Դասվարական գործունեության երկրորդ տարվա ամփոփում

Հեղինակ: 

Ուսումնական օրացույցը՝ կազմակերպիչ կամ հավաքից հավաք մեկ տարվա արածի հաշվետու ներկայացում:
Նախորդ հոդվածում՝ ուսումնական օրացույցի ձևակերպումը տալով, ցույց եմ տվել նաև դասարանական օրացույցի մոդելը: Հոդվածում ունեմ հետևյալ գրառումը՝ «Հետևելով օրացույցին, կազմելով համապատասխան նախագծեր և աշխատելով ըստ նախագծերի՝ մեկ տարվա ընթացքում ստացվում է այնպես, որ ուսումնական օրացույցը կենդանանում է»: 

Ամփոփելով ուսումնական երկրորդ տարին, հիմքում ունենալով առաջին տարվա գործունեության արդյունքները՝ կարող եմ փաստել, որ տարին բավական արդյունավետ էր, չնայած այն փաստին, որ առաջին տարվա գործունեությունը մայիս ամսին ներկայացնելիս նշել եմ՝ «Արձանագրում ենք մի վիճակ, երբ սովորողները գրաճանաչ են, տառաճանաչ, ինքնուրույն կարդում են, մուտքագրում և գրում: Կարողանում են լսել, լսածի և տեսածի վերաբերյալ հարցեր տալ, կարծիքներ հայտնել, լսածը և տեսածը վերարտադրել նկարների միջոցով, իրենց սեփական հեքիաթները հորինել, իրենց կարծիքը հայտնել, չհամաձայնել, հիմնավորել: Իրենց զգում են դասարան-հավաքականի մի մասնիկ, համապատասխան վարքագիծ են դրսևորում»:

Այս ամենը արդեն կարողություններ և հմտություններ են, որոնք սովորողները ձեռք են բերել առաջին տարվա ուսումնառության ընթացքում: Երկրորդ տարին այդ առումով և՛ հեշտ էր, և՛ դժվար. պետք էր պահպանելով եղածը, ցույց տալ դրա զարգացումը: Սովորողների մոտ այս մեկ տարվա ընթացքում բավականին զարգացել է բանավոր խոսքը, սեփական մտքերը արտահայտելիս զգում ես, թե որքան է խոսքը հղկվել: Բանավոր խոսքի զարգացումն ինքնաբերաբար հանգեցրել է նաև գրավոր խոսքի զարգացմանը: Սովորողները շատ հանգիստ, անկաշկանդ պատումներ են գրում, իրենց պատումները նկարազարդում են, սիրով ներկայացնում և շատ հաճախ ականատես եմ լինում մի իրողության, երբ պատումում ինչ-որ բան փորձում եմ փոխել, իսկ սովորողը հեղինակի իրավունքով չի համաձայնում:

Ռոդարին այն կախարդական բանալին է, որի միջոցով շատ փակ դռներ է հաջողվում բացել: Կրտսեր դպրոցում հատկապես Ռոդարին ամեն օր է և ամենուր:
Մենք Ռոդարի նախ՝ սկսեցինք կարդալ, փորձելով հասկանալ այն բոլոր հնարքները, որոնք նրա պատմվածքները առանձնահատուկ են դարձնում: Ապա՝ սկսեցիք այդ նույն հնարքները օգտագործել՝«Ինչ կլիներ, եթե…»,«Շուռ տված» հեքիաթները,«Եթե պապիկը հանկարծ կատու դառնա»,«Լիմերիքի ստեղծումը» և այլն…
Հենց երևի վերջինից էլ սկսեմ՝ լիմերիքի ստեղծում. նախ՝ ծանոթացանք լիմերիքի կառուցվածքին, որը հստակ կանոններ ունի, սկզբում այն մի փոքր դժվար ստացվեց, սակայն սկզբունքը գլխի ընկելով սկսեցինք հորինել: Հնարավոր է սովորողների գրածները լիմերիքի ոչ այնքան հաջողված օրինակներն են, սակայն ընթացքը իրական հաճույք պատճառեց, լիմերիքը քարացած մտքի համար գլուխկոնծիի էֆեկտ է ստեղծում:

Ազդեցությունը չթուլացնելու և ընդհակառակը՝ ռոդարիական հնարքները ավելի ամրապնդելու և իրական կյանքի կոչելու համար մի նոր գաղափար ունենք իրականացնելու: «Ապակե մարդուկ» ռոդարիական հնարք, որի անվանումը ընդունենք որպես պայմանականություն: Ինչ-որ նյութից հերոս ենք ստեղծում, այդ նյութի առանձնահատկությունից ելնելով պատմություն հորինում՝ գործող անձի արկածները: Արդյունքում ունենում ենք ցուցադրության նյութ, էլեկտրոնային ընթերցարան, շատ հնարավոր է նաև շարժական անիմացոն մուլտֆիլմ: Այս գաղափարը ավելի պատկերավոր դարձնելու համար նախատեսում եմ այցելություն Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ սովորողները կծանոթանան կոլաժի իրական վարպետի աշխատանքներին, կտեսնեն, թե ինչպես կարելի է համադրել իրարից այդքան տարբեր նյութեր և իրեր և ինչպիսի արդյունք կարելի է ակնկալել:

Հետաքրքիր ընդհանրություն` Ռոդարին խոսքի հետ վարվում է այնպես, ինչպես Փարաջանովը՝ նյութի: Մի կարևոր դիտարկում ևս. այցելության նպատակը ոչ թե Փարաջանովի արվեստի յուրացումն է, այլ կոլաժային արվեստի հետ ծանոթացումը  (ցանկացած տեղ կարելի է կազմակերպել ճամփորդություններ և այցելություններ, կարևորը ներկայացվող նյութի ճիշտ չափաբաժինն է):

Երկրորդ տարվա գործունությունը նկարագրելով՝ չեմ ցանկանա առարկայացնել, ներկայացնելով «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչներն առանձին- առանձին: Շատ վաղուց միջառարկայական անջրպետները վերացել են, և դժվար չէ ասել, որ և՛ մաթեմատիկայի մեջ ավելի շատ մայրենի կա, և՛ տեխնոլոգիայի մեջ՝ մաթեմատիկա, և՛ երաժշտության մեջ՝ օտար լեզու:

Այդ պատճառով փորձեմ մի քանի դրվագով ներկայացնել մեր անցած տարվա հիշարժան մեխերը:

Մայիսյան հեղինակային 12-րդ հավաք, որտեղ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հավաքի կազմակերպիչն ու պաասխանատուն: Ստուգատեսային չորս ուղղություններ՝ 

  • Ռոդարիական ստուգատես
  • Բացօթյա մաթեմատիկակական ստուգատես 
    Հրաշալի ստուգատես էր, որն իր զարգացումն ունեցավ, սովորողները սովորեցին իրենց չափումների հիման վրա գծագրեր կազմել և այդ գծագրերի օգնությամբ խնդիրներ առաջադրեցին:
  • Կենդանասերների անկյունները դպրոցներում 
    Մենք ուսումնառության երկու տարիների ընթացքում հասցրել ենք լինել կրթահամալիրի բոլոր օղակներում, սակայն կենդանասերի անկյունները դպրոցներում մի նոր հայացք է, որին ծանոթությունը սկսեցինք կրթահամալիրի Ագարակից:
  • «Գետը քաղաքում» նախագիծ 
    Նախագծի մեկնարկը տված է՝ գետի ուսումնասիրությունը սկսել ենք Բջնի գյուղից՝ Կոտայքի մարզ, տեսել ենք Հրազդան գետի ու իր վտակի միախառնման վայրը: Հաջորդ կանգառը կլինի Հրազդանի կիրճը և վերջում, իհարկե, նախատեսում ենք ճամփորդություն դեպի գետի սկզբնաղբյուր՝ Կապուտակ Սևան:

Սովորողները սիրում են ճամփորդել, ծնողները խիստ դրական են արձագանքում ամեն մի նոր նախաձեռնությանը: Եվ արդեն սովորողների մոտ ձևավորվել է մի նոր կուլտուրա, որ նրանք փորձում են գրել իրենց ճամփորդությունների մասին, ճամփորդում են լուսանկարչական ապարատներով, անընդհատ լուսանկարում են, համեմատում, քննարկում:

Տեսածի մասին գրել, օրը նկարագրել օգնեց նաև այս տարվա մեր ամենահաջողված նախաձեռնություններից մեկը՝ «Կրթահամալիրի տնօրենի գիրը ինչպես է անդրադառնում սովորողների օրվա գիրը կազմելու գործում»: Սովորողները սկսեցին գրել իրենց օրվա մասին, կարդալ մեկը մյուսի գրածը, մտան տնօրենի բլոգ, կարդացին, տիար Բլեյանի օրագրից հատվածներ՝ հետաքրքրեց՝  Տիարն այդ ամենը ինչպե՞ս է հասցնում, քանի՞ թուղթ է օգտագործում մի գրի համար, թե՞ միանգամից մուտքագրում է, արդյո՞ք հասցնում է այդ բոլոր նկարագրած վայրերում լինել, ովքե՞ր են նրան օգնում… Տիարի օրագիրը դարձավ քննարկման նյութ, չնայած այն բանին, որ օրագրի 1000-րդ գրի կապակցությամբ Մեդիակենտրոնում մեզ հյուրընկալել էր տիար Բլեյանը, ով սիրով պատասխանում էր մեր բոլոր հարցերին:

Այո, շատ կարևորում եմ այն փաստը, որ սովորողն սկսի պատմել, ներկայանալ, ներկայացնել, ինչպես կրթահամալիրի տնօրենը, իրենց դասվարը:

Առջևում ունենալով արդեն հրապարակված «Հավեսի հունիսը»՝ լողալու ենք, նկարելու և լուսանկարելու, ճամփորդելու ենք, հին ու նոր ավանդական խաղեր ենք խաղալու, ստեղծագործելու ենք, ստեղծագործածը հաշվելու, բազմապատկելու ենք, կրկնապատկելու, թարգմանելու, հրապարակայնացնելու ու հաստատ տարածելու…

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский