«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Սկիզբը

Հաստատակամություն և քաջություն

Ցանկացած գիտական բնագավառում գիտելիքների ձեռքբերման և ամրապնդման բարեխիղճ և լուրջ աշխատանքը պահանջում է մտավոր ուժերի համակարգված լարում, դժվարությունները հաղթահարելու հաստատակամություն, անհաջողություններին դիմակայելու արիություն. այդ պատճառով էլ այդպիսի աշխատանքի ճիշտ կազմակերպումը սովորողի մեջ բնավորության համապատասխան գծեր է զարգացնում` աշխատասիրություն, նստակեցություն, նպատակին հասնելու համառություն, դժվարությունների առաջ չընկրկելու և անհաջողություններից չվհատվելու կարողություն: Հետևաբար ակնհայտ է, թե բնավորության այս գծերը բարոյապես և հասարակական առումով լիարժեք անհատ դաստիարակելու գործում ի՛նչ որոշիչ նշանակություն ունեն, և ուստի ուսուցիչն ինչքան ուշադիր պիտի հետևի իր դասերն այս ուղղությամբ դաստիարակչական ազդեցության նպատակով օգտագործելուն:

Այդ նպատակին ծառայող հնարավորությունները, որոնցով օժտված են դպրոցական առարկաները, բազմաթիվ են ու բազմաբնույթ, և չկա այդպիսի առարկա, որի առանձնահատուկ գծերի մեջ չլինեն հատուկ, միայն այդ առարկային բնորոշ՝ հենց այդպիսի դաստիարակչական ներգործության լծակներ: Այստեղ, բնականաբար, մեր խնդիրն է նշել դպրոցական դասավանդման մաթեմատիկայի այն գծերը, որոնք, ի տարբերություն դպրոցում դասավանդվող մյուս առարկաների, նպաստում են սովորողների մեջ խելամիտ հաստատակամության և գիտակից արիության՝ ապագայի մարտիկի այս անգնահատելի որակների դաստիարակմանը:

Ամենից առաջ ցանկանում եմ այստեղ նշել մաթեմատիկական յուրաքանչյուր առաջադրանքի նպատակի, ցանկալի և անհրաժեշտ արդյունքի հստակ որոշակիությունը: Եթե առաջադրանքը պատմական կամ գրական բովանդակությամբ շարադրությունն է, ապա չի կարելի նշել այն պահը, երբ այդ առաջադրանքի կատարումը վերջնականապես ավարտված է. լրացնելու և կատարելագործելու, տարբեր տեսակի համակարգված բարելավումների հնարավորություններն այստեղ համարյա անվերջ են, մյուս կողմից, աշակերտն իրեն բավականին գիտակ չի համարում իր աշխատանքի վստահելի գնահատման համար. այն, ինչ իր շարադրության մեջ նրան կարող է շատ հաջող թվալ, ուսուցչի կողմից կարող է այլ գնահատականի արժանանալ: Տվյալ առաջադրանքին բնորոշ այս ոչ որոշակիությունը, ավարտվածության և կատարված աշխատանքի գնահատման լղոզվածությունը, անկասկած, պետք է որոշակիորեն թուլացնող ազդեցություն ունենան դեռևս վատ վարժված երիտասարդ մտքի կամային լարվածության վրա:

Մաթեմատիկայում այլ կերպ է: Եթե խնդրի լուծումը կամ թեորեմի ապացուցումն է առաջադրանքը, ապա դրանով միանգամայն որոշակիորեն նշվում է նաև այն պահը, երբ առաջադրանքը կարելի է կատարված համարել`երբ խնդիրը լուծված է, կամ թեորեմն ապացուցված է. մնացածը ամեն ինչ` գտնված լուծման շարադրումը, գրառման ճշգրիտությունն ու կոկիկությունը և այլն, և՛ ուսուցչի աչքում, և՛ աշակերտի աչքում երկրորդական, ոչ որոշիչ նշանակություն ունեն: Այստեղ հավասարապես և կատարված աշխատանքի որակն է որոշվում միարժեք որոշակիթյամբ` խնդիրը պետք է ճիշտ լուծված լինի, թեորեմը պետք է ճիշտ ապացուցված լինի: Իր դատողություններում տրամաբանական սխալների բացակայությունն աշակերտն ինքը կարող է և պետք է կարողանա ստուգել, իսկ խնդրի դեպքում նա նույնիսկ լուծման ստուգման որոշակի հնարքներ գիտի: Հեշտ է հասկանալ, թե արդյունքի ցուցանիշների այս հստակ որոշակիությունն ինչ խթանիչ ազդեցություն կարող է ունենալ և ունենում է նպատակին հասնելու համառության, հաստատակամության վրա: Այստեղ հաղթանակը նույնքան անմիջականորեն շոշափելի է, որքան շախմատային պարտիայի կամ սպորտային մրցման ժամանակ, և ինքը սովորողը նույն վստահությամբ կարող է արձանագրել և գնահատել իր հաջողությունը, ինչպես և իր հեղինակավոր ուսուցիչը:

Մաթեմատիկական առաջադրանքների երկրորդ, ավելի խորը և կարևոր առանձնահատկությունը, որ ցանականում եմ այստեղ նշել, դրանց մեծամասնությանը բնորոշ ստեղծագործական բնույթն է: Այն դեպքում, երբ գիտելիքի մնացած բնագավառներում առաջադրանքի կատարումը, քիչ բացառություններով, սովորողից պահանջում է միայն որոշակի գիտելիքներ և հմտություններ, լավագույն դեպքում՝  նաև այդ գիտելիքները կուռ և ոճաբանորեն ճիշտ շարադրել, մաթեմատիկական խնդրի լուծումը, որպես կանոն, ենթադրում է նպատակին հասնելու համար հատուկ դատողությունների հայտնագործում և այդպիսով դառնում է, թեկուզ համեստ, բայց ստեղծական գործողություն: Մաթեմատիկական առաջադրանքների հենց այս ստեղծական, հետազոտական բնույթն է ավելի քան, ինչ-որ ուրիշ բան, գրավում սովորողի աճող և ամրացող ինտելեկտի երտասարդ ուժերը: Ով արդեն ճաշակել է ստեղծագործական հաջողության ազնվագույն ուրախությունը, արդեն երբեք ջանք չի խնայի այն կրկին զգալու համար: Նրան ոչ մի դժվարություն չի կանգնեցնի, յուրաքանչյուր նոր հաղթանակով նրա պոռթքման և ձգտման ուժերը, նրա նստակեցությունը և արգելքները հաղթահարելու տոկունությունը կամրապնդվեն, իսկ անհաջողությունները, սխալները, ժամանակավոր անկումներն ու պարտությունները նա կսովորի դիմակայել, ինչպես վայել է իսկական մարտիկին՝ դրանց առաջ թևաթափ չլինելով, այլ դրանցում մտքի և կամքի նորանոր լարումների աղբյուր և խթան գտնելով:

Շարունակությունը

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.