«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

սկիզբը

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄ

Եթե վերը շարադրված սկզբունքներով ենք ղեկավարվելու, ապա այդ սկզբունքների բնական հետևությունը պարգևատրումների և պատիժների վերացումը կլինի:  Ազատության  միջոցով կարգապահ դարձած մարդը կսկսի ձգտել իրական և միակ, իրեն երբեք չնվաստացնող և չհիասթափեցնող պարգևին` իր հոգևոր ուժերի զարգացմանը և իր ներքին «ես»-ի, իր հոգու ազատությանը, որտեղ ձևավորվում են նրա բոլոր գործուն ունակությունները:

Հաճախ եմ առիթ ունեցել զարմանալու, թե որքան արդարացի է այս ճշմարտությունը: «Երեխայի տանն» աշխատանքի առաջին ամիսում ուսուցչուհիները դեռ չէին կարողանում իրագործել ազատության և կարգապահության մանկավարժական սկզբունքները: Հատկապես նրանցից մեկն իմ բացակայության ժամանակ փորձում էր իմ գաղափարներն ուղղել՝ ներմուծելով մի քանի հնար, որոնց սովոր էր: Մի անգամ անսպասելի հայտնվելով դասասենյակում՝ մեր ամենաընդունակ սաներից մեկի մոտ գեղեցիկ սպիտակ ժապավենով հունական արծաթե խաչ տեսա, իսկ մեկ ուրիշն էլ ցուցադրաբար սենյակի կենտրոնում դրված բազկաթոռին էր նստած:

Առաջին երեխան պարգևատրված էր, երկրորդը` պատժված: Ուսուցչուհին, համենայնդեպս իմ ներկայությամբ, չմիջամտեց, և ամեն ինչ մնաց այնպես, ինչպես տեսա: Ես լուռ հետևում էի կատարվողին: Խաչով երեխան առաջ ու ետ էր քայլում` իր սեղանից ուսուցչուհու սեղան տանելով այն առարկաները, որոնցով զբաղվում էր, և դրանց տեղը ուրիշները դնելով: Նա կենտրոնացել էր իր զբաղմունքի վրա և, ըստ երևույթին, երջանիկ էր:

Նա քայլում էր պատժված երեխայի բազկաթոռի մոտով: Արծաթե խաչը պոկվեց նրա պարանոցից և ընկավ հատակին: Բազկաթոռին նստած երեխան վերցրեց խաչը, ժապավենով ճոճեց, զննեց բոլոր կողմերից և ընկերոջն ասաց.

- Տես` ինչ ես կորցրել:

Վերջինս շրջվեց և միանգամայն անտարբեր տեսքով նայեց խաչին. նրա հայացքն ասում էր. «Մի՛ խանգարիր»:

Եվ իսկապես շշնջաց.
- Պետքս չէ:

- Իսկապե՞ս պետք չէ,- կրկին հարցրեց պատժված տղան: - Ուրեմն` ինձ կվերցնեմ:

- Վերցրո’ւ,- պատասխանեց ընկերն այնպիսի տոնով, որը հստակորեն ասում էր, որ իրեն հանգիստ թողնեն: Բազկաթոռին նստածը ժապավենն այնպես հարմարեցրեց, որ խաչը լինի իր վարդագույն գոգնոցին, և որ կարողանա ազատ հիանալ նրա փայլով և գեղեցիկ ձևով, հետո հարմար տեղավորվեց բազկաթոռին և անթաքույց հաճույքով նայում էր իր «զարդին»:

Դա այդպես էլ թողեցինք և ճիշտ արեցինք: Խաղալիք խաչը կարող էր հաճույք պատճառել այն երեխային, որը պատժված էր, բայց ոչ կենդանի երեխային, որի ամբողջ հաճույքը շարժվելն է, աշխատանքը: Մի անգամ ինձ հետ «Մանկան տուն» էի բերել մի ծանոթ տիկնոջ: Նա չկարողացավ գլուխ գովել երեխաների մոտ և բացեց իր հետ բերած զարդատուփը, նրանց վառ կարմիր ժապավեններով պղնձե մի քանի փայլուն մեդալ ցույց տվեց:

- Ուսուցչուհին ,- ավելացրեց նա,- այս մեդալները կնվիրի այն երեխաներին, ովքեր լսող կլինեն:

Այցելուին իմ մեթոդների ոգով դաստիարակելու պարտականություն չունենալով՝ լռեցի, իսկ դաստիարակչուհին զարդատուփը վերցրեց: Այդ պահին սեղանիկներից մեկի մոտ հանգիստ նստած չորս տարեկան շատ խելացի մի տղա ընդդիմացող տեսքով ճակատը կնճռոտեց և մի քանի անգամ կանչեց.
- Տղաներին չտաք: Տղաներին պետք չէ:

Ի~նչ անկեղծություն: Այդ տղան արդեն գիտեր, որ ինքն իր դասարանի լավագույնների և ամենաընդունակների թվում է, թեև ոչ ոք նրան չէր ասել, և չուզեց այդ վիրավորական պարգևը:  Չիմանալով՝ ինչպես պաշտպանել իր արժանապատվությունը` նա դիմեց տղամարդկային սեռի առավելության «օգնությանը»:

Ինչ վերաբերում է պատիժներին, ապա հաճախ ենք հանդիպել երեխաների, որոնք անհանգստացրել են ուրիշներին` ոչ մի ուշադրություն չդարձնելով մեր խրատներին: Այդպիսի երեխաներին անմիջապես բժշկական հետազոտման  էինք ենթարկում: Եթե երեխան նորմալ էր, սենյակի մի անկյունում նրա համար սեղան էինք դնում, այդ կերպ նրան առանձնացնում էինք. տեղավորելով նրան հարմար բազկաթոռին՝ նրան նստեցնում էինք այնպես, որ տեսնի իր ընկերներին աշխատելիս, և տալիս էինք նրան իր սիրելի ու խաղալիքներն ու խաղերը:

Այս մեկուսացումը երեխայի վրա համարյա միշտ հանգստացնող ազդեցություն էր ունենում. նա իր տեղից կարողանում էր տեսնել ընկերներին, հետևել, թե նրանք ինչպես են իրենց  գործն անում, և դա իրական դաս էր՝ շատ ավելի ազդեցիկ, քան ուսուցչուհու ցանկացած խոսք:  Նա կամաց-կամաց համոզվում էր, թե ինչ ձեռնտու է իր աչքի առաջ այդպես գործուն աշխատող հասարակության անդամ լինելը, և վերադառնալու և մյուսների հետ աշխատելու ցանկություն էր առաջանում:

Այս եղանակով մեզ  հաջողվում էր կարգի բերել սկզբում անսանձ թվացող բոլոր երեխաներին: Առանձնացված երեխային միշտ հատուկ  հոգածությամբ ենք վերաբերվում, համարյա ինչպես հիվանդի: Ինքս, երբ դասարան եմ մտել, առաջինը այդ երեխային եմ մոտեցել, սկսել եմ շոյել, ինչպես նորածին երեխայի: Հետո մյուսներին եմ ուշադրություն դարձրել, հետաքրքրվել նրանց աշխատանքներով, հարցուփորձ արել, ինչպես մեծահասակների, որոնց հասակն է միայն փոքր: Չգիտեմ` ինչ է կատարվել այն երեխաների հոգիներում, որոնց հարկ ենք համարել կարգապահության վարժեցնել, բայց կերապարանափոխությունը միշտ ամբողջական և հիմնավոր է եղել: Նրանք շատ էին հպարտանում, որ սովորել են աշխատել և իրենց լավ պահել, և միշտ հատուկ քնքշությամբ են կապվել դաստիարակի և ինձ հետ:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կենսաբանական տեսակետից երեխայի կյանքի առաջին տարիներին դաստիարակության մեջ ազատությունը պետք է նրա անձի զարգացմանն առավել նպաստող պայմանների թելադրանք համարել:  Ֆիզիոլոգիական, ինչպես և հոգեկան, առումով դրանով է պայմանավորվում ուղեղի ազատ զարգացումը:  Դաստիարակը պետք է համակված լինի կյանքի նկատմամբ խորը ակնածանքի զգացումով. մարդասիրաբար դիտարկելով երեխային՝ պարտավոր է  հարգել նրա մեջ այդ կյանքի զարգացումը: Մանկական կյանքը վերացական գաղափար չէ, այն առանձին երեխաների կյանքն է:

Կենսաբանական միայն մի իրական դրսևորում գոյություն ունի` ապրող անհատը, և դաստիարակությունը պետք է նկատի ունենա մեկ-մեկ դիտարկվող առանձին անհատներին: Դաստիարակություն ասելով՝ պետք է նկատի ունենալ երեխայի մեջ կյանքի նորմալ դրսևորմանը, այսպես կոչված, ակտիվ աջակցում: Երեխան մարմին է, որն աճում է, և հոգի, որ զարգանում է. ֆիզիոլոգիական և հոգեբանական այս երկու ձևերն էլ նույն հավերժական աղբյուր ունեն` ինքը կյանքը:

Մենք չպետք է խեղդենք, կամ աղավաղենք աճի այդ երկու ձևերում եղած խորհրդավոր ուժերը. պետք է համբերատար սպասենք դրանց դրսևորումներին, որոնք, գիտենք, հետևելու են մեկը մյուսին: Միջավայրն, անկասկած, կյանքի դրսևորումներում երկրորդական գործոն է. նա կարող է նպաստել, կարող է խանգարել, բայց երբեք չի կարող ստեղծել-արարել: Զարգացման ժամանակակից տեսությունները, Նեգելից մինչև դե Ֆրիզ, կենսաբանական երկու ճյուղերի` կենդանական և բուսական թագավորությունների զարգացման մեջ ներքին գործոնը դիտարկում են որպես տեսակի փոփոխության և առաձնյակի փոփոխության գլխավոր ուժ:

Զարգացման սկիզբը ինչպես տեսակի, այնպես էլ անհատի ներսում է: Երեխան աճում է ոչ այն պատճառով, որ նրան կերակրում են, որ նա շնչում է, որ ջերմ պայմաններում է. նա աճում է, որովհետև նրանում պոտենցիալ դրված կյանքն է զարգանում, դառնում տեսանելի. քանզի բարեբեր հատիկը, որից կյանքը ծլել է, զարգանում է ժառանգականության կենսաբանական նախադրյալների համաձայն:

Մեծահասակը սնվում է, շնչում, իր վրա զգում մթնոլորտային և ջերմային ազդեցությունը, բայց չի աճում: Երեխան պատանի է դառնում ոչ թե այն պատճառով, որ ծիծաղում է կամ պարում կամ մարմնամարզական վարժություններ կատարում կամ լավ սնվում, այլ այն պատճառով, որ հասել է այդ հատուկ ֆիզիոլոգիական վիճակին:
 
Կյանքը դրսևորվում է, կյանքն արարում է, կյանքը տալիս է և իր հերթին մնում հայտնի սահմաններում և կապված է հայտնի օրենքներով, որոնք չես շրջանցի:

Տեսակի անշարժ նշանները չեն փոխվում, նրանք կարող են միայն տարափոխվել: Դե Ֆրիզի կողմից որակափոխման (մուտացիայի) տեսության մեջ հիանալի ձևակերպված այս միտքը նշում է նաև դաստիարակության սահմանները:

Մենք կարող ենք ազդել միջավայրին առնչվող տարափոխությունների և այն սահմանների վրա, որոնք թեթեևակի փոխվում են տեսակի և անհատի մեջ, բայց որակափոխության վրա ազդել չենք կարող: Որակափոխությունները ինչ-որ հանելուկային կապ ունեն հենց կյանքի սկզբնաղբյուրի հետ, և դրանց ուժը գերազանցում է միջավայրի ձևափոխող տարրերին:

Տեսակն, օրինակ, չի կարող հարմարվելու միջոցով որակափոխվել կամ այլ տեսակի փոխվել, մյուս կողմից մարդու մեծ հանճարն էլ չի կարելի խեղդել ոչ մի նախապաշարմունքով, ոչ մի կեղծ դաստիարակությամբ: Միջավայրն այնքան ուժեղ է ազդում անհատական կյանքի վրա, որքան այդ անհատական կյանքը պակաս կայուն ու ամուր է:

Բայց միջավայրը կարող է գործել երկու հակառակ ուղղություններով. նա կարող է նպաստել կյանքին կամ սպանել այն: Այսպես, օրինակ, արմավենու շատ տեսակներ են գերազանց աճում արևադարձային գոտիներում, որտեղ կլիմայական պայմանները նպաստավոր են նրանց զարգացման համար, իսկ բույսերի և կենդանիների շատ տեսակներ վերացել են շատ վայրերում, որտեղ միջավայրին հարմարվել չեն կարողացել:

Կյանքը հպարտ աստվածուհի է, միշտ առաջ է շաժվում` հաղթահարելով բոլոր այն խոչընդոտները, որոնք միջավայրը ստեղծում է նրա հաղթական ճանապարհին: Ահա հիմանական ճշմարտությունը. խոսքը տեսակի մասին լինի թե անհատների, իրական զարգացումը միշտ ապահովված է այն հաղթական օրգանիզմների համար, որոնցում կյանքի խորհրդավոր ուժն ամուր և գործուն է: Ակնհայտ է, որ մարդկության, հատկապես հասարակություն կոչվող սոցիալական մեր կառույցի համար, ամենակարևորը կյանքի համար հոգ տանելն է, ես կասեի` կյանքի կուլտուրան:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.