Ծրագրի փորձագիտական գնահատում
Երբ բացեցի «Իմացումի հրճվանք» ծրագրի «Մաթեմատիկա» բաժինը 1-3-ր դասարանների համար, տարակուսանքի, ափսոսանքի ու անհանգստության մի զգացողություն ապրեցի: Մեր չորս կրտսեր դպրոց-պարտեզները որքան որ գունեղ ու խոսուն են ֆիզիկական առօրյայով ու ենթակայքերի մեդիաաշխարհով, «Պարտեզ» էլեկտրոնային հանդեսով, նույնքան անդեմ է ներկայացված ծրագիրը թե′ իր արտաքին տեսքով, թե′ բովանդակությամբ:
Նախ արտաքին ձևավորման մասին.
Արտաքին տեսքը վանող է, չի տրամադրում կարդալուն, չի համապատասխանում «Իմացումի հրճվանք» ծրագրի ոգուն: Ենթավերնագրերը առանձնացված չեն: Մի տողի վրա ենթավերնագրին անհարկի ձևով հաջորդում է տեքստը առանց մի որևէ կետադրության: Այնպիս տպավորություն է, որ թթվածինը չի հերիքում:
Օրինակ`«Առաջին դասարան-144 ժամ Կրթական ընդհանուր խնդիրներ Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը, ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի …»
Այնպիսի տպավորություն է, որ թուղթ ենք խնայում: Չէ՞ որ սա էլեկտրոնային տարբերակ է, և տեքստը դիտարժան ու ընթերցահաճո դարձնելու համար համակարգիչը այնքան շատ հնարավորություններ է տալիս:
Մաթեմատիկայի ուսուցման նպատակները
ՀՀ ԿԳ նախարարության ԾԻԳ-ի պաշտոնական կայքից վերցրեցի տարրական դպրոցներում մաթեմատիկայի ուսուցման նպատակները (…աշակերտների մոտ ձևավորել լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողություն, աշակերտի մոտ ձևավորել և զարգացնել կռահելու կարողություն, սովորեցնել աշակերտներին ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել աշակերտի երևակայությունը, ուշադրությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, հանդուրժողականությունը..) և համեմատեցի մեր «Իմացումի հրճվանք» ծրագրի մաթեմատիկայի ուսուցման նպատակների (սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական,լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռքբերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ) հետ ու պարզվեց, որ ոչ մի տարբերություն էլ չկա: Մեր ծրագրում լավ է, որ գոնե «ձևավորել հանդուրժողականություն»-ը հանված է: Որքան վառ երևակայություն պետք է ունենա մաթեմատիկայի ուսուցիչը, որպեսզի հանդուրժողականություն ձևավորի իր դասընթացի շրջանակներում: Այստեղից հարց է ծագում. ինչու՞ է մեր ծրագիրը կոչվում «Իմացումի հրճվանք», եթե այն ունի սովորական հանրակրթական դպրոցի նույն նպատակաուղղվածությունը: Որպես մեր կրտսեր դպրոց-պարտեզներով մշտապես հիացող մարդ և այդ դպրոց-պարտեզներում երկու սովորողների հոգատար պապիկ` ես այդ նպատակների մեջ անպայման կավելացնեի. «…սովորողների մոտ ձևավորել սեր դեպի թվերով աշխարհընկալմանը…»: Նպատակների շարքից կհանեի «ալգորիթմական մտածողություն» բառակապակցությունը: Նպատակային այս բառակապակցությունը հարմար կլինի միջին դպրոցի բարձր դասարաններում և հատկապես՝ ավագ դպրոցում: Դպրոցական առաջին տարիներին երեխան նոր-նոր սկսում է մտածել: Յուրաքանչյուր երեխա ունի մտածողության իր ուրույն ձևը, արագությունը: Ինչու՞ այդքան շուտ համահարթեցնել՝ ալգորիթմական ռացիոնալ մտածողության ձևերը պարտադրելով: Միգուցե մենք դա անելով կասեցնու՞մ ենք նրա ստեղծագործական երևակայությունը և ստիպում ենք նրան անգիր անել որոշ բաներ: Այդ ու՞ր ենք շտապում: Հիշում եմ, երբ աշակերտ էի, մաթեմատիկայի քննության ժամանակ մի խնդիր էի լուծում, որն ուներ կարճ լուծման ձև ինչ-որ մի բանաձևով, որի մասին ես անտեղյակ էի: Երկար տանջվելուց հետո ես կարողացա լուծել այդ խնդիրը երկար ճանապարհով՝ չկիրառելով իմ չիմացած բանաձևը: Ի՜նչ հրճվանք ապրեց մաթեմատիկայի իմ սիրելի ուսուցիչը՝ Կլարա Մանուկյանը:
Որտե՞ղ են գրված կրտսեր դպրոցում մաթեմատիկայի դասավանդման սկզբունքները կամ մանկավարժական մոտեցումները, եթե դրանք գրված չեն «Իմացումի հրճվանք» ծրագրում:
ԾԻԳ-ի կայքում տեղադրված ծրագրում նշված են սկզբունքները: Եթե սովորական հանրակրթական դպրոցներում և մեր կրթահամալիրում մաթեմատիկայի ուսուցման վերջնական նպատակաուղղվածությունը ինչ-որ կերպ կարող է միանման լինել, ապա մանկավարժական մոտեցումների, սկզբունքների հարցում շատ մեծ տարբերություններ կան, որոնք անտեսված են ծրագրում: Ծրագրում ընդհանրապես մանկավարժական մոտեցումների մասին խոսք չկա: Համոզված եմ, որ այս մանկավարժական մոտեցումները հանգամանորեն ու բարձր մակարդակով մատուցվում են կրթահամալիր դիմած նոր դասվարների և տարրական դպրոցում մաթեմատիկա դասավանդողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներում, բայց գոնե հակիրճ, ընդհանրական ձևերով դրանք պետք է նշվեն ծրագրում: Հնարավոր է չէ՞, որ մի ծնող, պապիկ կամ տատիկ այդ ծրագրի առաջադեմ մանկավարժական մոտեցումները կարդալով` որոշում կայացնի իր որդու, թոռնիկի դպրոցի ընտրության վերաբերյալ:
Լավ է, որ ի տարբերություն պետական ծրագրի, մեր ծրագրում նշված են ուսուցման աշխատանքային գործիքները՝ էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր (ներբեռնված Smart Notebook ծրագրով)քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ, բայց չեն նշված այդ գործիքների կիրառման մեթոդները, ձևերը: Դրանք կարևոր կլինեն մեծ փորձ չունեցող դասավանդողի համար: Դրանք օգտակար կլինեն նաև ծնողների համար: Այս ամենով հանդերձ տեղին կլիներ նշել օգտագործվող գրականությունը, կրտսեր դպրոցում մաթեմատիկայի դասավանդման էլեկտրոնային ուսումնական նյութերի որոշ հղումներ:
Բովանդակության մասին
Մաթեմատիկայի մասնագետ չեմ և չեմ կարող որևէ բան ասել ըստ դասարանների ուսումնասիրվող թեմաների ընտրության վերաբերյալ, բայց, իմ խորին համոզմամբ, մեր ծրագիրը պետք է տարբերվեր թեմաների ուսուցման ուրույն մեթոդներով, փոքրիկ նախագծերով, որոնք իրականում հաջողությամբ գործարկվում են մեր կրտսեր դպրոց-պարտեզներում, և որոնց կիրառումը իմացումի հրճվանք է պատճառում մեր սովորողներին: Օրինակ`Սաթեն Օրդյանի թվաբանարանը, Զարինե Պապոյանի մաթեմատիկական նախագծերը, Մանիկ Պողոսյանի սաների հետաքրքրաշարժ խնդիրները,
Բովանդակությունը և ձևը միասին
Առաջարկում եմ «Իմացումի հրճվանք» ծրագրի ոգու մասին ոչինչ չասող թեմաների միալար շարադրանքի փոխարեն կիրառել այս մոդելը.
Թեմա |
Տվյալ թեմայի ուսուցման նպատակը |
Ի՞նչ մեթոդներով, հնարքներով, կարճաժամկետ նախագծերով կարելի է հասնել ուղենշված նպատակին. |
Գնահատման համակարգի մասին
Սովորողների աշխատանքը որևէ ձևով պետք է խրախուսվի և հարկ է, որ ծրագրում առաջարկվեն այդ ձևերից մի քանիսը:
Վերջնական եզրակացություն
Սովորաբար շատ լավ ներկայացնում են, քան իրականում իրագործում: Սա այն դեպքն է, երբ իրականում իրագործվում է շատ ավելի շատ, քան ներկայացված է ծրագրում՝ հատկապես ոչ թե ինչը, այլ՝ ինչպեսը: Չէ՞ որ մեր կրթահամալիրի ամենակայացած օղակը կրտսեր դպրոցն է: Մնում է շատ քիչ բան՝ մեծ սիրով շարադրել ու ցույց տալ այն, ինչն ամենից շատ ենք սիրում:
Կրթահամալիրի երկու սովորողի պապիկ՝ Յուրա Գանջալյան
Նկարը` Դպրոց-պարտեզի ենթակայքից
- 3387 reads