ԴՊԻՐ 6
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»
Մեթոդական մշակումներ
Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»
Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.
«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»
ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»
|
Դմիտրի Լիխաչյով
1-2-րդ նամակներ
ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
Երրորդ նամակ
Ամենամեծը
Իսկ ո՞րն է կյանքի ամենամեծ նպատակը: Կարծում եմ՝ մեր շրջապատում բարին ավելացնելը: Իսկ բարիքը նախ և առաջ բոլոր մարդկանց երջանկությունն է: Այն շատ բաղադրիչներից է կազմվում, և ամեն անգամ կյանքը մարդու առաջ խնդիր է դնում, որը պետք է կարողանա լուծել: Ե՛վ փոքր հարցում կարելի է մարդուն լավություն անել, և՛ մեծի մասին կարելի է մտածել, բայց մեծն ու փոքրը հակադրել չի կարելի: Ինչպես արդեն ասել եմ, շատ բաներ մանրուքներից են սկսվում, փոքր հասակում և մոտ մարդկանց նկատմամբ են ծնվում:
Երեխան սիրում է իր մորը, հորը, եղբայրներին ու քույրերին, իր ընտանիքը, իր տունը: Աստիճանաբար ընդարձակվելով՝ նրա կապվածությունը տարածվում է դպրոցի, գյուղի, քաղաքի, ամբողջ երկրի նկատմամբ: Իսկ սա արդեն շատ խորը և մեծ զգացում է, չնայած այստեղ էլ պետք չէ կանգ առնել, և պետք է մարդու մեջ մարդուն սիրել:
Պետք է հայրենասեր լինել, բայց ոչ ազգայնամոլ: Այն պատճառով, որ քոնն ես սիրում, յուրաքանչյուր ուրիշ ընտանիք ատելու կարիք չկա: Կարիք չկա ատելու մյուս ազգերին այն պատճառով, որ հայրենասեր ես: Հայրենասիրության ու ազգայնամոլության մեջ մեծ տարբերություն կա: Առաջինը սեփական երկրի նկատմամբ սերն է, երկրորդում ատելություն կա բոլոր մյուսների նկատմամբ:
Բարության մեծ նպատակը փոքրից է սկսվում` մերձավորներին բարիք կամենալուց, բայց ընդարձակվելով հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում:
Դա ջրի մակերևույթի շրջաններին է նման: Սակայն ջրի վրայի շրջանները մեծանալով թուլանում են: Իսկ սերն ու ընկերությունը, աճելով և շատերի վրա տարածվելով, նոր ուժ են ձեռք բերում, ավելի են վեհանում, մարդն էլ` դրանց կենտրոնը, ավելի իմաստնանում է:
Սերը պետք է անպատասխանատու չլինի, այլ խելացի պիտի լինի: Դա նշանակում է, որ նա պետք է միահյուսվի ինչպես սիրած մարդու, այնպես էլ շրջապատողների թերությունները նկատելու, դրանց դեմ պայքարելու կարողության հետ: Նա պետք է միավորվի խելքի հետ, անհրաժեշտը սին ու կեղծից տարբերելու կարողության հետ: Նա պետք է կույր չլինի: Կույր հիացումը (դա նույնիսկ սեր չես համարի) սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել: Իր երեխայի ամեն ինչով հիացող և ամեն ինչ խրախուսող մայրը կարող է բարոյապես խեղված մարդ դաստիարակել: Գերմանիայի նկատմամբ կույր հիացումը («Գերմանիան ամեն ինչից բարձր է».- ասվում էր գերմանական ազգայնամոլական երգում) հասցրեց նացիզմի, Իտալիայի նկատմամբ կույր հիացումը`ֆաշիզմի:
Բարության հետ միավորած խելքն է իմաստնությունը: Առանց բարության խելքը խորամանկությունն է: Իսկ խորամանկությունն աստիճանաբար հյուծում է և վաղ թե ուշ խորամանկի դեմ շրջվում: Այդ պատճառով էլ խորամանկությունն ստիպված է քողարկվել: Իսկ իմաստնությունը բաց է և վստահելի: Նա չի խաբում ուրիշներին և ամենից առաջ՝ հենց իմաստուն մարդուն: Իմաստնությունը իմաստունին բարի համբավ և հաստատուն երջանկություն է բերում, երկարամյա և հուսալի երջանկություն և ապահովում է խղճի հանգստություն, որը ծերության տարիներին ամենագնահատելին է:
Ինչպե՞ս արտահայտեմ այն ընդհանուրը, որ կա իմ երեք պնդումներ մեջ՝ «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունը` հավերժ» և «Ամենամեծը»: Այն կարելի է արտահայտել մի բառով, որը կարող է նշանաբան դառնալ` «Հավատարմություն»: Հավատարմություն այն բարձր սկզբունքներին, որոնցով պետք է մարդն ուղղորդվի մեծ և փոքր հարցերում, հավատարմություն իր անբասիր երիտասարդության, իր հայրենիքի (այդ հասկացության լայն և նեղ իմաստներով), հավատարմություն ընտանիքի, ընկերների, քաղաքի, երկրի, ժողովրդի նկատմամբ: Վերջին հաշվով հավատարմությունը հավատարմություն է ճշմարիտի նկատմամբ` ճշմարիտ-իսկության, ճշմարիտ-արդարության:
Չորրորդ նամակ
Ամենամեծ արժեքը կյանքն է
«Ներշնչե¯ք, արտաշնչե¯ք, արտաշնչե¯ք»: Մարմնամարզության հրահանգիչի ձայնն եմ լսում. «Որպեսզի ամբողջ կրծքով ներշնչեք, պետք է մի լավ արտաշնչեք»: Նախ սովորեք արտաշնչել, ազատվել «գործածված օդից»:
Կյանքը ամենից առաջ շնչառություն է: «Հոգի», «ոգի»… Սակայն երբ մարդ մահանում է, ամենից առաջ դադարում է շնչել: Հնուց են այդպես մտածել: «Շունչը փչել է»,- նշանակում է «մահացել է»:
«Խեղդուկ» լինում է տանը, «խեղդուկ» է և բարոյական կյանքում: Մի լավ արտաշնչենք բոլոր մանր հոգսերը, առօրյա կյանքի ամբողջ ունայնությունը, ձերբազատվենք, թափ տանք այն ամենը, ինչը խոչընդոտում է մտքի շարժմանը, ինչը ճնշում է հոգին, մարդուն թույլ չի տալիս ընկալել կյանքը, նրա արժեքները, գեղեցկությունը:
Մարդը միշտ պետք է մտածի իր և մյուսների համար ամենակարևորի մասին՝ դեն նետելով դատարկ հոգսերը:
Պետք է մարդկանց նկատմամբ բաց լինել, համբերատար, նրանց մեջ փնտրել լավագույնը: Ամենալավը, ուղղակի «լավը», «թաքնված գեղեցկությունը» փնտրելու և գտնելու կարողությունը մարդուն հոգեպես հարստացնում է:
Բնության մեջ, ավանում, քաղաքում, փողոցում, էլ չխոսելով մարդու մասին, բոլոր մանրուքների պատնեշի միջից գեղեցիկը նկատել. դա նշանակում է ընդարձակել կյանքի ոլորտը, այն կենսական տարածության ոլորտը, որտեղ մարդն ապրում է:
Ես երկար եմ փնտրել այս բառը՝ ոլորտ: Սկզբում ինքս ինձ ասում էի. «Պետք է ընդլայնել կյանքի սահմանները». սակայն կյանքը սահմաններ չունի: Դա ցանկապատով` սահմաններով, շրջափակված հողակտոր չէ: Հենց այս պատճառով էլ «կյանքի սահմաններն ընդլայնելը» իմ միտքն արտահայտելու համար պիտանի չէ£ «Կյանքի հորիզոնն ընդարձակելն» ավելի լավ է, բայց էլի այն չէ: Մաքսիմիլիան Վոլոշինը իր հորինած մի լավ բառ ունի՝ «աչքածիր»: Դա այն ամենն է, որ աչքը կարող է ընդգրկել, տեղավորել: Բայց մեր կենցաղային գիտելիքների սահամանափակությունն այստեղ էլ է խանգարում£ Կյանքը չի կարելի հանգեցնել կենցաղային տպավորություններին: Պետք է կարողանանք զգալ և նույնիսկ նկատել այն, ինչը մեր ընկալումներից դուրս է, պետք է նորի բացահայտման կամ հնարավոր հայտնաբերման «նախազգացողություն» ունենանք: Աշխարհում ամենաթանկ բանը կյանքն է` ուրիշինը, սեփականը, կենդանական աշխարհի և բույսերի կյանքը, մշակույթի կյանքը, կյանքն իր ամբողջ տևողությամբ` և՛ անցյալում, և՛ ներկայում, և՛ ապագայում: Իսկ կյանքն անվերջ խորն է: Միշտ հանդիպում ենք ինչ-որ բանի, որ առաջ չէինք նկատել, որը հիացնում է իր գեղեցկությամբ, անսպասելի իմաստությամբ, անկրկնելիությամբ:
5-6-րդ նամակներ
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը
|