«Իմացումի հրճվանք» ծրագիր
Մաթեմատիկա
Կարծում եմ` որևէ առարկայի նպատակները ձևակերպելիս պետք է կենտրոնանալ տվյալ առարկայի այն հիմնական առանձնահատկությունների վրա, որոնք ավելի մեծ հնարավորություն են տալիս զարգացնելու որոշակի կարողություններ: Մաթեմատիկայի նպատակների մեջ ինչո՞ւ են նշված աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, վստահությունը սեփական ուժերի նկատամբ…
Սրանք կրթական ընդհանո՞ւր խնդիրներ չեն, որ պետք է լուծվեն կրթական գործունեության ընթացքում:
Լեզվամտածողության զարգացումը ինչո՞ւ է մաթեմատիկայի նպատակ համարվում: Մաթեմատիկան իր մյուս նպատակներն իրագործել է, մնում է լեզվամտածողության զարգացո՞ւմը: Ալգորիթմակական մտածողությունը չհասկացա որն է: Բայց դա պե՞տք է կրտսեր դպրոցականին:
Կան հասկացություններ, որ շատ ավելի փոքր տարիքում են ընկալվում և մինչև դպրոցահասակ դառնալը կիրառվում են երեխայի ամենօրյա գործունեությունների մեջ, հետևապես անիմաստ է դառնում դրանց ներառումը ծրագրերում, օրինակ՝ վերև-ներքև, առաջ-ետ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, մեծ-փոքր, կարճ-երկար…
Կան հասկացություններ, որոնք գործածական չեն այդ տարիքում, հետևաբար դժվարընկալելի կլինեն կրտսեր դպրոցականի համար, ինչպես օրինակ՝ ուղղանկյունանիստ, քառանիստ, կոն, բուրգ…
Ծրագրում բանավոր մաթեմատիկայի մասին ոչինչ նշված չէ: Նշված չեն տրամաբանական խնդիրների կարևորությունը, մաթեմատիկական հմտությունները գործնականում կիրառելու անհրաժեշտությունը:
1-3-րդ դասարաններում մեր 6-8 տարեկանները չե՞ն: Այդ տարիքում բանավոր հաշվարկն իր ամենատարբեր դրսևորումներով` չափումները, համեմատություններ անելը, կենցաղային խնդիրներ ու տարիքին համապատասխան տրամաբանական խնդիրներ լուծելը բավարար չե՞ն: Մաթեմատիկայից այնքա՜ն բան կա գործնականում՝ իրական գործունեությունների մեջ անելու…
Իսկ բազմանիշ թվերը, դրանց հետ գործողություններ կատարելը, թվագրության հին հայկական և հռոմեական համակարգեր, զանգվածի միավորների միջև եղած կապերը, բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը ու շատ էսպիսի բաներ…
«Իմացումի հրճվանք» ծրագրում անիմաստ չէ՞ որևէ առարկայից ժամաքանակ առանձնացնելը: «Իմացումի հրճվանքը» ենթադրում է բազմազան գործունեությունների ամբողջություն, որի ընթացքում պետք է լուծվեն խնդիրները, ձեռք բերվեն ակնկալվող արդյունքները. գուցե ավելի լավ կլինի այն ունենա մի ժամաքանակ, ու նշվեն ուսումնական խնդիրներն ու ակնկալվող արդյունքները:
1-3-րդ դասարաններում գնահատիշ պարզ է, որ չկա, բայց ծրագրի գնահատման ցուցանիշներ չպիտի՞ լինեն: Դրանք լավ կլինի, որ ծրագրում ձևակերպվեն:
Իսկ ինչ վերաբերում է 4-5-րդ դասարանների մաթեմատիկայի ծրագրին (և ընդհանրապես հիմնական կրթության ծրագրերին), ես նայում եմ շատ գործնական հայացքով: Առարկայական ո՞ր հմտություններն են, որ մարդուն հիմա պետք են գործնականում և կարող են հմտություններ դառնալ հետո օգտագործելու համար: Էդ հայացքով նայելու դեպքում չեն հասկացվում ոչ կոտորակների հետ արվող գործողությունները, ոչ կոորդինատային ճառագայթն ու թվերի պատկերումը դրանց վրա ու էլի էսպիսի շատ բաներ: Ես դրանք արդեն չեմ հիշում, որովհետև դպրոցից հետո ինձ երբևէ պետք չեն եկել: Իսկ դպրոցում գերազանց եմ սովորել:
Եթե դասավանդողի բլոգում կան բոլոր նյութերը, ինչո՞ւ է նորից օրացույցի միջոցով ուղարկվում սովորողին: Ավելի լավ չի՞ լինի, որ սովորողը սովորի իրեն անհրաժեշտ ինֆորմացիան վերցնի, քան մատուցվի նրան հեշտ ճանապարհով՝ ուղարկվելով իր հասցեին:
Չի հասկացվում հետևյալ ձևակերպումը. «Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն»: Նախագծային աշխատանքը որտե՞ղ է արվում. տա՞նը: Դրանք ըստ ծրագրի չեն գնահատվում և պարտադիր չեն: Դասարանո՞ւմ՝ այդ դեպքում ինչո՞ւ ուսուցիչը չի հետևում, որ սովորողը կատարի այն: Դասարանում միա՞յն նախագծային աշխատանք է կատարվում: Իսկ ոչ նախագծային աշխատանքները կատարելը միավոր չի՞ բերում սովորողին: 4-5-րդ դասարանցին, եթե դասին ներկա է, ինչպե՞ս կարող է անբավարար ստանալ:
Իսկ ընտրությամբ գործունեության ծրագրերը գոնե հետաքրքիր էին: Իհարկե, որպես ներկայանալի ծրագրեր պետք է տեսքի գան, լրացումներ արվեն ու մշակվեն, բայց բովանդակությունը ավելի հետաքրքիր էր և ընդունելի: Ինչո՞ւ հանրակրթական ծրագրերն էլ էդ հիմունքով չեն կարող ստեղծվել՝ խաղային, գործնական ու կիրառելի:
Փորձագետ` Մարիետ Սիմոնյան
Նկարը` Նոր դպրոցի ենթակայքից
- 3421 reads