«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Սկիզբը

Հայրենասիրության դաստիարակումը և բարոյական հարցեր

Ճիշտ և կարգավորված մտածողության դաստիարակման գործում մաթեմատիկայի դասերի դերի և նշանակության մասին շատ է ասվել և գրվել: Եվ հակառակը` սովորողի անհատականության ձևավորման վրա մաթեմատիկայի պարապմունքների ազդեցության մասին համարյա չի ասվել: Հասկանալի է. իր առարկայի վերացարկվածության պատճառով մաթեմատիկական գիտությունը սովորողին չի կարող տալ գեղագիտորեն ազդող և կերպարների բնավորությունը ձևավորող այն անմիջական զգացողությունները, պատկերները, կերպարները, զգացմունքները, որոնցով հարուստ են, ասենք, պատմությունը կամ գրականությունը: Սակայն շատ մակերեսային կլիներ այստեղից ենթադրություն անել, որ աշակերտի բարոյական ձևավորման գործում մաթեմատիկայի դասերը հաշվից պետք է ընդհանրապես հանել: Իմ բազմամյա փորձը ցույց է տալիս, որ մաթեմատիկական գիտության յուրացման աշխատանքը երիտասարդ մարդու մեջ զարգացնում է, կամաց-կամաց և աստիճանաբար, բարոյական վառ գունավորում ունեցող և հետագայում նրա բարոյական կերպարում կարևոր դեր ունենալու ընդունակ մի շարք գծեր: Այս գործընթացն ավելի ակտիվ և դրա արդյունքներն ավելի հիմնավոր դարձնելը ուսուցչին վայել խնդիր է: Բայց նախ պետք է մանրամասնորեն պարզել, թե այդ ի՛նչ գծեր և մաթեմատիկական աշխատանքի ո՛ր առանձնահատկություններն են դրանք զարգացնում:

Ազնվություն և ճշմարտացիություն

Առօրյա տարբեր վեճերում վիճող կողմերից յուրաքանչյուրը, որպես կանոն, ելնում է իրեն ցանկալի, հարցի իրեն ձեռնատու ելքից և մեծ կամ փոքր հնարամտությամբ փնտրում հնարավոր առավել համոզիչ փաստարկում` հարցն իր օգտին լուծելու համար: Ժամանակաշրջանից, միջավայրից և վեճի բովանդակությունից կախված՝ կողմերը դիմում են այս կամ այն բարձրագույն հեղինակությանը` համաժողովրդական բարոյականություն, «բնական» իրավունք, սուրբ գիրք, իրավագիտական կոդեքս, գործող ներքին կանոնակարգ, իսկ հաճախ նաև տարբեր հեղինակավոր գիտնականների կամ ընդունված քաղաքական գործիչների կարծիք: Մենք բոլորս շատ անգամ ենք տեսել, թե ինչ կրքոտ են անցնում նման վեճերը, և ինչ ակնհայտ համոզվածությամբ է ասվում յուրաքանչյուր կողմի փաստարկը. կարելի է մտածել, որ վիճելով իսկապես փոթորկված ենք ճշմարիտը, արդարացին, որպես դատավոր ընտրված հեղինակավոր աղբյուրի ոգուն և տառին համապատասխանող լուծում գտնելու ցանկությամբ:

Բայց լավ հայտնի է, որ նման պատկերի ականատես ենք լինում ոչ միայն առօրեական վեճերի ժամանակ: Երբեմն ճիշտ նման գծեր են դրսևորում նաև գիտական վեճերը: Մի գիտնականի՝ ամենայն համոզվածությամբ արված եզրակացությունները նույքան համոզվածությամբ վիճարկվում են մի ուրիշների կողմից. սկսվում է բանավեճ, որի ժամանակ կողմերից յուրաքանչյուրը նորանոր փաստարկներ է գտնում իր դիրքորոշման օգտին. նույնիսկ նոր արված փորձերը վիճող կողմերից յուրաքանչյուրին տալիս են հենց այն, ինչը ցանկալի է: Բանավեճի ընթացքում յուրաքանչյուր կողմը ոչ միայն ձգտում է ուժեղացնել իր դիրքորոշումը, այլ ձգտում է տարբեր միջոցներով վարկաբեկել հակառակ կողմի դիրքորոշումը՝ երբեմն հասնելով անձնական վարկաբեկման փորձերի: Եվ միայն համեմատաբար հազվադեպ լինում է, որ այդքան ձգձգված բանավեճում վիճող կողմերից մեկն այնքան ազնվություն և քաջություն ունենա և իր դիրքորոշումը սխալական ճանաչի:

Գիտական կյանքում այդպիսի երևույթների սուբյեկտիվ հիմքերը հեշտ է հասկանալ. ցավոք, դրանք ոչնչով չեն տարբերվում ամենամանր առօրեական վեճերի սուբյեկտիվ հիմքերից: Ինչ վերաբերում այդպիսի իրավիճակների օբյեկտիվ հիմնավորումներին, ապա դժվար չէ գտնել. փորձարարական գիտություններում ցանկացած նոր, դեռ վերջնականապես չկայացած օրինաչափությունը, գոնե ժամանակավոր, հանդես է գալիս որպես «աշխատանքային վարկած». քանի դեռ հարցը վերջնականապես լուծված չէ, լինում են սովորաբար և´ վարկածի օգտին, և´ դրա դեմ խոսող դատողություներ (փորձնական և տեսական): Երկու գիտնականներից մեկը կարող է իր խնդիրը համարել այդ հիպոթեզի օգտին ավելի շատ փաստեր հավաքելը, իսկ մյուսը` զբաղվել վարկածի նկատմամբ անվստահություն առաջացնող փաստեր և դատողություններ հավաքելով: Շատ նման է քրեական պրոցեսին, որտեղ մեղադրողի և պաշտպանի առջև համապատասխանաբար ամբաստանյալի մեղավորության կողմ կամ դեմ բոլոր փաստերը հավաքելու, կարգի բերելու և ներկայացնելու խնդիր է դրված:

Ինքնին հասկանելի է, որ այս կերպ ընթացող գիտական բանավեճը բարոյապես դատապարտելի ոչինչ չի պարունակում. որոշակի «գիտական վարկածին» կողմ կամ դեմ փաստերի հնարավոր ամբողջական հավաքումը բոլր դեպքերում օգնել է գիտության առաջընթացին. իհարկե, ակնհայտորեն դատապարտելի չէ նաև այն, որ հիպոթեզին կողմ կամ դեմ փաստերի հավաքումը կատարվում է տարբեր գիտնականների կողմից, եթե երկու կողմերն էլ իրենց խնդրին մոտենում են բարեխղճորեն`բացարձակապես առաջնորդվելով միայն օբյեկիվ ճմարտությունը բացահայտելու ձգտումով: Բարոյական շփոթն ու վարվելաձևի անհաջողությունն սկսվում են, երբ գիտնականը դադարում է օբյեկտիվ ճշմարտության շահերով առաջնորդվելուց, այլ գիտակցաբար, կիսագիտակցաբար կամ անգիտակցաբար  ձգտում է այդ եզրահանգումները ծառայեցնել սեփական շահերին` սեփական համառությանը, սեփական փառասիրությանը, սեփական շահասիրությանը, երբ փաստարկը բերվում է կրքով, «մազ քաշելով», ոչ օբյեկտիվ շեշտադրումներով, ճիշտ ինչպես կենցաղային քաշքշուկների ժամանակ: Գիտական վեճի այսպիսի աղավաղումը՝ որպես սև բիծ, երբեմն ընկնում է գիտական մտքի նույնիսկ մեծագույն ներկայացուցիչների վրա. ավելի փոքր մասշտաբի գիտնականների մեջ, ցավոք, բավականին տարածված երևույթ է:

Միայն մաթեմատիկական գիտությունն է այս ամենից լիովին զերծ: Նա չի ճանաչում «աշխատանքային վարկած»`պնդում, որի ճշմարտացիությունը կարող է վեճ առաջացնել: Քանի դեռ պնդումն ապացուցված չէ, ընդհանրապես չի կարող հայտնվել գիտության գանձարանում, և ոչ մեկի մտքով չի անցնի այն պաշտպանել, իսկ երբ ապացուցված է, արդեն դրա ճշմարտացիությունը ոչ մի կերպ չի կարող կասկածանքի ենթարկվել. այն դառնում է բացարձակ պարտադիր: Միջանկյալ ոչ մի վիճակ մաթեմատիկան չի ճանաչում: Օրինակ, մաթեմատիկայում ոչ ամբողջական ապացույցի օգտին վիճաբանել կարող է միայն անուսը, խարդախը կամ հոգեկան հիվանդը (բոլոր երեք տեսակներն էլ իրականում ժամանակ առ ժամանակ հանդիպում են, բավական է հիշել ֆերմայականներին`շրջանի մակերեսին հավասար մակերես ունեցող քառակուսի կառուցելու և անկյունը երեք հավասար մասերի բաժանելու ասպետներին). բայց այդպսիսի պաշտպանը անմիջապես, միաձայն և անխնա ձևով բացահայտվում է ամբողջ գիտական աշխարհի կողմից: Մաթեմատիկայում կրքոտ կամ կողմնակալ ոչ մի փաստարկում, ոչ մի «մազերից քաշոցի» ոչ մի պայմանով չեն կարող հաջողել: Հասկանալի է, որ սա վերաբերում է մաթեմատիկական գիտության բովանդակությանը. մաթեմատիկայի տրամաբանական կամ փիլիսոփայական հիմնավորման հարցերում դրանք նույնիսկ անխուսափելի են. հնարավոր են (ցավոք հազվադեպ չեն) նաև անձնական բնույթի, մաթեմատիկայի զարգացմանն (օրինակ`առաջնայնության հարցերին) առնչվող վեճերը:

Յուրաքանչյուր մաթեմատիկոս շուտ է վարժվում նրան, որ իր ընտրած գիտության մեջ այս կամ այն շարժառիթով կողմնակալ, նախօրոք խնդրի այս կամ այն լուծմանը հակվելով և միայն ընտրած լուծման օգտին խոսող փաստարկներն ընդունելով, գործելու փորձը դատապարտված է անհաջողության և ոչինչ, բացի հիասթափությունից, չի կարող բերել: Այստեղ սկզբունքորեն հնարավոր չէ այնպիսի իրավիճակ, երբ ոչ ճիշտ կամ ոչ մինչև վերջ ճիշտ փաստարկումը կարող է օգտակար լինել փաստարկողին: Այդ պատճառով մաթեմատիկոսն արագ է վարժվում նրան, որ իր գիտության մեջ օգտակար է միայն ճիշտ, օբյեկտիվ, ցանկացած կողմնորոշումից զուրկ փաստարկումը, որ հաջողություն կարող է բերել միայն մտքի անկողմնակալ, անշահախնդիր լարումը: Եվ իր բարոյական ընդհանուր մակարդակից անկախ՝ գիտական աշխատանքում նա առաջնորդվում է բացառապես օբյեկտիվ ճշմարտության դատողություններով:

Եվ մաթմատիկոս մասնագետի մեջ բնականորեն զարգացող այս բնավորությունն ինչ-որ չափով իր մեջ դաստիարակում է նաև մաթեմատիկայով զբաղվող ոչ մասնագետը, մասնավորապես աշակերտը: Նրան լավ հայտնի է, որ մաթեմատիկայի ուսուցչի աչքին հնարավոր չէ թոզ փչել, ոչ մի պերճախոսություն նրան հնարավորություն չի տա ներկայացնելու չիմացածը որպես իմացած, ոչ լրիվ փաստարկումը` որպես ամբոջական: Որքան էլ որ կեղծ լինի ուրիշ հարցերում, մաթեմատիկայում կզգուշանա սխալ պնդումը կամ սխալ ապացույցը պաշտպանելուց:

Բայց այստեղ էլ, ինչպես հաճախ լինում է, որևէ բնագավառում ձեռք բերած բարոյական հմտություններն ինչ-որ չափով տեղափոխվում են մտածողության այլ բնագավառներ և առօրյա կյանք: Մաթեմատիկոսի գիտական մտածողության և մասնագիտական գործունեության (մասնավորապես՝ մանկավարժական) համար անշրջելի օրենք դարձած տեսական ազնվությունը ճնշում է նրան կյանքի բոլոր հանգամանքներում`վերացարկված դատողություններից մինչև առօրյա վարքը:

Պետք է խոստովանեմ, որ օրգանապես չեմ կարող պաշտպանել որևէ պնդում (թեկուզ առօրեական բնույթի), եթե չունեմ որևէ առարկություն չհանդուրժող դրա ապացույցը: Փաստարկման բացարձակ օբյեկտիվության մասնագիտական սովորությունը ինձ թույլ չի տալիս, որ, ինչպես դա անում են շատ ուրիշները, ամեն գնով պաշտպանեմ ինձ ձեռնտու լուծումը: Այսպիսով, բնավորության գիծը, որի մասին հիմա խոսում եմ, կարող է երբեմն վնասել կրողին, բայց և այնպես ես կարևորում եմ այն և ուրախ եմ, որ ունեմ. ուրախանում եմ նաև այն ժամանակ, երբ այդ գիծը տեսնում ե ուրիշների մեջ, քանի որ դրան բարոյական մեծ արժեք եմ տալիս:

Միշտ հետաքրքրվել եմ բնավորության այդ գծով և բազմիցս դիտարկել եմ, որ դա մարդկանց մեջ գիտական լուրջ շփումների, մասնավորապես մաթեմատիկայի դասերի ադեցության հետևանքով է զարգանում: Շատ ուրախալի և բարոյապես վեհացնող պատկեր է, երբ մարդ աստիճանաբար իր մեջ հաղթահարում է մտածողության օրենքները սեփական մանր, շահադիտական նպատակներին ստորադասելու, այն ամենը, ինչ միայն իրեն օգտակար է, տեսականորեն պաշտպանելու զզվելի քաղքենիական սովորությունը. երբ վարժվում է փաստարկման օբյեկտիվ ճշմարտացիությունը՝ որպես բարձրագույն հոգեկան և բարոյական արժեք, հարգելուն և հանուն դրա սեփական շահերն ավելի թեթև սրտով զոհաբերելուն: Մինչև վերջ մշակված այս գիծը ոչ այլ ինչ է, քան ազնվություն և արդարացիություն` մարդու անհատականությունը բարոյապես զարդարող լավագույն գծերից մեկը:

Շարունակությունը

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.