mskh.am-ը` միավորող հարթակ
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ mskh.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայելին է: Կայքն անդրադարձնում է կրթամալիրի անցուդարձն ու առօրյան` այն հասանելի դարձնելով բոլոր նրանց, ում հետաքրքիր ենք մենք ու մեր մանկավարժությունը: Այս առումով, այո՛, մեր կայքն անփոխարինելի է, նրա մատուցած ծառայությունն էլ` անգնահատելի: Իսկ, այն ինչ թանկ է ու սիրելի, հարկ է, որ միշտ մնա այդպիսին: Որպեսզի վերը հնչածը սիրուն բառեր չթվան (քավ լիցի), փորձեմ ձևակերպել, թե ինչ է տվել ինձ mskh-ը և, կամ ինչով եմ ես պարտական մեր կայքին:
- mskh-ն ինձ տվել է ազատ խոսք ունենալու համարձակություն և ինքնավստահություն,
- հին ու նոր գործընկերների մեջ մարդուն ճանաչելու բացառիկ և անփոխարինելի հնարավորություն,
- հանդուրժողականություն և բարյացակամություն իմ հատկապես այն գործընկերների նկատմամբ, ում հայացքներն իմ տեսանկյունից վիճելի են։
mskh-ը, որպես սիրելի մեկը, միշտ էլ իմ ուշադրության առանցքում է եղել, և, երբ mskh-ի նոր աշխատակարգի հետ կապված նկատելի սկսեց նվազել կայք այցելողների թիվը, անհանգստությանս մասին բարձրաձայնեցի: Տիար Բլեյանն առաջարկեց ուսումնասիրություն կատարվել և ձևակերպվել դժգոհություններն ու անհանգստությունները: Էլեկտրոնային և բանավոր հարցադրումներից կազմված ուսումնասիրությունից պարզվեց հետևյալը`
Մեծ մասը գոհ են կայքի մերօրյա աշխատանքից, ամեն մեկը՝ մի պատճառով.
- այդպես ավելի հեշտ է և հարմար. հիմա բլոգներից, ենթակայքերից նյութերի ընտրություն անելու, հրապարակելու պատասխանատվությունն իրենց փոխարեն ստանձնել է կայքի ադմինիստրատորը.
- կայքի հետ աշխատանքը աշխատատար և ժամանակատար էր. հիմա ավելի հանգիստ է.
- բողոքելու բան չունեն, որովհետև իրենց նյութերը տարվում են կայք.
- միևնույնն է, որովհետև իրենք ուշադիր չեն հետևում կայքին։
Հնարավոր է, որ իմ դիտարկումները փոքր-ինչ արդեն հնացել են, այնուամենայնիվ, նպատակահարմար գտա դրանք ներկայացնել` ամբողջական պատկեր ստանալու համար:
Մշտադիտարկման արդյունքում` վերջին մեկ և կես ամսվա ընթացքում արած դիտարկումները պայմանականորեն բաժանել եմ երկու խմբի`
- ֆիզիկական միջավայրում տեսանելի ընթացող` անվտանգ հոսքեր.
- հոգեբանական հարթակում աննկատ ընթացող` վտանգավոր հոսքեր։
- Ֆիզիկական միջավայրում նկատելիորեն նվազել են mskh-ի մուտքերը:
Գիտեմ` հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կասեն` իսկ ի՞նչ պարտադիր է կայքը 7 000 կամ 5 000 մուտք ունենա (թեև կայքն առանձին օրերի հասնում է նախկինում կայուն ցուցանիշ համարվող 5000-ին): Բանն այն է, որ մուտքերի թվի նվազման կայուն միտումը Google որոնողական տիրույթում կայքն առաջին էջերից կարող է դուրս մղել: Սա, ինչ խոսք, անցանկալի է և ժամանակի ընթացքում կարող է անդառնալի կերպով փոխել կրթահամալիրի մեդիա վարկանիշը: - Կայքն առաջվա նման մոբիլ չէ:
Նախկինում սովորողը գրում էր, և օրվա որ ժամն էլ լիներ` ուսուցիչը թողարկում էր: Հիմա սովորողը գրում է, ուղարկում է ուսուցչին, ուսուցիչը էլ ուղարկում կամ, եթե ուշ ժամ է, ոչ էլ ուղարկում է խմբագրին: Իսկ մյուս օրն այդ նյութը գուցե արդեն ժամանակավրեպ է: Ժամանակատար, ձգձգված, ոչ մոբիլ գործընթաց է ստացվում: - Կայքը նախկինում բազմաշերտ էր:
Այն հնարավորություն էր տալիս տարբեր ճաշակի մարդկանց հետաքրքրությունները բավարարել: Չէ՞ որ բնական է` այն, ինչը մեկին հետաքրքիր է, կարող է մյուսի համար ոչ էլ հետաքրքիր է: Իսկ այն, ինչ մյուսին է հետաքրքիր, շատ հնարավոր է, որ ուրիշներին չի էլ հետաքրքրում: (Իսկ չհետաքրքվողների դեպքում, ինչ խոսք, մնում է ձեռքերը թափ տալ, որովհետև ինչ էլ ասելու լինենք, մեկ է, հետաքրքիր չէ և վերջ):
Վերը թվարկված կետերը (բացի փակագծերում ասվածից) միանգամայն շտկելի գործընթացներ են, և դրանց համար շատ էլ անհանգստանալու կարիք չունենք: Վտանգավոր է մեկ այլ բան`հոգեբանական հարթակում աննկատ ընթացող հոսքերը: Դրանք մի քանիսն են`
- ազատ մուտքի, ասել է թե` ազատ խոսքի անուղղակի արգելք.
- անհավասարության, ասել է թե`անվստահության մթնոլորտ.
- պատասխանատվության բացակայություն, ասել է թե` օտարում։
- Ազատ խոսքն ազատ է այնքանով, որքանով այն ազատ է օրվա բոլոր ժամերին, ցանկացած իրադրությունում, ցանկացած խոսակցության ընթացքում: Մեր կայքն ազատ խոսքի հանդեպ մշակույթ ձևավորած մեդիա է: Սա լրջագույն որակ է: Եթե պիտի, թեկուզ անուղղակի կերպով, այդ խոսքի վրա արգելք դրվի, կներեք, դա չեղավ ազատ խոսք և ոչ էլ ազատություն, նամանավանդ, որ մենք այդ խոսքի գինն ու կշիռը ունեցել ու հարգել ենք: Ինչ որ չեմ հիշում լուրջ մի դեպք, երբ նախկինում ազատ խոսքը կայքում վերածված լինի վիրավորանքի կամ գռեհկաբանության: Սա բացառիկ բան է, ու դրա համար մենք բոլորս պարտական ենք կայքին: Դժվարանում եմ պատկերացնել` եթե կայքն ի սկզբանե բաց չլիներ, ինչպիսին կլինեինք ես-մենք այսօր:
- Նախկինում կայքում ազատ մուտք ունեցողների վրա էր պատասխանատվությունը` թողարկել իր և սովորողների նյութերը, թե ոչ: Ամեն թողարկող ինքն էր որոշում` ինչպես վարվել նյութերի հետ: Հիմա մենք միանգամայն այլ պատկեր ունենք: Հաճախակի հնչում են` «ինչո՞ւ անեմ, մեկ է, չեն նկատում, կայք չի տարվում»: Անկախ ցանկացած վերաբերմունքից և ամեն տեսակ պատճառաբանություններից` սա լավ չէ: Այն, ինչ անհավասարություն և անվստահություն է ծնում, արդեն լավը կամ բարի լինել չի կարող:
- Կայքի համար անհատապես պատասխանատվություն չկրելը անխուսափելիորեն տանելու է օտարացման և անտարբերության:
Առաջարկներ
Կայքի գլխավոր խմբագիրը` Արմինե Թոփչյանը, թող ունենա օգնականներ, ովքեր հանդես կգան որպես user-ներ: Նրանք կարող են լինել`
- «Սեբաստացի» ռադիոյի պատասխանատուները
- Դպրոցների, քոլեջի ղեկավարներ
- ամսագրերի խմբագիրներ
- ուսուցիչներ, ովքեր ասելիք ունեն, դիմում են մուտքի համար։
Սա մասամբ կթեթևացնի կայքի գլխավոր խմբագրի ծավալուն աշխատանքը` նրան հնարավորություն տալով՝
- կենտրոնանալ լրատվության վրա, էլ ավելի մոբիլ արձագանքել կրթահամալիրային իրադարձություններին.
- ուշադիր լինել կրթահամալիրի հատկապես այն աշխատողների բլոգներին, ովքեր արդյունավետ են աշխատում, բայց ինչ-ինչ պատճառներով խուսափում են կայքում երևալուց.
- բեռնաթափել ենթակայքերի աշխատանքը. նյութերն ու ռադիոնյութերը ոչ թե ենթակայքեր կտարվեն, որ հետո բերվեն գլխավոր կայք, այլ անմիջապես կթողարկվեն mskh-ում։
Արդյունքում`
- կայքը դառնալով էլ ավելի բազմազան` կաշխուժանա.
- ենթակայքերի աշխատանքը կիսով չափ կբեռնաթափվի.
- ավելի մեծ թվով սովորողներ և ուսուցիչներ հնարավորություն կստանան երևալ կայքում։
Սա կարող է հանգեցնել կայքի հնարավոր «չարաշահման»: Կայքն ավելորդ «չարաշահումից» զերծ պահելու համար կարելի է ներքին պայմանավորվածություններ ունենալ թողարկվող նյութերի, քանակի և այլնի վերաբերյալ:
Կայքի զարգացմանն ուղղված առաջարկներ
Կարելի է mskh-ի տիրույթում ունենալ ֆորում-մեդիահարթակ, ուր կարելի կլինի կազմակերպել առցանց սեմինարներ և առցանց քննարկումներ:
Քանի որ mskh-ն ավելին է, քան կայքը, ուրեմն ամեն ինչ պիտի անենք, որ այն երևա իր ամբողջ փայլով ու հմայքով` մեր մանկավարժությանը հատուկ տաք գույներով, նուրբ երանգներով և սեբաստացիներիս բնորոշ անմիջականությամբ: Հակառակ դեպքում այն կվերածվի լրատվական չոր ու ցամաք անհոգի կայքի: Դրա համար նախ պետք է, որ այն զերծ մնա լրատվական կայք լինելուց: Իսկ, եթե ուզում ենք, որ այն լինի պաշտոնական, ապա թող որ առանց փողկապի լինի: Հա՛, մի կարևոր բան էլ: Առանց փողկապի լինի և անպայման ունենա սոցցանցի շարժիչ, որպեսզի կարողանա մեզ բոլորիս միավորել ու համախմբել, որ կարողնա օրը տոն դարձնել, որ կարողանա մեզ հետ զրուցել և համբերատար լսել մեր ասածը…
Հետգրություն
Իսկ ինչո՞ւ mskh-ի օր չունենանք և նրա ծննդյան օրը չնշենք: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ համով ծննդյան տորթեր կթխվեն, և ի՜նչ հավես պատումներ կպատմվեն…
- 8511 reads