«Ես և շրջակա աշխարհը» առարկայի ծրագրի մասին
Առարկայի դասավանդման գաղափարը, նպատակն ու խնդիրները լուսաբանված են ճիշտ ու գրագետ: Ստեղծված է առարկայի դասավանդման կուռ համակարգ և մեթոդոլոգիական հասկանալի մոտեցում: Ծրագիրն ուսումնասիրելուց հետո ծագեցին մի շարք հարցեր և դիտողություններ, որոնց վերանայումն, իմ կարծիքով, առարկայի դասավանդման տրամաբանությունն ավելի ըմբռնելի կդարձնի.
- Ծրագրից չի երևում դասաժամերի քանակն ամեն մի դասարանում: Ես 23 ժամ հաշվեցի. եթե դրան էլ գումարենք ուսումնական ճամփորդությունների ու էքսկուրսիաների ժամերը` 10 – 11 ժամ, կստացվի 34 ժամ, որը համապատասխանում է շաբաթական 1 ժամով մի դասարանի ծանրաբեռնվածությանը, իսկ ի՞նչ են անցնելու 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում:
- Քանի որ ծրագրին ծանոթ չէի, ուսումնասիրեցի ռուսական դպրոցների փորձն այդ առարկայից: Ասեմ, որ նրանք ամեն դասարանում տարեկան 36 ժամ ունեն, այսինքն` 144 ժամ, մեր 34 – ի դիմաց։ Կայքից էլ երևում է, թե որքան են հագեցված նրանց դասագրքերը:
- Ուսումնական ճամփորդություններ բաժինն, իմ կարծիքով, մի քիչ բարդեցված է: Երեխաներին հանձնարարվում է կազմել ուսումնասիրվող տեղանքի քարտեզն այն դեպքում, երբ ամբողջ ծրագրում խոսք անգամ չկա քարտեզի մասին: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է 1-ին կամ 2-րդ դասարանցիները քարտեզ կազմում, երբ գաղափար չունեն աշխարհագրության մասին:
Հ.Գ. Կրտսեր դպրոցում աշխատելու փորձ չունեմ. կարծիքս կարող է սուբյեկտիվ լինել:
Փորձագետ`Հայկազ Մարգարյան
Նկարը` Դպրոց-պարտեզի ենթակայքից
Բաժին:
- 3855 reads