«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

7-րդ գլուխ

5-6-րդ գլուխներ

Ամազանը հասավ Բատավիա։ Սրտում վիշտը պահած՝ նա այնուամենայնիվ քաղցր բավականություն էր վայելում, երբ տեսավ մի երկիր, որ գանգարիդների երջանիկ երկրի հետ հեռավոր նմանություն ուներ՝ ազատություն, հավասարություն, ազնվականություն, բավականություն, հանդուրժողականություն։ Բայց այդ երկրի կանայք այնքան սառն էին, որ նրանցից ոչ մեկը չփորձեց, ինչպես ամեն տեղ լինում էր, նրան գրավել։ Նա հարկ չուներ կայունություն ցուցաբերելու։ Եթե ուշադրություն դարձներ այդ կանանց, ապա հեշտությամբ կգրավեր նրանց մեկը մյուսի հետևից՝ ոչ մեկի կողմից սիրված չլինելով։ Բայց նա հեռու էր այն մտքից, որ պիտի սրտեր նվաճի։ Ֆարմազանտան համարյա հասավ նրան այդ անգույն երկրում։ Նա միայն մի ակնթարթ ուշացավ։

Բատավիայում Ամազանի մոտ այնքան գովեցին Ալբիոն կղզին (Անգլիայի հին անվանումը), որ նա որոշեց իր միաեղջյուրով նավ բարձրանալ, որը համընթաց արևելյան քամու օգնությամբ չորս ժամում հասավ Տիրից ու Ատլանտիդա կղզուց ավելի հռչակված այդ երկրի ափերը։

Չքնաղ Ֆարմազանտան, նրան հետևելով Դվինեայի, Վիսլայի, Էլբայի և Վեզերայի ափով, վերջապես հասավ Ռեյնի գետաբերանը, որն այն ժամանակ իր վարար ջրերը մղում էր դեպի Գերմանական ծովը։
Նա տեղեկացավ, որ իր թանկագին սիրեցյալը նավարկել է դեպի Ալբիոնի ափերը։ Թվաց, թե հեռվում մի պահ երևաց նրա նավը։ Նա ուժ չուներ զսպելու ուրախության ճիչը, որ զարմացրեց Բատավիայի բոլոր կանանց, ովքեր չեն պատկերացնում, որ երիտասարդը կարող է պատճառ դառնալ այդպիսի հիացմունքի։ Ինչ վերաբերում է Փյունիկին, ապա նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում՝ համարելով, որ նրա փետուրները վաճառքի համար ավելի քիչ են պիտանի, քան սագերի կամ ճահճային թռչունների փետուրները։ Բաբելոնի արքայադուստրը վարձեց երկու նավ, որոնք պետք է նրան իր շքախմբով տեղափոխեին այն երջանիկ կղզին, որի հյուրը շուտով պիտի դառնար իր երազանքների միակ առարկան, իր կյանքի շունչը, իր սրտի պաշտամունքը։

Այդ նույն պահին, երբ հավատարիմ ու դժբխտ Ամազանն արդեն ոտք դրեց Ալբիոնի ափին, հանկարծ փչեց արևմտյան տաք քամին։ Բաբելոնյան արքայադստեր նավերը չկարողացան նավարկել։ Դառը թախիծը, ծանր ողբը, խորը տրտմությունը պաշարեցին Ֆարմազանտային։ Նա կսկծալով մտավ անկողին՝ սպասելով, թե երբ կփոխվի քամին։ Բայց ութ օր նա փչում էր անսպառ եռանդով։ Ութ օր, որ նրան դարեր էին թվում, Իրլան արքայադստեր համար բարձրաձայն սիրավեպեր էր կարդում։ Դա չի նշանակում, թե բատավցիները կարողանում էին սիրավեպ գրել, բայց քանի որ նրանք համաշխարհային միջնորդներ էին, վաճառում էին ուրիշ ժողովրդների մտքերն այնպես, ինչպես իրենց ապրանքները։ Արքայադուստրը հրամայեց Մարկ-Միշել-Ռեյից (հոլանդացի հրատարակիչ, որ հրատարակել է Վոլտերի՝ Ֆրանսիայում արգելված գրքերը) գնել ավզոնյան և մոգերի երկրներում (Իտալիան և Ֆրանսիան) գրված բոլոր հեքիաթները, ուր այդ հեքիաթների տարածումը խելամտորեն թույլատրված էր՝ Բատավիան հարստացնելու նպատակով։ Արքայադուստրը հույս ուներ այդ հեքիաթներում գտնելու իր արկածներին նման ինչ-որ բան և դրանով քնեցնելու իր վիշտը։ Իրլան կարդում էր, Փյունիկն իր կարծիքն էր ասում, իսկ արքայադուստրը ո՛չ «Դուրսպրծուկ գյուղացու» (Մարիվոյի վեպը), ո՛չ «Տանզայի», ո՛չ «Սոֆիայի» (Կրեբիլյոն Կրտսերի վեպերը։ Սրանք բոլորը 18-րդ դարում մեծ համարում ուներին ֆրանսիական բարձր հասարակության շրջանում) չգտավ գեթ մի բան, որ գոնե հեռավոր կերպով հիշեցներ իր արկածները։ Նա ամեն րոպե ընդհատում էր ընթերցանությունը, որ հարցնի, թե որ կողմից է փչում քամին։

8-րդ գլուխ

Այդ ժամանակ Ամազանը վեց միաեղջյուրի լծած կառքում արդեն մոտենում էր Ալբիոնի մայրաքաղաքին՝ երազելով արքայադստեր մասին։ Հանկարծ նա նկատեց մի կառք, որ ընկել էր ջրանցքը։ Ծառաները գնացել էին օգնություն փնտրելու, իսկ ինքը՝ տերը հանգիստ նստել էր կառքում՝ առանց դույզն-ինչ անհանգստության, և ծխախոտ էր վայելում, քանի որ այն ժամանակ արդեն ծխում էին։ Նրա անունը Mylord What-then էր, որ այն լեզվով, որով թարգմանում եմ այս պատմությունը, մոտավորապես նշանակում է «Դե ինչ, միլորդ»։

Ամազանը շտապեց նրան օգնության։ Նա առանց կողմնակի օժանդակողների բարձրացրեց կառքը. նրա ուժն այդքան գերազանցում էր ուրիշ մարդկանց ուժը։ «Դե, ինչ» միլորդը բավարարվեց ասելով՝ «Ա՛յ քեզ ուժ»։

Վազեցին եկան հարևան գյուղացիները և զայրանալով, որ իրենց իզուր տեղը անհանգստացրել են, հարձակվեցին օտարականի վրա։ Նախ հայհոյեցին՝ անվանելով նրան «օտարական շուն», հետո փորձեցին ծեծել։

Ամազանն ամեն ձեռքով երկու հոգու բռնեց և մի քսան քայլ հեռու նետեց։ Մյուսներն սկսեցին հարգանքով վերաբերվել, խոնարհվել և օղու փող մուրալ։ Նա ավելի շատ փող տվեց, քան գյուղացիները երբևէ տեսել էին։ «Դե, ինչ» միլորդն ասաց.

- Ես Ձեզ հարգում եմ։ Գնանք այստեղից երեք մղոնի վրա գտնվող իմ ամառանոցը՝ ճաշելու։

Նա նստեց Ամազանի կառքը, քանի որ իր սեփականն ընկնելիս ջարդվել էր։

Քառորդ ժամ լռելուց հետո միլորդը նայեց Ամազանին և հարցրեց.

- How do you do?,- բառացի թարգմանած՝ «Ինչպե՞ս ես դու անում», իսկ թարգմանած՝ «Ո՞նց ես», ինչը ցանկացած լեզվով ոչ մի բան էլ չի նշանակում։ Հետո ավելացրեց.

- Դուք վեց հիասքանչ միաեղջյուր ունեք,- և շարունակեց ծխել։

Ամազանը հայտարարեց, որ միաեղջյուրները միլորդի տրամադրության տակ են, որ ինքը եկել է գանգարիդների երկրից և առիթն օգտագործեց խոսելու համար Բաբելոնի արքայադստեր և ճակատագրական համբույրի մասին, որ նա տվել էր Եգիպտոսի փարավոնին։ Այս ամենին միլորդը ոչ մի պատասխան չտվեց, քանի որ իր համար միանգամայն միևնույն էր՝ կա՞ն արդյոք երկրի վրա Եգիպտոսի փարավոնը, Բաբելոնի արքայադուստրը։ Եվս քառորդ ժամ անցավ լռության մեջ, որից հետո նա նորից հետաքրքրվեց իր ուղեկցից, թե նա «ինչպես է անում» և արդյո՞ք գանգարիդների երկրում ուտում են հյութեղ ռոստբիֆ։ Իրեն հատուկ բարեկրթությամբ ճանապարհորդը պատասխանեց, որ Գանգեսի ափերին ընդունված չէ ուտել սեփական եղբայրներին, և շարադրեց մի ուսմունք, որ շատ հարյուրամյակներ հետո դարձավ Պյութագորասի, Պորֆիրիուսի և Յամվլիխի ուսումունք (Պյութագորասը՝ Ք. ա. 6-5-ր դդ հույն փիլիսոփա-իդեալիստ և մաթեմատիկ, որ թիվն ընդունում էր որպես աշխարհի հիմք։ Պորֆիրիուսը (3-4-րդ դդ) և Յամվլիխը (4-ր դդ.մ.թ.) - հույն փիլիսոփա-նեոպլատոնականներ, ուշ անտիկ մտքի իդեալիստական և միստիկական ուղղությունների ներկայացուցիչներ)։ Այդ ընթացքում միլորդը քնեց և քնած մնաց այնքան ժամանակ, մինչև հասան իր տանը։

Նա ամուսնացած էր մի երիտասարդ, հմայիչ կնոջ հետ, ում բնությունն օժտել էր նույնքան տպավորվող և զգայուն հոգով, որքան ամեն ինչի նկատմամբ անտարբեր էր նրա ամուսնու հոգին։ Այդ օրը Ալբիոնի մի քանի բարձրաստիճան անձինք եկել էին նրա մոտ՝ ճաշի։ Հավաքվել էին ամենատարբեր բարոյականության տեր մարդիկ, քանի որ երկիրը համարյա միշտ ղեկավարում էին օտարերկրացիները, և այդ տիրակալների հետ եկած ընտանիքները իրենց հետ բերում էին նաև ամենատարբեր սովորույթներ։ Հավաքվածների մեջ կային և՛ շատ բարեհամբույր մարդիկ, և՛ մեծ խելք ունեցող մարդիկ, և՛ գիտնականներ։

Տանտիրուհին ո՛չ երկչոտ էր, ո՛չ անվարժ, ո՛չ խստաբարո, ո՛չ սեթևեթ, ինչում այն ժամանակ մեղադրում էին երիտասարդ ալբիոնուհիներին։ Նա բոլորովին չէր թաքցնում աշխարհայացքի նեղությունը ձիգ կեցվածքի կամ սառը զսպվածության տակ, իսկ ամաչկոտ հուզմունքի տակ՝ մտքերն արտահայտելու անկարողությունը։ Ավելի գերող կին, քան նա էր, չկար։ Նա իրեն հատուկ բարեհամբուրությամբ և բարեկրթությամբ ընդունեց Ամազանին։ Այդ օտարականի բացառիկ գեղեցկությունը և ակամա համեմատությունը, որ նա արեց նրա ու իր ամուսնու միջև, միանգամից ալեկոծեցին նրան։

Ճաշը մատուցեցին։ Նա Ամազանին նստեցրեց իր կողքին և զանազան պուդինգներ էր մատուցում՝ նրանից իմանալով, որ գանգարիդները չեն ուտում նրանց, ովքեր արարիչից ապրելու սրբազան պարգևն են ստացել։

Ամազանի գեղեցկությունը, նրա առնականությունը, գանգարիդների առաքինությունը, արվեստների ծաղկունքը, կրոնն ու իշխանությունը. ահա թե ինչն էր նրանց հաճելի և բովանդակալից զրույցի թեման ճաշի ժամանակ, որը ձգվեց մինչև գիշեր, որի ընթացքում «Դե, ինչ» միլորդը շատ խմեց և ոչ մի բառ չարտասանեց։

Ճաշից հետո, մինչ տիրուհին թեյ էր լցնում՝ աչքերով ուտելով երիտասարդին, տղան զրուցում էր պառլամենտի մի անդամի հետ, քանի որ յուրաքանչյուրին էլ հայտնի է, որ այն ժամանակ գոյություն ուներ պառլամենտ՝ Վիտտենագեմոտ անունով, որ նշանակում էր «Իմաստունների ժողով»։ Ամազանը հարցնում էր սահմանադրության, բարոյականության օրենքների, բանակի, սովորույթների, արվեստների և այն ամենի մասին, ինչն այդ երկիրը դարձնում էր այդքան ընդօրինակելի։ Եվ զրուցակիցը նրան ահա թե ինչ պատմեց.

