Ուսուցիչների կամավոր ատեստավորման նախագիծը՝ ուսումնական նյութ

Փաստաթղթերի ընթերցումը, քննարկումը, քննարկման կազմակերպումն անհրաժեշտ եմ համարում։ Առանձնացնում և հատկապես կարևորում եմ քննարկման կազմակերպումը, թիրախային խմբերի ներգրավումը, որը կոնկրետ և կարևոր աշխատանք է։ Այդ մասին իմ անդրադարձը՝ տեքստում։

Այս նյութում ուզում եմ խոսել փաստաթուղթ կարդալու կարևոր սովորության, հմտությունների, քննարկման արդյունքների ուսումնասիրության, վերլուծության ու հետադարձ կապի մասին։

Մեզանում փաստաթղթեր ընթերցելն ընդունված չէ։ Պարզ է, որ բոլոր փաստաթղթերն անհնար է ընթերցել։ Բայց պարտադիր եմ համարում այն փաստաթղթերի կարդալը, որոնք կապվում են կոնկրետ մարդու գործունեության ոլորտի, հետաքրքրությունների հետ։ Փաստաթուղթ կարդալը հեշտ չէ՝ տեքստը խրթին է, անդրադարձները՝ շատ․ հենց դրա համար էի ԱԺ իմ ելույթում խնդրել փաստաթղթերի հղումները տարբեր կարգավորող իրավական ակտերում ակտիվացնել, որպեսզի ընթերցումը հեշտանա։ Սա շատ կարևոր է․ 21-րդ դարում տեխնիկական բոլոր հնարավորությունների օգտագործումը, որոնք կհեշտացնեն, կարագացնեն ընթերցումը, պետք է փորձարկել, եթե, իհարկե, ուզում ենք, որ դրանք ընթերցվեն։

Փաստաթղթերը թիրախային խմբերի հետ քննարկելը նաև ուսումնական հաստատությունների խնդիրն է․ ուսուցիչները, սովորողները, ծնողները պետք է կարդան փաստաթղթերը, քննարկեն, կարևորը՝ արտահայտվեն։ Ֆեյսբուքում երկբառ կամ երկու նախադասությամբ դիտարկում գրելը հիմնավորված չեմ համարում։ Կարևոր է փաստարկված կարծիքը՝ ոչ թե աղմկահարույց վերնագրի ընթերցումն ու դրանից ելնելով՝ զայրացած կամ պաշտպանող դիտարկումը։ Կարծիքը պետք է լինի կոնկրետ, հիմնավոր, հնարավորին փաստարկված, որից պարզ դառնա, որ դիտարկողն ընթերցել է նյութը։ Էստեղ կարևոր է նաև այն, որ մենք սովորենք լսել ու հարգել դիմացինի կարծիքը, կարևորենք այն։ Հնարավոր է՝ կարծիքը ամբողջական չէ, թերի է, հիմնավորումները՝ թույլ, բայց դա կարծիք է, որն ապրելու իրավունք ունի։ Կարծիք գրելն ու հիմնավորելը նույնպես կարևոր հմտություն է, որը ձեռք է բերվում սովորելով։ Սովորողի արտահայտած կարծիքը, սովորողի կարծիքն է, որը համապատասխանում է սովորողի` այդ պահի կրթական մակարդակին, ընկալումներին։ Հարգելով կարծիքը՝ խրախուսում ենք, կարևորում մարդու՝ կարծիքի արտահայտումը, օգնում, ստիպում, որ նա չդադարի կարդալ, չվախենա արտահայտվելուց։

Այս համատեքստում ուզում եմ ասել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հանրային քննարկման դրված փաստաթղթերի քննարկումները կարևորում ենք, դարձնում ուսումնական աշխատանք՝ ներառելով սովորողների, դասավանդողների տարբեր խմբերի։ Կարծում ենք՝ մեր մոտեցումները կարող են կարևոր լինել, այլընտրանքային, հեղինակային մանկավարժության նորարարական մոտեցումները բերել, արտացոլել հանրակրթության օրենսդրությունը կարգավորող փաստաթղթերում։ Հեղինակային մանկավարժությունը՝ իր զարգացումներով, արդեն հաստատված, կենսունակ մոտեցումներով, պետք է հետաքրքիր լինի մեր հանրակրթությանը, օգնի զարգացնել այն, նոր լուծումներ առաջադրի։ Նաև կարևորում ենք հեղինակային կրթական ծրագրի հեղինակ սովորողների, ուսուցիչների, ծնողների մոտեցումները․ դրանք օգնում են ավելի լավ ճանաչել մեր համայնքի մոտեցումները, հաշվի առնել տարբեր մարդկանց կարծիքները, զարգանալ։

Սակայն պակաս կարևոր չէ նաև կարծիքների ուսումնասիրման փուլը։ Կարծում եմ, որ քննարկում կազմակերպած մարմինը՝ այս դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը, պետք է կոնկրետ և հետևողական ուսումնասիրի, մշակի ստացված ամբողջ տեղեկատվությունը, սկսի աշխատել կարծիք արտահայտած մարդկանց խմբերի հետ։ Երբ այս աշխատանքը չի արվում, կապը կտրվում է, ունենում ենք այնպիսի իրականություն, որ դպրոցներն ապրում ու գործում են իրենց աշխարհում, կրթական գերատեսչություններն՝ իրենց։ Փատաթղթերը չեն կարդացվում, մարդիկ կարծիք չեն արտահայտում, որովհետև տարիներ շարունակ արտահայտելու սովորույթ չի ձևավորվել, ու նրանց կարծիքը չի լսվել։ Երկխոսության բացակայությունը բերել է անտարբերության, չպայքարելու, չխոսելու բարդույթի․ ոչինչ, հիմա ձայն չենք հանի ու իզուր չենք թիրախավորվի, հետո մի բան կանենք։ Այդ մի բան անելու սովորությունը մտել է մեր կյանք, և հիմա պետք է այլ մշակույթ բերել։ Մի բան չենք անի, կարտահայտվենք, կխոսենք, և մեր խոսքը լսելի կլինի, որովհետև մենք ենք աշխատում դպրոցում, մենք ենք փոխում հանրակրթական իրականությունը և չենք կարող մի բան անել։ Պետք է անենք այն, ինչին հավատում ենք, ինչը հիմնավորված ենք համարում, ու դա պետք է հնարավորին լավ անենք։ Մենք պետք է ստեղծենք ուսուցիչ-հանրային գործչի ինստիտուտ․ հենց դա միջավայր, հող կստեղծի, որ ուսուցիչն անընդհատ աշխատի իր վրա, զարգանա։ Գլուխը կախ, անընդհատ մեղադրվող, ճնշվող, ցածր վարձատրվող մարդը յոլա էլ պիտի տանի, այլ բան չարժե ակնկալել։ Երիտասարդն էլ չի ուզում ու չի ուզելու ուսուցիչ աշխատել, իսկ ինչո՞ւ ուզի։ Իսկ, ասենք, վերջին քսան տարում երկրում կարևոր, հայեցակարգային պաշտոններ զբաղեցրած գործիչներից քանիսի՞ երախաներն են ուզել ու աշխատել ուսուցիչ, վստահ եմ՝ ոչ մեկը, ու նորմալ է, որ չեն ուզել, իսկ ինչո՞ւ ուզեին։ Պետք է այնպիսի հանրակրթական համակարգ ստեղծել, որ երիտասարդներն ուզեն դպրոց մտնել։ Թե չէ՝ այս մոտեցումներով, պարզ է, որ չեն ուզի։ Ամեն մարդ թող դիտարկի կոնկրետ իր, իր հարազատի, ընկերոջ երեխային, ոչ թե այլոց՝ վիրտուալ երեխաների, ստեղծի այնպիսի համակարգ, որը կգրավի, կոգևորի ու առաջ կմղի երիտասարդ ուսուցչին։

Ստորև ներկայացնում ենք կարծիքների մի փաթեթ․ մանրամասն ուսումնասիրելով ներկայացվող ձևանմուշները՝ թեստերը, քննարկման ներկայացված նախագիծը, հասկանում ենք, որ․

1․ ՀՀ Սահմանադրության մեջ ուսուցչի ատեստավորման մասին խոսք չկա: Ավելի ցածր  իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտում` այն է Հանրակրթության մասին ՀՀ օրենքում (այսուհետ` օրենք): Օրենքի 3-րդ հոդվածում սահմանվում է․

14) ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց։

Այս մասին մանրամասն՝ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի ուսումնասիրության մեջ։

2․ Թեստերը չեն կարող ստուգել հեղինակային կրթական ծրագրի հեղինակ ուսուցչի մանկավարժական հմտությունները։

Առաջարկում ենք հաշվի առնել հետևյալ դրույթները, որ՝

Ուսուցչությունը փորձի` սեփական փորձի ամփոփում է (Գ․ Հ)

Հնարավորություն տալ հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցչին այլ մոտեցումներով վերապատրաստվել՝ այսպիսով կարևորելով հեղինակային կրթական ծրագրի գոյության կարևորությունը մեր հանրակրթական համակարգում, փորձն ու այդ փորձը մշակող ուսուցչի ներդրումը, կամավոր վերապատրաստմանը մասնակցելու նրա իրավունքը։

Մշակել, ներկայացնել հեղինակային կրթական ծրագրին համապատասխան մոտեցումներ, դրույթներ՝ չհակասելով ընդունված նորմատիվ փաստաթղթերում նշված մոտեցումներին։

Ստորև ներկայացնում ենք կրթահամալիրի լաբորատորիաների մշակումները՝

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող օտար լեզվի ուսուցչի կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան

Մշակումը՝ Յուրա Գանջալյանի, օտար լեզվի ուսուցիչների

Ռուսերենի լաբորատորիա

Մշակումը՝ Ժաննա Հակոբյանի, ռուսերենի ուսուցիչների

Մաթեմատիկայի լաբորատորիա

Մշակումը՝ Լիանա Հակոբյանի

Հասարակագիտության լաբորատորիա

Մշակումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի

Բնագիտության լաբորատորիայի մշակումը

Համակարգումը՝ Էմանուել Ագջոյանի

Դասվարի կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան

Համակարգումը՝ Լիլիթ Սահակյանի

Կամավոր ատեստավորման այլընտրանքը

Մշակումը՝ Մարիետ Սիմոնյանի, մայրենիի ուսուցիչների

Կրթահամալիրի դասավանդողների արձագանքները կամավոր ատեստավորման այս ձևաչաթին․ փաթեթը։

Կրթահամալիրի սովորողների, ընտանիքների արձագանքները կամավոր ատեստավորման այս ձևին, թեստերին․ փաթեթը։

Կրթահամալիրի ավագ դպրոցի դասավանդողների կարծիքները

Հարավային դպրոցի դասավանդողների կարծիքները

Արևելյան դպրոցի դասավանդողների կարծիքը

Հյուսիսային դպրոցի դասավանդողների կարծիքը

Միջին դպրոցի դասավանդողների կարծիքը

Քոլեջի դասավանդողների կարծիքը

Ռուսերենի լաբորատորիայի ուսուցիչների գրառումներից

Իմացումի հրճվանք լաբորատորիայի ուսուցիչների գրառումներից

Մաթեմատիկայի լաբորատորիայի ուսուցիչների գրառումներից

Կրթահամալիրի հասարակագիտության լաբորատորիայի ղեկավար Վարդան Կարապետյանի կարծիքը

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский