Իմ մուտքը կրթահամալիր

Հեղինակ: 

Ամեն բան սկսվեց քառօրյա վերապատրաստումից: Երեսունից ավելի մասնակիցներ փորձում էին մուտք գործել կրթահամալիր, բայց այդքանից շատ քչերը  բախտ ունեցան ոտք դնել կրթահամալիր`որպես աշխատող: Բայց ամեն ինչ հերթով. այնպես չէ, որ վերապատրաստումից հետո անմիջապես անցանք աշխատանքի: Նախ մեզ էր սպասում «Մուտքի ճամբարը»: Մեկշաբաթյա այդ աննկարագրելի հաճելի ժամանակը իզուր չանցավ. ճանաչեցինք միմյանց, էլ ավելի մոտիկից ծանոթացանք կրթահամալիրի տարածքին, մեր ձեռքերով մաքրեցինք, խնամեցինք այն միջավայրը, որտեղով ամեն օր գնալու էինք աշխատանքի, մի մասնաճյուղից մյուսը ու պարզապես քայլելու էինք:

Առաջին օրը բոլորիս համար երանավետ ու արբեցնող էր` բառիս ամենալայն իմաստով: Երբ վայելում էինք կարմիր անապակ գինին, չէինք էլ մտածում, որ հաջորդ օրը պետք է քաղհանենք այն վայրը, որտեղից սկսվում է գինու պատմությունը:

Օր երկրորդ: Ամառ: Շոգ: Առավոտ կանուխ հասկանում ես, որ առավոտներդ այլևս առաջվանը չեն լինելու. անընդհատական վազքը քեզ հասցնելու է մի կետի, որի մասին ուղղակի նախկինում երազել չէիր կարող: Կարծում եք չափազանցնո՞ւմ եմ, երբ ասում եմ` հաճելի էր արթնանալ այդքան շուտ, վազել աշխատանքի, որտեղ պետք է օրն սկսվեր քաղհանից, քրտնած ու հոգնած մասնակցել բլոգավարության դասընթացներին: Չէ՛, չափազանցություն չկար, որովհետև այդ ամենը քեզ տանելու էր մի միջավայր, որտեղ չկա անվերջ կրկնվող լճացում, չկա դասի կանոն ու անգիր, ու, որ ամենակարևորն է, այդ ամենը չէինք անում նրա համար, որ աշխատանք էինք ստանալու, այլ ինքնաճանաչման, ինքներս մեզ բացահայտելու, մեր վախերի ու անհանգստությունների առաջ դեմ հանդիման կանգնելու, մեզ գերազանցելու ու, առհասարակ, Հայաստանի մի փոքրիկ կտորը մաքուր տեսնելու համար:

Ահա երրորդ օրը հասկացանք, որ դժվարը քաղհանը կամ բլոգավարությունը չէին, այլ երգն ու պարը: Երբ քեզ սովորեցնողը ուղղակի ջանում է ավելին տալ, իսկ դու նմանվում ես փայտիկի, ու քեզ թվում է, թե կյանքում ո՛չ պարել ես, ո՛չ երգել: Բայց կրթահամալիրը քեզ ապացուցում է, որ դու ավելին ես կարող, քան գիտես կամ ցույց ես տալիս, երբ սկսում ես պարել ու երգել ոչ թե մարմնով ու բերանով, այլ հոգով: Ազգայինը հոգի է սիրում:

Սարսափելին առջևում էր։ Պետք էր գնալ ճամբար, գիշերը վրանում քնել: Իսկ կրթահամալիրի փորձառու աշխատողները կատակում էին մեզ հետ, ասում էին` ուտելիքն էլ պետք է մենք հայթայթենք, ճամբարը` հեքիաթներում հանդիպող վիշապի փուլն է, եթե անցնեք, ապա հետագայում ամեն բան կարգին կլինի:

 Լավ, ես էլ ֆանտաստիկայի սիրահար եմ. պետք է փորձել․..

Վաղաշենի բնապահպանական, մանկավարժական ճամբար

Գնացինք: Երբևէ ճամբարային կյանքն այդքան հագեցած, այդքան խորհրդավոր, այդքան նպատակային չի եղել, որքան վաղաշենյան ճամբարինը: Ողջույնն անգամ տարբերվում էր մեզ ծանոթ բարևներից: Խաղաղ գիշերվա ամենակուլ խարույկն ու ակտիվ զրույցները խլացրել էին աշխարհի դարդն ու ցավը: Աշխարհից վերացած՝ չէինք էլ նկատել, որ արդեն կեսգիշեր էր: Հրահանգ` քնե՜լ: Ով քնեց, ով արթուն մնաց, գիտեն միայն այն շները, որ կերան մեր խորովածը, և այն բարձրուղեշ ծառերը, որ թաքուն ականջ էին դրել արթունների զրույցներին: Լուսացավ, բայց երբ ու ինչպես` չեմ կարող ասել, քանի որ արևն անգամ դուրս չէր եկել սարերի հետևից, երբ մենք դուրս եկանք վրաններից: Նախաճա՞շ։ Իսկ ի՞նչ է այդ նախաճաշը, եթե ոչ դառը սև ջուր, որ մարդիկ սուրճ են կոչել․ ինչպես հասկացաք, չնախաճաշեցինք: Գնացինք մարզվելու Սևանա լճում, այո´, հենց լճի մեջ: Ասեմ` ինչ եղավ, ոտքս վնասեցի, բայց չէր ցավում, ու չէի  էլ նկատել, որ վնասվածք եմ ստացել: Լուրջ բան չկար, համենայն դեպս մինչ այսօր ողջ եմ:               

Սևանի ափը և ափամերձ տարածքները մաքրեցինք, հավաքեցինք այն աղբը, որը կարող էինք, իսկ ավելի մեծ թափոնների համար տեխնիկա էր անհրաժեշտ:

Վերադարձանք Երևան: Մուտքի ճամբարն ավարտվեց. նոր շրջափուլ էր սկսվում` կամավորական աշխատանք: Շատ թե քիչ աշխատելուց հետո կայացավ խորհրդի նիստը, ու լսեցինք այդքան սպասված «դուք աշխատանքի եք անցել» արտահայտությունը: Բայց ձեզ չթվա` ամեն ինչ «հալած յուղի պես է անցել». դժվարություններ շատ են եղել։ Հիմա էլ, երբ աշխատում եմ, անցնում եմ դժվարությունների միջով: Ամեն օրս մի փորձություն է: Կարևոր է ունենալ թիկունքիդ կանգնած  այնպիսի մարդկանց, ովքեր քեզ հետ կքայլեն և´ քարքարոտ, և ՛ հարթ ճանապարհներով: Ես այստեղ` կրթահամալիրում, հանդիպել եմ այդպիսի մարդկանց, նրանք ամենօրյա խորհուրդներով, դիտարկումներով, հասարակ ժպիտով օգնում են ավելի լավը դառնալ:

Կորցրել եմ ու գտել: Առաջին օրը` կրթահամալիր մուտք գործելուն պես, լսեցի այս արտահայտությունը. «Պետք է պատրաստ լինես կորցնել մի մեծ բան, որ գտնես ավելի մեծը»: Չգիտեի`արժեր այն զոհողությունը, որն արել էի կրթահամալիրում լինելուս համար, բայց այս մեկ ամիսը ցույց տվեց, որ արժեր։ Իսկ մնացածն ապագան ցույց կտա: Արդեն սկսվել է այդ «ապագա» ասվածը ու վերածվել ներկայի։ Ամեն օրս լցված է հետաքրքիր ու բովանդակալից դասերով, դասեր, որոնք ոչ միայն ես եմ տալիս սովորողներին, այլև ես եմ դասեր քաղում և՛ սովորողներից, և՛ փորձառու ուսուցիչներից, և՛ ավագ ու հասակակից ընկերներից։

Անվերջ կարելի է խոսել կրթահամալիրի դրական ու լավ կողմերի մասին, բայց դրական կողմերով հանդերձ կրթահամալիրում նաև հանդիպեցի դժվարությունների․ արդեն ասել եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն անիրական թվացող, բայց իրական հաստատություն է, որտեղ ամեն բան տարբերվում է մեզ արդեն վաղուց ծանոթ երևույթներից։ Ահա դժվարությունների մասին․ պետք է դասավանդեի կրտսեր դպրոցի չորրորդ դասարանի սովորողներին, բայց երբևէ այդ տարիքային խմբի հետ չէի աշխատել, չգիտեի նրանց նախասիրությունները, հետաքրքրությունների շրջանակը ու մոտեցումս նրանց այնպիսին էր, կարծես գործ ունեմ ավելի բարձր տարիքի սովորողների հետ, և այդ ամենն ինձ համար ամենամեծ դժվարությունն էր։ Գուցե պատճառն այն էր, որ տվյալ չորրորդ դասարանը «Հինգ տարեկանների ծրագրով»  ուսուցմամբ դասարան էր։ Իհարկե, մարդիկ, ովքեր առաջին օրվանից եղել են կողքիս, օգնեցին նաև այս հարցում՝ իրենց խորհուրդներով, դիտարկումներով, սեփական փորձով, բայց ավելի լավը դառնալու համար ես ինքս պետք է աշխատեի իմ մանկավարժական մոտեցումների ու մեթոդների վրա․ կարող ես լինել լավ մասնագետ, բայց լավ ուսուցիչ, մանկավարժ դառնալու համար ինքնակրթվել, զարգանալ, տարիների քրտնաջան աշխատանք է հարկավոր։ Ես փորձում եմ՝ ամեն անգամ ուրախությամբ ու հպարտությամբ ընդունելով այն դիտարկումները, որոնք արվում են ինձ արժանի ուսուցիչ դարձնելու համար։ Քիչ-քիչ հաղթահարեցի նաև այդ փորձությունը։ Հաղթահարման փուլերի մասին կխոսեմ ավելի ուշ, երբ խոսեմ հաջողությունների մասին, իսկ հիմա դեռևս դժվարությունների մասին։ Դարձյալ ճամփորդություն, բայց այս անգամ դեպի Արատես՝  Ճամփորդություն դեպի Արատես։

Եթե Վաղաշենյան ճամբարի ժամանակ արևոտ, տաք եղանակ էր, Արատեսը մեզ այդ շռայլությունը թույլ չտվեց։ Որոշեցինք Արատես գնալ հունվարյան ճամբարի ժամանակ, երբ առատ ձյունն ու ամանորյա շունչը պարսպել էին Արատես կոչվող ամրոցը։ Սկսեցինք պատրաստվել, կազմել նախագիծը, դասավորել ճամփորդական պայուսակները։ Բոլորս ոգևորված էինք, բայց մի ներքին վախ կար, որ տանջում էր մեզ` առաջին անգամ Արատես գնացողներիս։ Օրը եկավ։ Պետք է արդեն գնայինք։ Բոլորս տեղավորվեցինք երթուղային մեքենայում ու շարժվեցինք։ Քսան սովորողներից բացի, Արատես էինք ուղևորվում մայրենիի երկու ուսուցիչներս՝ ես և Քրիստինե Շահբազյանը, չորրորդ և հինգերորդ դասարանների կազմակերպիչ Ռիմա Քեքեջյանը, մարզիկ Միքայել Ղազարյանը։ Ամբողջ ճանապարհին ուրախ-ուրախ` երգ ու տաղով, գնում էինք․ ահա և վերջ, հասանք Հերմոն։ Այնտեղից պետք է ոտքով բարձրանայինք դեպի Արատես, դա էլ քիչ է, ծանր պայուսակները, ուտելիքի արկղերը պետք բարձրացնեինք մեզ հետ։

Դե ինչ, սկսեցինք. չորրորդ դասարանի հոգատար, խիզախ Արմենն ու Ռաֆայելը հանձն առան օգնել աղջիկներին և նրանց պայուսակներն իրենք բարձրացրին։ Ճանապարհը դժվար էր, բայց երբ տեսնում ես` ութ-ինը տարեկան փոքրամարմին երեխաներն ինչպես են բարձրանում, քաջալերում ընկերներին, ոգևորվում ես, փառավորվում, որ հենց դու ես նրանց ուսուցիչը։

Հասանք Արատես`ամբողջովին թրջված, հոգնած, բայց տեսարանը, որը բացվեց մեր առջև, մոռացնել տվեց ամեն բան, ինչ զգում էինք դրանից առաջ․ հայտնվել էինք հեքիաթում։ Զարմանքից քար կտրած մեր հայացքները փոխակերպվեցին անկուշտ ցանկության` գրկելու հեքիաթը։ Երեք օր Արատեսում  լինելուց հետո սովորողները մեծ դժվարությամբ բաժանվեցին ձյունե հեքիաթից։ Իսկ ինձ եթե հարցնեք՝ նորից կգնա՞մ, պատասխանս կլինի միանշանակ այո՛, որովհետև կյանքում հիշվում են դժվարությամբ, բայց սիրով հաղթահարված ճանապարհները։ Մի այդպիսի ճանապարհ էլ հաղթահարեցի Արագած բարձրանալիս, երբ տիար Գևորգի՝ մեր՝ լեռնագնացներիս կնքահոր առաջնորդությամբ նվաճեցինք Արագածի հարավային գագաթը։

