Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով մարտի 1-ից ապրիլի 8-ը կրթահամալիրում հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի շրջան էր։ Հասարակագիտական ստուգատեսը ամենամյա բաց ստուգատես է, որը հեղինակվում, կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանում կազմակերպվել-իրականացվել են մի շարք կլոր սեղաններ, բաց քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ, Տիգրան Հայրապետյանական օրեր, ակումբային բաց պարապմունքներ, բանավեճեր, արտագնա պարապմունքներ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ և այլ հասարակական-քաղաքացիական նախաձեռնություններ…

Քանի որ այս տարի ստուգատեսի ուղղություններում գերակշռում էր կլոր սեղանների շարքը,  ուզում եմ այս հոդվածում հիմնականում խոսել ստուգատեսի շրջանում կազմակերպած-իրականացրած մի շարք կլոր սեղանների, դրանց կարևորության, արդյունավետության մասին՝ կլոր սեղանները դիտելով որպես ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ․․․

2022-ի հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացված կլոր սեղանները նպատակ ունեին և՛ հեղինակային մանկավարժության ձեռքբերումները ներկայացնելու, և՛ սկիզբ դնելու  նոր նախաձեռնությունների, նոր նախագծերի իրականացման։ Առհասարակ, կլոր սեղանները կարևորում եմ, մանավանդ ստուգատեսային շրջանում, քանի որ դրանք կոնկրետ թեմայի շուրջ զրուցելու, երկխոսելու, քննարկում ծավալելու, ինչու չէ՝ նաև բանավիճելու ուսումնական բաց հարթակներ են։ Կլոր սեղանը հավաքում է ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդկանց, ովքեր հնարավորություն են ունենում հաղորդակցվելու, ազատ խոսելու, արտահայտելու-զարգացնելու իրենց կարծիքն ու տեսակետը որևէ թեմայի շուրջ։

Ինչպես վերը նշեցի, հասարակագիտական ստուգատեսի շրջանում կազմակերպվել-իրականացվել են մի շարք կլոր սեղան-քննարկումներ՝

Այս կլոր սեղանը նպատակ ուներ ներկայացնելու պատմության ընտրությամբ դասընթացը Ավագ դպրոցում, ավելի կոնկրետ՝ 10-11-րդ դասարաններում։ Ինչպես գիտեք, այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագիրը կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողին տալիս է հնարավորություն իր նախասիրությունների և հետաքրքրությունների շրջանակում ընտրելու և ավելի խորությամբ ուսումնասիրելու տարբեր առարկաներ։ Ավագ դպրոցում «Պատմություն» առարկան ընտրել են 18 սովորող՝ 10-րդ դասարանում /դասընթացի ղեկավար՝ Վարդան Կարապետյան/, 18 սովորող՝ 11-րդ դասարանում /դասընթացի ղեկավար՝ Սամվել Թամազյան/։ Կլոր սեղանին երկու խմբերի սովորողները ներկայացան 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի ամփոփում-հաշվետվությամբ և երրորդ ուսումնական շրջանի անելիքների ներկայացմամբ։ Ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ, բարձրաձայնվեցին նաև խնդիրների մասին, ինչպիսիք են՝ սովորողների ոչ ճիշտ ընտրություն կատարելը, պասիվ մասնակցությունը ընտրությամբ դասընթացին, նախագծային աշխատանքներին, այլ․․․
Համոզված եմ՝ կրթահամալիրում գործող  ընտրությամբ դասընթացների և ընտրությամբ գործունեության խմբերը պետք է յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին հանդես գան այսպիսի հավաք-հաշվետվությամբ, քանի որ նման հաշվետու կլոր սեղանի շուրջ տեսանելի են դառնում ոչ միայն արվածն ու չարվածը, այլև առկա խնդիրները։
Ամփոփիչ փաթեթը՝ կլոր սեղանի ծրագրում․

Հասարակագիտական ստուգատեսը կրթահամալիրային է, հետևաբար ստուգատեսային նախագծերում ներառվում են նաև սովորողներ կրտսեր դպրոցներից։ Ահա այս կլոր սեղանը իրականացվել է կրթահամալիրի Արևմտյան դպրոցում՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի շրջանակում։  Նախ եկե՛ք փաստենք, որ մենք լավ չենք ճանաչում ինչպես մեր հարևաններին, այնպես էլ մեր երկրում, մեր կողքին ապրող ազգային փոքրամասնություններին, իսկ ահա նման նախագծերն ու կլոր սեղան-հավաքները հնարավորություն են ստեղծում ճանաչելու ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններին։ Քրդական համայնքի ներկայացուցիչ Լիանա Մհոյանի հետ ունեցած զրույց-քննարկման արդյունքում կրտսեր սեբաստացիները պատկերացում կազմեցին մեր երկում ապրող քրդերի, նրանց սովորույթների, վարք ու բարքի, ազգային արժեքների մասին։ Հանդիպմանը, որպես նախագծի զարգացում,  հաջորդեց սեբաստացի սովորողների մասնակցությունը քրդական համայնքի «Նովրուզ» /Ամանոր/ տոնակատարությանը , իսկ ապրիլի 15-ին քրդական համայնքի տարատարիք սովորողներ և դասավանդողներ հյուրընկալվեցին կրթահամալիրում։
Որպես զարգացում-շարունակություն՝ ունենք պայմանավորվածություն այցելել Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որն ամբողջությամբ քրդաբնակ գյուղ է, և, առհասարակ, նպատակ ունենք և կարևորում ենք հաճախակի դարձնելու մեր շփումները ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների հետ։
Կլոր սեղանի ամփոփիչ փաթեթը՝ համակարգող Սոնա Փափազյանի բլոգում։

Հեղինակային կրթական ծրագրի ներկայացում-քննարկում էր մարտի 16-ին տեղի ունեցած կլոր սեղանը, որտեղ  Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների մի խումբ սովորողներ, որպես ծրագրերի համահեղինակներ, ներկայացրին «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերը Ավագ դպրոցում։ Ներկայացվեց ոչ միայն սովորողների կատարած աշխատանքը, այլ նաև խոսվեցին մի շարք բարդություններից, որոնցից գլխավորն այն է, որ Ավագ դպրոցի սովորողները, որպես կանոն, ծրագիր չեն ընտրում, ստացվում է, որ ընտրում են դասավանդող։
Այս կլոր սեղանը ևս ընդգծում է կրթահամալիրի առանձնահատկությունը, երբ սովորողները դասավանդողի հետ միասին մշակում են առարկայական ծրագիր, հրապարակային ներկայացնում լսարանին և քննարկում կլոր սեղանի շուրջ։
Լուսաբանումը՝ 10-րդ դասարանի ծրագրի համահեղինակ Կարինե Գոմցյանի բլոգում։

Հեղինակային մանկավարժության ձեռքբերում է կրտսեր-ավագ դպրոցականների համագործակցությունը, համատեղ նախագծերի իրականացումը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ կրթահամալիրում չկան պատնեշներ կրտսեր-ավագ դպրոցների միջև, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում երկու օղակների համագործակցությունը։ Ավագ դպրոցի դասավանդող Աշոտ Տիգրանյանի և Արևմտյան դպրոցի դասավանդող Սոնա Փափազյանի համատեղ ջանքերի շնորհիվ կրտսեր սեբաստացիներն իրենց ավագ ընկերների հետ մասնակից դարձան երկու հետաքրքիր նախագծերի իրականացմանը՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»  և «Պատմության վերակառուցում», որոնց արդյունքները և հետագա զարգացումները ներկայացվեցին մարտի 30-ի կլոր սեղանին։
Ինչպես սովորողները ներկայացրեցին, «Պատմության վերակառուցում» շուրջտարյա նախագիծը իրենից ենթադրում է ընտրված ժամանակաշրջանի, տվյալ դեպքում Քարե դարի շրջանի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Սովորողները նախապես կազմել են սցենար, աշխատել հագուստի, զենքերի և այլնի շուրջ, որ պատմական հին ժամանակաշրջանը կյանքի բերեն և ապրեն մեկ օր Քարե դարում։
Ամփոփիչ փաթեթը՝ համակարգող Սոնա Փափազյանի բլոգում։

Ինչպես վերը նշեցի, հասարակագիտական ստուգատեսը ոչ միայն արված աշխատանքների արդյունքների ներկայացման բաց հարթակ է, այլև նոր նախագծերի, նախաձեռնությունների մեկնարկի։ Եվ ահա երկու ակումբներ՝ «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբները  ապրիլի 6-ին ներկայացան նոր նախագծի ծնունդով՝ «ՀՀ ապագան և նրա հարևանները», որը նաև տեսանելի է դարձնում կրթահամալիրում գործող ակումբների համագործակցությունը։
Ինչպես վերը նշեցի, մենք լավ չենք ճանաչում մեր հարևաններին, չգիտենք նրանց նպատակներն ու հնարավորությունները, ցանկություններն ու մտադրությունները, որի պատճառով էլ հաճախ թերագնահատում ենք նրանց, գերագնահատում՝ մեզ։ Իսկ այս նախագիծը միտված է հենց նշված խնդրի հնարավոր լուծմանը։
Կլոր սեղանի ամփոփում-լուսաբանումը` Ավագ դպրոցի կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի բլոգում։

Ապրիլի 13-ին կլոր սեղան-հավաքի տեսքով ամփոփվեց 2022-ի հասարակագիտական ստուգատեսը։ Կրտսեր-Միջին-Ավագ դպրոցների մի խումբ սովորողներ, ինչպես նաև Քոլեջի մի խումբ ուսանողներ ներկայացան իրենց կատարած աշխատանքների արդյունքների ներկայացումովստուգատեսային ամփոփիչ պատումներով, իսկ կլոր սեղանի ավարտին հնչեցին հասարակագիտական ստուգատեսի զարգացմանն ուղղված նոր առաջարկներ, նոր գաղափարներ, որոնք հաշվի կառնվեն հաջորդ տարվա ստուգատեսն էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ կազմակերպելու-իրականացնելու համար։
Սովորողների ստուգատեսային ամփոփումների ընտրանուց՝ Սոնա Բալայան, 11-րդ դասարան, «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակակիր․ 2022-ի հասարակագիտական ստուգատեսը, ընդհանուր առմամբ, ստացված էր։ Պետք է նշեմ, որ նախորդ տարի ստուգատեսի ուղղություններում գերակշռում էր հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարքը, իսկ այս տարի ստուգատեսն իրականացավ հիմնականում կլոր սեղանների, քննարկումների տեսքով, որոնց շրջանակում ներկայացրինք մեր հեղինակային ձեռքբերումները»։

Շուշան Փաշինյան, 10-րդ դասարան, «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակակիր․ «Կարծում եմ՝ իմ տեսանկյունից կարողացա պատշաճ ձևով ներկայացնել «Հասարակագիտական ստուգատես 2022»-ի յուրահատկությունը և ամփոփել այն: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ ստուգատեսը հասել է միայն իր օրացուցային ավարտին, սակայն իր հիմնական բովանդակությամբ այն շարունակական կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, և ինքս շարունակելու եմ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերել հասարակագիտական, քաղաքացիական տարբեր նախագծերի և նախաձեռնությունների իրականացմանը: Հասարակագիտական ստուգատեսը դարձել է կրթահամալիրի ամենամյա ամենակարևոր և ծավալուն ստուգատեսներից մեկը և գրեթե ամեն տարի այն ենթարկվում է էլ ավելի հետաքրքիր փոփոխությունների, իսկ այս տարի այն սկսվեց և ավարտվեց մեծ եռանդով, մոտիվացիայով, ոգևորությամբ և մեծ էներգիայով»։

Նունե Հովհաննիսյան, 10-րդ դասարան․«Ամփոփելով իմ խոսքը՝ ուզում եմ նշել, որ 2022-ի հասարակագիտական ստուգատեսն արդյունավետ էր, քանի որ ընտրվել և իրականացվել էին սովորողներին հետաքրքրող թեմաներով կլոր սեղան-քննարկումներ։ Հուսով եմ՝ հաջորդ տարվա ստուգատեսն ու ստուգատեսային քննարկումները նույն կերպ՝ լավ կազմակերպված և հետաքրքիր կլինեն»։

Անի Գրիգորյան, 10-րդ դասարան․«Բավականին արդյունավետ, հետաքրքիր ստուգատեսային ամիս էր, որը մի շարք աշխատանքների ամփոփման-ներկայացման լավ հարթակ էր, նաև նոր նախագծերի, նախաձեռնությունների մեկնարկի լավ հնարավորություն»։

Եվ վերջում մի քանի խոսք այն մասին, թե  ինչ են տալիս կլոր սեղան-հավաքները սովորողին, ինչ ձեռքբերումներ է ունենում սովորողը դրանց շնորհիվ՝

  • նախ կլոր սեղանից առաջ  սովորողը պատրաստվում է, նախապատրաստական աշխատանք է իրականացնում, ծանոթանում թեմային, թեմայի շուրջ ուսումնական նյութեր է փնտրում-գտնում, ընթերցում դրանք, նախապատրաստական աշխատանքը հրապարակում ուսումնական բլոգում
  • սովորողի մոտ զարգանում է հարցեր ձևակերպելու կարողություն և հմտություն, քանի որ կլոր սեղանի թեմայի շուրջ սովորողը նախապես հարցեր է մշակում, նաև հարցեր են առաջանում քննարկման ընթացքում
  • կլոր սեղանները զարգացնում են սովորողի ինքնուրույն միտքը, սեփական, հիմնավոր կարծիք, տեսակետ և դիրքորոշում ունենալու, դրանք ազատ արտահայտել-պաշտպանելու հմտությունը
  • կլոր սեղանները զարգացնում են սովորողի՝ տրամաբանելու և վերլուծելու կարողությունը, կայուն, գրագետ խոսքը, հաղորդակցվելու կարողությունը
  • կլոր սեղանները սովորողի մոտ ձևավորում են հարգանք դիմացինի նկատմամբ, դիմացինին լսելու, նրա կարծիքը, իրավունքը հարգելու կարողություն
  • այլ․․․

Ահա այսպիսին էր «Հասարակագիտական ստուգատես 2022»-ը՝ իր կարգապահ օրացույցով, կլոր սեղան-հավաքների շարքով, համագործակցային նախագծերով, նախաձեռնություններով, իր ակտիվ ընթացքով և, իհարկե, նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների մեկնարկով․․․

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский