Փաթեթավորված արժեքների առասպելը
Հատված «Ազատագրում դպրոցից» գրքից
Դպրոցը վաճառում է ուսումնական ծրագիր՝ նույն գործընթացի միջոցով ստեղծված և մյուս ապրանքների բաղկացուցիչներից ունեցող մի խումբ ապրանք։ Ուսումնական ծրագրի արտադրությունը սկսվում է, իբր գիտական հետազոտությամբ, որի հիման վրա կրթության ճարտարագետները գուշակում են գալիք պահանջարկը և եղած բյուջեի ու հաստատված տաբուների շրջանակներում գործիքներ են ստեղծում հավաքական ուղղության համար։ Դիստիբյուտոր ուսուցիչը մատակարարում է պատրաստի արտադրանքը սպառող աշակերտին, ում արձագանքը մանրակրկիտ ուսումնասիրվում է և արձանագրվում, որպեսզի ապահովվեն ուսումնասիրության տվյալները՝ պատրաստելու համար հաջորդ մոդելի, լինի դա «առանց գնահատականի» ուսուցում, «սովորողների մշակած» ծրագրերով ուսուցում, «թիմային ուսուցում», «տեսողական միջոցներով» թե «խնդրային-կենտրոնացվող» ուսուցում։
Ուսումնական ծրագրի արտադրության գործընթացի արդյունքը շատ նման է ցանկացած այլ ապրանքի։ Սա ծրագրված իմաստների հավաքածու է, արժեքների փաթեթ, իր, որի «հաշվարկված գրավչությունը» հնարավորություն է տալիս ապահովելու դրա համար շուկայական հաջողություն, ինչը կարդարացնի դրա արտադրական ծախսերը։ Սպառող-աշակերտներին սովորեցնում են իրենց ցանկությունները հարմարեցնել շուկայում առկա արժեքներին։ Գնահատականներով ու կրթության մասին՝ իրենց համար համապատասխան կարգավիճակի աշխատողի տեղ ապահովող փաստաթղթերով նրանց վարժեցնում են մեղքի զգացում ունենալ, երբ իրենց վարքը չի համընկնում սպառողների պահանջներն ուսումնասիրողի կանխատեսումներին։
Մանկավարժներն արդարացնում են ավելի ու ավելի թանկացող ուսումնական ծրագրերն իրենց դիտարկումներով, ըստ որոնց ուսուցման դժվարություններն աճում են ուսումնական ծրագրին ուղիղ համեմատական՝ Պարկինսոնի օրենքին լրիվ համապատասխան. աշխատանքի ծավալն այնքան շատ է, որքան շատ միջոցներ են դրա վրա ծախսվել։ Այս օրենքը հաստատվում է դպրոցի բոլոր մակարդակներում. օրինակ՝ ընթերցանության դժվարությունները Ֆրանսիայում հիմնական դարձան այն պահից, երբ մեկ աշակերտի՝ կարդալ սովորեցնելու արժեքը մոտեցավ 1950-ական թթ. ամերիկյան մակարդակին, երբ ընթերցանության դժվարությունները ամերիկյան դպրոցներում դարձան գլխավոր խնդիր։
Իրականում որքան դպրոցն աշխատում է շահարկել ուսուցումը, այնքան համառ է նորմալ աշակերտը հակառակվում կրթությանը։ Այդ հակառակվելու պատճառը ամենևին էլ պետական դպրոցի ավտորիտար ոճը չէ, ոչ էլ ամենաթողության մթնոլորտը որոշ ազատ դպրոցներում, այլ բոլոր դպրոցների համար ընդհանուր արմատական պատկերացումները՝ աշակերտը չէ, որ պիտի որոշի՝ ինչ և երբ ինքը սովորի։ Դա ուրիշ մարդկանց գործն է։
Նախորդ հատվածը՝ Դպրոցից ազատագրվելու հեղափոխական ներուժը
Թարգմանություն ռուսերենից
- 2263 reads