Գիտեք, ֆիզիկական դժվարությունները հաղթահարելի են, բայց կար մի հանգամանք, որը ես հիմա անվանում եմ դժվարություն, որը ոչ թե հաղթահարման, այլ մեթոդի, մոտեցման փոփոխություն էր պահանջում, երբ դասարանը, որտեղ մայրենի էի դասավանդում, անընդհատ կրկնում էր, որ մայրենին չի սիրում, դժվար է մայրենին սովորելը, մաթեմատիկան ավելի հեշտ է։ Նախ փորձեցի սովորողներին բացատրել, որ սա մեր մայրենի լեզուն է, մենք հայ ենք... այսpisi տեքստեր լսած կլինեք հարյուր անգամ։ Ապարդյուն, բայց և ամպագոռգոռ ճառերս արդյունք չտվեցին, մինչև գտա լուծումը` փոխել սովորողների վերաբերմունքը մայրենիի հանդեպ և փոխեցի։ Հիշո՞ւմ եք`վերևում խոսում էի դժվարությունների մասին և խոստացա պատմել նաև հաջողություններիս մասին։ Նաև պատմում էի այն մարդկանց մասին, ովքեր օգնել են հաղթահարել դժվարություններս․ այդ մարդկանցից մեկը տիկին Մարիետն է, ով հուշեց նաև այս հոդվածում իմ դժվարությունների ու հաջողությունների մասին գրելու, սեփական փորձով կիսվելու գաղափարը։

Հիմա անդրադառնամ այն քայլերին, որոնց շնորհիվ սովորողներն սկսեցին սիրել մայրենին, և ես հաջողություններ գրանցեցի այդ դասարանում։ Նախ սկսեցի ավելի քիչ նյութեր հանձնարարել՝ այդպիսով թեթևացնելով նրանց գործը, իսկ հետո սկսեցինք միասին հասկանալ, թե տվյալ նյութի որ հատվածը մենք կփոխեինք. պատկերացրեք՝ ստացվում էր։ Հաջորդ քայլերս եղան ներկայացումները… Այո՛, այո՛, սկսեցինք բեմադրել մեր անցած պատմվածքները, հեքիաթներն, ու այդպիսով ես կարողացա սեր սերմանել մայրենիի հանդեպ։ Սկզբում փոքրիկ դասարանական ներկայացումներ էին, իրենք էին իրենց հանդիսատեսը, իսկ հետո շրջանակը մեծացավ ու ավելի մեծ լսարանների համար սկսեցին խաղալ։ Սովորողներին ամենաշատը ոգևորեց  Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը՝ «Նուկիմ քաղաքի խելոքները» Artասահմանում։

Կհավատաք՝ արդեն սովորողներն իրենք են առաջարկում, թե որ գործը կարող ենք բեմադրել, (այս պահին պատրաստվում ենք ներկայացնել Հ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը)։ Այնքան ուրախ եմ. դասարան մտա թե չէ, բարևի փոխարեն 4-3 դասարանի սովորողները առաջս կտրեցին․

-Ընկե՛ր Սոֆյա, մի բան ենք մտածել, չգիտենք, թե ինչպես ասենք։

-Էրեխե՛ք ջան, ինչպես կա, այդպես էլ ասեք։

-Խոստացե՛ք, որ կօգնեք մեզ։

-Դե պետք է ասեք`խոսքն ինչի մասին է, որ հասկանամ` կարո՞ղ եմ օգնել, թե՞ ոչ։

-Դե, հաստատ կարող եք օգնել, ուղղակի չգիտենք` ինչպես կվերաբերվեք մեր ասածին։

4-3 դասարանը բավականին ակտիվ, մի փոքր խենթ դասարան է, բայց այնպիսի մտքեր, մտահղացումներ ունի, որ ապշած կարելի է մնալ․ դրա համար մի պահ քարացա, իսկ հետո մտածեցի, որ հերթական խենթ գաղափարն է ծագել նրանց մտքում։

-Կօգնե՞ք բեմադրենք «Սասունցի Դավիթ»-ը։

-Իհարկե կօգնեմ, մեծ ուրախությամբ. ամեն ինչ պատրաստ էի լսել, բայց ոչ սա, ապրե՛ք։

Հիմա «Սասունցի Դավիթ» պոեմի տեքստն ենք կրճատում, հարմարեցնում սովորողների մտքերին, աշխատում ենք, որ ամեն բան լինի այնպես, ինչպես սովորողներն են ցանկանում. չէ՞ որ սիրով արված ամեն բան իր պտուղներն է տալիս։  Մայիսյան հավաքին 4-3 դասարանը կներկայանա ներկայացմամբ, ինչը, կարծում եմ, օգտակար կլինի և՛ սովորողների, և՛ հանդիսատեսի համար։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский