպրոցներին, որոնք չեն մտնում մունիցիպալ համակարգի մեջ, սակայն իրենց հնարավորություններով պետության կողմից ճանաչվել են հավասար պարտադիր 9-ամյա դպրոցին: Հատկացումների չափն այստեղ ուղիղ համեմատական է սովորողների թվին: Նույնը վերաբերում է այդ կարգավիճակի գիմնազիաներին:

Ուսումնական մոտիվացիա
Սովորողների ուսումնական գործունեության խթանումը Շվեդիայի կրթական ընդհանուր քաղաքականության կարևոր տարր է և համարվում է յուրաքանչյուր դպրոցի առաջնահերթ խնդիր: Դպրոցի պարտականությունների մեջ է մտնում աջակցել սովորողներին ինչպես ուսումնական պրոցեսում, այնպես էլ` սոցիալական ոլորտում: Դպրոցական միջավայրը գրավիչ դարձնելը դպրոցի ողջ անձնակազմի խնդիրն է: Որոշ մունիցիպալիտետներ իրենց դպրոցներում ստեղծում են հատուկ մասնագետների խմբեր. սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, բժիշկներ, բուժքույրեր: Մի շարք դպրոցներում կան նաև մասնագիտական կողմնորոշման հարցերով խորհրդատուներ: Այլ մունիցիպալիտետներում ստեղծում են կենտրոնացված սոցիալական և հոգեբանական ծառայություններ, որոնցից օգտվում են տվյալ մունիցիպալիտետի բոլոր դպրոցները: Երրորդ դեպքում տեղական կառավարման մարմինները դպրոցներին որոշակի գումարներ են հատկացնում` նման ծառայություններից օգտվելու համար:

Լուրջ ուշադրության են արժանանում երեխաների առողջության հետ կապված խնդիրները. Կրթության մասին օրենքում կա մի դրույթ, ըստ որի դպրոցի տնօրենը պատասխանատու է սովորողների առողջության պահպանման համար: Դպրոցները պարտավոր են կազմակերպել երկարօրյա խմբեր, եթե դրանց կարիքը զգացվում է: Կան հանգստի կենտրոններ և երեխաներին խնամող մասնավոր տներ, որոնք մունիցիպալ օրգանների հսկողությամբ իրականացնում են ծառայություններ այն երեխաների համար, որոնց ծնողներն աշխատում են կամ սովորում:

Ուսումնական պլան
Ուսումնական պրոցեսն ուղղորդող կարևոր փաստաթուղթ է ուսումնական պլանը (Curiculume): Սա 22 էջանոց մի փաստաթուղթ է, որտեղ ձևակերպված են դպրոցի նպատակներն ու խնդիրները, զարգացման հեռանկարները, ուսումնական ծրագրերը: Այն ինչ-որ չափով հիշեցնում է մեր Կրթակարգը, սակայն կազմվում է 3 տարի ժամկետով:

Ուսումնական պլանը կազմված է առանձին բաժիններից: Առաջաբանում ներկայացվում են այն ընդհանուր դրույթները, որոնցով կանոնակարգվում է դպրոցի գործունեությունը:

Առաջին բաժնում («Առաջնահերթությունների ոլորտ») ամրագրված է կրթական համակարգի արդիականացման առաջատար սկզբունքը` նրա ապակենտրոնացումը: Սա մանկավարժներին հնարավորություն է ընձեռում որոնելու և փորձարկելու ուսուցման կազմակերպման նոր ձևեր ու մեթոդներ:

Երկրորդ բաժինը («Դպրոց բոլորի համար»), շեշտադրում է բոլոր երեխաներին` անկախ նրանց սոցիալական ու տնտեսական դրությունից, կրթություն ստանալու հավասար հնարավորություններ ընձեռելու գաղափարը, երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունն ապահովելու դպրոցի պարտականությունը: Դպրոցը պետք է մանկավարժական գործունեությունը համատեղի երեխայի հանդեպ հոգատարության հետ. ցույց տա նրան մանկավարժական, հոգեբանական, ֆիզիկական և մշակութային օգնություն:

Սովորողների ներգրավումը մեծահասակների հանրության մեջ դժվար ու հակասական խնդիր է, և այստեղ տեղական իշխանությունները տեսնում են իրենց անելիքները: Ամառային արձակուրդներին կազմակերպում են կարճատև դասընթացներ այս կամ այն մասնագիտության ուսուցման համար: Դպրոցականները կարող են կարճ ժամանակում տիրապետել, ասենք, լուսանկարչության արվեստին, սովորել նվագել երաժշտական ինչ-որ գործիքով, յուրացնել ծաղկաբուծության արվեստը և այլն:

Ուսպլանի երրորդ բաժինը վերաբերում է ժողովրդավարական դաստիարակությանը: Այստեղ նշվում է, որ դպրոցը պետք է սովորողների մեջ սերմանի սեր աշխատանքի և կյանքի ժողովրդավարական ձևերի հանդեպ: Սովորեցնել հարգել յուրաքանչյուր մարդու անհատականությունն ու ինքնատիպությունը, դաստիարակչական աշխատանքները կազմակերպել քրիստոնեական բարոյականության և էթիկայի սկզբունքներին, հումանիստական գաղափարներին համապատասխան: Մատաղ սերնդին ժողովրդավարական արժեքների պատվաստումը, շվեդ մանկավարժների կարծիքով, կարելի է իրականացնել քաղաքացիականության դաստիարակության միջոցով: «Քաղաքացիականություն» ասելով նրանք հասկանում են մարդու ակտիվ կենսական դիրքորոշումը` հավելված մի շարք, ժամանակակից մարդուն անհրաժեշտ, որակներով` հաղորդակցության ժամանակակից ձևեր, արագ փոփոխվող աշխարհում ապրելու և հարմարվելու համապատասխան կարողություններ, ինֆորմացիան ընտրողաբար յուրացնելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ: Այս նպատակով մշակվել է «Քաղաքացիականության հիմունքներ» ուսումնական դասընթացը, որի հիմքում ընկած է մարդու իրավունքների ուսումնասիրումը: Ծրագիրն իրականացվում է ակտիվ ուսուցման սկըզբունքներով` հարցերի կոլեկտիվ քննարկումներ, բանավեճ, դիսպուտ և այլն:

Հատուկ ուշադրության է արժանանում շվեդերեն լեզուն. վերջինիս իմացությունը լավ գործ ունենալու գրավականներից մեկն է: Ուսպլանի այս դրույթը ևս իր կիրառությունն է գտել պրակտիկայում. դպրոցներում շաբաթական մեկ ժամ դասացուցակով նախատեսվում է «ընթերցանության ժամ»: Երեխաներն իրենց հետ դպրոց են բերում ուսումնական ծրագրով չպարտադրված գրքեր և կարդում դրանք: Տարեվերջին կազմակերպվում են ուսումնական կոնֆերանսներ, ուր սովորողները պատմում են իրենց կարդացած գրքերի մասին: Այս պարապմունքների նպատակը նաև երեխաներին հեռուստատեսությունից ու տեսաֆիլմերից հնարավորինս կտրելն է: Գեղեցիկ մտահղացում, որը հնարավոր է կազմակերպել նաև մեր դպրոցներում: Գրքի հանդեպ հետաքրքրության անկումը համամոլորոկային երևույթ է, սակայն փոքրաթիվ ժողովուրդների և հատկապես հայերի համար այն լեզվի մահացման, ազգի ուծացման իրական վտանգ է ներկայացնում: Մեզանում ընթերցասիրության պակասը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վատ է ընտրվում պարտադիր գրականության ցանկը: Այսպես կոչված «սեղմավեպերի» ստեղծման քաղաքականությունը իր հիմքում այն մտայնությունն ունի, թե չկարդալու պատճառը սոսկ վեպերի հաստափորությունն է և կրճատելով հեղինակային տեքստը` գրքերը կարելի է գրավիչ դարձնել: Այս կոպիտ, մեխանիկական մոտեցումը իր մեջ ոչինչ մանկավարժական չունի մարդուն մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու գաղափարի հետ և սովորողի գեղարվեստական ճաշակը փչացնելուց զատ այլ բանի պիտանի չէ: Էլ չենք խոսում արվեստագետի խոսքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին (պատկերացրեք մի պահ Շեքսպիրի «Համլետը» սեղմագրված): «Ընթերցանության ժամերի» կազմակերպումը հնարավորություն կընձեռեր մանկավարժներին նաև հասկանալ երեխաների բուն հետաքրքրությունները, նախասիրությունները և համապատասխան հետևություններ անել:

Ուսպլանն ուշադրության է արժանացնում «Առողջ կենսակերպի» խնդիրը. դեռահասներին օգնել խուսափելու էրոտիկ ֆիլմերի աճող ազդեցությունից ու նարկոտիկներից կախվածությունից: Շվեդ մանկավարժների շրջանում այն կարծիքն է գերակայում, որ երեխաների սեռական դաստիարակությունը պետք է սկսել վաղ մանկության տարիքից: Գործունեության ռազմավարությունը հանգում է ոչ թե արգելելուն, այլ մարդու գիտակցության վրա ներգործելուն: Այս նպատակով մշակվել է «Սեր. դուք կարող եք իսկապես ունենալ այդ զգացմունքը» կրթական ծրագիրը: Ծրագրի հիման վրա գրվել է գիրք, որն այսօր օգտագործվում է աշխարհի շատ երկրներում: Գիրքը քննության է առնում սեռերի փոխհարաբերությունների հետ կապված բազում հրատապ հարցեր. սեռադերային վարք, սեռական կյանքի հիգիենա, սեռական ինքնանույնականացում, սեռական կյանքի մասին առկա նախապաշարմունքներ և այլն: Ի դեպ, 1997թ. սեռաբանների համաշխարհային ասոցիացիան այս գիրքը որակել է որպես «Սեքսի մասին լավագույն կրթական ծրագիր»:

Ուսպլանում շեշտադրվող մյուս գաղափարը վերաբերում է սովորողների մտածողության կուլտուրայի ձևավորմանը: Երեխաների մեջ ձևավորել փաստարկելու կարողություններ, սովորեցնել ճիշտ մտածելու տրամաբանական ձևեր, ուշադրությունը հրավիրել ասված խոսքի որոշակիությանը, անհակասականությանն ու հիմնավորվածությանը, օգնել ձեռք բերված գիտելիքները պրակտիկայում կիրառելուն` օգտագործելով ուսումնական պարապմունքների ակտիվ տեսակներ` բանավեճ, պրոբլեմային իրադրություններ և այլն: Այս նպատակով մշակված է «Պահպանե՛ք ձեր մտածողությունը» կրթական ծրագիրը:

Ուսպլանն անդրադառնում է նաև մասնագիտական կողմնորոշման խնդիրներին և այս ուղղությամբ դպրոցների գործունեության ակտիվացման հանձնարարականներ տալիս: 2000թ. մշակվել է «Ինչպե՞ս ընթանալ կյանքի ճանապարհով» կրթական ծրագիրը: Ծրագրի նպատակն է օգնել սովորողներին մասնագիտական գործունեության մեջ հասնել հաջողության: Այն նախատեսում է իրականացնել սովորողների անձի, նրանց հետաքրքրությունների, հակումների ու ընդունակությունների համալիր ուսումնասիրություն: Միաժամանակ աշակերտներին ծանոթացնում են տարբեր մասնագիտությունների ու մասնագետների հետ, կազմակերպում զրույցներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ, անհատական խորհրդատվություններ և այլն:

Ուսպլանում կարևորվում է սովորողների հաղորդակցական կարողությունների բավարար մակարդակի ձևավորման հարցը: Արդի աշխարհում մարդկանց և մարդկային խմբերի միջև կոնֆլիկտները հաճախադեպ երևույթ են, ինչի արդյունքում առաջանում են անձի առողջությունը վտանգող տարազան սթրեսներ: Դպրոցի խնդիրն է ընդհանուր գծերով լուսաբանել ծագող կոնֆլիկտների բուն պատճառները և սովորողների մեջ դրանց կառավարման կարողություններ ու հմտություններ ձևավորել: 1995թ. մշակվել է «ՄԻ՛ վիրավորեք ինձ» կրթական ծրագիրը: Դասքննարկումների միջոցով երեխաներին ծանոթացնում են կոնֆլիկտների առաջացման պատճառներին, հիմնավորում են մարդու սեփական կարծիք ունենալու, այն ազատ արտահայտելու և պաշտպանելու իրավունքները: Կարևորվում է խոսակցին ուշադիր լսելու, նրան հասկանալու, փոխզիջման գնալու պատրաստակամությունը: Ընդգծվում է նաև կոնֆլիկտի դրական դերը. կոնֆլիկտները միշտ չէ, որ բացասական երևույթներ են, դրանք նաև խթանում են դեռահասի ինքնաճանաչման գործընթացը:

Կրթական համակարգի կառուցվածքն ու գործառության մեխանիզմները

Շվեդիայի կրթական համակարգի կառուցվածքի բաղկացուցիչ տարրերն են նախադպրոցական կրթությունը, պարտադիր հանրակրթությունը (9-ամյա հիմնական դպրոց), միջնակարգ դպրոցը (գիմնազիա) և բարձրագույն կրթությունը (համալսարաններ և վերջինիս կարգավիճակի բուհեր): Այս կազմը լրացնում են մեծահասակների և տարբեր հոգեմարմնական արատներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցների լայն ցանցը: Այս կառուցվածքն առավել ակնառու դարձնելու համար ներկայացնենք գծապատկերի տեսքով:

Կրթության մասին օրենքով 7-16 տարեկան երեխաները պարտավոր են հաճախել հանրակրթական դպրոց: Բացի այդ գործում է ոչ պարտադիր նախադպրոցական դասարանը` 6 տարեկանների համար և լրացուցիչ հանրակրթական դպրոցը` գիմնազիան, որտեղ դեռահասները 9-ամյա դպրոցն ավարտելուց հետո կարող են ձեռք բերել մասնագիտական կամ ակադեմիական հավելյալ գիտելիքներ: Ստեղծված է նաև մանկապարտեզների լայն ցանց, ուր կարող են հաճախել 1-5 տարեկան երեխաները:

Նախադպրոցական դասարանները կոչված են մեղմելու, սահուն դարձնելու երեխաների խաղային կյանքից ուսումնականաշխատանքային կյանքի անցնելու գործընթացը: Երեխաները տիրապետում են գրելու, կարդալու և հաշվելու պարզունակ կարողությունների: Պահպանվում է մանկապարտեզի ընդհանուր ռեժիմը: Ուսուցմանը հատկացվում է ոչ ավել, քան երեք ժամ, դասի տևողությունը 35 րոպե է: Տնային աշխատանքներ չկան, հիմնական առարկաներն են ֆիզկուլտուրան, աշխատանքը, երաժշտությունը, գեղանկարչությունը: Հաճախակի են էքսկուրսիաները, կա մշտական բժշկական հսկողություն:

Պարտադիր 9-ամյա դպրոցը բաժանվում է մունիցիպալ, պետական և այլընտրանքային դպրոցների: Սակայն պետական և այլընտրանքային դպրոցները շատ քիչ են, և սովորողների 95%-ը հաճախում է մունիցիպալ դպրոց: 1995թ.-ից դպրոցի բաժանումը կրտսեր միջին և ավագ աստիճանների վերացվել է: Նոր ուսումնական պլանով գիտելիքների ու կարողությունների հանդեպ պահանջները վերաբերում են 5-րդ դասարանի և 9-րդ դասարանի ավարտին: Սա հնարավորություն է տալիս ամբողջ երկրի մասշտաբով սովորողների ուսումնական ձեռքբերումների առավել պարզ և արդյունավետ գնահատում իրականացնել: Բոլոր տիպի դպրոցներում անգլերենն  ուսուցանվում է հավասար շվեդերենին:

Շարունակությունը

1) Մանկավարժություն, 1-2, 2009թ, Երևան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.