Մանկական հաջողությունների երաշխիքը
22 մարտի 1963
Նորից հանդիպեցի Դենիին: Մենք քայլում էինք Հարվարդի տեսողական արվեստի Կենտրոնով. նա անսպասելիորեն բարձրացրեց աչքերը և տեսավ լուսինը: Դենին մեր ուշադրությունը հրավիրեց նրա վրա: Որոշ ժամանակ անց, երբ մենք մի քիչ քայլել էինք փողոցով, նա նայեց դեպի վեր և դարձյալ տեսավ լուսինը: Նա, թվում էր, զարմացել էր, որ լուսինը հայտնվել է մի ուրիշ տեղում:
Նա շատ է խոսում: Ես նկատում եմ, որ երբ մենք նրան ինչ-որ բան ենք ասում, նա հաճախ կրկնում է վերջին երկու-երեք բառը ասես պրակտիկայի համար:
Մինչ մենք տուն կհասնեինք, նա երկու լավ խաղ հորինեց: Չգիտեմ,թե ինչից սկսվեց: Բազմոցին մի փոքրիկ, փափուկ բարձ էր դրված: Ինչ-որ պատճառով ես այն նրա վրա նետեցի: Նա ճանկեց բարձն ու ետ նետեց: Դա նրան գրավեց: Ես պատկերացնում եմ, որ օդում սլացող բարձին նայելը, պահը հաշվարկելը, թե երբ պետք է այն որսալ, հրաշալի վարժանք է կոորդինացիայի համար: Դա հեշտ խաղ է, որովհետև բարձը փափուկ է, չի թռչկոտում և այն հեշտ է բռնել: Նա նաև մի մեծ գնդակ ունի, որ սիրում է որսալ` չնայած գնդակի հետ լրիվ ուրիշ է:
Մյուս խաղը «մահճակալին հարվածելն» է: Երբ մենք բարձերով կռիվ էինք խաղում, ես նստած էի մահճակալին: Ես զգացի, որ տղան էներգիայով լի է, որը չի կարողանում ո´չ պահել, ո´չ էլ օգտագործելու ելք գտնել, և հիշելով, թե Լիզան ինչպես էր փայտով հարվածում աթոռին, ես ձեռքս գլխիցս վերև բարձրացրի ու ուժգին հարվածեցի մահճակալին: Դենին հիացած էր: Ես ասացի. «Հիմա դո´ւ խփիր»: Նա մոտեցավ ու բավական զգույշ հարվածեց: Ես ասացի. «Օ˜, ավելի ուժգին կարող ես անել»: Բայց միայն մի քանի փորձերից հետո նա կարողացավ հաղթահարել իր զգուշավորությունը և ամբողջ ուժով հարվածել:
Այդ պահից խաղը սկսեց զարգանալ: Մենք բարձերով կռիվ էինք խաղում, բայց նա հանկարծ կանգ էր առնում և ասում.«Հարվածի´ր մահճակալին»: Ամեն անգամ ես ուժեղ հարվածում էի, ամեն անգամ նա ծիծաղում էր: Հետո առանց որևէ պատճառի ես շատ թեթև հարվածեցի: Հետո ասացի. «Ավելի ուժեղ հարվածե՞մ»: Նա ասաց` այո: Ես մի քիչ ուժեղ հարվածեցի ու նորից նույն հարցը տվի: Նորից` այո: Նորից հարված, նորից հարց, նորից «այո», և այսպես չորս-հինգ անգամ, մինչև ես չհարվածեցի ամբողջ ուժով: Մի երկու անգամ մենք դա կրկնեցինք: Հաջորդ անգամ թեթև խփելով մահճակալին` սկսեցի սպասել: Մի ակնթարթ ինձ նայելով` նա ասաց`ուժե´ղ: Ես ավելի ուժեղ խփեցի և այդպես շարունակ: Նա զմայլված էր խաղով, ավելի ուշ մենք այն կրկնեցինք ծնողների համար:
Այս պատմության էությունն այն է, որ մանուկների հետ լավագույն խաղերը թեթև ու բնականորեն ծագում են հարմար իրավիճակում: Հազիվ թե լավ խաղեր ստացվեն, եթե դրանք նախապես պլանավորվեն, բայց խաղեր կառաջանան, եթե մենք հաճույքի համար խաղանք երեխաների հետ: Բայց ինչպիսին էլ լինի խաղը, մենք պատրաստ պիտի լինենք անհապաղ ու առանց ափսոսանքի դադարեցնել այն, եթե երեխան դրանից բավականություն չի ստանում: Գայթակղություն կա մտածելու. «Եթե խնդրեմ մի քիչ էլ խաղալ, ապա նրան դուր կգա»: Բայց նրան դուր չի գա, և ձեզ` նույնպես:
Դենին այնքան լավ էր տեղադրում մանկական գլուխկոտրուկները, որ ծնողները նրան դժվար գլուխկոտրուկ-նկար գնեցին: Նա հիմա երկու, թե երեք հատ ունի և փայլուն տեղադրում է: Երեկ երեկոյան նա աշխատում էր մի նկարի վրա, որտեղ պատկերված է մեքսիկացի մի տղա` իր երկու այծերով: Հաճույք էր Դենիին հետևելը: Նրա հիշողության մեջ մնացել է արդեն կատարված առաջադրանքից ինչ-որ նկար: Դա էլ հուշում է նրան, թե որ մասը որտեղ դնի: Նա մի որոշ ժամանակ նայում է կտորներին, ապա անսպասելիորեն վերցնում դրանցից մեկը և տեղադրում այնտեղ, որտեղ այն պիտի լինի իր կարծիքով: Հինգ դեպքից չորսում նա ճիշտ է լինում: Իսկ եթե ճիշտ չէր, նա սովորաբար շատ արագ դա նկատում էր և առանց աղմուկի դադարեցնում էր գլուխկոտրուկի այդ կտորի տեղադրման փորձն այնտեղ, որն իր տեղը չէր:
Երեկ երեկոյան նա դժվար կացության մեջ էր հայտնվել: Նա նկարի մի կտորը տեղը դրեց: Այն համարյա համապատասխանում էր չափերով և գույնով, չնայած՝ ոչ այնքան: Պարզ էր, որ Դենին գունային համապատասխանության ճշգրիտ ընկալում չունի. նա հավաքում է գլուխկոտրուկը ոչ այդ միջոցով:
Կտորը չափերով համարյա համապատասխան էր, և Դենին վստահ էր, որ այն իր տեղում է: Շուտով սպառվեց թե´ նրա համբերությունը և թե´ մասը տեղը դնելու հնարավորությունը: Դա դիպավ նրա հպարտությունն ու ինքնասիրությանը: Երևում էր, թե նա ինչպես է զայրանում և մի քիչ էլ վախենում, ինչպես լինում է երեխաների հետ, երբ նրանք տեսնում են, որ աշխարհի այն մասը, որ մինչ այդ հասկանալի էր, անսպասելիորեն կորցնում է իր հասկանալիությունը: Նրա հայրը սկսեց բացատրել նրան, որ կտորը, հավանաբար, ճիշտ տեղում չէ: Նա դա շատ նուրբ ու տակտով արեց: Բայց տղան պատրաստ չէր դա ընդունելու, նա գիտեր, որ ամեն ինչ ճիշտ է, ուղղակի այդ կտորը տեղը չէր մտնում: Հետո գլխումս մի միտք ծագեց: Ես ասացի. «Ինչո՞ւ չես ուզում այդ կտորը ժամանակավոր մի կողմ թողնել ու հետո փորձել, իսկ հիմա ուրիշ կտորներով զբաղվիր: Մի րոպեով մի կո´ղմ դիր»: Դենին դրան համաձայնեց: Նա մի քանի այլ կտորներ դրեց, ապա վերցրեց «խնդրահարույց» կտորը և դրեց այնտեղ, որտեղ նրա համար տեղ էր բացվել: Դա նախորդի կողքին էր. ի վերջո, նա մի փոքր էր սխալվել:
Ինձ թվում է, որ այս ամենի մեջ ուսանելի բան կա և´ սովորողի, և´ ուսուցչի համար: Պատահում է, որ անգամ ամենալավ աշակերտը պատրաստ է խոստովանելու, որ ինքը գլուխ է կոտրում, բայց դա անիմաստ է: Նման դեպքերում ուսուցիչները հակված են աշակերտներին վերածելու ռազմական պարսպակործան մեքենայի: Ես էլ հաճախ այդպես եմ արել: Դա չի աշխատում, դա ճիշտ չէ:
Դենին, նրա ծնողներն ու ես գնացինք հարևանի տուն` հյուր նրա տարիքին մոտ մի աղջկա: Նա էլ մի քանի գլուխկոտրուկներ ուներ, բայց ակնհայտորեն չէր կարողանում տեղադրել դրանք: Նրա խաղի մեթոդն այն էր, որ վերցնում էր մի կտոր, ոնց պատահում, տեղադրում էր և քմծիծաղով շրջվում դեպի ձեզ` կարծես ասելով. «Մի՞թե հիմարություն չէ»: Նրա ռազմավարությունը լիովին նման է այլ երեխաների և մեծերի ռազմավարությանը. դա կանխորոշված անհաջողության ռազմավարությունն է: Եթե դուք չեք կարող խաղը խաղալ այնպես, ինչպես այն պետք է խաղալ, փոխակերպեք այն այնպիսի խաղի, որ կարողանաք խաղալ: Եթե ճիշտ չեք կարողանում անել, սխալ արեք, բայց այնքան սխալ, որ բոլորը հասկանան, որ դուք փորձ էլ չեք անում ճիշտ անելու, որ դուք չեք էլ մտածում, որ արժե ճիշտ անել:
Ավելի ուշ, արդեն տանը, Դենին մի քանի գլուխկոտրուկներ դրեց հատակին: Մեկը նա արդեն արել էր և լի էր ուժով ու էներգիայով: Հանկարծ նա սկսեց այնպես անել, ինչպես այն աղջիկը. կտորները ակնհայտորեն տեղադրում էր ոչ ճիշտ տեղերում, շրջվում էր դեպի ինձ և ծիծաղում: Դա կատակ էր, բայց այն տարբերվում էր աղջկա կատակից, որը աղջկա համար իմքնապաշտպանության և քողարկման միջոց էր: Նա գիտեր, որ գլուխկոտրուկը կարող է ճիշտ հավաքել, բայց սխալ էր հավաքում, որովհետև դա ծիծաղելի էր: Սկզբից դրա կարևորությունը ինձանից սպրդեց: Բայց հետո նա ինձ ցույց տվեց մեքենաների մասին իր սիրելի գրքերից մեկը` շինարարական մեքենաները, որոնց անունները նա անգիր գիտեր ու պաշտում էր շարունակ կրկնել: Ամեն էջի վրա նա ցույց էր տալիս մեքենան և ակնհայտորեն սխալ անվանում տալիս. այսպես՝ նայում էր բետոնախառնիչի նկարին ու ասում «տրակտոր». էքսկավատորին մեծ հաճույքով և ուրախությամբ կոմբայն անունն էր տալիս: Դա լավ կատակ էր. տեսնել շատ հայտնի մի բան և մտածված այն այլ կերպ անվանել:
Սա խորհրդանիշների աշխարհի հանդեպ ինձ առողջ, վստահ ու իշխող մոտեցում է թվում: Մենք ազատ ենք կիրառելու դրանք մեր հայեցողությամբ: Մենք կարող ենք դրանք ճիշտ օգտագործել, եթե ցանկանում ենք, բայց եթե դրանք կատակի համար ճիշտ չենք օգտագործում, ապա դա էլ մեր տիրապետության տակ է: Տերը մենք ենք, ոչ թե նրանք:
Այս զգացումը ուժեղ է երեխաների մեջ՝ ինչ-որ բան սխալ անել, երբ գիտես, թե ինչպես ճիշտ անել: Մեծահասակները հաճախ դրան հավանություն չեն տալիս: Ես կարծում եմ, դա սխալ է, երևի` շատ լուրջ սխալ, և այս երևույթները պետք է խրախուսել: Միշտ ամեն ինչ ճիշտ անելու անհրաժեշտությունը չկա:
Մանկական այն խաղը, որի ընթացքում ինչ-որ բան մտածված սխալ ես անում, որովհետև դա զվարճալի է, ինձ լավ օրինակ է թվում այն բանի, որ Պիաժեին հետևողները անվանում են «օպերատիվ մտածողություն» և համարում են, որ փոքրիկ երեխաները դեռ դրան չեն տիրապետում: Երեխաները իրենց մտքում ակնհայտորեն կարող են մտապահել երկու գաղափար` ճիշտ և սխալ միջոցները: Ես առաջ կարծում էի, թե երեխաները մինչև տասը տարեկանը չեն տիրապետում զարգացած հումորի և հեգնանքի զգացումին: Բայց այս խաղը` «անել սխալ», այդպիսի հումորի լավ օրինակ է: Նման ձևով երեխաները ծիծաղում են կատակային բառերի վրա, որովհետև ստույգ գիտեն, որ դրանք ճիշտ չեն:
Երեխաները կարող են սովորել մի քանի «պատճառ-հետևանք» խաղեր, երբ դեռ շատ փոքր են: Անցյալ անգամ Ֆրանսիայում ես հյուր էի մի երիտասարդ ուսուցչի: Նրա որդին մեկ ու կես տարեկանից փոքր էր: Ես հաճախ էի հետևում, թե նա ինչպես է նստում իր մահճակալի մեջ, զրուցում ու խաղում էի նրա հետ: Նրա խաղալիքների մեջ մի ռետինե օղակ կար: Մի անգամ ես այն գլխիս դրեցի: Մեկ-երկու վայրկյանից ես թեքեցի գլուխս, և այն ընկավ: Հետո օղակը երեխայի գլխին դրեցի: Նա նույնը արեց, ինչ ես: Դա լավ խաղի վերածվեց: Երբ մենք հերթով մի քանի անգամ դա արեցինք, ես օղակը դրի գլխիս ու սպասեցի: Նա նայեց ինձ ու համառորեն գլխով արեց: Ես թեքեցի գլուխս, և օղակն ընկավ: Նա հիացմունքի մեջ էր, և մենք այն նորից ու նորից կրկնեցինք:
Շատ տարիներ առաջ յոթ-ութ ամսական աղջկա հետ «բում» խաղն էի խաղում: Նրան դիմացս պահելով` մի կողմից մյուսն էի օրորում և պատահաբար գլուխներս իրար խփեցինք: Ես ասացի. «Բում»: Նրան, կարծես, դա դուր եկավ, և ես կրկին ասացի «բում» ու թեթևորեն հպվեցի նրա ճակատին: Մի քանի ակնթարթ անց նա հասկացավ խաղը, և երբ ես ասացի «բում», պոզահարեց ինձ ճակատով և լայն ժպտաց:
Այս խաղերի ոգին շատ կարևոր է: Մենք խաղում ենք երեխաների հետ, որովհետև սիրում ենք նրանց, և հաճույք ենք ստանում դրանից, և նրանք էլ են հաճույք ստանում, և ոչ թե նրա համար, որ դրանից դպրոցական վարժություն սարքենք: Մենք ուրախանում ենք երեխաներով ու խաղերով, և դա արժեքավոր ու օգտակար է նրանց համար: Եթե մենք հանենք հաճույքն ու փոխարինենք այն ապագա «մտավոր զարգացման գործակցի» սառը հաշվարկով, ապա կսպանենք խաղը: Եթե երկար այդպես վարվենք, ապա երեխաները շուտով կհրաժարվեն խաղալ, կամ կանեն դա «դպրոցական սկզբունքի համաձայն», այսինքն կխաղան, որովհետև չեն ուզենա տխրեցնել կամ չարացնել մեզ:
1 մայիսի 1960
Մի քանի օր առաջ` պարապմունքները սկսելուց քառասուն րոպե անց, ես վերցրի գրամեքենաս և բերեցի երեք տարեկանների դասարան: Ներս մտնելով ես ոչինչ չասացի, պարզապես անկյուն քաշվեցի, նստեցի ցածրիկ աթոռին ու դանդաղորեն մի մատով սկսեցի տպել: Սկզբում երեխաները, հեռավորությունը պահելով, ինձ էին նայում: Աստիճանաբար առավել համարձակները մոտեցան: Վերջապես, ինչպես ես կարծում էի, նրանցից մեկը թույլտվություն խնդրեց, որ ինքը փորձի: «Իհարկե, եթե ուզում ես», - ասացի ես: Շուտով բոլորը սկսեցին հերթ խնդրել: Մինչ մեկը տպում էր, մյուսները կանգնել էին այնպես խիտ կուտակված, ինչպես գնացքի սպասող մարդիկ: Նրանց հետաքրքրությունը չափից ավելին էր: Ես ամեն երեխայի հինգ րոպեից ավել չէի կարող տալ, իսկ դա հետազոտելու և յուրացնելու համար բավարար չէր: Ու նաև` մեքենայի առջև նստած երեխային մյուսների անհամբերությունը շատ էր շեղում:
9 մայիսի 1960
Երեք տարեկաններին շարունակում է հետաքրքրել գրամեքենան: Ջոնն առավոտները սովորաբար առաջինն է գալիս: Ինձ տեսնելով` նա խնդրում է, որ իրեն թույլատրեմ տպել: Նրան դուր է գալիս նաև խրոցը վարդակին հագցնելը: Մոտավորոպես չորրորդ օրը, երբ ես իմ դասարան էի գնում, նա ասաց. «Միստր Հոլթ, գրամեքենան մեր տուն բերեք էլի»: Երկու ուրիշ երեխա էլ նման ցանկություն հայտնեցին:
Հինգերորդ օրը Ջոնը հայտնաբերեց գույնը միացնելու լծակը և նկատեց, որ թղթի վրա տառերը գունավոր են ստացվում: Հիմա արդեն բոլոր «վետերանները» գիտեն այդ լծակի մասին և սիրում են դրանից օգտվել: Նրանց արդեն հետաքրքրում է ոչ թե մեքենայի աշխատանքը, այլ այն նշանները, որոնք նա առաջացնում է թղթի վրա: Նրանց, հավանաբար, ավելի հետաքրքիր կլիներ, եթե տառերը ավելի խոշոր լինեին:
Եկավ Էլսիի (նա հինգուկես տարեկան է)` Չարլիի քրոջ (նա չորս տարեկան է) հերթը: Էլսին կարդալ և գրել է կարողանում: Առանց կողմնակի օգնության` նա տպեց. «Սիրելի´ հայրիկ, ես սիրում եմ քեզ ու քո սենյակը»: Դա ապշեցրեց չորսամյա Մեթթին: Նա ուզեց ինչ-որ բան տպել հայրիկի համար: Ես ցույց տվեցի նրան տառերը, որպեսզի տպի. «սիրելի հայրիկ»: Նա տպեց` ՍՍԻՐԵԼԻ ՀՀԱՅՐԻԿ: Բայց ուրիշ բան չկարողացավ մտածել: Հնարավոր է, որ նրան դժվարություն պատճառեց տառերի որոնումը: Նա ուղղակի կես էր լինում արագ տպելու ցանկության և ինչ-որ բան տպելու ձգտման միջև:
Նրա եղբայրը, ի տարբերություն մյուս երեխաների, ուզում է իմանալ, թե ստեղներին հարվածելիս ինչ տառեր են ստացվում: Նա դանդաղ սեղմում է ամեն ստեղնը մեկ անգամ ու նայում, թե ինչ նշան է ստացվում: Հնարավոր է՝ ժամանակի հետ նա խմբին նոր հայտնագործումների կբերի: Մի անգամ նա ստեղների արանքում շարժվող գլան նկատեց: Նա ցանկացավ իմանալ, թե դա ինչի համար է: Մոտավորապես վեցերորդ օրը Մեթթը, նայելով թղթի վրա եղած նշաններին, հանկարծ բացականչեց. «Սա հինգ թվանշանն է»: Ծանոթ բան տեսնելով` նա շատ ուրախացավ:
Երբ երեխաները սկսեցին օգտվել գրամեքենայից, նրանք տողը մինչև վերջ գրում էին և, կարծես ոչինչ չէր եղել, շարունակում էին: Որոշ ժամանակ անց` ես նրանց սկսեցի ասել. «տողը վերջացավ» և տեղափոխել թմբուկը: Այդ պահից սկսած` նրանք բոլորը գիտեին` ինչպես և երբ օգտվեն ետդարձի թմբուկի ստեղներից: Չարլին սիրում է կրկնել այդ, երբ օգտվում է ետդարձից: Մի քանի երեխաներ, ի զարմանս ինձ, սովորեցին իրար ագուցված տառերը շատ կոկիկ անջատել:
Մի քանի օր անց` Մեթթը ուզեցավ տպել ՀԱՅՐԻԿ բառը: Ես նրա համար այն գրեցի թղթի վրա: Նա ինքնուրույն գտավ Հ և Յ տառերը. մնացածը ես ցույց տվեցի: Հետո նա ծայրահեղ գյուտարարական միջոց գտավ` բավարարելու իր արագ ու իմաստալից տպելու ձգտումը:
Նա գրեց. ՀՀՀՀՀՀԱԱԱԱԱՅՅՅՅՐՐՐՐԻԻԻԻԿԿԿԿ:
Չարլին սիրում է գտնել այն տառը, որով սկսում է իր անունը: Երբ հարցրի, թե նա կարող է գտնել իր անվան մյուս տառերը, նա անհանգստությամբ ինձ նայեց, այնպես որ ես մի կողմ դրեցի այդ թեման: Երեխաները ի˜նչ արագ ու ուժեղ են արձագանքում, երբ նրանց կենտրոնացնում ես ինչ-որ բանի վրա: Նա գիտի, որ վերին շարքում տեղավորված են թվերը, հետո գիծը և հավասարության նշանը, ու նա երբեք չի մոռանում տպելիս ասել` «գիծ» կամ «հավասար է», երբ անգամ ես այդ մասին մոռանում եմ: Տարվա մեծ մասը, երբ ես մտնում էի սենյակ, Ջոնը հայտարարում էր, որ ինքը շերիֆ է, և ինձ ուղարկելու է բանտ: Ես հիշեցի Սիլվի Էշտոն – Ուորների մեթոդը, երբ նա հաջողությամբ սովորեցրել էր իր երեխաներին այն բառերը, որոնք գայթակղել էին նրանց: Դրա համար էլ մի անգամ ես մեծ տառերով գրեցի թղթի վրա` ԳՆՈՒՄ ԵՄ ԲԱՆՏ, ու ցույց տվի Ջոնին: Մտածեցի, որ նա կուզենա դա տպել գրամեքենայի վրա: Բայց այդպես չեղավ: Հետո նա խնդրեց, որ թղթի վրա գրեմ` ԳՆԱ ՏՈՒՆ, բայց, ի զարմանս ինձ, հետաքրքրություն չդրսևորեց` այն տպելու: Այնուամենայնիվ, նա մինչև հիմա էլ զայրանում է, երբ երեխաները տպում են իր անվան առաջին տառը, որը իրենն է համարում:
Թարգմանություն ռուսերենից
- 3156 reads