Ավագ դպրոցը 2016-2017 ուստարում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ուսումնական պլան
Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան:
Ուսումնական պլանը երկու բաղադրիչ ունի՝
- ընդհանուր
- սովորողի ընտրությամբ:
Իր հերթին սովորողի ընտրությամբ բաղադրիչը երեք բաղկացուցիչ ունի՝
- ընտրությամբ (խորացված ուսուցման) դասընթաց(ներ),
- նախասիրությունների զարգացման ակումբ(ներ),
- լրացուցիչ կրթություն:
Ընդհանուր բաղադրիչը ներառում է ուսումնական բոլոր բնագավառները, ապահովում պետական չափորոշչով դրանց համար որոշված նվազագույն ժամաքանակը։ Ընդհանուր բաղադրիչի ուսումնական պարապմունքները կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով:
Սովորողը դասընթաց, ակումբ, լրացուցիչ կրթություն ընտրում է առաջարկվող ցանկից: 12-րդ դասարանում սովորողը կարող է ընտրել մեկամյա արհեստագործական կրթության ծրագիր: Սովորողի ընտրությամբ դասընթացի պարապմունքները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Նախասիրությունների զարգացման ակումբի պարապմունքները կազմակերպում են 12-25 հոգիանոց խմբերով: Լրացուցիչ կրթությունը՝ այդ թվում անհատական պարապմունքներ, սովորողը կարող է իրականացնել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս: Առանձին դեպքերում սովորողը կարող է նաև իր ընտրությամբ դասընթացը (ամբողջությամբ կամ մասամբ) կազմակերպել կրթահամալիրից դուրս:
Ուսուցումը կազմակերպվում է առկա, հեռավար, առցանց, տնային ձևերով: Ուսուցման կազմակերպման հիմնական ձևը առկան է: Մյուս ձևերով ուսուցումը կազմակերպվում է սահմանված կարգով:
Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնա-արտադրական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով։
Սովորողն իր ուսումնական գործունեությունն իրականացնում է ուսումնական տարածքներում՝
- կրթահամալիրի կաբինետներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում,
- ճամբարներում, ճամփորդություններում, թանգարաններում, համերգասրահներում, ցուցասրահներում, տարբեր հաստատություններում,
- վիրտուալ միջավայրում:
Ուսումնական բոլոր տարածքները հարմարեցվում են կոնկրետ գործունեությանը, նախագծի իրականացմանը: Ավագ դպրոցը գործում է ինքնակազմակերպման և ինքնասպասարկման ռեժիմում: Դասավանդողները և սովորողները մասնակցում են շրջական միջավայրի բարելավման նախագծերի:
Սովորողի ուսումնական գործունեությունը գնահատվում է նրա աշխատանքի արդյուքներով: Սովորողի աշխատանքի արդյունքները հասանելի են բոլորին:
Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողը որևէ նախասիրություն ցուցաբերած անձ է: Նախասիրության ցուցաբերում են համարվում ցուցահանդեսներում, համերգներում, սպորտային մրցումներում, ֆլեշմոբերում, օլիմպիադաներում, ստուգատեսներում ձեռք բերած հաջողությունները, ծրագրած և իրականացրած նախագծերը: Առանձին դեպքերում սովորողին կարող է իր նախասիրությունները ներկայացնելու ժամանակ տրվել:
Ավագ դպրոցի 9-րդ դասարանցու համար ուսումնական տարին նախասիրությունների ընտրության, դրսևորման տարի է:
- 4310 reads