Հեռավար ուսուցումը հեղինակային կրթական ծրագրում
«Ես Արսեն Խաչատրյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի 2.1 դասարանում։ Նախկինում սովորել եմ Հր․ Կորեայում գտնվող մի ռուսական դպրոցում։ Ծնողներս ու ես ցանկանում էինք սովորել հայերեն, ինչի համար մենք մայրիկիս հետ վերադարձանք Հայաստան։ Ես ուսումս շարունակեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և այնտեղ շատ լավ ու հետաքրքիր էր։ Այժմ մենք վերադարձել ենք Կորեա, այցելել ենք հայրիկիս, որը դեռ այստեղ է։ Սակայն դպրոցի դասերը բաց չթողնելու համար ես մասնակցում եմ հեռավոր ուսուցման։ Սա շատ հարմար է, քանի որ անգամ շատ հեռվից հնարավոր է շարունակել սովորել հայրենիքում, իսկ ուսուցիչներն ուրախությամբ օգնում են ինձ լավ հասկանալ ու սովորել իմ դասերը։Ես կարոտում եմ իմ ընկերներիս, բայց գիտեմ, որ երբ վերադառնամ Հայաստան, կհանդիպեմ նրանց։ Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ շարունակել իմ ուսումը հայերեն և չայցելել այլ դպրոցներ։ Ես ծնողներիս հետ կնկարեմ նաև մեր այստեղի քաղաքը և կուղարկեմ»։
Արսեն Խաչատրյան
Համաձայն «Կրթության մասին» օրենքի՝ սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան՝ կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր ( ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրություն ), որի բաղադրիչներից մեկը հեռավար ուսուցումն է: Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր՝ սովորողին տալով իրավիճակին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
Մենք գիտենք, որ շատ-շատ սովորողներ հաճախ բնակության վայրը տեղափոխելու պատճառով դուրս են մնում կրթություն ստանալու հնարավորությունից, որովհետև ոչ բոլոր դպրոցներն են իրականացնում հեռավար կրթություն։
Հեռավար ուսուցումը անհատականացված և համակարգված ուսուցման ձև է, երբ ուսուցման գործընթացը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա համար: Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիր՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է: Անհրաժեշտ է նաև, որ 1-2-րդ դասարանի սովորողի ծնողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը, որպեսզի կարողանա հետևել իր երեխայի ուսումնական գործընթացին։
Հեռավար ուսուցման նպատակը կրթահամալիրի սովորողին հեղինակային կրթական ծրագիրը յուրացնելու հնարավորություն ընձեռելն է, երբ նա տարբեր հարգելի պատճառներով հնարավորություն չի ունենում ներկա լինելու առկա ուսուցման:
Հարավային դպրոց-պարտեզի 2.1 դասարանում այս պահի դրությամբ հեռավար ուսուցում ստանում են երկու սովորողներ՝ Դավիթ Տարախչյանը և Արսեն Խաչատրյանը, ովքեր գտնվում են Հարավային Կորեայում։ Նրանք կրթահամալիր ընդունվել են առկա կրթություն ստանալու, սակայն հանգամանքների բերումով տեղափոխվել են այլ բնակության վայր և անցել են հեռավար ուսուցման։
Նրանք mskh.am տարածքում ունեն էլեկտրոնային հասցե, որի միջոցով կարողանում են հեռահաղորդակցվել ուսուցիչների, ընկերների հետ, ստանալ առաջադրանքներն ու պատասխանել դրանց: Նրանց համար կազմվում են հատուկ առաջադրանքներ, տեսադասեր, կատարում են ֆլեշմոբային առաջադրանքներ: Հեռվից հեռու սովորողները յուրացնում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝ կատարում լեզվագործունեության, մաթեմատիկական, բնագիտական, նախագծային փաթեթների առաջադրանքերը։ Սակայն հիմնականում նրանք կատարում են այն առաջադրանքները, որոնք կատարում են իրենց ընկերները, մասնակցում նրանց նախագծերին։ Հեռավար ուսուցման մեր սովորողները սիրով պատրաստում են տեսանյութեր, պատմում իրենց առօրյայի մասին։ Քանի որ սովորողներ Դավիթ Տարախչյանը և Արսեն Խաչատրյանը բլոգ չունեն, նրանք կատարած աշխատանքները ուղարկում են իմ էլ․ hասցեին։ Իսկ ես պատասխան նամակով աշխատանքների վերաբերյալ իմ դիտարկումներն անում և ուղարկում եմ նրանց։ Առաջադրանքները տեղադրված են դասարանական բլոգում, իմ Gmail.com ցանցի Drive պահոցում, իսկ նրանց պատասխանները տեղադրում եմ դասարանական բլոգի համապատասխան բաժնում կամ պահպանում եմ Drive պահոցի համապատասխան պանակում, այնուհետև հրապարակում եմ բլոգում:
Ստացվում է, որ Outlook.office.com,
Gmail.com , WordPress.com օգտագործում ենք որպես գործիք՝ կրթական նպատակով։
Առաջադրանքների փաթեթն ուղարկելիս հստակ նշվում է դրանց կատարման ժամկետը։ Դրանք հիմանկանում լինում են մեկշաբաթյա, եթե կարիք կա ընտանեկան նախագիծ անելու, ձայնագրություն, հետազոտություն կամ ուսումնական ֆիլմ պատրաստելու, և մեկօրյա՝ կոնկրետ աշխատանքային թերթիկներին պատասխանելու համար:
Ամեն ամսվա վերջում դպրոցի ղեկավարին տեղեկանք եմ ներկայացնում յուրաքանչյուր սովորողին ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:
Հեռավար ուսուցմամբ հետաքրքրվող ծնողների շրջանակը մեծանում է։ Այն ճանաչելի է դառնում հանրության մեջ։
Մեջբերում եմ ծնող Անի Բարխուդարյանի նամակը. «Աղջիկս՝ Լիլիա Մանուկյանը, այժմ սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի 2.1 դասարանում։ Նախքան այդ Լիլիան սովորում էր Պուշկինի անվ. Դպրոցում:1-ին դասարանն ավարտելուց հետո մեկ տարով պետք է Ռուսաստանի Դաշնություն գործուղման մեկնեինք, ստիպված եղա երկու երեխաներիս ինձ հետ տանել, երկուսին էլ մեկ դասարան ցածր ընդունեցին։ Լիլիան սովորեց կրկին առաջին դասարանում։ Երբ վերադարձանք, նա 8 տարեկան էր, բայց ես ինքս, որպես ծնող, զգացի, որ իր հայրենիքում երեխայիս լեզվական գիտելիքները չեն բավարարում երրորդ դասարան ընդունվելու համար։ Ստիպված եղանք 8 տարեկանում երկրորդ դասարան ընդունվել։ Լսել էի կրթահամալիրի գրավիչ ուսումնական ծրագրի մասին ու ցանկացա անպայման այդ դպրոց ընդունել, որ այս փոփոխություններից հետո երեխաս չկաշկանդվի ու հաճույքով գնա դպրոց։ Այժմ նա իր դասարանի սովորողների համեմատ մեծ է, ավելի հասուն։ Բայց ես ծրագրից գոհ եմ, իմ երեխան լրացրել է այն բացը, որ ուներ։ Միայն թե ափսոսում եմ, որ շուտ չեմ իմացել կրթահամալիրում իրականացվող հեռավար կրթության մասին։ Տարի ենք կորցրել։ Եթե միայն իմանայի…»։
Սակայն ծնողի նամակից կարելի է ենթադրել, որ ծրագիրը դեռ տարածման խնդիր ունի։ Կարիք կա ծրագիրը տարածելու հանրապետության մյուս դպրոցներում։ Ինչպես տեսնում ենք, հաճախ ինչ-ինչ պատճառներով սովորողը ստիպված է լինում տեղափոխել բնակության վայրը․ վերցնում է իր դպրոցի փաստաթղթերը ու դուրս գալիս։ Արտերկրում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ՝ լեզվական, քաղաքացիության հետ կապված եւ այլն, եւ այդ սովորողը չի կարողանում լիարժեք իր կրթության իրավունքը իրացնել։ Իսկ դպրոցը տեղյակ չի լինում, թե իր սովորողն ինչպես է հետագայում իրացնելու իր կրթության իրավունքը, ինչպես է շարունակելու, դուրս է մնալու, թե ոչ։ Այս դեպքում մեր կրթահամալիրը կարող է այդ դպրոցներին ներկայացնել իր փորձը, աջակցել նրանց։ Կամ այդ դպրոցները կարող են ուղղորդել այդպիսի սովորողներին մեր դպրոց, որտեղ մենք կկազմակերպենք նրանց հեռավար ուսուցումը, որ սովորողի կրթությունը լիարժեք լինի։
Ամփոփելով ասեմ, որ մեր գրեթե բոլոր ուսումնական ճամփորդություններն ունեն կրթական փոխանակումների բաղադրիչ, որը լավ պայման է ծրագրի մասին իրազեկելու, այդ դպրոցներին մեր փորձը փոխանցելու, օգնելու, որ նրանք էլ իրականացնեն հեռավար ուսուցում կամ անհրաժեշտության դեպքում իրենց այդ սովորողներին ուղղորդեն մեր կրթահամալիր, որտեղ նրանք հնարավորություն կունենան շարունակելու իրենց կրթությունը հեռավար ուսուցմամբ։
- 2503 reads