Հերթը հասավ հիմա Ձեզ
Հերթը հասավ հիմա Ձեզ՝ կրթահամալիրի բարեկամներին, ստեղծական ուսումնական աշխատանքը գնահատողներին և խթանողներին, հանրակրթության պատվիրատուներին։
«Հանրակրթական Դիջիթեք 2014. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» բաց, ամենամյա, թվով 6-րդ ստուգատեսի ներկայացման փուլն ավարտվեց։ Հարյուրավոր սովորողներ, ուսուցիչներ ստուգատեսի 20+1 անվանակարգերով digitech.mskh.am-ում ներկայացրել են իրենց ուսումնական-ստեղծագործական-թարգմանական գործունեության արդյունքները։ «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագրի 77-րդ հատուկ համարում հրապարակված են մանկավարժական հոդվածներն ու թարգմանությունները։ Մրցութային հանձնաժողովներն ըստ անվանակարգերի որոշել են հաղթողներին։ Ստուգատեսի տնօրեն Լուսինե Բուշը digitech.mskh.am-ում հրապարակել է հաղթող աշխատանքների ցուցակը։ Այս ընթացքում շատ մասնակիցներ անհատների և կազմակերպությունների կողմից արժանացան անվանական մրցանակների, Խաչատրյանների և Ղալամքարյանների սեբաստացի-քառազավակ դիջի-ընտանիքները պարգևատրվեցին ԱրմԹաբ ֆիրմայի Հայաստանում հավաքված պլանշետներով, Հանրակրթական Դիջիթեքի կազմակերպիչ կրթահամալիրը Ֆիրմա Ալֆայի կողմից ստացավ նոր կարճաֆոկուս պրոյեկտոր։ Շնորհակալ ենք։
Եկել է ստուգատեսը խրախուսելու, ստուգատեսի մրցանակակիրներին արժանին մատուցելու ժամանակը։ Գլխավոր մրցանակը ավանդական 5-օրյա դիջի-ճամբարի ուղեգիրն է՝ գրավիչ-ստեղծական միջավայրում միասին աշխատանքը շարունակելու և հանգստանալու հնարավորությունը։ Հատուկ մրցանակները ուսումնական ճամփորդությունների, ուսումնական պիտույքների համար նախատեսված կրթական վաուչերներ են։ Ո՞վ կառաջարկի ճամբարի տեղը Հայաստանի, Արցախի տարածքում, ո՞վ կհատուցի ճամբարի կազմակերպման նյութական ծախսերը։ Այսպիսի հնարավորություն քչերին է տրված։ Շատերը կարող են ձեռք բերել և իրենց ընտրած մրցանակակիրներին հրապարակավ հանձնել գլխավոր կամ հատուկ մրցանակ։ Վաուչերը ձեռք բերելու համար Հայէկոնոմբանկի «Մետաքս» մասնաճյուղի հ/հ 163218137665 կրթահամալիրի հաշվին պետք է ուղարկել՝
- գլխավոր մրցանակի համար՝ 40000 դրամ,
- հատուկ մրցանակի համար՝ 20000 դրամ՝ նշելով «Հանրակրթական Դիջիթեքի մրցանակ» և ընտրած մրցանակակրի անունը։
Այն կարող եք անձամբ հանձնել կրթահամալիրում ամեն ուրբաթ՝ ժամը 15.15-16.00, ընդհանուր բաց պարապմունքի ժամանակ։
Ամենաթանկը, իհարկե, Ձեր ուշադրությունն է, այն ժամանակը, որ կհատկացնեք և digitech.mskh.am-ում կծանոթանաք ներկայացված նյութերին։
Միշտ Ձեր՝
Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
- 3401 reads