Ուսումնական օրացույցը`կազմակերպիչ

Հեղինակ: 

Ուսումնական օրացույցի ձևակերպումը տրված է կրթահամալիրի 1- ից 3-րդ դասարանների «Իմացումի հրճվանք» ուսումնական պլանում, որտեղ ասվում է.«Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ծրագրի) տարեկան ուսումնական օրացույցով: Դրանցով որոշվում են ուսումնական պարապմունքները և ճամբարները, ստուգատեսները, ծեսերը և տոները`որպես լրացուցիչ ուսուցում»:
Ըստ կարգի, հղում անելով կրթահամալիրյան ուսումնական օրացույցին, ունենք  դասարանական օրացույց- կազմակերպիչ, որն իր ամենամյա ստուգատեսներով, ճամբարներով ու ստեղծագործական հավաքներով, ՀՀ պետական, եկեղեցական տոներով, գիտության, մշակույթի գործիչների օրերով ու հոբելյաններով, միջազգային օրերով, դառնում է նախագծային- թեմատիկ ուսուցման պատվիրատու:
Հետևելով օրացույցին, կազմելով համապատասխան նախագծեր և աշխատելով ըստ նախագծերի՝ մեկ տարվա ընթացքում ստացվում է այնպես, որ ուսումնական օրացույցը կենդանանում է: Այսպիսի կազմակերպումը միավորում են ուսումնական աշխատանքը և հասարակական կյանքը, անհատական, խմբային, ընտանեկան ուսումնական նախագծերը:
Օգնում է հաղթահարել ֆորմալ կրթության առարկայնությունը և հատվածականությունը:

Ֆորմալ կրթությունից և հատվածականությունից էլ սկսեմ:
Ինչ լավ է, որ կա մեդիան. բլոգում փնտրում եմ անցյալ տարվա նյութերը և գտնում եմ ծնողների մասնակցությամբ բաց դաս կամ դաս, որ «Վարում են ծնողները» վերնագրով նյութը և ցանկանում եմ համադրել մեկ այլ նյութի հետ, որ ստեղծվել է սովորողների կողմից այս տարի:

«Ես սեբաստացի ուսուցիչ եմ» հետաքրքիր նախագիծը սովորողներին շատ ոգևորեց, սովորողները դարձան սեբաստացի ուսուցիչ, և յուրաքանչյուրը ընտրելով մի թեմա՝ հանդես եկավ ուսուցչի դերում: Այս երկու դեպքն էլ ամբողջովին կոտրում է ֆորմալ կրթության կարծրատիպերը, երբ սովորողը, անկախ տարիքից, վերածվում է սովորեցնողի, իսկ նրա ծնողը՝ որպես սովորողի կրթության կազմակերպիչ և պատասխանատու, հանդես է գալիս որպես գործընկեր:
Ամենամյա ստուգատեսներ, ճամբարներ և ստեղծագործական հավաքներ: Այ հիմա շատ կոնկրետ մենք իրականացնում ենք ճամբարային գործունեություն, որի ընթացքում մեկնարկել է ստուգատեսների հայտագրման փուլը:

  •   Բնագիտական ստուգատես: Հատկապես այս օրերին այնպես ստացվեց, որ բնագիտական փորձերը դարձան մեր օրվա կազմակերպման գլխավոր բաղկացուցիչը: Սկսեցինք դասարանում փորձեր կատարելուց, երկու անգամ այցելեցինք Մայր դպրոցի բնագիտության լաբորատորիա, որտեղ Ավագ դպրոցի սովորողները մեզ համար հետաքրքիր փորձեր կազմակերպեցին: Փորձերից ոգևորված՝ սկսած գործը շարունակեցինք նաև տանը: Որպես ճամփորդություն, կազմակերպեցինք և այցելեցինք Բնության թանգարան:
  •  Մարզական ստուգատես: Մարզատոնին նույնպես պատրաստվում ենք: Հոկտեմբեր ամսին` «Վահան Ասատրյան» մարզական օրերին, մարզասրահում մի լավ ցուցադրական պարապմունք անցկացրինք, դե հեծանիվ վարում ենք, լողալ էլ հաստատ գիտենք: Անցյալ տարի «Ամենալողացող թիմ» համբավին ենք արժանացել:

ՀՀ պետական և եկեղեցական տոներ:
«Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծին մասնակցեցին սովորողները իրենց ծնողների հետ: Ճամփորդությունը իրականացնելուց հետո սովորողներն իրենց տպավորությունների մասին գրավոր պատմեցին, այդ թեմայով ռադիոթողարկում ունեցանք, տպավորությունները նկարեցինք, տեղում շատ լուսանկարեցինք: Ու ամեն անգամ, երբ ճամփորդության ավարտին ուզում ես ամփոփել օրդ, միշտ դժվար է պատասխանել, թե այդ ամենի մեջ ավելի շատ հայրենագիտությո՞ւն կա, մարմնամարզությո՞ւն, մաթեմատիկա՞, լեզվագործունեությո՞ւն, ինքնաճանաչողությո՞ւն, թե՞ ընկերասիրություն:

Բոլորի նման, մենք էլ շատ ենք սիրում ճամփորդել. ճամփորդությունները նույնպես կապվում են ուսումնական օրացույցի հետ: Թումանյանական օրեր` եղանք Թումանյանի թանգարանում, Կոմիտասյան օրեր` այցելություն Կոմիտասի թանգարան- ինստիտուտ: Մայիս ամսին եղանք Օշականում, այնուհետև ճանապարհը շարունակեցինք դեպի Տեղեր, Հարության տոնի Ավագ ուրբաթ եղանք Էջմիածին քաղաքում, այցելեցինք սբ. Հռիփսիմե, սբ. Շողակաթ, սբ. Գայանե եկեղեցիները: Մայր տաճարում ներկա եղանք պատարագի արարողությանը, որը այդ օրվան բնորոշ` խիստ բազմամարդ էր:
Այդ թվարկած բոլոր վայրերում էլ սովորողները ցուցաբերեցին մեծ զսպվածություն և հասուն մարդուն բնորոշ պահվածք, մի բան, որ նույնիսկ կողքի աչքից  չէր վրիպում: Չնայած այն փաստին, որ իրականում այդ երեխաները բավականին ազատ և անկաշկանդ սովորողներ են:
Ձոն ստուգատեսի օրերին նույնպես ծրագրել և իրականացրել էինք ճամփորդություն Մանկական գեղագիտական կենտրոն, որի արդյունքում ծնվեց «Մայրիկների դիմանկարներ» շարքը:

Մի ուրիշ հետաքրքիր մտահղացում էլ էինք իրականացրել. վերցրել էինք «Մուկը» որպես կերպար՝ մեզ ծանոթ մանկագիրների մոտ` Խնկոյան, Աղայան, Թումանյան, Ջաննի Ռոդարի, որը էլի անմիջականորեն կապվում էր ուսումնական օրացույցի հետ:

Անհատական և խմբով մասնակցությունը դպրոցական   համերգ-ներկայացումներին, մեդիաուրբաթներ` այս բոլորը նույնպես օրացույց է, նույնպես կազմակերպում:

Ուսումնական օրացույցը կարգավորված և հստակ է, որն էլ դժվարեցնում է այդ թեմայով երկար  և մանրամասն գրելը, որովհետև յուրաքանչյուր միտք գրելուց հղումը գնում է ուսումնական օրացույց, այնուհետև որպես արդյունք` ուսումնական բլոգ:
Եթե այսօր լրացնում եմ ուսումնական օրացույցը և յուրաքանչյուր վերնագրի վրա դնում եմ համապատասխան հղումը` բերված բլոգից, ստացվում է, որ ունենում եմ 2016-2017 ուստարվա կատարողականը:

Սեբաստացու օրերին քայլարշավ իրականացրեցինք Արևմտյան դպրոց, Ագարակ և հասանք մինչև Հարավային դպրոց, որտեղ մեր հասակակիցների հետ համատեղ պարապմունք իրականացրինք: Սա նույնպես ձեռքբերում է, և հիմա կարող եմ հստակ պնդել, որ սեբաստացիական աշխարհում ապրելով Արևելյան կողմում՝ եղել ենք Հյուսիսում, Հարավում և Արևմուտքում: Սա էլ կողմնացույց` օրացույցին լրացում:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский