Կամավոր ատեստացիայի մասին
Primary tabs
Ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու և կիրարկելու մասին
Դժվար չէ հասկանալը, որ խոսքը ուսուցչի ատեստավորման նոր, թեկուզ փորձնական, կարգի մասին է: Ցնակացած նոր նորմատիվ իրավական ակտի դեպքում սկզբում պարզում եմ, թե որքանով է այն իրավական: Նույն կերպ վարվենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ. հուվարի 26-ի 21-Ն հրամանին, որով հաստատում է սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: Այս հրամանին դեռ կանդրադառնամ:
ՀՀ Սահմանդրության մեջ ուսուցչի ատեստավորման մասին խոսք չկա: Դիմենք հաջորդ` ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին` այն է ՀՀ օրենքը հանրակրթության մասին (այսուհետ` օրենք): Օրենքի 3-րդ հոդվածում սահմանվում է`
14) ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց:
Օրենքում մի ամբողջ հոդված այս հարցին է վերաբերում`
Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը
Ատեստավորվող ուսուցչի վերապատրաստման ծրագրում այս հոդվածը հատուկ կարևորել եմ:
Օրենքը սահմանում է, որ «զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ»։
Նաև ուսուցչին իրավունք է վերապահում. «Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո»:
Օրենքը տալիս է ատեստավորման ձևը. «Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից»։ Այդ հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի սահմանումը օրենքը վերապահում է ՀՀ կառավարությանը (այսուհետ` կառավարություն):
Կառավարությունը 2011թ. 1745-Ն որոշումով հաստատել է այդ կարգերը: Կառավարության այդ որոշումը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի 1476-Ն որոշումով:
Անկախ ատեստավորման հերթականությունից` հերթական կամ սեփական նախաձեռնությամբ, ատեստավորման ձևը սա է:
Օրենքը սահմանում է, որ «Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Ատեստավորման կարգը սահմանված է կառավարության 2011թ. 1745-Ն որոշումով, իսկ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրատման կարգը` կառավարության 2012թ. 1667-Ն որոշումով, որը ենթարկվել է փոփոխության կառավարության 2021թ. ապրիլի 1-ի 466-Ն որոշումով:: Հայաստանի Հանրապետությունում չի կարող գործել ուսուցչի ատեստավորման այլ, թեկուզ փորձնական, կարգ` առանց կառավարության համապատասխան որոշման:
Մեր պետությունը ուսուցչին մենակ չի թողնում ատեստավորման այդ գործընթացում. «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան»։
Տեսնենք, թե ուսուցչի ատեստավորման համար ինչ փատաթղթեր պետք է ներկայացնել.
«10. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով»: Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկի սահմանումը օրենքը վերապահում է նախարարությանը: Նախարարի 2021թ. մայիսի 12-ի 733/Ա2 հրամանով սահմանվել է այդ ցանկը.
Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթեը ներառում է
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը
- մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը
- ատեստավորման նպատակով ուսուցչի վերապատրաստման վկայականի պատճենը կամ այլ վերապատրաստումների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. 1667-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված դեպքում` անդորրագիրը (առկայության դեպքում):
Տեսնում ենք, որ այս փաթեթում բացակայում է ուսուցչի աշխատանքնային բնութագիրը: Իսկ օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ կետը այդ բնութարի մաին է. «Ուսուցչի աշխատանքային բնութագիրը ներառում է ուսուցչի կենսագրական տվյալները, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաև ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատականը»:
Ուշադիր նայելով ներկայացվող փաստաթղթերի էությանը, կնկատենք, որ նախարարը ձգտում է ատեստավորումը հանգեցնել քննության: Մինչդեռ օրենքը սահմանում է, որ. «Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա»։ Այսինքն` գոնե աշխատանքային բնութագիրը այդ ցանկում ընդգրկելը պարտադիր էր:
Օրենքը չի մոռանաում նաև ուսուցչի սեփական նախաձեռնությամբ ատեստավորման մասին. «Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ տվյալ ուսումնական հաստատությունում»: Նորից աշխատանքային բնութագիրը պարտադիր է:
Օրենքը ատեստավորված ուսուցչին որակավորման տարակագ ստանալու հնարավորություն է տալիս, ինչը հանգեցնում է աշխատավարձին հավելավճարի:
«Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով»։
Հաշվենք, թե աշխատող ուսուցիչը ամենաքիչը քանի տարի հետո կարող է հասնել չորրորդ աստիճանի տարակարգի, ինչի արդյունքում կստանա ուսուցչի դրույքի 50 տոկոսի չափով դրույքավճար:
Ատեստավորվել կարող է տվյալ հաստատությունում 1 տարի աշխատելուց հետո: Ատեստավորվելուց հետո պետք է անհատապես դիմի որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալու համար: Համարենք, որ 1 տարի էլ կգնա առաջին աստիճանի տարակարգ ստանալու համար: Դրանից 2 տարի հետո կարող է դիմել երկրորդ աստիճանի տարակարգ ստանալու: Համարենք, որ այդ ընթացքում ժամանակ չի կորցնում` իր երկու տարվա աշխատանքվ արդեն պատրատ է: Առնվազն 3 տարի աշխատելուց հետո կարող է դիմել երրորդ աստիճանի տարակարգ ստանալու: Նորից համարենք, որ էլի ժամանակ չի կորցնի: Առնվազն 4 տարի աշխատելուց հետո կարող է դիմել չորրորդ աստիճանի տարակարգ ստանալու: Եվ այսպես, համալսարանը ավարտած և անմիջապես դպրոցում աշխատանքի անցած ուսուցիչը ամենքիչը 11 տարի հետո կարող է ստանալ չորրորդ աստիճանի տարակարգ և դրույքի 50 տոկոսի չափով հավելավճար:
Կարծես բնական է, որ մարդը իր ուսուցչական աշխատանքով պետք է վաստակի այդ աստիճանի տարակագ ստանալու իրավունքը:
Օրենքը տարակագի շնորհման ձևն էլ սահմանում. «Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից»։ Այդ հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանել է կառավարությունը 2011թ. 1745-Ն որոշումով: Օրենքը նախարարությանը վերապահում է որակավորման տարակարգերի բնութագրիչների սահմանելը` «հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն)»:
Որակավորման տարակագը տրվում է 5 տարի ժամկետով: Օրենքը չի ասում, թե չորրորդ աստիճանի տարակարգ ունեցող ուսուցիչը 5 տարի աշխատելուց հետո ինչ պետք է անի: Հավանաբար, համարում են, որ ուսուցիչը այդքան չի ապրի: Տարակարգ ունենալը ուսուցչին չի ազատում հերթական ատեսատվորմանը մասնակցելու պարտականությունից: Տարակարգի «գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել»։
Կարևոր է տարակարգ ունեցող ուսուցչի մի ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքը: Օրենքը այդ մասին էլ ասում է, որ «ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից»:
Ամփոփենք մեր ուսումնասիրությունը:
Օրենքը ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման ձև սահմանում է փաստաթղթայինը: Օրենքով կառավարությանը վերապահվում է.
- ուսուցչի ատեստավորման, տարակարգի շնորհման, ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, որակավորում ստացած ուսուցչին հավելավճար տալու կարգերի սահմանելը (Կառավարության 2011թ. 1745-Ն որոշում).
- հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի սահմանելը (կառավարության 2012թ. 1667-Ն որոշում):
Օրենքը նախարարությանը վերապահում է.
- ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի սահմանելը (նախարարի 2021թ. 24-Ն հրաման),
- ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկի սահմանելը (նախարարի 2021թ. մայիսի 12-ի 733/Ա2 հրաման),
- ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատելը (նախարարի 2020թ. 1162/Ա2 հրաման),
- ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի սահմանելը (նախարարի 2013թ. 1031-Ն հրաման):
Նախարարի 2021թ. մայիսի 12-ի 733/Ա2 հրամանը, իմ կարծիքով, ոչ իրավական է, քանի որ չի ընդգրկում օրենքով որոշված աշխատանքային բնութագիրը: Նորմատիվ իրավական ակտերի մասն ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է. «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»:
Առանց կառավորության համապատասխան որոշման ատեստավորման որևէ կարգ սահմանելւ ոչ իրավական է:
Հիմա անդրադառնանք նախարարաի 2021թ. հունվարի 26-ի 21-Ն հրամանին, որով հաստատում է սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի, ասել է, թե կարգի, ներդրման փորձնական ծրագիրը: Առաջարկվողի համար «կարգը» բառը կօգտագործեմ չակերտներում` նշելով, որ այն ոչ իրավական է: Բայց, քանի որ այդ հրամանը և նրա իրականացումը հետաքրքիր են և ցույց ենք տալիս նախարարության մոտեցումը քննարկվող հարցին, արժե որոշ ժամանակ տրամադրել:
Պաշտոնական անձի յուրաքանչյուր հրաման հիմնվում է որոշակի իրավական փաստաթղթերի վրա: Եվ հրամանի սկզբում նշվում են այդ հիմքերը: Խոսենք դրանց մասին։
- Օրենքի 30-րդ հոդվածի 26.12 կետը. «հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը»։
Օրենքում «ծրագրերի» բառի վրա դրված հղումը տանում է նույն հրամանին: Փաստորեն հրամանը հղում է անում ինքն իրեն: - ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի հավելված 5-ի, աղյուսակ 7-ը վերնագրված է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այն ծրագրերի միջոցառումների ցանկը, որոնց գծով հատկացումները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվելու են դրամաշնորհների տեսքով»: Աղյուսակում քննվող առարկային վերաբերող մեկ հոդված կա` ծրագիր 1146` հանրակրթական ծրագրեր, միջոցառում`12004 «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում»: Այս գումարը նախատեսված է արդեն որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճար տրանադրելու համար, ոչ թե նոր «կարգ» փորձարկելու:
- Իրավական մյուս հիմքը օերնքի 26-րդ հոդվածի 32-րդ կետն է. «Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում»։ Որտեղի՟ց առաջացավ գիտելիքների ստուգման անհրաժեշտությունը, այն էլ ատեստավորման հետ կապված:
Բերված հիմքերից ոչ մեկը իրավունք չի տալիս նման «կարգ» հաստատելու:
Հրամանի երկրորդ կետով հաստատում է ծրագրի իրականացման աշխատակարգը` ծրագրի հաստատումից հետո 30-օրյա ժամկետում: Նախարարի հրամանն ուժի մեջ է մտել 2021թ. փետրվարի 10-ին: Նախարարը ծրագրի իրականացման աշխատակարգը հաստատել է 2021թ. ապրիլի 23-ի հրամանով: Սովորական օրացույցը լրիվ բավական է պարզելու համար, այդ ընթացքում 30 օրից ավելի է անցել: Ընթերցողին եմ թողնում որակելու այն փաստաթուղթը, որը ընդունվում է նախորդ նորմատիվ ակտի խախտումով: Նախարարը, գոնե կարող էր փոփոխություն կատարել նախորդ հրամանում: Բայց իրավական նման մանրուքները նախարարությանը չեն հետաքրքրում:
Հիմա ծանոթանանք առաջարկվող «կարգին», որ բերված է որպես հավելված: Հրամանի այսպիսի հավելված մինչև այդ հրամանը և դրանից հետո չեմ հանդիպել: Տեսնենք, թե ինչ բաժիններից է բաղկացած այդ «կարգը»:
Ներածություն. առաջին կետում նշվում է, «Ուսուցչի մասնագիտությունը պատմականորեն դիտարկվում է որպես առաքելություն»: Ողջույն, առաքյալներ: Երկրորդ կետում նշվում է, որ հանրակրթության որակի ապահովման միջոցներից է լավագույն մասնագետների մուտքը դպրոց խթանելը: Հետո կտեսնենք, թե ում են համարում լավագույն մասնագետ: Հետո ասվում է, որ պետք փոխվի ուսուցիչների պատրաստման համակարգը, մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունների հարցը և այլն:
Երկրորդ բաժինը կոչվում է Նախապատմություն, խնդիրներ, նպատակներ: Բերված են տարբեր երկրներում ուսուցչի աշխատավարձի համեմատումը միջին աշխատավարձին, ինչ-որ դիագրամներ` անհայտ ծագման և տարեթվերի: 2000-ական թվականների սկզբին մանկավարժերը շատ էին գնում արտասահման և իրենց տեսածը ամփոփում էին հոդվածներով կամ գրքերում: Այս բաժինը ինձ հիշեցրեց այդպիսի հոդվածներից: Այս բաժնի 15-րդ կետում գրված է.
Անհրաժեշտ է ստեղծել համակարգ, որը.
1) հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու դպրոցում դասավանդող որակյալ ուսուցիչներին,
2) կխրախուսի երիտասարդ ուսուցիչների մուտքը դպրոց՝ միևնույն ժամանակ ապահովելով հարթ սերնդափոխություն,
3) հիմք կհանդիսանա ատեստավորման պարտադիր համակարգի բարելավման համար,
4) հիմք կհանդիսանա տարակարգերի շնորհման համակարգի բարելավման համար՝ հենվելով ուսուցիչների մասնագիտական ստանդարտների վրա,
5) հիմք կհանդիսանա ուսուցիչների պատրաստման գործընթացի բարելավման համար:
Բան չես կարող ասել, շատ կարևոր ցանկություններ են: Հետո կտեսնենք, թե ինչ են հասկանում որակյալ ուսուցիչ ասելով, կամ ինչ են հասկանում գործող համակարգի բարելավում ասելով:
Հաջորդ բաժինը կոչվում է միջազգային փորձի ուսումնասիրություն: Այս բաժինը չեմ էլ կարդացել: Մյուս բաժինը կոչվում է առաջարկվող լուծումներ, առավելություններ։ Որպես առաջին լուծում առաջարկվում է
25. Խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ներկայացնել ուսուցիչների՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգ, որը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:
Այ, այստեղ շշմեցի: Խոսքը ուսուցչի մասնագիտական գործունեության մասին է: Ի՞նչ քննություն, ի՞նչ թեստավորում: Եվ սա առավելությունն է: Այս ստուգմանը դեռ կանդրադառնանք: Նախարարությունում գիտե՞ն, որ ուսուցչի մասնագիտությունը ոչ թե «ինչն» է, այլ «ինչպեսը»: Լավ մաթեմատիկայի ուսուցիչը պարտադիր չէ, որ լինի հետազոտող մաթեմատիկոս: Իմ լոսահոգի ուսուցիչը` Սամսոն Դաղբաշյանը, այդպիսին էր: Չեմ հանդիպել նրա մաթեմատիկական հետազոտական աշխատանքների, փոխարենը գիտեր, թե ինչպես սովորողին ոգևորեր, տաներ դեպի մաթեմատիկա: Իզուր չէր ստացել ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսի իր աստղը և ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչումը: Կարող եք ասել` դե, դպրոցի ուսուցիչն ուր, մաթեմատիկական հետազոտությունը ուր: Անցած դարում ապրել և գործել է անգլիացի ֆիզիկոս Պոլ Դիրակը` քվանտային մեխանիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր: Դիրակը իր «Հիշողություններ անսովոր ժամանակշրջանի մասին» գրքում գրում է.
Ճարտարագիտական դասընթացը ավարտելուց հետո մնացի Բրինսթոլի համալսարանում` մաթեմատիկա ուսումնասիրելու նպատակով: Այդ ժամանակահատվածում ինձ վրա ամենամեծ ազդեցություն թողել է Ֆրեյզերը: Նա մաթեմատիկոս էր, որ երբեք չէր զբաղվել մաթեմատիկական հետազոտություններով և երբեք ոչ մի աշխատանք չէր հրապարակել: Բայց նա անզուգական ուսուցիչ էր, որ կարողանում էր աշակերտների մոտ արթնացնել մաթեմատիկայի հիմունքները ուսումնասիրելու իսկական հետաքրքրություն:
Ուսուցչի մասնագիտական կարողությունները ստուգելու կամ գնահատելու համար թեստերը ամենավատ գործիքներն են:
Հաջորդ լուծումն է.
Կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով:
Շատ լավ է, որ ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանա: Բայց շատ անհավանական է, որ նոր դպրոց մտնողը ունենա ուսուցչի այնպիսի կարողություններ, որոնք արժանի են բարձր հավելավճարի: Ուսուցչությունը փորձի` սեփական փորձի, ամփոփում է:
Հետո գալիս է կարգի ներդրման հեռանկարի նկարագրությունը, որի համաձայն մինչև 2023թ. բոլոր ուսուցիչների համար կլինի կամավոր, իսկ դպրոց նոր մուտք գործողների համար` պարտադիր:
Մյուս բաժինը կոչվում է ակնկալվող արդյունք` կարդացեք Օստապ Բենդերի Վասյուկի քաղաքի զարգացման ծրագիրը:
Վերջին բաժինը կոչվում է «Ծրագրի առավելությունները՝ խրախուսման նոր գործիք»:
Արագ ուզում եմ անցնել «կարգի» աշխատակարգին, որ հաստատվել էր նախարարի 2021թ. ապրիլի 23-ի 07-Լ հրամանով: Թե ինչու նորմատիվ չէ, անհասկանալի է, քանի որ այս հրամանը վերաբերում է անորոշ թվով անձանց: Ամեն դեպքում, անցնենք առաջ: Այս աշխատակարգը կարող եք համեմատել կենտրոնացված ավարտական քննությունների կազմակերպման կարգի հետ:
Աշխատակարգի 5-րդ կետում գրված է. «Ստուգումը անցկացվում է գրավոր թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից»: Լսում եք… ուսուցչի վարպետություն են պարզում` ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներով: Ուղղակի շարունակությունը կարդալու կամ ներկայացնելու որևէ ցանկություն չունեմ:
Անդրադառնամ մաթեմատիկայի թեստերին: Թեստում ընդգրկված է 70 առաջադրանք, որոնց պատասխանները պետք է լրացնել 180 րոպեի ընթացքում: Առաջադրանքները որտեղի՞ց են` իհարկե, շտեմարաններից: Կցում եմ ցանկը, թե որ առաջադրանքը, որ շտեմարանի, որ համարն է: Թեստը 20 էջից է: Առաջին 40 առաջադրանքները պահանջում են տրված պատասխաններից ընտրել մեկը: Մյուս առաջադրանքները համարվում են կարճ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Հետաքրքիր է որ միասնական քննությունների ուղեցույցում գրված է. «Թեստային առաջադրանքներում ներառված են ենթաառաջադրանքների 3 կառուցվածքային տեսակները` ընտրովի պատասխանով ենթաառաջադրանքներ, կարճ պատասխանով ենթաառաջադրանքներ և պնդումների փնջեր` յուրաքանչյուրը բաղկացած 6 պնդումներից»: Շտեմարանում էլ դրանք առանձին գլուխներ են, վերնագրված` առաջադրանքներ ընտրովի պատասխաններով, առաջադրանքներ կարճ պատասխաններով, պնդումների փնջեր: Իսկ ուսուցիրների համար նախատեսված ուղեցույցում վերջին երկու կառուցվածքային ենթառաջադրանքերը միացված են մեկ` կարճ պատասխան պահանջող առաջադրանքներում: Բայց դա կարևոր չէ:
Տեղ հասանք։ Որակյալ է համարվում ուսուցիչը, որ 180 րոպեի ընթացքում ճիշտ կլրացնի այդ 70 առաջադրանքներից գոնե 63-ի պատասխանը: Ո՞վ է այդ ուսուցիչը: Շտեմարանը անգիր իմացո՞ղը: Ո՞վ գիտի շտեմարանը անգիր. ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑԸ: Ահա նախարարության երազած ուսուցիչը: Այս ամբողջը նրա համար է, որ կրկնուսույցները պետության կողմից հավելավճար ստանան:
Պետք չէր այսքան չարչարվել: Բավական է 1-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից կենտրոնացված քննություն մտցնել և բոլոր ուսուցիչները կդառնան կրկնուսույցներ, ու ծնողների հաշվին ուսուցչի աշխատավարձը կբարձրանա ոչ թե կառավարության ծրագրում նշված 30-50 տոկասով, այլ 100-150 տոկոսով: Եվ առանց բյուջեից լրացուցիչ փող ծախսելու:
Այս նախարարության համար է ասված` խոսքը ո՜ւր, գործը՝ ուր:
Իսկ մենք վիճում ենք` պետք է թեստավորվե՞լ, թե՞ պատվաստվել: Շտեմարա՛նը անգիր արեք:
Եվ սա դեռ սկիզբն է:
- Բացվել է 1273 անգամ