Ուսումնական օրացույցը մանկավարժական տարվա կազմակերպիչ

Կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկը մեր ուսումնական օրացույցն է՝ ուսումնական տարվա, ամսվա ծրագրով, որ հետզհետե մտավ մեր կյանք, դարձավ կիրառելի` կազմակերպող:  Ամեն ամսվա, շաբաթվա սկզբում թերթվող, ուսումնական առօրյան կանոնակարգող ու ամեն անգամ բովանդակային, դրանից բխող` կազմակերպական շեշտադրում հաղորդող ուղեցույց:

Օրացույցի ուսումնականությունն ապահովում են անընդհատ զարգացող մանկավարժությամբ պայմանավորված պարբերականությունը ու արդեն տարիների բովով անցած ամենամյա ստուգատեսների նորացումը՝ զարգացմանն ուղղված շեշտադրումներով, փոփոխություններով։

Այսպիսի օրացուցային զարգացում էին 2016-2017-ի գարնանային նախագծային ուսուցման շաբաթները՝ մարտի 20-24-ը և ապրիլի 3-7-ը։

Նախագծային շաբաթները դարձան տարեկան՝ երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերի ցուցադրման, նոր տարրերով համալրման, նախագծային ընտրություն ապահովող, քաղաքային թափառումների, ընթերցումների, պլեներների, հայրենագիտություն, ռազմամարզական խաղեր ներառող  օրեր։ Յուրաքանչյուր շաբաթն ուներ իր հստակ կանոնակարգված-հրապարակված ծրագիրը՝ դասավանդողների, սովորողների հետ քննարկված, նախապես ներկայացված նախագծային փաթեթներով, կլոր սեղաններով, մասնակից սովորողների անուններով, աշխատակարգերով ամրագրված: Այդ օրերը կրթահամալիրով մեկ ուսուցման կազմակերպումը փոխելու հնարավորություն տվեցին, ինչի շնորհիվ էլ Միջին դպրոցի սովորող-սովորեցնող առարկայական նախագծերն աշխատեցին մեծ աշխարհագրությանբ՝ ներառելով մեր բոլոր կրտսեր դպրոցների հինգերորդ դասարանների սովորողներին։

Ինչ զարգացումներ ունեցավ ու արձանագրեց նախագծային ուսուցման երկու շաբաթը, նաև՝ տարին։

Նախագծերով ուսուցումը կրթահամալիրում նոր չէ. արդեն 5-6 տարի է, որ հեղինակային կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջ է դարձել բովանդակության մեջ ուսումնական  նախագծեր ներառելը։ Տարբեր դասընթացների, ծրագրերի իրականացման մեջ մեծ ու փոքր հաջողությամբ կիրառվել են ուսումնական մեծ ու փոքր, տարբեր տևողության և արդյունքներով նախագծեր։

Այս մասին խոսել ենք, տարբեր դասավանդողներ ներկայացրել են մշակումներ, թարգմանություններ, իրենց փորձը: Ունենք ուսումնական նախագծի մշակման կարգ, որը մշակված ու փորձարկված է, գործող: Քանի որ ուսումնական գործունեությունն անընդհատ է ու զարգացող, նախագծային ուսուցման մեր մոդելն էլ զարգանում է` ընդգրկելով նոր մոտեցումներ, ձևաչափ, կազմակերպում: Այս տարի մեր նախագծային գործունեության մեջ կարող եմ առանձնացնել մի քանի հստակ ու կոնկրետ զարգացումներ.

1. Նախագծային շաբաթվա, նաև՝ տարվա, իմ առանձնացմամբ, ամենակարևոր ու զարգացում ենթադրող ձեռքբերումը նախագծերի անհատականացումն է։

Սա կարևոր շեշտադրում է, որը կուզեի առանձնացնել ու հենց դրա մասին էլ խոսել։ Միջին դպրոցում գարնանային նախագծային շաբաթներն իրենց կազմակերպմամբ հենց սա առաջ քաշեցին. դասավանդողները, ոչ թե առանձին դասավանդողներ, այլ բոլորը, հենց նույն խմբի, դասարանի սովորողներին մի քանի նախագիծ առաջարկեցին։

Նախագիծ ասվածը, որքան էլ փորձենք սահմանել, բերել ընդհանուր ձևակերպումների, տարբեր կերպ է ընկալվում, նաև մշակվում-ծրագրվում։ Պարզ է՝ կան նախագծին վերաբերող հստակ պահանջներ, որոնք ընդհանուր են բոլոր նախագծերի համար. դրանցում պիտի ձևակերպվեն նպատակ, խնդիրներ, բովանդակային-նախագծային հարցադրում, աշխատանքները (գործողություններ), ակնկալվող արդյունք՝ տեսակներ, ժամանակացույց, մասնակից սովորողներ։ Պարզ է նաև, որ նախագծի իրականացման արդյունքում՝ մարդու, այս դեպքում դասավանդողի, ծրագրելու, այդ գործընթացում սովորողին ներգրավելու, սովորողի՝ նախագծածը իրականություն դարձնելու՝ որոնել-հետազոտելու, միտք արտահայտելու, հիմնավորել-ներկայացնելու և այլ կարևոր հմտություններ են զարգանում։ Պարզ է նաև, որ նախագծային պարտադիր շատ պայմաններ անմատչելի են մի շարք սովորողների համար, կամ ակնկալվող արդյունք ասվածը, դրա ընդունված ձևակերպումներով, շատ սովորողներ չեն կարող ու չեն ուզում ապահովել։

Սովորողներին առաջարկվող տարբեր նախագծերը զարգացում են ապահովում նրանով, որ ընտրելու, որոշում կայացնելու հնարավորություն ստացած սովորողն իրեն կարևորված է զգում և դառնում է նաև պատասխանատու իր ընտրության համար։

Ի դեպ, ներկայացված նախագծերը կարող են լինել և՛ տարբեր թեմաներով, և՛ միևնույն թեմայով, բայց տարբեր պահանջներով ու ակնկալիքներով, տարբեր շեշտադրումներով ու խորությամբ։

2017-2018 ուսումնական տարվա համար կարևորում եմ այս շեշտադրումը՝ սովորողին նախագիծ ընտրելու հնարավորություն տալով՝ ուսումնական գործունեության հետևողական անհատականացումը։ Մեր շատ դասավանդողներ ունեն նման փորձարկումներ և բավականին արդյունավետ կիրառում են այդ փորձը․ կարծում եմ՝ կարելի է տարածել։

2. Ի՞նչ անել, եթե սովորողը չի ուզում աշխատել առաջարկված նախագծերից և ոչ մեկով։ Բնականաբար, դասավանդողը չի կարող կանխագուշակել բոլոր սովորողների նախասիրությունները, ցանկությունները և ընտրել-չընտրելու հետ կապված տրամադրությունները։ Կարելի է ասել, կարդա՝ ինչ ուզում ես, աշխատիր այն թեմայով, որը կառանձնացնես, կամ ոտքի վրա ինչ-որ բան առաջարկել. այս փորձն ունեցել ենք։ Այստեղ էլ զարգացումը համարում եմ սովորողի անհատական նախագծի ձևակերպումը. որպեսզի դասավանդողի առաջարկած առաջադրանքը, թեման, նախագիծը ընտրել-չընտրելը չվերածվի սովորողի կամայականության, չաշխատելու փորձի, դասավանդողի կողմից էլ՝ ինչ-որ ձևով սովորողին զբաղեցնելու ջանքի, կարելի է առաջարկել, որ սովորողը ձևակերպի իր անհատական նախագիծը։ Նախագիծը ընտրության հնարավորություն է. դրա կազմակերպումը պետք է երևա ուսումնական աշխատանքում:

Սովորողի՝ նախագիծ ձևակերպելու հմտությունը, իր նախագիծն իրականացնելու ջանքերը կարևոր զարգացումներ կարձանագրեն։

Վերջերս 8-րդ դասարանցի Վաչե Խաչատրյանը ներկայացրեց  (նախագիծ, հաշվետվություն) և փորձեց իրականություն դարձնել իր բնապահպանական նախագիծը։ Ճամբարային կյանքը նույնպես նման անհատական նախագծերի ծնունդ դարձավ. սովորող-սովորեցնող գիտակների, պարտեզային, պարային նախագծեր:

Այստեղ անհրաժեշտ են հետևողական ու կոնկրետ զարգացումներ։

3. Տարատարիք նախագծային խմբերի ձևավորումը, սովորողների` իրենց ձեռք բերած հմտությունների` միմյանց փոխանցումը, շփումը․սովորող-սովորեցնող նախագիծն իր զարգացումներում մեկ տասնյակ նման «ճյուղեր» ունեցավ. Աշոտ Տիգրանյանի սովորող-սովորեցնող գիտակները, Մարիետ Սիմոնյանի և սովորողների պատումային նախագծերը, Գոհար Եղոյանի սովորող-սովորեցնողների պարատները, Լուսինե Բուշի սովորող-սովորեցնող անգլիախոսները, Ժաննա Հակոբյանի ռուսալեզու զբոսավայրները, Սեդա Այվազյանի պուրակային ընթերցումները, Սուսան Սահակյանի սովորող-սովորեցնող փորձագետները, Հասմիկ Թոփչյանի և սովորողների պատումային-ամսագրային և այլ նախագծեր։

4. Հաջորդ կարևոր շեշտադրումը նախագծերի բացումն ու հանրայնացումն է: Այս ուղղությամբ կոնկրետ քայլերը նկատելի են, արձանագրված: Քաղաքային թանգարանային, ընթերցումային, պլեներային, ֆոտո նախագծերը դուրս եկան դպրոցի շենքային հատվածից՝ դառնալով քաղաքային ու տարածվող։ Այս նախագծերի կազմակերպումը ավելի կոնկրետ ու նախագծային դարձավ, ավելի ներառող ու տեսանելի. սովորողների մասնակցությունը առավել գործուն։

Պարզ է, որ այս աշխատանքը զարգանում է, անընդհատ մշակվում ու հղկվում, որովհետև դժվար է և՛ ընտրության հնարավորություն տալ, և՛ բաց հարթակ դուրս գալ, և՛ անհատականացնել նախագիծը: Էստեղ կա և՛ մշակման, և՛ դրա կազմակերպումը ամենօրյա դարձնելու դժվարություն: Աշխատանքն իրական դարձնելու, չկրկնվելու ու չկեղծելու կարևոր հմտություն-ազնվություն: Սովորողների արձագանքները դրական են հենց իրենց բլոգային աշխատանքներով. դրանք բավականին հետաքրքիր են ու անհատականացված. ընթերցեք: Սովորողի արձագանքն իր գործունեությունն է ու իր գործունեությանը մասնակցությունը: Մնացյալը խոսքեր են:

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский