«Շրջված դասարան». ի՞նչ է սա
Վերջին մի քանի տարիների ընթացքում «Դասարանի շրջում» դարձվածքն ամենից հաճախն է հասնում մեր ականջներին, ու այդ ձայնը նոր թափ ստացավ 2012թ. «Նյու Յորք Թայմզ»-ում հրապարակված Ֆիցպատրիկի հոդվածով: «Դասարանի շրջում» մեթոդի էությունն այն է, որ նոր նյութի հետ սովորողների առաջին ծանոթությունը կայանում է դասարանից դուրս` սովորաբար կա՛մ կարդալով, կա՛մ տեսադաս դիտելով, իսկ հետո հատկացված դասաժամի ընթացքում ավելի դժվար աշխատանքն է կատարվում` նյութի ամրապնդումը խնդիրների լուծմամբ, քննարկումով կամ բանավեճով:
Հիմնավորումը ըստ Բլումի 2001թ. լրամշակված տեսության
Սա նշանակում է, որ սովորողները իմացական ավելի ցածր մակարդակի աշխատանքն (գիտելիքի ձեռքբերումը և ընկալումը) անում են դասարանից դուրս, իսկ ավելի բարձր մակարդակի իմացական աշխատանքի վրա կենտրոնանալը (կիրառումը, վերլուծումը, համադրումը, արժևորումը) կատարվում է դասարանում, որտեղ նրանք ունեն դասընկերների և ուսուցչի աջակցությունը: Այս մոդելը հակադրվում է ավանդականին, որում նոր նյութի հետ առաջին ծանոթությունը լինում է դասարանում, իսկ դրա ամրապնդումը տնային աշխատանքի միջոցով կատարվում է տանը: Այստեղից էլ տերմինը` «Շրջված դասարան»:
«Շրջված դասարան». ի՞նչ է սա
Որոշ առարկաների ուսուցման համար «Շրջված դասարան»-ի մոտեցումը նորություն չէ: Այն արդեն մի քանի տարի օգտագործվում է հատկապես հումանիտար հոսքում: Բարբարա Վոլվուդը և Վիրջինիա Ջոնսոն Անդերսենը այս մոտեցումը զարգացրել են իրենց «Արդյունավետ գնահատում» (1998) գրքում: Նրանք մի մոդել են առաջարկում, որով սովորողները սկզբնական գիտելիքն ստանում են նախքան դասը, իսկ դասի ընթացքում կենտրոնանում են համադրման, վերլուծության, խնդիրների լուծման և այլնի վրա: Որպեսզի համոզված լինեն, որ սովորողներն իրոք անում են անհրաժեշտ նախադասարանային աշխատանքը տանը, Վոլվուդը և Անդերսենը նոր նյութի հետ առաջարկում են նաև այդ նյութի վրա հիմնված որոշ տնային առաջադրանք (գրավոր շարադրանք, ոչ բարդ խնդիրներ):
2000թ. Մորին Լեյջը, Գլեն Պլատը և Միշել Տրեգլիան նկարագրել են շրջված դասարանի մեթոդի կիրառումը տնտեսագիտության ներածական դասընթացի ուսուցման համար: Նրանք նախաձեռնեցին իրենց գիտափորձը, քանի որ ըստ նրանց դիտարկումների՝ ավանդական դասախոսության ձևաչափն անհամատեղելի էր ուսանողների ուսանելու որոշ ոճերի հետ: Որպեսզի իրենց դասընթացը համատեղելի լիներ իրենց ուսանողների ուսանելու բազմազան ոճերի հետ, նրանք իրենց դասընթացը ներկայացրին էլեկտրոնային տեքստերով, տեսադասերով, ձայնագրությամբ ուղեկցվող Powerpoint ներկայացմամբ և Powerpoint սահիկներով, որոնք հնարավոր էր նաև տպել թղթի վրա: Որպեսզի համոզված լինեն, որ ուսանողները նախապատրաստվում են դասին, նրանց հանձնարարվում է գործնական առաջադրանքներ անել, որոնք պարբերաբար բայց պատահական ընտրությամբ հավաքվում և գնահատվում են: Այնուհետև դասաժամին ուսանողներին մղում են տնտեսագիտական սկզբունքների կիրառման գործունեությամբ զբաղվել՝ ուսանողների բարձրացրած հարցերին պատասխանելուց մինչև տնտեսագիտական գիտափորձերը, փոքրիկ խմբերով կիրառական խնդիրների քննարկումները: Ե՛վ ուսանողները, և՛ դասախոսները այս նոր մեթոդը դրական են համարում: Դասախոսներն ասում են, որ ուսանողները հիմա ավելի նպատակային են ուսանում, քան երբ նրանց դասավանդում էին ավանդական ձևաչափով:
Զննողական ուսուցումը
Էրիկ Մազուրը և Կատերին Քրոուչը նկարագրում են «շրջված դասարան»-ի ձևափոխված մոտեցումը, որը նրանք անվանել են «Զննողական ուսուցում» (2001): Զննողական ուսուցման մոդելը նույնպես պահանջում է, որ ուսանողները նախնական գիտելիքն ստանան նախքան ուսումնական պարապմունքը, և նորից օգտագործվում են առաջադրանքներ (այս դեպքում վիկտորինայի տիպի), որպեսզի օգնեն ուսանողներին լավ նախապատրաստվելու դասին: Դասապրոցեսը կառուցվում է փոքրիկ դասախոսություններով և հասկացությունների մասին հարցերի ճիշտ պատասխանների մատնանշումով: Այս դեպքում որպես գործիք օգտագործվում են կա՛մ ուսանողների համակարգիչները, կա՛մ էլ ձեռքի օգտագործման հարցումային համակարգերը: Հարցերին պատասխանելը կամավոր չի լինում, ինչպես ավանդական ուսուցման ժամանակ: Յուրաքանչյուր ուսանող պետք է մասնակցի հարցմանը: Հարցման պատասխաններն անանուն են լինում, և դասախոսի համար միանգամից պարզ է լինում, թե ուսանողների որ տոկոսն է հասկացել նոր նյութը: Եթե դասարանի 30-ից 60%-ը սխալ է պատասխանել, ապա կազմակերպվում են փոքր խմբերով քննարկումներ, որից հետո ուսանողները նորից պատասխանում են հարցերին: Լավ արդյունքից հետո հաջորդ թեմայի հարցերն են տրվում: Յուրաքանչյուր ցիկլը տևում է 13-ից 15 րոպե:
Արդյո՞ք դա աշխատում է
Մազուրը և իր գործընկերները հրապարակել են արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ զննողական ուսուցման մեթոդը նշանակալի առավելություն ունի ավանդական ուսուցման նկատմամբ (2001): 1998թ. Ռիչարդ Հեյքը ավանդական մեթոդով ուսուցանված 2084 ուսանողի տվյալներ հավաքեց պարզելու համար, թե միջին հաշվարկներով ինչպես են նրանք յուրացրել ներածական ֆիզիկայի 14 տարբեր դասընթացներ: Այդ տվյալները նա համեմատեց ինտերակտիվ զննողական մեթոդով 48 դասընթացների մասնակցած 4458 ուսանողների տվյալների հետ, որոնց ուսումնական գործունեությունը առանձնացել է` «գլուխները միշտ միացած» իսկ ձեռքերն էլ սովորաբար բարձրացված» սկզբունքով, որից անմիջապես հետո հաջորդել է ուսանող-ուսանող փոքրիկ խմբերով քննարկումները: Այս համեմատությամբ Հեյքը պարզեց, որ ինտերակտիվ ուսուցման մեջ ներգրավված ուսանողների՝ գիտելիքի յուրացման մակարդակը երկու անգամ ավելի բարձր է:
Տեսական հիմքը
Ջոն Բրանսֆորդը, Աննա Բրաունը և Ռոդնի Քոքինգը գիտական հետազոտություն են կատարել պարզելու համար, թե ինչպես են մարդիկ սովորում: Նրանք սովորելու գիտության երեք կարևոր հայտնաբերում են կատարել, որոնցից երկուսը շրջված դասարանի հաջողության ապահովման տեսական հիմքն են: Բրանսֆորդը և իր գործընկերները հիմնավորում են հետևյալը. «Հարցաքննման բնագավառում իրազեկության զարգացման համար ուսանողները պետք է` ա) ունենան փաստերի վրա հիմնված խորը գիտելիք, բ) հասկանան փաստերը և գաղափարները հասկացություններով կառուցված ենթատեքստում, գ) հեշտացնել գիտելիքի ձեռքբերումը դրա կիրառմամբ:
Նոր ձեռք բերված գիտելիքի օգտագործման հնարավորություն տրամադրելով ուսանողներին մինչ նրանք ունեն իրենց ուսանող ընկերների և դասավանդողի անմիջական հասանելիությունը դասապրոցեսին, շրջված դասարանի մեթոդը օգնում է ուսանողներին ուղղել հասկացությունների իրենց սխալ ըմբռնումները և կազմակերպել իրենց նոր գիտելիքն այնպես, որ այն հեշտությամբ հասանելի լինի ապագա կիրառմանը:
Սկզբնական գիտելիքի տրամադրումը նախքան դասը
Սկզբնական գիտելիքի տրամադրման մեխանիզմը կարող է բազմազան լինել` պարզ տեքստային տարբերակից մինչև Powerpoint ներկայացումներ և դասախոսությունների տեսաֆիլմեր: Օրինակ, Գրանդ Վելի նահանգային համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Ռոբերտ Թալբերտը տեսադասեր է տրամադրում YouTube-ով, իսկ Վանդերբիլտի համալսարանի համակարգչային գիտության պրոֆեսոր Դյուգ Ֆիշերը իր ուսանողների համար դասախոսությունների տեսաֆիլմեր է պատրաստում, որոնք կարելի է գտնել YouTub-ում, Khan Academy-ում, MIT’s-ում, OpenCourseWare-ում։
- 6886 reads