- Մենք երկար ժամանակ մերկ էինք ման գալիս, թեպետ կլիման դրան չի տրամադրում։ Տիբրոսի ջրերով ողողվող Սատուրնի (Հռոմ) հինավուրց երկրից եկած մարդիկ մեզ վերաբերվում էին որպես ստրուկների։ Բայց մենք ինքներս մեզ ավելի շատ վնաս էինք հասցրել, քան մեր առաջին նվաճողները։ Մեր արքաներից մեկն այնքան նվաստացավ, որ իրեն հռչակեց Տիբրոսի ափերին ապրող «Յոթ բլուրների իմաստուն» կոչվող հոգևորականի հպատակ (Անգլիայի թագավոր Հովհան Անհողն ընդունել է Անգլիայի վասալային կախվածությունը Հռոմի պապից)։ Այդ «Յոթ բլուրներին» վիճակված էր երկար ժամանակ իշխելու Եվրոպայի մեծ մասին, որ այն ժամանակ բնակեցված էր բարբարոսներով։

Անկման ժամանակներից հետո եկան վայրենացման ու անարխիայի դարերը։ Մեր հողը, որ ավելի էր ենթարկվում փոթորիկների, քան իրեն ողողող ծովը, ամայացված ու մեզ պառակտողների արյունով էր ողողված։ Մի քանի պսակակիրներ մահապատժի ենթարկվեցին, ավելի քան հարյուր ազնվարյուն արքայազներ ավարտեցին իրենց կյանքը կառափնարաններում։ Նրանց բոլոր համախոհների սրտերը հանում էին և դրանցով խփում նրանց երեսներին։ Մեր կղզու պատմությունը պիտի դահիճը գրեր, որովհետև նա էր վերջացնում բոլոր մեծ գործերը։

Ոչ վաղուց, որպես բոլոր սարսափների ավարտ՝ սև թիկնոցով փաթաթված մի քանի մարդիկ և ուրիշները՝ սպիտակ վերնաշապիկովևերը՝ ավելի չափավոր, սպիտակները՝ ավելի արմատական բողոքականներ)՝ վրայից կատաղած շներից կրծոտված բաճկոն հագած, ամբողջ երկիրը վարակել են կատաղությամբ։ Բոլոր քաղաքացիները կա՛մ մարդասպան դարձան, կամ զո՛հ, կա՛մ դահիճ, կա՛մ մահապատժված, կա՛մ շահագործող, կա՛մ ստրուկ, և այս ամենը՝ հանուն երկնքի և աստծուն որոնելու։

Ո՞վ կարող էր հավատալ, որ այս սարսափելի անդունդից, այս երկպառակության, դաժանության, անկրթության և ֆանատիզմի քաոսից ծնվելու է աշխարհում, միգուցե, ամենակատարյալ իշխանությունը։ Թագավորը՝ հարգարժան ու հարուստ, ամենակարող բարի գործերում և անկարող՝ չարերոմ, ամենաազատ, ամենամարտունակ, առևտրային և լուսավորյալ ժողովրդի գլուխ է կանգնել։ Մի կողմից ճանաչված մարդիկ, մյուս կողմից՝ քաղաքային ազնվականության ներկայացուցիչները բաժանում են միապետի հետ օրենսդրական իշխանությունը։

Մենք տեսանք, որ դեպքերի ճակատագրական ընթացքից ելնելով, երբ թագավորները ջանում էին հասնել անսահմանափակ իշխանության, խառնաշփոթը, քաղաքացիական պատերազմները, անարխիան և չքավորությունը մասնատում են երկիրը։ Անդորրը, հարստությունը, ընդհանուր բարեկեցությունը մեզ մոտ սկսեցին տիրել միայն այն ժամանակ, երբ արքաները հրաժարվեցին անսահմանափակ իշխանությունից։

Ամեն ինչ գլխիվայր դարձավ, երբ վեճն սկսեց ընթանալ մութ բաների մասին, և ամեն ինչ նորից իր տեղն ընկավ, երբ դրանց վրա սկսեցին ուշադրություն չդարձնել։ Մեր ամենահաղթ նավատորմները մեզ հռչակում են բոլոր ծովերում։ Օրենքները պաշտպանում են մեր հարստությունը. դատավորը չի կարող ազատ մեկնաբանել օրենքը և դատավճիռ չի արձակի առանց դրա համար անհրաժեշտ հիմքերն ունենալու։ Մենք մարդասպանի պես կձաղկեինք այն դատավորներին, ովքեր համարձակվեին մահվան դատապարտել քաղաքացուն, առանց նրան մերկացնող ապացույցներ և այդ հանցանքը դատապարտող օրենքը ներկայացնելու։

Ճիշտ է, մենք հիմա ունենք գրչի ու դավերի միջոցով իրար դեմ պայքարող երկու կուսակցություն (ֆեոդալականության և բուրժուազիայի կուսակցություններն ի նկատի ունի. ի վերջո ժողովրդի համար հավասարապես թշնամական այս երկու կուսակցությունների մեջ սահմանը լրիվ ջնջվեց), բայց դրանք անդավաճան միավորվում են, եթե պետք է լինում զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքն ու ազատությունը։ Այս երկու կուսակցություններն ուշադիր հետևում են միմյանց։ Նրանք միմյանց թույլ չեն տալիս պղծել օրենքների սուրբ գանձարանը։ Նրանք ատում են միմյանց, բայց սիրում են հայրենիքը։ Դրանք խանդոտ սիրահարվածներ են, ովքեր հնարավորինս լավ են ծառայում նույն տիրուհուն։

Ելնելով այդ նույն խելամիտ հիմնավորումներից, որոնք մեզ օգնեցին գիտակցել և պաշտպանել մարդկային էության իրավունքները՝ մենք բարձրացրինք գիտությունն այն մակարդակին, որին այն կարող է հասնել մարդկանց մոտ։ Ձեր եգիպտացիները, որ անուն են հանել մեծ մեխանիկների միջոցով, ձեր հնդիկները, որոնց հարգում են այնքան իմաստուն փիլիսոփաների համար, ձեր բաբելոնցիները, որ պարծենում են, թե չորս հարյուր երսուն հազար տարի հետևել են երկնային լուսատուների շարժին, հույները, որ այնքան շատ բառ են մտցրել ու այնքան քիչ իմաստ, բոլորը որոշակիորեն ոչինչ չգիտեն մեր ցանկացած դպրոցականի կամ մեր մեծ գիտնականների հայտնագործությունների հետ համեմատած։ Մենք մեկ հարյուրամյակում բնությունից քաղել ենք ավելի շատ գաղտնիք, քան ամբողջ մարդկությունը անհաշիվ դարերի վազքի ընթացքում։

Այսպիսին է հիմա իրերի իրական դրությունը։ Ես Ձեզնից ոչինչ չթաքցրեցի՝ ո՛չ լավը, ո՛չ վատը, ո՛չ մեր անկումները, ո՛չ մեր փառքը. և ոչինչ չեմ չափազանցրել։

Այս ճառը լսելով՝ Ամազանը անհաղթահարելի ցանկություն ունեցավ ճանաչելու այն բարձր գիտությունները, որոնց մասին իրեն ասում էին։ Եվ եթե նրա վիրավոր սրտին այդքան անբաժան չտիրեին Բաբելոնի արքայադստեր սերը, որդիական խոնարհումը իր կողմից լքված մոր նկատմամբ և սերը հայրենիքի նկատմամբ, նա իր ամբողջ կյանքը կապրեր Ալբիոն կղզում։ Բայց ճակատագրական համբույրը, որ տվել էր իր արքայադուստրը եգիպտական փարավոնին, այնպես էր մթագնել նրա բանականությունը, որ խանգարում էր մխրճվել գիտության մեջ։

- Խոստովանեմ,- ասաց նա,- որ հաստատ որոշած լինելով աշխարհով մեկ ճամփորդել և փախչել ինքս ինձնից, ես կցանականայի տեսնել Սատուրնի հին երկիրը և Տիբերիայի ափերին և յոթ բլուրների վրա ապրող ժողովրդին, որին դուք մի ժամանակ ենթարկվել եք։ Ենթադրում եմ, որ դա ամենակատարյալ ժողովուրդն է ամբողջ երկրագնդի վրա։

- Խորհուրդ եմ տալիս ձեռնարկել այդ ուղևորությունը,- ասաց ալբիոնցին,- հատկապես եթե սիրում եք երաժշտություն և գեղանկարչություն։ Մենք ինքներս էլ շատ հաճախ գնում ենք այնտեղ՝ ցրելու մեր մռայլ տրամադրությունը։ Բայց դուք քիչ չեք զարմանա՝ տեսնելով մեր նվաճողների հետնորդներին։

Նրանց զրույցը երկար էր։ Թեպետ գեղեցիկ Ամազանի բանականությունը մի քիչ խաթարված էր, նա, միևնույն է, այնքան հաճելի էր խոսում, նրա ձայնն այնքան հուզիչ էր, նա իրեն այնքան բարեկիրթ, մեղմ ու այնքան քնքուշ էր պահում, որ տանտիրուհին իր հերթին ցանկացավ նրա հետ առանձին զրուցել։ Զրույցի ժամանակ նա քնքուշ սեղմում էր տղայի ձեռքը, նրան նայում էր խոնավ, փայլուն աչքերով, որ մատնում էին կնոջ կիրքը։ Նա հրավիրեց Ամազանին ընթրիքի և պահեց՝ ամրոցում գիշերելու։ Ամեն ակնթարթը, ամեն բառը, ամեն մի հայացք բորբոքում էին նրա կիրքը։ Հենց որ բոլորը հեռացան, տիրուհին Ամազանին գրություն ուղարկեց՝ չկասկածելով անգամ, որ տղան կգա իր հետ բաժանելու անկողինը այն ժամին, երբ «Դե, ինչ» միլորդը քնած կլինի իր սենյակում։ Բայց Ամազանն այս անգամ էլ իր մեջ ուժ գտավ դիմադրելու։ Այսպիսին է խելահեղության հատիկի հրաշագործ ազդեցությունը ուժեղ ու խորապես վիրավորված հոգու վրա։

Սովորականի պես Ամազանն ուղարկեց այդ տիկնոջը հարգալից մի պատասխան, որում բացատրեց իր երդման սրբությունը և իր ուղղակի պարտքը՝ սովորեցնել բաբելոնական արքայադստերը իշխել իր կրքերին։ Հետո, կարգադրելով թամբել միաեղջյուրները՝ նա վերադարձավ Բատավիա՝ իր հետևից թողնելով հասարակությանը՝ հիացմունք և տանտիրուհուն՝ հուսալքություն։ Զգացմունքների լրիվ խաթարումից տիրուհին մոռացել էր թաքցնել Ամազանի նամակը։ Հաջորդ օրը «Դե, ինչ» միլորդը գտավ այն ու կարդաց.

- Ա՛յ քեզ հիմարություն,- ասաց նա՝ ուսերը թոթվելով, և մի քանի հարևան հարբեցողների հետ գնաց աղվեսի որսի։

Այդ ժամանակ Ամազանն արդեն նավարկում էր ծովով՝ իր հետ տանելով աշխարհագրական քարտեզը, որ նրան նվիրել էր իր հետ «Դե, ինչ» միլորդի տանը զրուցող ալբիոնցի գիտնականը։ Նա հիացմունքով տեսավ ցամաքի հսկայական տարածքը՝ տեղավորված թղթի կտորի վրա։

Նրա հայացքն ու երևակայությունը թափառում էին այդ փոքրիկ թերթի վրա։ Նա տեսնում էր Հռենոսը, Դունայը, Տիրոլական Ալպերը, որ այն ժամանակ ուրիշ անվամբ էին նշված։ Տեսնում էր բոլոր երկրները, որ դեռ պետք է անցներ, մինչ կհասներ յոթ բլուրների քաղաքներին։ Բայց ամենից ուշադիր նա նայում էր գանգարիդների երկրին, Բաբելոնին, ուր նա հանդիպել էր իր թանկագին արքայադստերը, և ճակատագրական Բասսոր երկրին, ուր աղջիկը համբուրեց փարավոնին։ Նա հոգոց հանեց, նա արցունք թափեց, բայց խոստովանեց, որ իրեն փոքրացրած երկրագունդ նվիրած ալբիոնցին չէր սխալվում՝ պնդելով, որ Թեմզայի ափերին ապրող մարդիկ հազար անգամ ավելի կրթված են, քան Նեղոսի, Եփրատի ու Գանգեսի ափերին։

Մինչ նա վերադառնում էր Բատավիա, Ֆարմազանտայի երկու նավերն էլ սլանում էին դեպի Ալբիոն։ Ամազանի նավն ու Ֆարմազանտայի նավը հանդիպեցին, համարյա բախվեցին միմյանց։ Երկու սիրահարները, իրենք էլ այդ մասին չիմանալով, այնքան մոտ էին միմյանց։ Ա՛խ, եթե իմանային… Բայց տիրակալ բախտը դա թույլ չտվեց։

9-րդ գլուխ

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.