«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 8

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Յոթերորդ գլուխ
Ուշադրության զարգացումը
(Նախորդ գլուխը)

Նախապատրաստական ուսումնարանները և մանկապարտեզները ղեկավարող վարչությունը հիմա աշխատում է մանկավարժական մի խնդրի վրա, որը բխում է մանկապարտեզը տարրական դպրոցի առաջին դասարանի հետ սերտորեն կապելու փորձից. դա ժամանակակից սոցիալական պայմաններին հարմարեցնելու և ֆիզիոլոգիայի ու հոգեբանության վերջին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հին նյութերի և ուսուցման ավանդական մեթոդների վերանայումն է: Աշխատանքների արդյունքների մասին մանրամասն հաշվետվությունը կհրապարակվի ավելի ուշ:

Փոքր երեխաներն ունեն իրենց տեսադաշտն ու իրենց մտքերը, բայց դրանք հիմնականում ուղղված են մարդկանց. մարդիկ ի՞նչ են անում, ի՞նչ վարք ունեն, ինչո՞վ են զբաղվում, և դրանից ի նչ է ստացվում: Նրանց հետաքրքրությունը ավելի շուտ անձնային է, քան առարկայական կամ մտավոր: Նրանց հետաքրքրության մտավոր արտահայտությունը կենցաղագրության ձևն է, բայց ոչ այն ձևը, որը որոշակի նպատակ է պարունակում և լուծման համար որոշակի խնդիր առաջադրում, որը կենցաղագրության ձևով ենթադրում է հոգեբանական ինչ-որ բան՝ զգացմունքներ արթնացնող ընդհանուր գաղափարով միավորված տարբեր մարդկանց, առարկաների, դեպքերի ամբողջություն, և ոչ էլ արտաքին աշխարհի մասին պատմությունները: Մանկական միտքը փնտրում է ամբողջական մի բան, որն ընդհատվում է միայն տարբեր դիպվածներով, կենդանանում է գործողություններով և վառ արտահայտված է. այստեղ պետք է լինի գործողություն, զարգացում, օգտակարության և պիտանիության զգացողություն, պետք է լինի գաղափարից առանձնացված առարկայի զննում: Առարկայի ձևի կամ կառուցվածքի առանձին մասի վերլուծումը երեխային չի գրավում և բավականություն չի պատճառում:

Սոցիալական զբաղմունքներից ստացվող նյութը հարմարեցվում էր մանկական մտքի այդ պահանջները սնելուն և բավարարելուն: Նախորդ տարիներին երեխայի ուշադրությունն ուղղված էր տնային զբաղմունքներին, իրենց տան կյանքի՝ ուրիշ տների կյանքի ու տանից դուրս կյանքի հետ կապին: Հիմա նրանք պետք է բարձրանան մինչև հասարակության բնորոշ զբաղմունքների հետ ծանոթությունը՝ այդ բառի լայն իմաստով, երեխայի եսապաշտական հետքրքրությունից, միայն իր հետ կապ ունեցող գործերից մի քայլ առաջ անցնեն:

Կրթության տեսության տեսանկյունից պետք է նշել հետևյալ առանձնահատկությունները:

1) Բնության երևույթների, գործընթացների, դրանց հարաբերության ուսումնասիրությունը կատարվել է ոչ թե մարդկանց կյանքից առանձին, այլ դրա հետ կապված: Տարվա ընթացքում սերմերի և դրանց աճման մանրակրկիտ դիտարկումներ են կատարվել, ուսումնասիրվել է բույսերի, ծառերի, քարերի, կենդանիների կյանքը՝ դրանց կառուցվածքի ու հատկությունների, դրանց գոյության համար անհրաժեշտ աշխարհագրական պայմանների, եղանակի, ջրի ու ցամաքի բաշխման և այլ տեսանկյուններից: Մանկավարժական խնդիր է ղեկավարել մանկան՝ դիտարկելու ընդունակությունը, երեխայի մեջ դաստիարակել այն աշխարհի բնորոշ հատկությունների հետ ծանոթանալու հետաքրքրություն, որում ինքն ապրում է, հետագա ավելի հատուկ ուսումնասիրությունների համար բացատրական նյութ տալ և դեռ ավելին՝ ապահովել տարբեր փաստերի ու մտքերի «ուղեկցորդով», որը դրանք կուղեկցի երեխայի՝ ինքնաբերաբար առաջացող զգացմունքների ու մտքերի միջով: Այստեղից առաջանում է դրանց կապը մարդկային կյանքի հետ: Բացարձակապես ոչ մի բաժանում չի կատարվել աշխատանքի «սոցիալական» կողմի, մարդու կյանքի հետ դրա հարաբերության, դրանց փոխադարձ կապի և «գիտության»՝ բնության փաստերի ու ուժերի միջև. չի կատարվել, քանի որ մարդու և բնության միջև տարբերությունը հետագա մտորումների ու վերացարկման արդյունք է, և դա արագացնել, կնշանակի ոչ միայն երեխային խանգարել բացահայտելու իր ամբողջ մտավոր էներգիան, այլև նրան շփոթեցնել ու մոլորեցնել: Միջավայրը միշտ մնում է այն, որտեղ կյանքն է ընթանում, և որի միջոցով այն արտահայտվում է, հետևաբար երեխաների հետ աշխատանքի ընթացքում այն առանձնացնել, դարձնել դիտարկման և բացատրման առարկա ինքնին, մարդու կյանքից դուրս, նշանակում է անմտորեն վարվել մարդկային բնույթի հետ: Այս ճանապարհով ստացվում է այն, որ երեխայի սկզբնական բնական ազատ հայացքը բնության նկատմամբ քանդվում և վեր է ածվում իմաստ չունեցող, իրարից անկախ փաստերի զանգվածի:

Ժամանակակից մանկավարժական տեսությունն իր «կոնկրետ», «անհատական» ընդգծումներում տեսադաշտից դուրս է թողնում այն փաստը, որ ֆիզիկական առարկայի՝ քարի, նարնջի, կատվի գոյությունը և ներկայացումը կոնկրետության երաշխիք չեն, որ կոնկրետությունը հոգեբանական երևույթ է, և որ կոնկրետ է այն ամենը, ինչը մեր մտքին ներկայանում է որպես ամբողջություն, որպես ուշադրության ու հետաքրքրության ինքնաբավ կենտրոն: Սակայն այս արտաքին և մի քիչ սառը դրույթի դեմ հակազդեցություն է բարձրանում. պնդում են, որ կոնկրետության համար անհրաժեշտ է մարդու հետ կապված արտահայտչություն, և որ դրան կարելի է հասնել բացարձակապես անձնավորման միջոցով. արդյունքում շարունակում է պահպանվել բույսի, մշուշի, անձրևի և այլնի սիմվոլացումը, որը հնարավոր է դարձնում ոչ թե իսկական գիտելիքին հասնելը, այլ պսևդոգիտելիքին:

Սիմվոլացումը հանգեցնում է նրան, որ բնության նկատմամբ սեր առաջանալու փոխարեն երեխայի հետաքրքրությունը տեղափոխվում է դեպի բնության ուսումնասիրությանն ուղեկցող որոշ զգայական և հուզական ապրումներ, և, վերջապես, ինքը բնությունը ցնդում ու ցրվում է նրա գիտակցությունից: Նույնիսկ գրականության միջոցով բնությանը մոտենալու ձգտումն է անհաջող, քանի որ մոռանում են, որ առարկայից դեպի երեխայի միտքը ավելի կարճ ճանապարհ կա՝ հենց կյանքի հետ անմիջական շփման ճանապարհը, մոռանում են, որ բանաստեղծությունը, պատմվածքը և, ընդհանրապես, ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն իրենց սեփական տեղն ունեն. դրանց դերը ուժեղացնող և իդեալականացնող գործոն լինելն է և ոչ թե հիմք: Այլ կերպ ասած՝ մեր ցանկությունն է երեխայի մտքի ու բնության միջև ինչ-որ որոշակի կապ չֆիքսել, այլ հնարավորություն տալ ազատ զարգանալու այն կապին, որն արդեն սկսել է ցույց տալ իր ազդեցությունը:

2) Իսկ դա միանգամից բերում է գործնական հարցերի, որոնք քննարկման ժամանակ սովորաբար միավորում են «հարաբերակցություն» անվամբ, ուսումնասիրվող բազմազան առարկաների և ընկալման ու յուրացման կարողության այնպիսի փոխազդեցության մասին հարցերի, որ կնպաստեր մտավոր զարգացման միասնականությանը:

Ընդունված տեսանկյունից խնդիրն ավելի շուտ տարբերակումն է, քան հարաբերակցությունը, ինչպես սովորաբար դա հասկանում են: Կյանքի միասնությունը, ինչպես այն ներկայանում է երեխային, մի ամբողջության մեջ է միավորում բոլոր պարապմունքները ու կարմիր գծի նման անցնում է դրանցով. բոլորը՝ բույսերի, կենդանիների, աշխարհագրական պայմանների բազմազանությունները, նկարչությունը, ծեփագործությունը, խաղերը, կառուցողական աշխատանքները, թվաբանական հաշվարկները, այդ միասնության մեջ որոշակի գծեր ներմուծելու և մտավոր ու հուզական բավարարվածության հասնելու միջոցներ են: Այս տարի մեր դպրոցում կարդալուն և գրելուն շատ ժամանակ չի հատկացվել, բայց հասկանալի է՝ եթե այդ պարապմունքները ցանկալի համարվեին, ապա նրանց նկատմամբ էլ կկիրառվեր նույն սկզբունքը: Միասնականությունը, անհրաժեշտ հարաբերակցությունը հասանելի է դառնում ուսումնասիրվող բովանդակության ընդհանրությամբ և անընդհատությամբ և ոչ թե կարգագրերի խորամանկ հնարքներով, որոնցով ուսուցիչը փորձում է միավորել միմյանց հետ ոչ մի ընդհանրություն չունեցող առարկաներ:

3) Տարրական կրթությանը ներկայացվող համընդհանուր երկու պահանջները մեր ժամանակներում հաճախ ոչ թե միավորվում, այլ հակադրվում են. առաջինը պարապմունքների հիմքում արդեն ծանոթը, փորձից ստացվածը դնելու և դրանից դեպի անհայտը և հեռավորը տարածվելու անհրաժեշտությունն է. ծեծված ճշմարտություն, որը ոչ մի առարկության չի հանդիպում, երկրորդը՝ երեխայի երևակայությունը որպես ուսուցման գործոն դիտարկելու անհրաժեշտությունը, վերջին ժամանակներս սկսել է ճանաչում գտնել:

Խնդիրն աշխատանքի ընթացքում այս երկու ուժերից ոչ թե առանձին, այլ համատեղ օգտվելն է: Երեխան շատ հաճախ, առաջին պահանջի համաձայն, ծանոթանում է սովորական առարկաներին և գաղափարներին, և հանկարծ նույն պահին նույն որոշակիությամբ նրան տանում են կախարդանքի աշխարհը՝ օտար աշխարհ, որը բոլորովին ունակ չէ բավարարելու երկրորդ սկզբունքի պահանջը: Արդյունքում (այս մասին ծավալվելու կարիք դժվար թե լինի) կրկնակի անհաջողություն է ստացվում: Իրականում ոչ մի հատուկ կապ չկա իրականի, առասպելի ու կախարդական հեքիաթի և երևակայության խաղի միջև: Հրաշքների անհավանական աշխարհը ամենևին էլ ֆանտազիայի միակ նյութը չէ. ֆանտազիան ստեղծագործական կարողություն է, որն ընդհանուր գաղափարի ազդեցության տակ կարող է աշխատել ցանկացած բովանդակության հետ: Խնդիրը ոչ թե արդեն ծանոթ նյութի հոգնեցուցիչ կրկնության վրա տքնելը և առարկայական դասերի ձևով երեխայի զգացմունքներն արդեն յուրացրածի նյութի վրա սևեռելն է, այլ սովորականը, մոտիկը, հանրամատչելին լուսաբանելը, կենդանացնելը և դրանից օգտվելով՝ այնպիսի իրավիճակների կառուցումն ու գնահատումը, որոնք երեխային նախկինում հայտնի չէին, որոնք նա չէր իրականացրել: Սա է երևակայության զարգացումը:

Որոշ հեղինակներ մամուլում հանդես են եկել հայտարարությամբ, թե մանկականֆանտազիան միայն առասպելներում, անցած ժամանակների և տեղերի մասին հեքիաթային պատմությունների մեջ կամ արևի, լուսնի, աստղերի մասին սարսափելի հորինվածքներում է ելք գտնում. նրանք նույնիսկ պնդում էին առասպելը բոլոր «գիտություններ» ներմուծելու անհրաժեշտությունը՝ որպես երեխայի մեջ գերակայող՝ երևակայության պահանջը բավարարելու միջոց: Բայց, բարեբախտաբար, այդպիսի կարիքը միայն բացառություն է, չափազանցություն, անոմալիա, ոչ թե միջին երեխայի իրական պահանջմունք: Ջոները և Ջանիները, որոնցից շատերին ճանաչում ենք, երևակայության նյութը վերցնում են իրենց սովորական ընթացիկ կյանքից. մի մասը երևակայում է հոր ու մոր մասին, մյուսները երազում են շոգենավերի ու քարշիչների, ոչխարի ու կովի, ֆերմայում ու անտառում արկածների, ծովափի ու լեռների մասին: Մի խոսքով, միայն պետք է երեխային այնպիսի պայմանների մեջ դնել, որ կարողանա ուրիշներին հաղորդել սեփական փորձը, ձեռք բերած տեղեկությունները, որպեսզի կարողանա նոր դիտարկումներ անել՝ ընդարձակելով ու շտկելով հները, այն նպատակով, որ իր պատկերացումները շարունակեն շարժվել, ապրել, և որ այդպիսով նա մտավոր բավարարվածություն ու հանգստություն ստանա այն ամենի որոշակի ու կենդանի իրականացման մեջ, ինչը նոր է և ընդարձակում է մտահորիզոնը:

Հիշողության ու դատողության կարողությունների զարգացման հետ միասին երեխայի ուսուցման բնույթի փոփոխության հնարավորություն ու կարիք է առաջանում:

Նախորդ էջերում ծանոթացանք երեխայի մտքի անմիջական և ինքնակամ վիճակի հետ, որը բնորոշ է մինչև յոթ տարեկան հասակը՝ փորձի միջոցով ձեռք բերված նոր ապրումների պահանջմունքի հետ, սեփական փորձի մասնակի տվյալներով պատկերներ ստեղծելու և խաղի մեջ դրանց արտահայտումը գտնելու ծարավի հետ: Այս վիճակը տիպական է և գրականության մեջ հայտնի ինքնաբուխ ուշադրություն անվամբ կամ, ինչպես կարելի է այլ կերպ ձևակերպել, անկամ ուշադրություն՝ առանց կամքի մասնակցության:

Ուղղակի երեխան կլանված է նրանով, ինչ անում է. աշխատանքը, որը կատարում է, ամբողջովին նրան պահում է իր գրկում: Նա տրվում է աշխատանքին ամբողջությամբ, առանց մնացորդի: Հետևաբար, չնայած այստեղ շատ էներգիա է ծախսվում, բայց գիտակցված ջանք չկա, չնայած երեխան իր մտահորիզոնի ընդարձակմանն է ձգտում, բայց գիտակցված ձգտում չկա:

Ավելի հեռագնա նպատակների գիտակցման և այդ նպատակներին հասնելու համար որոշակի գործողությունների անհրաժեշտության գիտակցման զարգացման հետ միասին (հարց, որը քննարկվում է երկրորդ կետում), անցում է կատարվում «ոչ ուղղակի ուշադրություն» տերմինով հայտնի վիճակի կամ, ինչպես գերադասում են արտահայտվել որոշ գրողներ, կամային ուշադրության: Երևակայությունը գծագրել է արդյունքը, և երեխան զբաղվում է նրանով, ինչը կանգնած է իր առաջ, կամ ինչ ինքն անմիջապես պետք է կատարի, քանի որ դրա կատարումը օգնում է նպատակին հասնելուն: Ինքնին որպես առարկա կամ գործողություն՝ դրանք երեխային անհաղորդ կամ նույնիսկ վանող կարող են լինել, բայց քանի որ նա զգում է, որ դրանք այն արդյունքի մասն են, որն ինքը գնահատում է և որին համառորեն ձգտում է, դառնում են գրավիչ և կլանում են նրան:


Սա է անցումը «կամային» ուշադրության, բայց միայն անցումը: Վերջինս հասնում է իր գոյության ամբողջությանը միայն այն ժամանակ, երբ երեխան իր առջև արդյունքն է դնում՝ որպես խնդիր կամ հարց, որոնց լուծումը ձգտում է գտնել ինքն իր համար: Միջանկյալ փուլում (ութից մինչև տասնմեկ-տասներկու տարեկանը), երբ երեխան կիրառում է որոշ միջանկյալ գործողություններ՝ հետևելով ինչ-որ նպատակի, որին ձգտում է հասնել, այդ նպատակն անորոշ մի բան է լինում, այնպիսի մի բան, որը պետք է իրագործվի կամ կատարվի, որը որոնելի շոշափելի արդյունք է, որին պետք է հասնել։ Այստեղ խոսքն ավելի շուտ գործնական դժվարության մասին է, որը երեխան փորձում է հաղթահարել, քան թե մտքի պահանջի: Բայց ընդունակության զարգացմանը զուգընթաց՝ երեխան սկսում է նպատակն ընկալել իբրև մի այնպիսի բան, որը պետք է դուրս բերված ու բացահայտ լինի. նա սկսում է կառավարել իր գործողությունները և պատկերացումները, որպեսզի օգնի իր փնտրտուքներին և խնդիրը լուծի: Սա էլ հենց դատողությանն ուղղված գիտակցական ուշադրությունն է:

Պատմությանը վերաբերող աշխատանքներում այս փոփոխությունն արտահայտվում է պատմվածքի ու կենսագրության ձևից, դպրոցում բարձրացված հարցերի քննարկումից անցում կատարելով ինքնուրույն հարցադրումներ անելուն: Պատմության մեջ միշտ էլ լինում են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին հնարավոր են տարբեր կարծիքներ, կան վիճելի տեղեր, երբ փորձը, դատողությունը և այլն կարող են հաջողությամբ կիրառվել: Բայց մտավոր նկատելի առաջընթացը երևում է, երբ առկա են դատողության միջոցով այդ կասկածելի և հակասական դրույթները զարգացնելով մի պրոբլեմի հասցնելու կարողությունը, դժվարությունը երեխային հասկացնելուց հետո նրան մենակ թողնելը, որպեսզի ինքնուրույն վերանայի հարցին վերաբերող նյութերը, կազմի որոշակի արժեք ունեցող սեփական դատողություն կամ նույնիսկ սեփական ուժերով լուծի վիճելի հարցը: Նման փոփոխություն կլինի նաև բնագիտական առարկաների ուսումնասիրության ժամանակ. խցիկը պատրաստելուց և գործնականում կիրառելուց անցում կկատարվի դրա հետ կապված ավելի վերացական խնդիրների քննարկմանը՝ լույսի օրենքին, անկյունային չափումներին և այլն, որոնք հանգեցնում են տեսության կամ բացատրում են փորձը:

Ընդհանրապես զարգացումը նորմալ գործընթաց է: Բայց դա համապատասխան հասկանալն ու դրանից հմտորեն օգտվելը մտավոր կրթության ամենալուրջ խնդիրն է: Ինտելեկտուալ տեսանկյունից այն մարդուն կարելի է անվանել կրթված, որը ձեռք է բերել ուշադրության ու դատողության կարողություն, իր մտքի առջև լուծում պահանջող խնդիրներ և պրոբլեմներ դնելու կարողություն. նա տիրապետում է մտքի կարգապահությանը, կարողանում է կառավարել իր մտավոր ընդունակությունները: Առանց դրան մարդու միտքն ապրում է սովորույթի ողորմածության կամ ուրիշների հուշումների միջոցով:

Հանդիպող դժվարություններից մի քանիսը կարող են պարզորոշ բացահայտվել, եթե կանգ առնենք մի մոլորության վրա, որը գերակշռում է սովորական տիպի դպրոցների ծրագրերում: Շատ հաճախ ընդունում են, որ ուշադրությունը կարող է կենտրոնացվել ցանկացած ուսումնական առարկայի վրա, եթե միայն կա սեփական կամք ու ցանկություն. անհաջողությունը դիտվում է որպես չցանկանալու և սովորել չկարողանալու հատկանիշ: Երեխային սկսում են սովորեցնել թվաբանություն, աշխարհագրություն, քերականություն և նրան ասում են, որ ինքը պարտավոր է դրանք յուրացնելու համար ջանքեր գործադրել: Բայց եթե երեխան մտքի խորքում այդ ջանքերը գործադրելու անհրաժեշտության որևէ կասկած ունի, եթե որևէ անվստահություն կա, ապա գիտակցական ուշադրությունն անհնար է: Իսկ եթե նյութի նկատմամբ բավական ներքին հետաքրքրություն կա, այդ դեպքում առաջանում է անմիջական, ինքնակամ ուշադրություն, որը շատ արժեքավոր է, քանի դեռ շարունակվում է, բայց որն ինքնին դեռ չի ստեղծում մտքի ուժ կամ սեփական մտավոր կարողությունների ինքնուրույն ղեկավարում: Եթե նյութը երեխային առանձնապես չի հետաքրքրում, ապա ուսուցիչը, իր եռանդին, պատրաստվածությանը, փորձին, դպրոցի հետագա պլաններին համապատասխան, կա՛մ փորձ է անում նյութին կողմնակի արհեստական հետաքրքրություն հաղորդել` դիմելով տարբեր տեսակի հնարքների, որպեսզի «դասը հետաքրքրաշարժ» դարձնելով՝ գրավի երեխաների ուշադրությունը, կա՛մ դիմում է խթանման արհեստական մեթոդների (ցածր գնահատական, հաջորդ դասարան չփոխադրելու սպառնալիք, տարբեր տեսակի դիտողություններ, անընդհատ դիմում երեխային՝ «ուշադի՛ր եղիր», և այլն), կա՛մ, հնարավոր է, երկուսից էլ օգտվում է:

Նախ այդ եղանակով ձեռք բերված ուշադրությունը միշտ արտաքին որևէ ազդակից կախվածության մեջ է մնում, և այդ պատճառով, երբ գրավչությունն անհետանում է, կամ ճնշումը դադարում է գործելուց, շատ քիչ կամ համարյա ոչ մի ներքին օգուտ, սեփական մտավոր ուժերից օգտվելու կարողություն չի մնում։ Եվ, վերջապես, նման ուշադրությունը միշտ բավարարվում է «ուսման» նեղ բաժնով, այսինքն՝ մյուսների կողմից տրվող հնարավոր հարցերի պատրաստի պատասխանները սերտելով: Հակառակը, իսկական, գիտակցական ուշադրությունը միշտ կապված է դատողությունների, մտածմունքների, կշռադատությունների հետ. դա նշանակում է, որ երեխայի մեջ իր սեփական հարցն է առաջանում, և որ նա գործնականորեն զբաղվում է դրան պատասխանելու համար հարմար նյութ որոնելով և ընտրելով, գիտակցելով այդ նյութի առանձնահատկություններն ու որակը` դրա պիտանելիությունը հարցի լուծման համար: Խնդիրն իր կողմից է դրված, ուստի դրա լուծման պահանջը, ուշադրության խթանները պատկանում են հենց իրեն, և այստեղից՝ անհրաժեշտ պատրաստվածություն ձեռք բերելու անհրաժեշտություն է զգում. հենց դա է կարգապահությունը, սեփական մտավոր ուժերից օգտվելու կարողության օգուտը, այսինքն՝ առաջացող խնդիրները քննարկելու սովորույթը:

Հազիվ թե արժե ասել, որ ավանդական ուսուցման ժամանակ այնքա¯ն շատ ջանք է թափվում երեխային պատրաստի նյութ ներկայացնելու վրա (գրքեր, առարկայական դասեր, ուսուցչի բացատրություններ և այլն), և երեխայի վրա բացարձակապես մի պատասխանատվություն է դրվում` պատրաստի նյութն անգիր անելու պատասխանատվությունը, այնպես որ այստեղ միայն հազվադեպ է գիտակցական ուշադրությունը զարգացնելու հիմք առաջանում: Գրեթե ոչ մի ուշադրություն չի դարձվում գլխավոր պահանջին` որ երեխան առաջացած պրոբլեմն իր սեփականը համարի, և որ ինքը դրա լուծման համար բոլոր ջանքերը գործադրելու անհրաժեշտության գիտակցմանը գա: Այնքան վճռական են անտեսվում այն պայմանները, որոնք կերաշխավորեին, որ երեխայի միտքը ինքուրույն խնդիրներ դներ, որ կամային ուշադրության հենց գաղափարը փոխել, շուռ են տվել: Այն սկսվել է դիտարկվել, որպես ոչ ցանկալի լարման դրսևորում, որը պոռթկման հետևանքով է առաջ գալիս օտար և, հետևաբար, վանող նյութից՝ փոխանակ համարվելու անձնական նախաձեռնության արտահայտություն: «Սեփական կամքի արտահայտությունն» սկսել է դիտվել որպես անցանկալի, տգեղ երևույթ, փոխանակ քաջալերվի՝ որպես ազատ, ինքնուրույն խորաթափանցության ու հզորության արտահայտություն, որը հենվում անձնական հետաքրքրության վրա:

(Հաջորդ գլուխը)

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.