«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 8

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար

 Յուրաքանչյուր ուսուցիչ ցանկանում է, որ իր աշակերտները դասարանում աշխատեն կլանված, ինքնուրույն: Բայց դա ինչպե՞ս անենք:
 «101 հնարք ստեղծագործող ուսուցչի համար». համացանցում այս վերնագրով հունգար ուսուցիչների կողմից գրված ստվարածավալ մի գիրք հայտնվեց, որն ընդհանրացնում էր այնպիսի դաս վարելու օպտիմալ ձևերի բազմամյա որոնումները, որում մանկան նախաձեռնությունն ու համագործակցային աշխատանքն էլ տեղ ունեն: Փորձառու ուսուցիչներին նկարագրված` պրոբլեմատիկ դասերի անցկացման առանձնահատկություններին, խմբային աշխատանքներին, երեխաների նախագծերին վերաբերող հնարքներից շատերը քաջ ծանոթ են: Դա յուրատեսակ ուսուցչական այբուբեն է: Այնուամենայնիվ, նոր ուսումնական տարվա պարապմունքների ամբողջական շրջանը պլանավորելիս դրանցից մի քանիսը նոր և օգտակար կարող է թվալ: Առավել ևս, որ այդ գաղափարները ցանկացած առարկայի դեպքում շատ լավ կիրառելի են:
 
Նկարներով օրացույց. ամառը հիշենք և առարկաների հավաքածու կազմենք: Խումբը կազմում է նոր ուսումնական տարվա օրացույցի իր տարբերակը` օգտագործելով ամառային ճամբարից, նախորդ տարիների ճանապարհորդություններից բերված լուսանկարներ: Ըստ առարկայի խնդրի` ուսուցիչը կարող է սահմանափակել ընտրությունը՝ լուսանկարներ, լանդշաֆտների, բնական գոտիների նկարներ, մշակութային, պատմական հուշարձանների տեսարաններ կամ գիտության և արվեստի գործիչների դիմանկարներ:
 Լավագույն օրացույցը կտպվի գունավոր տպիչով (եթե կա) և կփակցվի դասարանում, որ բոլորը տեսնեն:

Շրջակայքի քարտեզը`որպես երեխայի առօրյա կյանքը և դպրոցական առարկան միավորելու միջոց: Առաջադրանք. վերցրե՛ք ձեր մարզի քարտեզը (աերոլուսանկարը ինտերնետից), նշեցե՛ք, թե ձեր դպրոցը որտեղ է, աշակերտները, ուսուցիչները որտեղ են ապրում: Աշխարհագրության ուսուցչին, հավանաբար, մասշտաբն ու ռելիեֆը կհետաքրքրեն, մաթեմատիկայի ուսուցչին` առարկաների միջև հեռավորությունը, կենսաբանության ուսուցչին` կանաչ գոտիների մակերեսը, բույսերի տեսակները:

 Շապիկ ենք նկարում կամ կանխատեսումների և ընդհանրացումների արվեստ: Դասագրքի, տվյալ առարկայի աշխատանքային տետրի շապիկի համար այնպիսի էսքիզ մտածենք, որն արտացոլի և՛ ուսումնասիրվող նյութի առանձնահատկությունները, և՛ այդ առարկայի նկատմամբ երեխայի անձնական վերաբերմունքը, և՛, ինչու չէ, սիրելի ուսուցչի` դասը վարելու անհատական գործելակերպը: Էսքիզների ցուցահանդեսը դասասենյակը կձևավորի: Ցանկության դեպքում հեղինակն իր էսքիզը կարող է տպագրել և իսկապես շապիկ դարձնել, ինչը ամբողջ տարվա ընթացքում երեխային կուրախացնի:

 Հետաքրքիր փաստեր: Ինչպես ինֆորմացիա գտնենք: Դասի ժամին երեխաներին հանձնարարե՛ք թեմայի սահմաններում երեք հետաքրքիր փաստ գտնել` առաջադրանքը կատարելու համար նրանց սահմանափակ ժամանակ տալով և ինֆորմացիայի հնարավորինս տարբեր աղբյուրներ նշելով: Ապա թող արդյունքները իրար ներկայացնեն` հատկապես կենտրոնանալով այն հարցի վրա, թե այդքան հետաքրքիր տեղեկությունն ինչպես է գտել: Գրքով ինչպե՞ս է աշխատել: Եթե ինտերնետում է փնտրել, ի՞նչ բառեր է մուտքագրել: Որպես տնային աշխատանք` կարելի է հանձնարարել մի ամբողջական նյութ կազմել` հավաքելով և խմբավորելով ձեռք բերված փաստերը:
 
Մեր շրջապատում ամենից շատը, կամ սովորենք հետևել և եզրակացություն անել: Հանձնարարե՛ք երեխաներին գծել տարբեր գծապատկերներ (դիագրամներ), սխեմաներ, որպեսզի որոշեք, օրինակ, ձեր դպրոցը շուրջը աճող տարբեր տեսակի բույսերի տոկոսային հարաբերակցությունը կամ շրջապատում սավառնող թռչունների: Ինչո՞ւ որոշները շատ են, մյուսները` քիչ: Հետաքրքիր է՝ հարևան դպրոցի շրջակայքո՞ւմ էլ նույն պատկերն է: Հյուրընկալվելու հարմար առիթ է: Այստեղ թե՛ մաթեմատիկա կա, թե՛ էկոլոգիա, թե՛ կենսաբանություն:

 Չփչացած հեռախոս: Ինչպես նոր թեմա յուրացնենք: Խումբը կազմված է չորս հոգուց: Ուսուցիչը աշակերտներին տալիս է թերթիկներ` Ա, Բ, Գ, Դ տառերով: Յուրաքանչյուրի վրա մի ոչ մեծ տեքստ (հատված հոդվածից կամ պարագրաֆից) և վարժություն (առաջադրանք) կան: Երեխան կարդում է իրեն հասած թերթիկը, կատարում է հանձնարարությունը: Հետո նա, ում ընկել է Ա թերթիկը, Բ թերթիկով ընկերոջը պատմում է իր տեքստը, բացատրում, թե ինքն ինչպես է կատարել առաջադրանքը: Նա, ում Գ թերթիկն է ընկել, Դ թերթիկի տիրոջ հետ է զրույց սկսում: Հետո զույգերի մեջ դերերը փոխվում են: Ա և Գ թերթիկներով աշակերտներն են լսողի դեր ստանձնում: Վերջին փուլը խաչաձև է: Ա թերթիկով աշակերտը պատմում է Գ և Դ թերթիկների տերերին, թե ինքն իր հարևանից Բ թերթիկի պարունակության մասին ինչ է իմացել: Բ թերթիկով աշակերտը պատմում է Ա թերթիկի մասին, և այդպես շարունակ: Այսպիսով` ինչպես առանձին թերթիկների, այնպես էլ ամբողջ պարագրաֆի պարունակությունը մի քանի անգամ պատմվում և յուրացվում ամբողջ խմբի կողմից: Յուրաքանչյուր երեխայի անընդհատ լսում էր մեկը, ում համար նրա ասածները հետաքրքիր ու նոր էին, և պարբերաբար հետևում էր ինֆորմացիայի աղբյուրի տերը: Այսինքն` հնարավոր սխալներն ու անճշտություններն արագ նկատվում և ուղղվում էին:

Ստուգենք զարկերակը. ուսումնասիրենք մեր օրգանիզմը և մաթեմատիկա: Աշակերտներն ամենատարբեր իրավիճակներում` հանգստի և վազքի ժամանակ, դասի սկզբին և վերջին, զրույցի և ճաշի ժամանակ, զբոսնելիս և աստիճաններով բարձրանալիս, հաշվում են իրենց զարկերակի զարկերը… Ստացված արդյունքները բազում ձևերով կարելի է մշակել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ուսուցիչն ինչ է ուսուցանում և իր առջև ինչ նպատակ է դրել: Ասենք, որ զարկերակի հաճախականության փոփոխությունների հիման վրա աշակերտի ֆիզիկական վիճակի մասին եզրակացություն կարելի է անել. երեխան կարող է իրեն համեմատել միջին տարիքի երեխաների հետ, իր ցուցանիշները՝ համադասարանցիների ցուցանիշների հետ: Կարող է գծել հաջորդ պարապմունքների գրաֆիկը:
Օրգանիզմի առավել լարված գործունեությունը կարելի է երևան հանել, հուզական վիճակների և օրգանիզմի արձագանքների միջև կապը բացահայտել։
Կարելի է գծապատկերներ (դիագրամներ) կազմել, այդ թվում` նաև համակարգչով, վերլուծել դրանց մաթեմատիկական պարամետրերը, դուրս բերել բանաձևեր:

 Ի՞նչ արժե բուտերբրոդը: Զարգացնում ենք տնտեսական և խոհարարական ունակություններ: Ինչո՞ւ դպրոցի ճաշարանում բուտերբրոդը կամ աղցանը արժեն հենց այնքան, որքան որ արժեն: Ո՞րն է նրանց իրական արժեքը: Տվյալ արժեքի պայմաններում որքա՞ն է բուֆետապանի շահույթը: Կարելի՞ է արդյոք գինն իջեցնել` չկորցնելով եկամուտները: Աշակերտները պետք է գումարեն ու հանեն, խորանան բաղադրատոմսերի նրբությունների մեջ, էժան և որակյալ ապրանքների տեղերը փնտրելով՝ տեղի շուկան ուսումնասիրեն: Առողջ սննդի նորմերը հաշվի առնելով՝ կարելի է առաջիկա շաբաթվա մենյուն կազմել, մթերքների գնման համար անհրաժեշտ միջոցները հաշվարկել: Հաջողության դեպքում ամենապրակտիկ ծրագիրը կյանքի կկոչվի և ձեր դպրոցական ճաշարանի ճաշացուցակի հիմքը կդառնա:

 Օտար լեզվի դասերին կազմենք, օրինակ, ֆրանսիական ճաշացուցակ: Հավանաբար, բավարար կլինի պարզապես բաղադրատոմսերը գտնելը, ուտեստների գրավիչ նկարագրությունները կազմելը, համապատասխան նկարներ ընտրելը, դասի ժամին «Ելիսեյան դաշտերում՝ ռեստորանում» վերնագրով ներկայացում կազմակերպելը, որտեղ բարեկիրթ մատուցողը քմահաճ այցելուին մանրամասն կբացատրի, թե ինչպես են պատրաստվել տապական կամ քաղցրավենիքը: Եվ ամենաակտիվ երեխաներն իսկապես արտասովոր ինչ-որ բան կպատրաստեն:
Ի դեպ, գրական հերոսները նույնպես իրենց սիրած համադամն ունեն:
 
Թղթախաղ ենք խաղում, կամ հետաքրքրաշարժ համակարգում: Հանձնարարե՛ք երեխաներին որոշակի թեմատիկայով` աշխարհի մայրաքաղաքները, տեղի կենդանական կամ բուսական աշխարհը և այլն,  խաղաթղթերի կապուկ (առնվազն 36 հատ) կազմել։ Առարկայական դասակարգումը չորս կարգերի (գույների), խաղաթղթերի հիերարխիայի հետ հարաբերելու անհրաժեշտություն կառաջանա, խաղաթղթի ինչպես հակառակ, այնպես էլ շիտակ երեսը որոշելու, որևէ պատկեր և տեղեկատվական ոչ մեծ տեքստ զետեղելու: Դա արվում է համակարգչով կամ ձեռքով: Վերջնական հավաքածուն կարելի է սարքել ստվարաթղթով: Դասամիջոցին այդպիսի խաղաթղթերով կարելի է նաև խաղալ:

 Նկարահանվում է ֆիլմ՝ ինչպե՞ս է դասարանին հետաքրքրենք փորձարարական աշխատանքով: Տարբեր առարկաներից փորձեր են կատարվում: Բայց դասարանում ոչ միշտ է հնարավոր լինում դրանք իրագործել: Երբեմն հարկ է լինում մի քանի օր արդյունքին սպասել, երբեմն սենյակի պայմանները հարմար չեն լինում: Ուրեմն ի՞նչ անենք: Միևնույն է, չենք հավատա դասագրքին: Սեփական փորձով կհամոզվենք` հենվելով տեխնիկական նորույթների վրա: Օրինակ` բջջային հեռախոսի, որը կարողանում է տեսաձայնագրել: Իհարկե, տեսախցիկն ավելի լավ է:
Ինքնուրույն (առանձին ակտիվիստներ, կամավորների խումբ) մի անկարելի փորձ անենք (տանը, ուղևորության ժամանակ) և կարևոր դրվագները նկարահանենք, որ դասարանում ցուցադրենք:
Այդպես կարելի է ցույց տալ, թե տնային շան ռեֆլեքսներն ինչպես են ձևավորվում, խխունջն ինչպես է արձագանքում ձայներին, բյուրեղներն ու ծաղիկներն ինչպես են աճում, ֆիզիկական օրենքները ճանապարհներին, ծովում, լեռներում ինչպես են գործում…

Ի դեպ, գրականագետները կարող են կիրառել այս հնարքը` առաջադրելով աշակերտներին տեսախցիկով նկարահանել ուսումնասիրվող ստեղծագործության ոչ մեծ մի դրվագի բեմադրությունը, բանաստեղծության արտիստիկ ընթերցումը համապատասխան դեկորացիայի առկայությամբ (մոտիկ այգում, ընտանեկան հին բազկաթոռոին, գետի ափին, երկնքի ֆոնի վրա), այնպիսի հանդերձանքով, որի դպրոց տանելը ոչ միշտ է հարմար: Հնարավոր է, որ ինչ-որ երեխայի համար, որն ամաչում է բոլորի առջև արտասանելուց, տեսախցիկի առջև խաղալն ավելի հեշտ լինի:

Թերթը` որպես կրթական ունիվերսալ միջոց: Ավանդաբար թերթերը կազմում են տոներին կամ  առարկայական շաբաթվա ընթացքում: Բայց դա ընդամենը մեկ դասի նյութ կարող է դառնալ, եթե իհարկե, գործը մինչև վերջ հասցնելու չձգտենք: Օրինակ` եթե կազմես ոչ թե ամբողջ թերթը, այլ միայն առաջին էջը` սենսացիոն հոդվածների վերնագրերով, ամենաթեժ լուրերով, կարևորագույն հարցազրույցներով, լավագույն լուսանկարներով և ծաղրանկարներով: Օրինակ՝ վիկտորիական դարաշրջանի Անգլիայում կազմված էջեր, Սվիֆտի գրքի թզուկների երկրում, մի փոքրիկ քաղաքում, որտեղ խոսում են այն լեզվով, որը ցանկանում եք սովորել, հատուկ թողարկված մի թերթ, որը հայտնվել է այն օրը, որ աշխարհն իմացել է մի մեծ բացահայտման կամ սպորտային հաղթանակի մասին:

Ամեն դեպքում, եթե թերթը ամբողջությամբ թողարկելու ցանկություն առաջանա, ապա պետք է պայմանավորվել, թե ինչին է նվիրված լինելու յուրաքանչյուր էջը: Դա կնպաստի, որ դասարանը խմբերի բաժանվի, ինֆորմացիայի տարբեր աղբյուրների հետ աշխատի: Օրինակ` երկրորդ էջում տնտեսական նորություններ կլինեն, երրորդում` գիտական, չորրորդում` աշխարհիկ, մշակութային լուրեր: Ներդիրը մարզական կլինի:

Լեյտմոտիվի որոնումներ կամ մեկնության վարպետությունը: Առանձին երեխան կամ աշակերտների խումբը ուսումնասիրում են գրական կամ կերպարվեստի ինչ-որ կերպար: Նավ, այգի, ծով. դրանց որտե՞ղ կարելի է հանդիպել (հեղինակ, վերնագիր, ժամանակաշրջան): Ի՞նչ իմաստ է ստանում այդ կերպարն ամեն անգամ: Արդյոք այն ընդհանուրը կա՞, որը միացնում է բոլոր կերպարները, որոնց տարբեր ստեղծագործություններում հանդիպել են:

Արդյունքը կարելի է ներկայացնել պատկերազարդումներով աղյուսակի տեսքով, հատվածների թատերականացված ընթերցումով:

Վիրտուալ էքսկուրսիան (ցուցահանդեսը)` որպես ստուգարքային աշխատանքի տարբերակ: Power Point ծրագրով դեպի տեղի գազանանոց (թանգարան, բուսաբանական այգի), հարազատ (կամ օտար) քաղաք, սիրած գրողի կենսագրության հետ կապված վայրեր էքսկուրսիայի ձեր տարբերակը կազմեցե՛ք: Դիտարժան առարկաներ պետք է գտնել, նրանց մասին խիստ անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել, կառուցվածքը որոշակիացնել, պատկերները ընտրել, տեքստ կազմել: Այստեղ խմբի յուրաքանչյուր մասնակցի համար անելիք կգտնվի: Իսկ վերջնական արդյունքը այլ դասարանների համար ուսումնական նյութ կդառնա: Հատկապես գարնանային անձրևոտ օրերին:

 Տոներն ու ծեսերը` որպես ծանոթանալու հիանալի միջոց: Մեր կյանքը ոչ միայն աշխատանքային օրերից է կազմված: Նաև տոներ են լինում: Յուրաքանչյուր ժողովուրդ իրենն ունի, տարբեր մասնագիտությունների, մշակույթների, կրոնների ներկայացուցիչները: Երեխաները թող Ձեր դասավանդած գիտության, սիրած արվեստի հետ կապված կարևորագույն տոնական իրադարձությունների մասին (ցուցահանդեսներ, մրցույթներ, նշանավոր գիտնականների և նվաճումների տարելիցներ, փառատոններ, տոնական հանդիպումներ) տեղեկություններ հավաքեն: Ծանոթանալով այն պետության տոներին, որի լեզուն իրենք ուսումնասիրում են, երեխաները ոչ միայն իրենց բառապաշարը կընդլայնեն, այլև ազգային խառնվածքի առանձնահատկություններին կծանոթանան: Ձեռք բերված տեղեկությունները դասարանում ստենդի, թերթի, համակարգչային ներկայացումների տեսքով հեշտությամբ կարելի է ցուցադրել: Կարելի է խաղալ, օրինակ,  զբոսաշրջիկի և էքսկուրսավարի կամ տեղացու զրույց, սպիտակամորթի և ավստրալացի բնիկի, ժամանակակից դեռահասի և միջնադարյան դպրոցի աշակերտի միջև բանավեճ: Վերջիվերջո, կարելի է մինչ այդ ձեզ անծանոթ տոնը վերակազմակերպել և ի սրտե ուրախանալ:

Ո՞ւր գնանք արձակուրդին: Միջառարկայական փոխազդեցություն` հանուն դասարանի բարօրության: Այս առիթով դասարանում հավանաբար վեճեր կծագեն: Մեկը ծով է ուզում, մյուսը` լեռներ: Դասի ժամին (կամ տարբեր դասերի, եթե պայմանավորվել եք Ձեր գործընկերների հետ) առաջարկվող երթուղիների առավելությունների և թերությունների վերաբերյալ փոքրիկ հետազոտություն կազմակերպե՛ք: Յուրաքանչյուր խումբ իր երթուղու մասին տեղեկություն է հավաքում` ծանոթանալով աշխարհագրական, մշակութային առանձնահատկություններին, տնտեսական հեռանկարներին (որքա՞ն է ճանապարհածախսը, ի՞նչ արժեն սնունդը, օթևանելը): Մոտակա արձակուրդներից մեկի ժամանակ լավագույն, ամենահամոզիչ նախագիծը կիրագործվի: Մյուսները հավանաբար կիրականացվեն հաջորդ տարի: Կամ զուգահեռ դասարանը կգնա:

Թարգմանեց Նարգիզ Հարությունյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.