«Իմ եռալեզու հորինուկը» գրքի ստեղծման մասին

2021-2022 ուսումնական տարվա առաջին շրջանում 2.3 դասարանի սովորողների հետ սկսեցինք ստեղծել հորինուկներ։ Առաջին հորինուկը ընթերցելիս հասկացանք, թե որքան հետաքրքիր աշխատանք է մեզ սպասվում։ Որոշեցինք մեր նախագիծն առավել զարգացնել և սկսեցինք համագործակցել մեր ավագ (չորրորդ և հինգերորդ դասարանի) ընկերների հետ, ովքեր ընկեր Վիկտորյայի և ընկեր Աննայի հետ սիրով համաձայնվեցին թարգմանել հորինուկները ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Նշեմ, որ հորինուկի ստեղծման կարևոր և նշանակալի պահը վերնագրի ընտրությունն էր, որը պետք է լիներ նոր, հետաքրքիր, տարբերվող և ստեղծագործականությանը խթանող։ Վերնագիրն ընտրում էինք միասին, քննարկում, փոփոխում ու վերջում ստանում մի հետաքրքիր թեմա։

Մեր առաջին հորինուկը փղի ականջներով մկան մասին էր։ Վերնագիրը ընտրել էինք Մարիետ Սիմոնյանի 2-րդ դասարանի «Մատենիկ» գրքից, որն էլ մեզ դրդեց զարգացնելու մեր երևակայությունը և ստեղծագործելու կարողությունը։ Վերնագիրը լսելով՝ սովորողները մի լավ ուրախացան, հետո սկսեցին պատկերացնել՝ ինչպիսին կարող է լինել այդ մուկը, ինչ կլինի եթե մկան ականջները փղի ականջների չափ լինեն և այլն։

Ապա ստեղծեցինք «Ճամփորդ կրիան» եռալեզու հորինուկը, այնուհետև՝ «Շփոթ ամիսը»։

«Մաքուր մոլորակ» նախագծի շրջանակներում նույնպես  ստեղծեցինք հորինուկներ ըստ թեմայի։

Յուրաքանչյուր հորինուկի ստեղծումը մեծ աշխատանք էր բոլորիս համար․ սովորողները հորինում էին, մուտքագրում հորինուկը, ապա paint ծրագրով նկարում այն, որից հետո խմբագրում և ուղարկում էինք օտար լեզուների մասնագետներին, վերջիններս էլ՝ իրենց չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներին, ովքեր սիրով թարգմանում էին։ Օտար լեզուների դասավանդողների հետ քննարկվել և խմբագրվել են արդեն թարգմանված աշխատանքները, իսկ ավարտից հետո հրապարակել ենք բլոգում։

Մեկ հորինուկի ստեղծմանը հատկացնում էի մեկ ամիս ժամանակ և նույնիսկ ավելին, քանի որ չէի ցանկանում սովորողներին շտապեցնել, թողնում էի երևակայության հանգիստ ընթացքին։ Չի կարելի ասել, որ բոլորի մոտ հեշտ էր ստացվում, կային երեխաներ, ովքեր մասնակցում էին ամբողջ ընթացքին, բայց կային նաև սովորողներ, ովքեր չէին սիրում ստեղծագործել, զարկ տալ երևակայությանը։ Կային նաև սովորողներ, ովքեր չէին ստեղծում հորինուկ, սակայն շատ գեղեցիկ նկարում էին այն paint ծրագրով։ Ստեղծման ընթացքին ակտիվ մասնակցում էին նաև սովորողների ընտանիքի անդամները․ նախ մի լավ զարմանում էին, մի քիչ էլ ծիծաղում, հետո՝ իրենք էլ  էին սկսում ստեղծագործել։

Նշեմ նաև մի կարևոր հանգամանք, որ սովորողները բացի թեմայի շրջանակներում ստեղծագործելուց, երկար մտածում էին նաև հերոսների անունների մասին և ստեղծում նոր, հետաքրքիր անուններ։ Օրինակ` «Ճամփորդ կրիան» հորինուկի մեջ կհանդիպեք հետաքրքիր անունների (Չոբո, Սիկո)։ Երբ սովորողներին հարցնում էի, թե ինչպես են ընտրել անունները, պատասխանում էին, որ  երկար մտածել են, քննարկել մայրիկի կամ հայրիկի հետ, կամ էլ դրել են իրենց կենդանիների անունները։ Ինչ- որ մեկն էլ ընտրել էր մուլտֆիլմի հերոսի անուն։

Ամառային ճամբարի ընթացքում սկսեցինք գրքի պատրաստման աշխատանքները. ընտրեցինք առավել հաջողված հորինուկները և նկարները, իսկ 2.3 դասարանի Վահե Հովհաննիսյանի ծնող Ստելլա Բուռնուչյանը սիրով զբաղվեց գրքի կազմման և տպագրման աշխատանքներով։ Բարդ էր կազմի ընտրության հարցը, և երբ սովորողների հետ ճամբարի ընթացքում առցանց ընթերցում էինք մեր հորինուկները, մտածում՝ ինչ շապիկ ընտրել, 2․3 դասարանի սովորող Մկրտչյան Շուշանը որոշեց բոլոր առաջարկները միավորել և ստեղծեց մի գեղեցիկ, գունեղ շապիկ։

Եվ այժմ՝ երկրորդ ուսումնական տարվա վերջում, ունենք արդեն հրատարակած հորինուկների հետաքրքիր և նկարազարդ գիրք։

Ճիշտ է, ոչ բոլորը ունեն իրենց տպագրված հորինուկը, սակայն դա էլ ենք մտածել և գրքի վերջին էջում  դատարկ էջ ենք թողել ՝ «Իմ հորինուկը» վերնագրով՝  նոր ստեղծագործությունների համար։

Այսպիսով, ունենք մի ահռելի աշխատանք, որը համախմբեց բորլորիս մեկ նպատակի շուրջ։

Շնորհանդեսին ներկա էր նաև մեր սիրելի տիար Բլեյանը, ում խորհրդով էլ 3-րդ ուսումնական տարին սկսելու ենք նոր գրքի ստեղծման աշխատանքներով։

Իմ եռալեզու հորինուկը

Նախագծի ղեկավար՝ Արաքս Հովհանիսյան

Մասնակիցներ՝ 2.3, 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Համագործակցություն՝ Վիկտորյա Հովսեփյան, Աննա Գանջալյան

Գրքի շապիկը՝ Շուշան Մկրտչյանի

Շնորհանդեսի ընթացքը՝ ուղիղ եթերով

Տիար Բլեյանը ընթերցում է Գագիկի հորինուկը

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский