«Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորինվածքում»
Խաղային տարերքը մարդուս տրված է բնությունից, որպես ինքնաստեղծվող, ինքն իրենով իմաստավորվող ուժ, գուցե իսկապես գերագույն կիրք, ինչպես ասում են: Եվ դժվար է իմանալ՝ ինչն է ավելի լուրջ մարդուս համար՝ իր կենսաբանական կռի՞վը, գործնական առօրյա՞ն, մտորումնե՞րը, կրոնական հայացքները, հասարակական մտահոգություններն ու քաղաքական կրքե՞րը, թե՞ այն, ինչ ազատ է արտաքին նպատակներից և կյանքի պայմանական հարթություններում է:
Փորձում ենք զննել մարդկային գործունեության այն ոլորտը, ուր ամեն ինչ խաղ է, երկրորդված մի կեցություն հանրության հայացքի առջև, որքան պայմանական, նույնքան էլ իրական:
Ի՞նչ է դա՝ կյանքի հայելի՞ն, թե՞ զուգահեռը, կենցաղի ձև՞, թե՞ կենցաղի մերժում, հեգնա՞նք իրականության, իրական արժեքների ու շահերի հանդեպ: Սա թողնենք նրանց, ովքեր այդ դաշտում ինքնադրսևորվում են, և դա իրենց համար մասնագիտական հարթակ է: Մենք փորձենք մանկավարժության մեջ դիտարկել խաղ կոչվածը՝ «Թատրոնը» ընկալել որպես գործիք: Ի՞նչ խնդիրներ կարող ենք լուծել, օրինակ, նախակրթարանում:
Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր տարիքի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում:
Սաների ցանկացած գործունեություն ներկայացնում է՝ դերախաղ. երեխան ստանձնում է մի միտք ու խաղում: Խմբասենյակը դառնում է փորձասենյակ, սաները՝ դերարարներ, իսկ դաստիարակները՝ բեմադրիչ ռեժիսորներ:
Գործունեությունը կարելի է վերածել ներկայացման: Սաներին շատ դուր կգան նախապատրաստական վարժությունները՝ բերանային ապարատի, լեզվի, ծնոտի, շուրթերի, ինչպես նաև ձայնային խաղիկները: Սաները դրանք կկատարեն ծիծաղով, ուրախությամբ, իսկ դաստիարակը դրանով կնպաստի սաների խոսքի զարգացմանը և վարժությունները կունենան թերապևտիկ ազդեցություն: Ի վերջո, խմբասենյակն առանց սաների դատարկ տարածություն է, ինչպես որ բեմն առանց դերարարների: XX դարի թատրոնի մարդը (Պիտեր Բրուք) այդպես էլ կոչեց՝ «Դատարկ տարածություն»: Հարցրել են՝ ինչ է նշանակում, ասել է՝ ոչինչ: Նույնը և նախակրթարանում է, կրտսեր դպրոցում, հեղինակային մանկավրժության մեջ՝ «Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորինվածքում»:
Մտնելով խմբասենյակ ակամայից հայտնվում ես խաղի մեջ, և նախ պետք է հասկանալ «ինչպես»-ից առաջ՝ «ինչ»-ը:
Տեխնոլոգիա, խաղ, երևակայություն, ստեղծականություն, և երեխայի ներքին զարգացումը կսկսի թափ առնել…
Դաստիարակը անընդհատ պետք է գործի, հետազոտի, որոնի: Յուրաքանչյուր սանի հետ՝ անհատական աշխատանք: Պատասխանատու աշխատանք, քանզի ուշադրության առանցքում սանն է, նրա զարգացումը և կյանքի այն կարևոր մասը, որ կիսում ես նրա հետ, որը վստահված է քեզ: Հարկավոր է ստեղծել պայմաններ, անվերջ խրախուսել, քննել, օգնել… Մարիա Մոնտեսորին ասում էր. «Եթե երեխային հաճախ են քննադատում, ապա նա սովորում է կշտամբել և պախարակել: Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է գնահատել»:
Խաղով պետք է ներգրավել և կենտրոնացնել սանին որևէ գործունեության մեջ: Երբեմն խոսքի նյութը հենց երեխաների բնական խոսքն է, գործողությունը, երբեմն էլ՝ պարտեզային ծրագրով նախատեսված հեքիաթներն ու ոտանավորները: Դրանք ավելի խաղային են դառնում, երբ որպես ժանր ընտրում ես տիկնիկայինը կամ թատրոնի այս ձևերից մեկը՝ մատների, ձեռքերի, թղթի, իրերի և այլն: «Ձայնի մեջ էլ, երեսին էլ, մատներին էլ երևում են ուղեղի ծալքերը»,– ասում էր մեծ արտիստներից մեկը: Վերը նշված ձևերը հրաշալի լուծումներ են երեխայի երևակայության, խոսքի, ինքնուրույնության, ստեղծականության զարգացման համար: Ինտեգրված մի խաղ իր բոլոր կարևոր բաղադրիչներով:
4-5 տարեկանում ավելի ակտիվ փուլ է մտնում սանի խոսքը: Նա ավելի ուշադիր է, լսում է ու վերցնում լսածը՝ բառեր, նախադասություններ: Երբ ուշադիր հետևում ես այդ կարևոր ընթացքին, հասկանում ես, թե ինչպես է սանը խաղում այդ բառերի հետ՝ ավելացնում, պակասեցնում: Նույնը և տեղի է ունենում լսած հեքիաթների հետ: Հաճախ հեքիաթը տեղում հենց իրենք սկսում են հորինել, ավելացնել, պակասեցնել և բեմադրել: Կերպարի ստեղծումից մինչև բեմադրություն, կերպարի բնավորություն, հագ ու կապ, քայլվածք՝ շարժ ուձև, ձայն և այլն։
Աշխատանքն այս պետք է լինի անընդհատ, անհոգնել, և մի շարք կարևոր բաղադրիչներ գալիս են հենց դաստիարակից, միջավայրից ու սեր-հավեսից, չծուլացող հոգուց:
Սովորաբար մարդու արտաքինն ունի իր ներքին խարիսխները, զսպանակներն ու լծակները: Որքան էլ նշանակություն տրվի մարդուս արտաքինին, կա հոգեկան լիցք և մտքի աշխատանք, որ իր կնիքն է դնում արտաքինին: Անձը նման է մի սարքավորման, որ պետք է սնուցման աղբյուրներ ունենա և միշտ ներքին այրման նյութ: Եթե մարդու մտավոր հետաքրքրությունները նվազ են, հոգևոր մղումները թույլ, ձանձրույթի փոշի է նստում հայացքին, խոսքը դառնում է ծույլ, մատները նույնպես: Իսկ եթե հայացքը շատ բան չի ասում կամ ակտիվ չէ, լսենք ձայնը:
«Խոսիր, որ քեզ տեսնեմ»,-ասել է հույն փիլիսոփան:
Շատ կարևոր է, որ դասվարը տիրապետի խոսքի արվեստին, չէ որ նրա ձայնը և ձայնի աուրան տարածվում է խմբասենյակում, չէ որ խոսքով է նա գործում, խոսքով է խաղում, խոսքով է ազդում և խոսքն է ուղորդում: Խոսքի արվեստ է՝ մտածովող, ընթերցվող, լսվող, արտաբերվող: խոսքի տիրապետությունը շատ մեծ է: Հարկավոր է սկսել խոսքից, իսկ մնացածը կառուցվում են հենց այս կարևոր բաղադրիչի վրա…
- 2731 reads